Paruyr Sevak

Կարոտի տարրալուծումը

Ես իմ մթի՜ն-մթի՜ն կարոտն այնպե՛ս գիտեմ,
Ինչպես կույրը գիտի բնակարանն իր հին...
Իմ իսկ շարժումները ես չեմ տեսնում,
Իրերն իրենց տեսքը թաքցընում են ինձնից,
Բայց անսխալ արդեն և անսայթաք
Ես շարժվում եմ այնտեղ,
Ապրում այնտեղ,
Գուցե այն ինքնալար ժամացույցի նման,
Որի սլաքները պոկելուց էլ հետո
Աշխատում է դարձյալ՝ ցույց չտալով
Այլևըս ո՜չ րոպե և ո՛չ էլ ժամ...
Ու ճոճվելով մթան և մենության միջև՝
Ես կարոտն եմ ուզում տարրալուծել
Քիմիկոսի նման, որ հասկանամ
Բնությունը նրա և խորհուրդը խորին։
Իմ ձգտումի վրա, ջանքիս վրա
Հեռվից քրքջում է ջուրը ջրհորդանի՝
Անասելի՛ հեռվից,
Անլսելի՜ հեռվից։
Մի քաղքենի թռչուն հեղուկ գեղգեղանքով
Իր խեղճ գոյությունն է երգ դարձընում անբառ՝
Անլսելի՛ հեռվից,
Անորսալի՜ հեռվից։
Բառերն սկսում են անձս վիրավորել,
Որովհետև նրանք ինձ են արձագանքում
Անորսալի՛ հեռվից,
Աններելի՜ հեռվից։
Պատից պատ եմ քայլում, և քայլերիս
Ձայնը թվում է, թե շատ է հեռվից գալիս,
Աններելի՛ հեռվից,
Անկարելի՜ հեռվից։
Թեպետ կույր չեմ բնավ,
Սակայն շուրջս նայում
Ու չեմ տեսնում ոչի՛նչ,
Որովհետև
Հաճախ մեր աչքերը ջոկվու՛մ - պոկվու՜մ մեզնից
Ու գնալո՜վ գնում և հասնում են այնտե՛ղ,
Որտեղից մենք հիմա շա՜տ ենք հեռու,
Անկարելի՛ հեռու,
Անհնարի՜ն հեռու:
Մենք ինքներըս վազում մեր հետևից
Ու չե՛նք կարողանում ինքներըս մեզ հասնել։
Ու չե՜նք կարողանում ինքներըս մեզ հասնել...
Եվ հենց դա՞ չէ արդյոք, որ կոչվում է կարոտ...

04,05.II.1964թ.
Երևան
Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby for Mum
Elen Yolchyan

Lullaby for Mum

The Artist and His Mother
The Artist and His Mother
Play Online