Sergey Dovlatov

Գնդապետն ասում է՝ սիրում եմ

Մեր աշխարհն անհեթեթ է, ասում եմ կնոջս, ու մարդու թշնամին տնեցիք են իր։

Կինս բարկանում է, չնայած կատակով եմ ասում։

Ի պատասխան լսում եմ․

Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են։

Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին։

Այս խոսակցությունը շարունակվում է արդեն քսան տարի։ Համարյա քսան տարի…

Ես Ամերիկա եկա ապահարզանի երազանքով։ Բաժանվելու միակ պատճառը կնոջս ծայրահեղ անվրդովությունն էր։ Նրա հանգստությունը սահման չունի։

Ապշեցուցիչ է, թե ինչպես կարող են մարդու մեջ մեկտեղվել հանդարտությունն ու հակակրանքը…

Մենք ծանոթացանք վաթսուներեք թվին։ Բանն այսպես եղավ։

Ես առանձին մուտքով սենյակ ունեի։ Պատուհանները նայում էին աղբանոցին։ Համարյա ամեն օր ընկերներս հավաքվում էին ինձ մոտ։

Մի անգամ արթնացա կեսգիշերին։ Տեսա անլվա ամանների կույտը սեղանին ու շուռ տված բազկաթոռը։ Չուզելով մտաբերեցի նախորդ օրվա անցուդարձը։ Հիշում եմ՝ երեք անգամ վազեցի օղի բերելու։ Ինչ֊որ մեկը այսպես արտահայտվեց․

«Գնանք Ելիսեեւյան։ Մինչեւ էնտեղ երեք հարյուր մետր է, հետ գալն էլ՝ մոտավորապես էդքան…»։

Սկսեցի միտք անել թափթփած սենյակում նախաճաշելու մասին։

Հանկարծ զգում եմ՝ մենակ չեմ։ Բազմոցին, սառնարանի ու ռադիոլայի արանքում, քնած մարդ կա։ Շրշյուններ ու հոգոցներ են լսվում։ Հարցրի․

Դուք ո՞վ եք։

Ասենք թե՝ Լենան, պատասխանեց անսպասելիորեն հանգիստ կանացի ձայնը։

Մտքի մեջ ընկա։ Լենա անունը այնքան էլ հաճախ չի հանդիպում։ Ծանոթներիս մեջ գերակշռում էին Թամարաներն ու Լարիսաները։ Հարցրի․

Իսկ ի՞նչ կարգավիճակում եք էստեղ, Լե՛նա։ Ավելի պարզ՝ ո՞րն է ձեր սոցիում էռ ակտումը։

Լռություն տիրեց։ Հետո հանգիստ կանացի ձայնն ասաց․

Ինձ Գուրեւիչն է մոռացել…

Գուրեւիչը գրքի շուկայի ծանոթներիցս էր։ Երկու տարի անց նստացրին։

Ո՞նց թե՝ մոռացել է։

Գուրեւիչը հարբել էր, տաքսի կանչեց…

Սկսեցի ինչ֊որ բան մտաբերել։

Դարչնագույն շորո՞վ էիք։

Ընդհանուր առմամբ՝ հա։ Կանաչ շորով։ Գուրեւիչը պատռեց։ Ինչ֊որ մեկի գիմնաստյորկայով եմ քնել։

Բանակիս բլուզն է։ Այսպես ասած՝ մասունք։ Գնալիս հանեք։

Էստեղ ինչ֊որ շքանշան կա։

Մարզական կրծքանշան է, ասում եմ։

Ի՜նչ էլ ծակում է… Չթողեց քնեմ…

Նրան, ասում եմ, կարելի է հասկանալ…

Վերջապես հիշեցի այդ կնոջը։ Նիհար, գունատ, մոնղոլական աչքերով։

Այդ ընթացքում լույսը բացվեց։

Շրջվեք, խնդրեց Լենան։

Մռութս ծածկեցի թերթով։ Ակուստիկան անմիջապես փոխվեց։ Օրիորդը գնաց դեպի դուռը։ Ոտնաձայնից դատելով՝ իմ վելվետե հողաթափերն էր հագել։

Դուրս եկա ծածկոցի տակից։ Օրը տարօրինակ ու խորհրդավոր էր սկսվում։

Հետո՝ անճարակ իրարանցում միջանցքում։ Ոչ այնքան բարակ ազդրերիս փաթաթած ցամքոց։ Ծնկներին չհասնող զինվորական վերնաշապիկ…

Ոչ առանց դժվարության ճանապարհ տվինք իրար։ Ես մտա լոգարան։ Ցնցուղից հետո մի կյանքում հարաբերական պարզություն է հաստատվում։

Դուրս եմ գալիս երեք րոպեից․ սեղանին սուրճ է, թխվածք, ջեմ։ Չգիտես ինչու՝ դոնդողաձուկ…

Այդ ընթացքում Լենան արդեն հագնվել էր։ Օձիքի անտիկ բացվածքը՝ Ֆիմա Գուրեւիչի անսանձ զգայականության հետքը՝ սազում է նրան։

Ճիշտ որ, ասում եմ, կանաչ է…

Դեսուդենից խոսելով՝ նախաճաշեցինք։ Ամեն ինչ լավ էր, թեթեւ ու նույնիսկ հաճելի։ Ընդհանրական խելագարության ինչ֊որ ուղղվածությամբ…

Լենան վերցրեց պայուասկը, կոշիկները հագավ ու ասում է․

Ես գնացի։

Շնորհակալ եմ հաճելի առավոտի համար։

Հանկարծ լսում եմ։

Վեցի կողմերը կգամ։

Լա՛վ, ասում եմ…

Մի դեպք հիշեցի։ Ընկերոջս հետ գալիս ենք բաղնիքից։ Միլիցիոները կանգնեցրեց։ Լարվեցինք, հարցնում ենք․

Ի՞նչ է պատահել։

Իսկ նա ասում է․

Չե՞ք հիշում՝ երբ է տպվել Ախմատովայի «Համրիչը»։

Հազար ինը հարյուր տասնչորս թվին։ «Հիպերբորեյ» հրատարակչություն, Սանկտ֊Պետերբուրգ։

Շնորհակալ եմ։ Կարող եք գնալ։

Ո՞ւր, հարցնում ենք։

Ուր կուզեք, պատասխանում է։ Ազատ եք…

Ինձ այն ժամանակ ապշեցրեց առօրեականության ու խելագարության խառնուրդը։ Ու հիմա էլ մոտավորապես այդպիսի զգացողություն էր։

Կգամ, ասում է, վեցի կողմերը…

Իսկ ես հինգ անց կեսին ժամադրության եմ։ Ընդ որում, նույնիսկ ոչ կնոջ հետ, այլ՝ Բրոդսկու։ Հետո՝ բանկետ ինչ֊որ մեկի պաշտպանության առթիվ։

Զանգում, հետաձգում եմ ժամադրությունը։ Տաքսիով սլանում եմ տուն։ Երեւի, մտածում եմ, պետք է երկրորդ բանալի պատվիրել։

Սպասում եմ։ Գալիս է վեցին մոտ։ Բացում է մթերապայուսակը, իսկ այնտեղ պահածոներ են, ձու, ձուկ։

Դուք, ասում է, ձեր գործերով զբաղվեք։ Իսկ ես ուտելիք կպատրաստեմ։

Այդ պահին մի խելագար միտք ծնվեց։ Հանկարծ ու՝ ինչ֊որ մեկի հետ շփոթում է։ Որեւէ հարազատ ու թանկ մարդու հետ։ Հանկարծ ու՝ աշխարհի խենթությունն այսքան հեռու է գնացել…

Ընթրեցինք։ Նստեցի գրելու։ Լենան ամանները լվաց։ Միացրեց հեռուստացույցը։

Հեռուստացույցս երկու տարի չէր աշխատում։ Ու հիմա հանկարծ աշխատեց, ոնց որ նոփ֊նոր լիներ…

Սկսեցի ինչ֊ինչ փոփոխություններ նկատել։ Լվացարանի գլխին արտասահմանյան սրվակներ հայտնվեցին։ Իմ զգեստապահարանում թավշակաշվե ինչ֊որ բան կախվեց։ Սառնարանի կողքին հաստատվեցին բաց դարչնագույն կարճաճիտք կոշիկները։ Նույնիսկ բնակարանի հոտն էր փոխվել։

Իջավ երեկոն։ Լենան ասում է․

Ձեզ թե՞յ, թե՞ սուրճ։

Թեյ։

Ինչ֊որ քաղցրաբլիթներով թեյ խմեցինք։ Մինչ այդ երեսուն տարի կլիներ՝ քաղցրաբլիթ չէի կերել…

Նայեմ՝ գիշերվա մեկն է։ Երեւի արդեն պետք է քնել։ Լենան ասում է․

Սպասեք խոհանոցում։

Նստել՝ ծխում եմ։ Կարդացի անցած երեքշաբթվա թերթը։ Մտնում եմ սենյակ՝ քնած է։ Նույն բազմոցին։ Միայն թե գիմնաստյորկայիս փոխարեն՝ ինչ֊որ վարդագույն բանով։

Պառկեցի։ Ականչ եմ դնում՝ ոչ մի ձայն։ Գոնե կոտրատվեր մի քիչ՝ քնի մեջ շարժվեր…

Սպասեցի տասը րոպե ու ես էլ քնեցի։

Առավոտյան՝ ամեն ինչ սկզբից։ Թեթեւ իրարանցում, ցնցուղ ու կաթով սուրճ։

Այսօր, ասում է, կուշանամ… Կգամ տասնմեկից հետո։ Այնպես որ, չանհանգստանաք…

Գնացի խմբագրություն։ Այնտեղից՝ Ժուռնալիստների միության բար։ Ինչ֊որ շվեդուհու հետ ծանոթացա․ հյուրանոց էր կանչում։ Մի գլուխ կրկնում էր․

Կազա՛կ, ինձ ռուսական օղի լցրու…

Ընկերներս պատրաստվում էին գնալ ինչ֊որ ավանգարդիստի ընդհատակյան համերգին։ Ընդ որում, բավական տարօրինակ ավանգարդիստ էր, եթե կարելի է այդպես արտահայտվել։ Պառկած էր թավջութակ նվագում… Մի խոսքով՝ լիքը գայթակղություններ։ Իսկ ես տուն եմ շտապում։ Շտապում եմ իմ խելագարանոցը։

Երեկոյան սպասեցի գա ու ասում եմ․

Լենա, եկեք խոսենք։ Կարծում եմ՝ բացատրվելու կարիք կա։ Ինչ֊որ անհասկանալի բան է կատարվում։ Ես մի քանի նրբանկատ հարց ունեմ։ Թույլ կտա՞ք՝ առանց ձեւականությունների։

Լսում եմ, ասում է։

Իսկ դեմքը հանգիստ է ամբարտակի պես։

Հարցնում եմ․

Դուք ի՞նչ է, ապրելու տեղ չո՞ւնեք։

Օրիորդը մի քիչ նեղացավ։ Ավելի ճիշտ՝ փոքր֊ինչ զարմացավ․

Ինչի՞ չունեմ։ Բնակարան ունեմ Ամառանոցայինում։ Իսկ ինչո՞ւ եք հարցնում։

Չէ՜, բան չկա… Ինձ թվաց… Կարծում էի… Էդ դեպքում՝ մի հարց էլ։ Զուտ ընկերական… Հազար ներողություն… Գուցե ես ձեզ դո՞ւր եմ գալիս։

Լռություն տիրեց։ Զգում եմ, որ կարմրում եմ։ Վերջապես ասաց․

Ձեր դեմ բողոք չունեմ։

Այդպես էլ ասաց․ բողոք, ասում է, չունեմ։

Ավելի ծանր լռություն տիրեց։ Ինձ համար ծանր։ Նա տոգորված էր անվրդովությամբ։ Հայացքը՝ պաղ ու պինդ, ճամպրուկի անկյունակի պես։

Այստեղ մտքի մեջ ընկա։ Գուցե նրա հանդարտությունը սեռային տարբերակումից բա՞րձր է։ Տղամարդու հանդեպ կենսաբանական հակումից բարձր։ Մշտաբնակության բուն գաղափարից բարձր…

Ինչ կա որ, մտածում եմ։ Համենայն դեպս, նկատելի մարդ եմ, անզուսպ։ Բավական շատ եմ խմում։ Ավելորդ բաներ խոսում։ «Գերմանական ալիքն» է ինձ հիշատակել… Գուցե այս ֆանտաստիկ տիկնոջը կցել են սկսնակ այլախոհի՞ն…

Մտածում եմ՝ ասեմ, կսկսի գոռալ։ Իսկ եթե իրավացի եմ՝ ավելի բարձր…

Լսում եմ․

Չէ՜, վարսավիրանոցում եմ աշխատում…

Ու հետո․

Եթե էլ հարցեր չկան, եկեք թեյ խմենք։

Ամեն ինչ հենց այդպես էլ սկսվեց։ Ցերեկները վազվզում էի՝ որեւէ ձախ գործ գտնեմ։ Վերադառնում էի անտրամադիր, նվաստացած ու չար։ Լենան հարցնում էր․

Ձեզ թե՞յ, թե՞ սուրճ։

Համարյա չէինք խոսում։ Ընդամենը կարճ գործնական տեղեկատվության փոխանակում էր։ Օրինակ, նա հայտնում էր․

Ձեզ ինչ֊որ Բեսկին էր զանգել։

Կամ․

Որտե՞ղ եք պահում լվածքի փոշին։

Իմ գործերը նրան չէին հետաքրքրում։ Ես էլ ոչինչ չէի հարցնում։

Խելագարությունն ամենօրյա, առտնին, կայուն ձեւեր առավ։

Ապրելակերպս մի քիչ փոխվեց։ Երկրպագուհիներս ավելի ու ավելի քիչ էին զանգում։ Ասենք, ի՜նչ զանգել, երբ անվրդով կանացի ձայն է պատասխանում։

Մենք բացարձակապես անծանոթ էինք իրար։

Լենան աներեւակայելիորեն լռակյաց ու հանդարտ էր։ Բայց դա փչացած բարձրախոսի ճնշող լռություն չէր։ Ոչ էլ հակատանկային ականի սպառնալից հանդարտություն։ Ծառասաղարթին անտարբեր ականջող արմատի լուռումունջ խաղաղություն էր…

Անցավ մի շաբաթ։ Շաբաթ երեկոյան չդիմացա։ Ասում եմ… Չէ՜, գոռացի․

Լե՜նա։ Լսե՛ք։ Թույլ տվեք լրիվ անկեղծ լինել։ Մենք ամուսնական կյանք ենք վարում… Բայց առանց ամուսնական կյանքի գլխավոր տարրի… Տնտեսություն ունենք… Դուք լվածք եք անում… Բացատրեք՝ ի՞նչ է նշանակում այս ամենը… Քիչ է մնում խելագարվեմ…

Լենան ինձ հառեց անվրդով, բարյացակամ հայացքը․

Ես ձեզ խանգարո՞ւմ եմ։ Ուզում եք գնա՞մ։

Չգիտեմ՝ ինչ եմ ուզում։ Ուզում եմ հասկանամ… Սերը հասկանում եմ։ Անառակությունը հասկանում եմ… Ամեն ինչ, բացի այս կանոնակարգված խելագարությունից… Եթե պետանվտանգության գործակալ լինեիք, ամեն ինչ կարգին կլիներ… Նույնիսկ կուրախանայի… Դրա մեջ տրամաբանություն կնշմարվեր… Իսկ էսպես…

Լենան լռեց֊լռեց ու ասում է․

Եթե պետք է, ասեք՝ կգնամ։

Հետո՝ մոնղոլական աչքերը մի քիչ խոնարհելով․ Եթե ձեզ դա է պետք, խնդրե՛մ։

Այսինքն՝ ի՞նչը։

Թարթիչներն ավելի իջան։ Ձայնն ավելի հանդարտ էր հնչում։ Ես լսեցի։

Ինտիմ շփման իմաստով։

Չէ՜, ասում եմ, ինչի՞ համար…

Մի՞թե կհամարձակվեմ, մտածում եմ, այդպես կոպիտ խռովել այս հանդարտությունը։

Երկու շաբաթ էլ անցավ։ Եվ ինձ փրկեց օղին։ Քեֆ էի անում մի առաջադիմական խմբագրությունում։ Տուն եկա գիշերվա մեկի կողմերը։ Ու, ոնց ավելի լավ արտահայտվեմ՝ կորցրի զգաստությունս… Ոտնձգեցի… Գնացի ապագա կալանավոր Գուրեւիչի խոտոր ճանապարհով…

Իմ նետած քարը պառկեց օվկիանոսի հատակին։

Դա սեր չէր։ Առավել եւս՝ րոպեական թուլություն։ Քաոսից պաշտպանվելու փորձ էր։

Մենք նույնիսկ «դու»֊ի չանցանք։

Իսկ մի տարի անց ծնվեց աղջիկս՝ Կատյան։ Այդպես էլ ծանոթացանք…

Որպես ամուսին՝ ես կասկածելի ձեռքբերում էի։ Տարիներ շարունակ մշտական աշխատանք չունեի։ Օժտված էի որակազրկված ցլամարտիկի խունացած արտաքինով։

Պատմվածքներս չէին տպում։ Ավելի ու ավելի չար ու պակաս զգուշավոր էի դառնում։ Յոթանասուն թվի ամռանը առաջին ձեռագրերս գնացին Արեւմուտք։

Օտարերկրյա ծանոթներ հայտնվեցին։ Նստում էին մինչեւ ուշ գիշեր։ Հաճույքով օղի էին խմում՝ վրայից լյարդութոքի երշիկ ծամելով։

Կոմունալ հարեւան Տիխոմիրովը սպառնալից քրթմնջում էր․

Ա՜յ թե ծանոթներ ունեք։ Իսկը Մինյավսկի ու Դանիել…

Նույն տարվա աշնանը ինձ նորից հիշատակեցին արեւմտյան ռադիոկայանները։

Լենային իմ պատմվածքները չէին հետաքրքրում։ Նրան ընդհանրապես չէր հետաքրքրում գործունեությունը որպես այդպիսին։ Այդ սահմանափակությունն ինձ նրա անսահման հանգստության մասն էր թվում։

Իմ կյանքում, այսպիսով, իշխում էին երկու հակամարտող տարերքներ։ Ձախից մոլեգնում էր սաղմնավորվող նոնկոնֆորմիզմի օվկիանոսը։ Աջից քաղքենիական բարօրության անդրդվելի հարթությունն էր փռվել։

Այդպես էլ սոթ տալով՝ դեգերում էի երկու օվկիանոսների արանքում՝ նեղլիկ հողաշերտով։

Լենան այդ ընթացքում հեռացավ իր վարսավիրանոցից։ Աշխատանքի տեղավորվեց «Սովետական գրող» հրատարակչությունում, որպես սրբագրիչ։ Ինձ համար անակնկալ էր։ Չգիտեի էլ, որ այդքան գրագետ է։ Ինչպես որ շատ այլ բաներ չգիտեի։ Ու մինչ օրս էլ չգիտեմ…

Մի տարի անց նա կոնֆլիկտ ունեցավ իշխանությունների հետ։ Բանն այսպես եղավ։

Հրատարակչությունը տպել էր Ախմատովայի գիրքը։ Չէր ճարվում։ Աշխատակիցներին սահմանափակ թվով օրինակներ հասան։ Ոմանց ընդհանրապես անտեսեցին։ Այդ թվում՝ կնոջս։

Լենան գնաց հրատարակչության տնօրենի մոտ։ Արտահայտեց իր բողոքը։ Կոնդրաշովն ի պատասխան, ձայնն իջեցնելով, ասաց․

Քաղաքական բարդ ենթատեքստը չեք ընկալում։ Տպաքանակի մեծ մասն ուղարկվել է արտասահման։ Մենք պարտավոր ենք փակել բուրժուական քարոզչության բերանը։

Իմ բերանը փակեք, խնդրել էր Լենան…

Այդպես մեր միջեւ այլախոպական մասնակի փոխըմբռնում հաստատվեց։

Տարիներն անցնում էին։ Մեր աղջիկը մեծանում էր։ Իմ ճապոնական տրանզիստորը նկատի ունենալով՝ ասում էր․

Ես քո «բիբիսին» պատուհանի գոգին եմ դրել…

Աղքատ էինք ապրում, հաճախ վիճում էինք։ Ես ափերից դուրս էի գալիս, կինս լռում էր։

Լռությունը մեծ ուժ է։ Այն, որպես կենսաբանական զենք, պետք է արգելել…

Ես շարունակ բողոքում էի հեռանկարի բացակայությունից։ Լենան ասում էր․

Երկու հազար պատմվածք գրի։ Կարող է գոնե մեկը տպե՞ն…

Մտածեցի՝ ի՞նչ է խոսում։ Ինձ ի՞նչ օգուտ մի պատմվածքից։

Նույնիսկ նեղացա։

Իզո՛ւր…

Տարբեր էին մեր ընդգրկումներն ու համամասնությունները։ Ես շեշտը դնում էի միավորի վրա։ Լենան շեշտադրում էր քանակությունը։

Նա իրավացի էր։ Հաղթել կարելի է միայն քանակով։ Ամբողջ համաշխարհային պատմությունը դա է ապացուցում…

Ես այնքան քիչ գիտեի կնոջս մասին, որ շարունակ զարմանում էի։ Ինձ ապշեցնում էր նրա հանդարտության ցանկացած խաթարում…

Մի անգամ լաց եղավ, որովհետեւ նվաստացրել էին տնային կառավարչությունում։ Անկեղծ ասած՝ նույնիսկ ուրախացա։ Ուրեմն ինչ֊որ բան կարող է նրա կիրքն արթնացնել…

Բայց դա հազվադեպ էր պատահում։ Առավել հաճախ անդրդվելի էր…

Յոթանասունական թվերին սկսվեց վտարանդությունը։ Մեկնում էին մեր մտերիմ ընկերները։ Այդ թեմայով անվերջանալի խոսակցություններ էին գնում։ Իսկ ես շարունակ պնդում էի․

Էնտեղ ի՞նչ ունեմ անելու։ Հայրենի տնից փախչելն անհեթեթ է։ Եթե գրականությունը դատապարտելի զբաղմունք է, ուրեմն բանտն է մեր տեղը…

Լենան լռում էր։ Կարծես ավելի լռակյաց էր դարձել։

Օրերը ձգվում էին անվերջանալի տրտում կերուխումով, հաճախակի հրաժեշտներով ու գիշերային զրույցներով…

Լավ եմ հիշում այդ փետրվարյան օրը։ Լենան աշխատանքից եկավ ու ասում է․

Վե՛րջ… Գնո՛ւմ ենք… Զզվեցի՜նք…

Փորձեցի առարկել։ Խոսում էի հայրենիքի մասին, Աստծո, սոցիալական բարձր ճնշման առավելությունների, լեզվական ու գուներանգային ներդաշնակության… Նույնիսկ կեչիները հիշատակեցի, ինչը ինձ մինչ ի մահ չեմ ների…

Բայց Լենան արդեն գնացել էր ինչ֊որ մեկին զանգելու։

Ես բարկացա ու մի ամսով մեկնեցի Պուշկինյան արգելոց։ Վերադառնում եմ՝ Լենան ինչ֊որ թղթեր է տալիս ստորագրելու։ Հարցնում եմ․

Արդե՞ն։

Հա, ասում է, ամեն ինչ որոշված է։ Փաստաթղթերն արդեն մոտս են։ Վստահ եմ, որ մեզ բաց կթողեն։ Հնարավոր է՝ երկու շաբաթվա ընթացքում։

Շփոթվեցի։ Չէի մտածել, որ այդքան արագ կկատարվի։ Ավելի ճիշտ, հույս ունեի, թե Լենան կսկսի համոզել ինձ։

Չէ՞ որ ես ատում էի սովետական վարչակարգը։ Չէ՞ որ ի՛մ պատմավածքները չէին տպում։ Չէ՞ որ ես էի համարյա այլախոհը…

Մինչեւ վերջին օրը մի տեսակ կարկամած էի։ Մեքենայաբար կատարում էի անհրաժեշտ գործողությունները։ Դիմավորում ու ճանապարհում էի հյուրերին։

Եկավ մեկնելու օրը։ Օդանավակայանում ահագին մարդ էր հավաքվել։ Գլխավորապես իմ՝ խմել սիրող ընկերները։

Հրաժեշտ տվինք իրար։ Լենան կատարելապես անվրդով էր թվում։ Իմ ազգականներից մեկը նրան սեւ աղվեսի մորթի նվիրեց։ Հետո երկար ժամանակ երազիս տեսնում էի աղվեսի երախաբաց կերպարանքը…

Աղջիկս անճոռնի էժանագին կիսակոշիկներով էր։ Մոլորված տեսք ուներ։ Այդ տարի ընդհանրապես տգեղ էր։

Հետո նրանք նստեցին ավտոբուս։

Սպասեցինք՝ երբ օդ կբարձրանա ինքնաթիռը։ Բայց ինքնաթիռներն իրար հետեւից թռչում էին։ Ու դժվար էր հասկանալ՝ որն է մերը…

Կարոտել սկսեցի օդանավակայանից վերադառնալիս։ Արդեն տաքսիում խմում էի շշից։ Վարորդն ասում էր․

Կռացե՛ք։

Ես պատասխանում էի․

Կռացած՝ չի՜ գալիս…

Այդ ժամանակից կյանքս փոխվեց։ Ինձ պատեց անհանգստությունը։ Մտածում էի միայն վտարանդվելու մասին։ Խմում ու մտածում էի։

Լենան բացիկներ էր ուղարկում։ Ասես գաղտնագրված զեկուցագրեր լինեին․

«Հռոմը մեծ, գեղեցիկ քաղաք է։ Ցերեկները շոգ է լինում։ Երեկոները երաժշտություն կա։ Կատյան լավ է։ Գները համեմատաբար ցածր են…»։

Բացիկները լեցուն էին հանգստությամբ։ Մայրս կարդում ու վերընթերցում էր։ Բոլորը փորձում էին ինչ֊որ զգացմունքներ գտնել։ Բայց ես գիտեի, որ ապարդյուն է…

Հետագա իրադարձությունները շարադրում եմ կետագծով։

Պորտաբուծության ու որջ պահելու մեղադրանք… Քննիչ Միխայլովը… Ինչ֊որ աղոտ ծեծուջարդ միլիցիայում… «Գերմանական ալիքի» հաղորդումների շարքը… Կալանավորում ու դատ Տոլմաչովյան փողոցում… Ինը օր Կալյաեւի բանտում… Անսպասելի ազատություն… ՕՎԻՐ…

ՕՎԻՐ֊ի գնդապետը քաղաքավարի ու բարեկամաբար ասաց․

Պետք է մեկնեք։ Ձեր կինը մեկնել է, ու վաղուց ձեր ժամանակն էլ է…

Զուտ հակադրվելու համար առարկեցի․

Մենք, ասում եմ, գրանցված չենք։

Դա ձեւականություն է, լայն ժպտաց գնդապետը, իսկ մենք ձեւապաշտներ չենք։ Դուք նրանց սիրում եք, չէ՞։

Ո՞ւմ՝ նրանց։

Ձեր կնոջն ու աղջկան… Իհարկե, սիրում եք…

Կնոջս ու աղջկաս հանդեպ սերն այդպիսով դարձավ փաստ։ Ու դա վկայեց ՆԳ գնդապետը…

Ես փորձում էի կողմնորոշվել։ Աշխարհում կար երկու իրական բեւեռ։ Հստակ, հարազատ, խեղդող՝ «այստեղ», եւ անհայտ, խորհրդավոր, կիսաֆանտաստիկ «այնտեղ»։ Այստեղ տառապագին կյանքի անծայրածիր հեռաստաններն էին՝ բարեկամների ու թշնամիների շրջանում։ Այնտեղ՝ միայն կինս, նրա անվրդով հանգստության պստիկ կղզյակը։

Իմ բոլոր հույսերն այնտեղ էին։ Չգիտեմ՝ ինչի էի ՕՎԻՐ֊ի գնդապետի գլուխը տանում…

Վեց շաբաթ անց մենք Ավստրիայում էինք։ Վիեննան ասես Լենինգրադի շրջաններից լիներ։ Ինչ֊որ տեղ՝ Ֆոնտանկայի ու Սադովայայի արանքում։

Քաղաքային բնապատկերի միակ լուրջ բաղադրիչը գետն էր։ Երրորդ թե չորրորդ օրը պարզվեց, որ Դանուբն է։

Տեղավորվեցինք «Ծովակալ» հյուրանոցում։ Մայրս օրեր շարունակ Սոլժենիցին էր կարդում։ Ես ինչ֊որ բան էի գրում վտարանդական հանդեսների ու թերթերի համար։ Գերազանցապես նկարագրում էի գոյություն չունեցող այլախոհական սխրանքներս։

Այդ ընթացքում Լենան արդեն տեղափոխվել էր Ամերիկա։ Նրա նամակներն ավելի ու ավելի համառոտ էին դառնում․

«Մեքենագրուհի եմ։ Կատյան դպրոց է գնում։ Համեմատաբար անվտանգ թաղամաս է։ Տանտերը՝ համակրելի տարեց ամերիկացի։ Անունն է Էնդրյու Կովալենկո…»։

Մինչեւ ամառ մնացինք Ավստրիայում։ Վիեննան միջանցիկ փուլ էր Լենինգրադի ու Ամերիկայի միջեւ։ Հավանաբար այդպիսի տարածությունը հնարավոր միայն երկու ցատկով հաղթահարել։

Վերջապես ստացանք ամերիկյան փաստաթղթերը։ Յոթ ժամն օվկիանոսի վրայով ինձ հավերժություն թվաց։ Տարածության մեջ, որպես այդպիսին, չափազանց քիչ հետաքրքրություն կա։

Ինքնաթիռն ամերիկյան տարածք էր։ Ուղեկցորդուհիներն իրենց անկախ էին պահում։

Քենեդու անվան օդանավակայանում սպասում էին մեր բարեկամները։ Նշանավոր լուսանկարիչ Կուլակովը՝ կնոջ ու որդու հետ։ Ողջունելով՝ անմիջապես սկսեցին փնովել Ամերիկան։

«Տոյոտա» կառնես, ծերո՛ւկ, ասում էր Կուլակովը, իսկ ավելի լավ է՝ «Ֆոլքսվագեն»։ Ամերիկյան մեքենաները զիբիլ են։

Ես հարցրի․

Իսկ ո՞ւր են Լենան ու Կատյան։

Կուլակովն ինձ տվեց երկտողը․

«Տեղավորվե՛ք։ Մենք առողջարարական ակումբում ենք։ Կգանք ժամը ութի կողմերը։ Ուտելիքը սառնարանում է։ Լենա»։

Գնացինք տուն՝ Ֆլաշինգ։ Շրջակա հորիզոնական բնապատկերն ասես Մոսկվայի կայարանի շրջոնքը լիներ։ Երկնաքերները բացակայում էին։

Մայրս դուրս նայեց պատուհանից ու ասում է․

Լրիվ դատարկ փողոց…

Փողոց չի, առարկեց Կուլակովը, հա՛յվեյ։

Ի՞նչ է նշանակում հայվեյ, հարցրեց մայրս։

Մեծուղի, պատասխանեցի ես։

Լենան զբաղեցնում էր ոչ բարձր աղյուսաշեն տան առաջին հարկը։ Կուլակովը օգնեց՝ ներս տանենք ճամպրուկները։ Հետո ասաց․

Հանգստացեք։ Եվրոպայում արդեն գիշեր է։ Իսկ վաղը կզանգեմ…

Ու գնաց։

Իհարկե, չէի սպասում, որ ամերիկյան գրողների պատվիրակությունը կդիմավորի։ Բայց գոնե Լենան, մտածում էի, կարո՞ղ էր գալ օդանավակայան…

Մենք հայտնվել էինք դատարկ բնակարանում։ Երկու սենյակներում հատակին ներքնակներ էին։ Շուրջբոլորը հագուստ էր թափթփած։

Մայրիկը բացեց սառնարանն ու ասում է․

Պանիրը համարյա նույնն է, ոնց որ մեզ մոտ…

Հանկարծ անտանելի հոգնություն զգացի։ Պառկեցի ծածկոցի վրա ու սկսեցի ծխել։ Իրականության ուրվագծերն անգթորեն աղոտանում էին։

Ո՞վ եմ ես ու որտեղի՞ց։ Ի՞նչ է կատարվում մեզ հետ։ Եվ ինչո՞վ կվերջանա այս ամենը…

Նոր կյանքը չափազանց շարքային էր թվում մեծ փոփոխությունների համար…

Ու նաեւ մտածում էի․

«Ինչպե՞ս է ծագում մարդկային մտերմությունը։ Ի՞նչ է պետք մարդկանց՝ հարազատություն զգալու համար…»։

Արթնացա վաղ առավոտյան։ Պատուհանից այն կողմ օրորվում էին ճյուղերը։ Կողքիս մարդ կար։ Հարցրի․

Ո՞վ է։

Լենան, պատասխանեց հանգիստ կանացի ձայնը։

Ու շարունակեց․

Ո՜նց ես չաղացել։ Առավոտները պետք է վազել։

Էլ վազելու տեղ, ասում եմ, գործնականում չունեմ… Կնախընտրեի էստեղ մնալ։ Հուսամ՝ կարելի՞ է։

Իհարկե, եթե մեզ սիրում ես…

Գնդապետն ասում է՝ սիրում եմ։

Սիրում ես, ուրեմն մնա։ Մենք դեմ չենք…

Սե՞րն ինչ կապ ունի, ասացի ես։

Հետո ավելացրի․

Սերը դեռահասների համար է… սա սեր չի, այլ՝ ճակատագիր… Ի դեպ, ո՞ւր է Կատյան։

Ներքնակին, տատիկի հետ…

Հետո Լենան ասաց․

Շրջվի՛։

Մռութս ծածկեցի ամերիկյան թերթով։

Լենան վեր կացավ, հագավ խալաթն ու հարցնում է․

Քեզ թե՞յ, թե՞ սուրճ։

Այստեղ հայտնվեց Կատյան։ Բայց դա արդեն ուրիշ թեմա է։

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Man's head
Man's head
Play Online