Sipil

Անուրջիս մեջ

Ձյո՛ւն ըսպիտակ, թեթև, մաքուր, լուսամած,
Որ կը թըռիս այդ թևերով
Ծաղիկ, ծիծաղ թոթափելով,
Եվ նազանքոտ շըրջաններով օդահած,
Որչափ փայլիս, որչափ ծփաս ու նազիս,
Իմ աչքերուս քու գեղըդ ջինջ
Դալուկ մըն է պըղտոր ոչինչ,
Զի քեզմե շա՜տ ջինջ են ձյուներն երազիս:
Սո՛ւրբ արեգակ, հըրդեհ բոցեղ, կենսածիր
Ճաճանչներովդ ոսկի, բյուրեղ
Երբ ողողես աշխարհ բյուր հեզ,
Հյուլեները, ծովերն անծայր ու անծիր,
Մութ փոսերուն մեջ սըփռես շող արփենի,
Կանթեղ մըն ես ինծի համար,
Զի իմ մտքիս անուրջն հիմար
Քեզմե փայլուն արևներով կը վառի:
Դուք, անդունդներ անլույս, աչքեր թանձրամեգ,
Սարավանդներ, լեռներ տիտան,
Արտևաննե՛ր, ժայռեր խոպան,
Արծիվներեն, ամպերեն վեր իսկ թևեք,
Ո՜հ, չեք կըրնար ճախրել հոգվույս հավասար,
Զի վիհերը իմ երազիս
Խորհուրդներով կ՚օրորեն զիս,
Եվ լեռները երկինքիս մեջ չունին սար:
Կըրա՛կ աչքեր, ծավի՛ աչքեր լուսահոծ,
Վեհ հանճարով, սիրով օծված
Հըմայքներու խո՜ր առեղծված,

Ձեր բիբերեն զո՜ւր կը ցայտե մեղր ու բոց,
Երազիս մեջ անճառ աչքեր կան խորին,
Որոնց գեղին կապված հոգիս
Երկինքն ի վեր կը տանին զիս,
Եվ ես դյութված, չեմ նայիր սուտ աշխարհին:
Իսկ հըրճվանքներ, վիշտեր, սերեր համորեն
Ու աշխարհիկ վայելքներ, դուք
Քիչ մ՚անտարբեր զիս կը թողուք:
Թեև հոգեր ու արցունքներ զիս փորեն,
Ճակատս ըլլա նույնիսկ փառքով լուսապանծ,
Ինծի համար մեծ հույզեր չեն,
Զի իմ հոգվույս մեջ կը ննջեն
Հայրենիքիս ցավերն անհուն ու անանց:

1907

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song