Raffi
Ողբ օրիորդին
Հայ օրիորդ եմ ես, քույրեր,
Հայաստանի երկրեն,
Որբ օրիորդ եմ ես, քույրեր,
Հեռու իմ հոր աշխարհեն:
Չար թշնամին խարձուց ավեր
Իմ տնակը հայրենի,
Գերի վարեց քույր, եղբայրներ,
Ծնողքս զոհ եղան սրին:
Այժմ պանդուխտ օտար աշխարհ
Թափառում եմ անտերունչ,
Օտար երկնի կամարի տակ
Ես քաշում եմ դառն շունչ:
Ոչ ոք ինձի չէ ողորմում,
Որ տա խղճիս պատառ հաց,
Ոչ ոքի գութ բնավ չէ շարժում
Իմ արտասուքն ու իմ լացը:
Դուք բաշխեցեք ինձ հաց, քույրեր,
Որ չմեռնեմ սովեմեն,
Դուք հագցրեք հալավ, քույրեր,
Որ չսառչեմ ցրտեմեն:
Ես էլ ձեզի պես աղջիկ էի`
Գոհարներով պճնված,
Ես էլ ձեզ պես սիրուն էի`
Ոսկիներով զարդարված:
Այժմ նայեք իմ երեսին,
Որքա՛ն նիհար, գունատ է,
Եվ իմ հանգչած թուխ աչերս
Ամեն տղա կը ատե:
Բայց էր մի օր... երբ իմ ձեռքին
Կարոտ էին իշխանորդիք,
Որ իմ պսակի ճոխ փառքովը
Կատարեին հարսանիք:
Իսկ այժմ ինձ չարժանացնում
Գոնյա՜ չնչին հայացքի,
Ո՜չ մի մանուկ հայ տղամարդ,
Ո՜չ ալևոր հայազգի:
Մի՞թե այդչափ սառն սառած է
Ձեր սրտի մեջ հայ արյուն,
Որ տալ ձեր սերն դուք չեք կարող
Հայաստանի որբերուն:
Ճնճղիկն ունի յուր բույն
Լի կուշտ փորով օթելու,
Բայց ես չունեմ ոչ մի անկյուն
Անբախտ գլուխս դնելու:
Դուք սրբեցե՜ք, ազնիվ քույրեր,
Իմ արտասուք և իմ լաց,
Ինձ բաշխեցեք, աստծո համար,
Ուտելու մի պատառ հաց:
Հայ օրիորդ եմ ես, քույրեր,
Հայաստանի երկրեն,
Որբ օրիորդ եմ ես, քույրեր,
Հեռու իմ հոր աշխարհեն...