Paruyr Sevak

հեքիաթը

Իմ լուսեղենի՛կ, իմ աննմա՛ն,
Իմ ապագա՛, գալի՜ք...
Ի՞նչ ես անում արդյոք հիմա,
Իմ հեռավո՜ր բալիկ:
Բարձիդ տա՞կ ես թևդ կոխում
Ու խորամանկ ժպտում,
Թե՞ վեր կենում ու կիսամերկ
Մահճակալում պտտում:
Թե՞ մայրիկիդ հյուսքը բռնած
Քրքըջում ես անմեղ,
Թե՞ «կարդում ես» քո չըմբռնած
Գրքույկները գունեղ:
Թե՞ երգում ես, արտասանում
«Բանակային եմ քաջ»...
Բանակային ե՛ս եմ, բալիկ,
Մա՛յրդ, պա՛պըդ անգամ:
Բանակայի՛ն, որ մոտ չգա
Ոչ մի գայլ ու գազան,
Ոչ թե, բալիկ, քո իմացած
Հեքիաթներից դաժան,
Ո՛չ աշխարհից քո իմացած
Սև ու Ճերմակ դևի:
Կա մի ուրի՛շ դև ու աշխարհ՝
Ամբողջովին դեղի՜ն:
Դու չգիտես դեղին դևին՝
Գայլի ախորժակով:
Ապրում է նա մեզնից հեռու,
Օվկիանոսից այն կողմ...
Քեզ այդ մասին կպատմեմ ես
Հետո՜, հիմա քնի՛ր:
Այնժամ գուցե դա իսկապես
Հեքիաթի պես լինի...

29.II.1952թ.
Մոսկվա
Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Love. Fairy tale
Love. Fairy tale
Play Online