Petros Duryan

Ի գերեզմանն ամենասիրելվո Վարդան Լութֆյանի

Ո՜հ, երկնքի ժապավեններ՝
Ճառագայթնե՜ր՝ միացուցած
Էին սրտերը մեր միմյանց՝
Մեր սրտերը սիրանըվեր:

Նոքա միմյանցս համար քանի՞
Էին անհո՜ւն բա՛ց մատյաններ,
Հոն ամեն բառ խորքը մը ուներ
Իր ներքևը սիրո, ցավի:

Ո՜հ, կը հիշե՞ս, Չամլըճայի
Սարը նստած լո՜ւռ մըխայինք,
Ուր շուք տային մեզի նոճիք՝
Սև հովանոցք վշտահարի:

ԸՍթամպոլի կապույտ գոտվույն՝
Վոսփորի ծուփը դիտեինք,
Ուսկից և մերթ զ՚անամպ երկինք.
Ո՛, ախորժնե՜ր լուռ մեր հոգվույն:

Այն հյուսկենները երկնքին՝
Այն ամպերը ձյունաթորմի՝
Մինչ երեկո, ո՜հ, մի առ մի
Մեր նայվածքը գըրավեին:

Չ՚էինք խոսեր, խոսքն մեր հոգվոց
Անհունությունը կը պղծեր,
Մենք զերթ երկու տժգույն բոցեր
Իրարու մեջ կ՚այրեինք սոսկ:

Մեր հոգիքը նոճիներու
Թուխ թիթեռներ էին տրտում,
Սև՜ ծըծեինք՝ սո՜ւգ անհատնում,
Նայեինք միշտ երկրես հեռու:

Անհուսությո՜ւն, գերեզմանի
Այդ սև կաթը շատ ըմպեցինք,
Քեզ հափրեցուց այդ ըմպելիք,
Եղար երկնից տժգույն որդի։

Քու դալուկըդ՝ զիս ցավցուց շա՜տ,
Եվ նայվածքըդ վերջին նըվաղ՝
Զ՚որ ուղղեցիր ինծի, ավա՜ղ,
Բևեռացուց յ՚իս հիշատակդ։

Երջանի՞կ ես հոդ թե թշվառ,
Զվարթնո թևով լուր մ՚ինձ ղրկե,
Ա՜հ, այս աշխարհն միշտ տաղտուկ է…
Ցավերու մեծ մայր մ՚է աշխարհ։

Ո՜հ, եթե հոդ ծառի մը շուք
Կա և նորա քով մեկ վըտակ,
Եթե կա հոդ սե՜ր անապակ,
Կան ազատ օդ, ազատություն։

Ո՜հ, կը թոթվեմ ես այս աղտոտ
Ձորձն հոգվույս՝ կյանքս՝ մինչ իսկ այսօր,
Հող կը հագնիմ, հո՜ղ սըգավոր…
Ա՛հ, ուզածներս, Վա՛րդան, կա՞ն հոդ…։

1871

Be the first who will comment on this
Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

Self Portrait
Self Portrait
Play Online