Sipil

Հե՛ք հիմար կին

Կը վազե ան, շուտ-շուտ կ՚երթար դեպի ծով,
Եվ անդունդին վըրա ծըռած ծարավի,
Կ՚ուզե պատռել խութն ու ծըփանքն իր կոծով,
Ծըծել, քամել, հատցցընել ծովն յուրովի:
Կը վազե ան, շուտ-շուտ կ՚երթա դեպի ծով:
Թաց նայվածք մը աղոտ աչքին մեջ տարտամ
Կը թըռթըռա ցընցումներով թախծագին,
Եվ ցավատանջ ըզգացումներ կը կարդամ
Անոնց հատակն ուր մոլորած է հոգին:
Տենդոտ սարսուռ մ՚ունի բերանն իր ցամաք
Խընդուք մ՚որ սև օր մ՚իր բերնին է փակեր,
Եվ խոսվածքին մեջ շեշտ մը խոլ ու ճերմակ
Կը ծիծաղի, երբ կ՚արտասվեն իր աչքեր:
Ձայն մ՚որ երգի կը նըմանի սըրտաբեկ
Նիհար կուրծքեն դուրս կը թըռչի զերթ բողոք,
Խուլ անեխք մը, զոր չէ լըսած մարդ երբեք,
Հեծկըլքուտ մը և մաշող հազ մ՚անողոք:
Հետո, հանկարծ քըրքիջ մ՚ահեղ հեգնական
Քարին, ժայռին դեմ և լույսին, խավարին.
Ինչո՞ւ չեն լար անոնք կորուստն իր մանկան
Որ ծովն ինկավ, մեռավ անցյալ հունվարին:
Միակ սերն էր զոր իր գըրկեն ծովն առավ,
Իր կաթոգին պաշտած մանկիկն այն զըվարթ,
Վարդ մ՚էր ինքն ալ. կըսկիծն ըրավ զայն պառավ.
«Հե՜ք հիմար կին», կ՚ըսե իրեն ամեն մարդ,
Հե՜ք հիմար կին, որ կը պարե ալ հիմակ,
Մոռանալով ցավն, անեծքն, արցունքն ու Աստված.

Վար կը նետե իր վիշտերուն սև դիմակ,
Կարծես մանկիկն հոն է լանջին փաթթըված:
Բայց կը վազե նորեն կ՚երթա դեպի ծով,
Եվ անդունդին վրա ծըռած ծարավի,
Կ՚ուզե պատռել խութն ու ծըփանքն իր կոծով,
Ծըծել, քամել, հատցընել ջուրն յուրովի:
Ու կը վազե, շուտ-շուտ կ՚երթա դեպի ծով:

1892

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ