Narek Sargsyan
Խորհրդավոր անծանոթը
Աչքերը բացեց ու տեսավ, որ ընկած է հատակին: Զարմանքից ասես սառը ջուր լցրեցին գլխին:
Անծանոթ վայրում էր և չգիտեր` ինչպես էր այնտեղ հայտնվել, այն էլ` պառկած հատակին:
Նկուղ հիշեղնող մի շինության մեջ էր, որը բաղկացած էր իրար միջով անցնող բազմաթիվ միջանցքային ելքերից ու մուտքերից, ասես լաբիրինթոս լիներ:
Հեռվում երևում էր արևի լույսը, և հավանաբար հենց դա էլ տարօրինակ շինությունից դուրս գալու ճանապարհն էր:
Թմրած գլուխը այս ու այն կողմ թափահարելով`մի կերպ ոտքի վրա կանգնեց ու քթի տակ մրմնջալով` շարժվեց լույսի ուղղությամբ` հույս ունենալով դուրս գալ այնտեղից: Անցավ բազմաթիվ ոլորանային միջանցքներով , բայց ա~յ քեզ զարմանք. գնալով`լույսը ավելի էր հեռանում, և կարծես թե նա հայտնվել էր մի անելանելի լաբիրինթոսում, որը չար կատակ էր խաղում իր հետ:
<<Աստվա~ծ իմ, էս ինչ ա՞ կատարվում, էս ի~նչ պատդվալ ա, ի՞նչ գործ ունեմ ես էստեղ>>,-սարսափած մրմնջում էր քթի տակ:
Սառը քրտինքը պատեց դեմքը, մարմնով էլեկտրական հոսանքի պես անցավ սարսափի զգացումը:
-Հ~եյ, ով կա էստեղ, ի՞նչ գործ ունեմ ես էստեղ,- վախեցած ու միաժամանակ զայրացած գոռում էր նա:
Բայց ոչ մի պատասխան չկար: Հուսահատությունից սկսեց այս ու այն կողմ վազել` հույս ունենալով պատահաբար գտնել դուրս գալու ելքը, սակայն ինչքան գնում, այնքան ավելի էր խճճվում:
Հոգնած նստեց գետնին, ձեռքով մաքրեց ճակատի սառը քրտինքը ու ինքնիրեն ասաց.<< Դե քեզ հավաքի ու փորձիր հասկանալ, թե էստեղ ինչ ա կատարվում: Էրեգ ի՞նչ էր եղել որ >>:
Հիշեց նախորդ օրվա իրադարձությունները: Ինչպես միշտ, լարված օր էր եղել. վեճ ծնողների հետ, առօրյա հոգսեր, տարիներով չլուծված խնդիրների բեռ, հուսահատության և տառապանքի զգացում:
<<Չլինի՞ես մեռել եմ ու հիմա դժոխքում եմ>>,- լացակումած ձայնով ասաց ինքնիրեն: Անօգնականության զգացումից սկսեց բարձր ձայնով արտասվել:
-Դե բավական է, ի՞նչ ես քեզ երեխայի պես պահում,- խուլ անկյուններից մեկից լսվեց տղամարդու խրոխտ մի ձայն:
Այս լսելով`նա լեղապատառ եղած պապանձվեց ու դադարեց լացել:
-Արի՛, ես այստեղ եմ, մոտ յոթ մետր քայլիր աջ, իսկ հետո ձախ կողմի մուտքով թեքվիր: Դե՛ արի:
-Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում,-սարսափած հարցրեց նա:
-Արի՛ և դու կգտնես քո բոլոր հարցերի պատասխանները,-հետևեց պատասխանը: Երկմտելով` քայլելով հասավ մի սենյակ, որտեղ կար մի հնամաշ սեղան,
կողքին`աթոռներ, սեղանի վրա՝ ջրով լի մի շիշ: Սեղանի շուրջը նստած էր մոտ քառասուն տարեկան, երկար մազերով, արտահայտիչ դիմագծերով մի թխամաշկ տղամարդ:
-Արի՛, նստի՛ր, զրուցենք...
-Ո՞վ ես արա', ինչի՞ համար ես ինձ էստեղ պահում:
Անծանոթ տղամարդը, դեմքին հեգնական ժպիտ խաղացնելով, պատասխանեց.
-Հարգելի՛ս, քեզ ոչ ոք այստեղ հարկադրաբար չի պահում: Դու այստեղ ես գտնվում քո իսկ ցանկությամբ:
-Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս, արա՛, ինձ գողացել, չգիտեմ ինչի բերել ես էստեղ փակել, մի հատ էլ փիլիսոփայու՞մ ես: Ի՞նչ ես ուզում, որ ինձ ազատես,-գոռաց նա:
-Քո շահերից է բխում, որ նախ` հանգստանաս, քեզ հավաքես ու փորձես հասկանալ, թե դու ինչու՛ ես էստեղ գտնվում:
Տղամարդն այս ասելով`ձեռքը տարավ գրպանը, սիգար հանեց ու կրակ կպցնելով` սկսեց անտարբեր ծխել:
-Լսի՛ր, ես փող չունեմ, որ քեզ տամ: Էնպես որ դու իզուր ժամանակ ես վատնում: Այս լսելուն պես տղամարդը սկսեց քահ-քահ ծիծաղել.
-Լսի՛ր, Վազգեն, ես գիտեմ, որ դու գումար չունես, անգամ հեռախոսդ չես կարողանում գումար լիցքավորել, կոշիկներդ մաշված են, պատշաճ հագուստ չունես: Դրանք ես քեզանից ավելի լավ գիտեմ:
-Լավ, բա էդ դեպքում ի՞նչ ես ինձնից ուզում,-զարմացած ձայնով հարցրեց Վազգենը:
-Ուզում եմ քեզ օգնել: Ահա թե ինչու եմ ես էստեղ գտնվում:
-Խնդրում եմ ինձ ասա, էս ի՞նչ շենք ա, ով ա ինձ էստեղ բերել և ի՞նչի համար,-աղերսագին տոնով հարցրեց Վազգենը:
-Այդ բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն մի հոգի, և դա դու ես:
-Դու ինձ ձե՞ռ ես առնում,-զայրացավ Վազգենը:
Խորհրդավոր անծանոթը, ոչինչ չպատասխանելով, շարունակում էր անտարբեր հայացքով ծխել իր սիգարը:
-Գոնե անունդ ասա, իմանամ` ով ես,-հարցրեց Վազգենը,-ուզում եմ իմանամ, թե ո՛վ
ես դու:
Տղամարդը, հանգցնելով սիգարը, նայելով Վազգենի աչքերի մեջ, ասաց.
-Իմ անունը քեզ ոչինչ չի տա, իսկ ինչ վերաբերում է ինձ ճանաչելուն, ապա ես խորհուրդ կտամ, որ դու նախ ինքդ քեզ ճանաչես, հետո մտածես դիմացինիդ ճանաչելու մասին:
-Չէ~ էս երազ ա, սա իրական չի,-արտասվախառն ձայնով նկատեց Վազգենը:
-Իսկ քո իրականությունն այս շինությունից ու այս իրավիճակից ինչո՞վ է տարբերվում, կարող ե՞ս ասել:
Մինչ Վազգենը, բերանը բացելով, փորձեց պատասխանել, տղամարդը շարունակեց.
-Այս հարցին թող ինքս պատասխանեմ` գրեթե ոչնչով: Տարբերությունը սոսկ դետալների մեջ է:
-Ես ոչ մի բան չեմ հասկանում,- զարմացած ասաց Վազգենը:
Տղամարդը, սեղանի դարակից հանելով պլաստմասե երկու հատ բաժակ, ջուր լցրեց նրանց մեջ, ու մեկը տալով Վազգենին` ասաց.
-Խմի՛ր այս ջուրը, հանգստացի՛ր, որ խոսենք:
Ագահաբար ջուրը խմելուց հետո Վազգենը հարցրեց.
-Դե ասա՛՝ ոնց դուրս գամ էստեղից:
-Լավ, ենթադրենք` իմացար այս շենքից դուրս գալու ելքը, իսկ ինչպե՞ս ես իմանալու քո անձնական կյանքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: Մնա այստեղ էլի, մեկ է, դու ելքը չես գտնում: Ի՞նչ տարբերություն այստեղի և այնտեղի միջև,-կատակով նկատեց տղամարդը:
-Բայց ի՞նչ կապ կա այս դժոխային շենքի և իմ անձնական կյանքի միջև:
-Քո միտքը շարունակ պտտվում է փակ շղթայում, և դրա վկայությունն այս հարցն է, որ ինձ տալիս ես:
-Նորմալ բան ասա՛ հասկանամ, հոգնեցի հանելուկային քո զրույցներից,-նեղացավ Վազգենը:
-Ես քեզ մի քանի հարց եմ ուզում տալ, պատրա՞ստ ես արդյոք ինձ անկեղծ պատասխանել:
-Այո՛, տու՛ր ինձ քո հարցերը, մենակ թե շուտ դուրս գամ էստեղից,-ասաց Վազգենը:
Տղամարդը, նայելով Վազգենի աչքերի մեջ, հարցրեց.
-Քո կյանքում դու ի՛նչ խնդիրներ ունես, որ չես կարողանում լուծել, կոնկրետ, հիմնական քո խնդիրը ո՞րն է, և, վերջապես, ի՞նչ ես ուզում կյանքից:
-Ա՛յ մարդ, դա ի՞նչ կապ ունի իմ` էստեղ գտնվելու հետ,-զարմացավ Վազգենը: Հանկարծ տղամարդու ձայնն ամպրոպի պես, անսպասելիորեն որոտաց.
-Դե բավական է տաս քո հիմար հարցերը, դու արդեն ինձ հոգնեցրիր: Ահասարսուռ` Վազգենը սիրտ չարեց բերան անգամ բացել` պատասխանելու:
-Ի՞նչ ես պապանձվել, հարցիս պատասխանի՛ր:
-Դե իմ կյանքում,-կմկմալով սկսեց խոսել Վազգենը,- շատ պրոբլեմներ կան: Արդեն երկար ժամանակ է, ինչ ես աշխատանք կամ կայուն եկամտաբեր զբաղվածություն չեմ կարողանում գտնել, տուն չունեմ, ստիպված ապրում եմ ծնողներիս հետ, ովքեր հարմար առիթը բաց չեն թողնում երեսիս շպրտելու էն, որ չեմ աշխատում, ու իրենց հաշվին եմ ապրում: Ամենավատն էլ էն ա, որ ընդհանրապես փող չունեմ: Դե ծնողներս էլ ինձ անգամ 100 դրամ հենց էնպես չեն տալիս: Բացի դրանից, ծնողներս ինձ չեն հարգում ու սիրում, մեր տանը հաճախ են սուր վեճեր ու անախորժություններ լինում:
-Իսկ ինչու՞ ես ապրում ծնողներիդ հետ,-հետաքրքրվեց տղամարդը:
-Բա ի՞նչ անեմ, ես իմ անձնական տունը չունեմ:
-Դե տուն վարձիր, այ քեզ բան:
-Դրա համար գումար պետք է ունենամ, իսկ ես ասում եմ, ու գումար ընդհանրապես չունեմ:
Անծանոթը վառեց նոր սիգար ու սկսեց նորից ծխել:
-Լավ, բա ի՞նչն է պատճառը, որ չես կարողանում աշխատանք կամ, ինչպես դու ես ասում, փող բերող զբաղվածություն գտնել:
Վազգենը, ոգևորվելով այս հարցից, գերազանցիկ աշակերտի պես շարունակեց ներկայացնել իրավիճակը.
-Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ……
-Լավ, լավ….,-ընդհատեց տղամարդը,- գիտեմ, թե հիմա ինչ պիտի ասես, բայց ես դա՛ չեմ ուզում քեզնից լսել: Դու ինձ ասա՛, թե ինչու՞ քեզ մոտ ոչինչ չի ստացվում:
-Ես էլ չգիտեմ: Արդեն շուրջ հինգ տարի է, ինչ հաջողությունը ինձնից երես ա թեքել: Էդ ժամանակամիջոցում ոչ մի լավ բան ինձ հետ տեղի չի ունեցել: Կյանքիս էս անհաջող ու սև ժամանակաշրջանը ոչ մի կերպ չի ավարտվում: Ինձ թվում ա, թե սա վերջ չի ունենալու: Ինչքան փորձեցի, աշխատեցի, որ իրավիճակը հարյուր ութսուն աստիճանով շրջեմ, սակայն ոչինչ մինչ էս պահը չի ստացվում:
-Լավ, Վազգե՛ն, ես քեզ հասկացա, հիմա ինձ խնդրում եմ ասա՛ ո՞րն է քո ձգտումը, ի՞նչ նպատակ ես քո առջև դրել, ի՞նչ երազանք ունես:
-Ուզում եմ իմ տունն ունենալ ու առանձին ապրել, հետո` հասնել ֆինանսական անկախության:
-Ֆինանսական անկախության հասնելու ձգտումդ հասկանալի է, բայց ես չեմ հասկանում, թե տունը քո ինչի՞ն է պետք: Ծնողներիդ հետ ապրում ես էլի։
-Դրանով ես ուզում եմ հասնել հոգևոր անկախության և ներդաշնակության,- աներկբա պատասխանեց Վազգենը:
-Իսկ ի՞նչն է քեզ խանգարում, որ հիմա լինես հոգեպես անկախ ու ներդաշնակ,-հետաքրքրությամբ հարցրեց տղամարդը:
-Դե նրանք չեն թողնում…..
-Բայց եթե դու քո ներսում նման որոշում կայացնես, ոչ ոք չի կարող քեզ խանգարել… Լավ, իսկ չկա՞ մեկը, որին կարող ես առանց քաշվելու դիմել, երբ խնդիր ունես կամ որի հետ կցանկանայիր կիսվել:
-Չէ, ես ինձ հավատարիմ մարդիկ չունեմ: Ճիշտ ա, բարեկամներ, հարազատներ շատ ունեմ, բայց բոլորը, երբ իրանց գործն ընկնում է, ինձ հիշում են, իսկ մնացած դեպքերում էլ չեն ասում` կա՞մ, չկա՞մ…. Է~հ, չգիտեմ: Շուրջս լիքը խոչընդոտներ են, ինչպես էս հիմար շենքի պատերը:
-Վազգե՛ն, իսկ քեզ չի՞ թվում, որ քո կյանքի բոլոր խնդիրները, ինչպես նաև այս շենքի լաբիրինթոսի պատերը հենց դու ինքդ ես ֆիքսում:
Վազգենն ապշեց տարօրինակ հարցից:
-Էդ ի՞նչ ես ասում որ: Ո՞նց թե ես եմ ֆիքսում, ո՞նց կարամ չֆիքսեմ, եթե դրանք կան:
-Իսկ միգուցե դադարե՞ս դրանց վրա կենտրոնանալ, և դրանք կանհետանան….
-Էս ինչ հիմարություններ ես դուրս տալիս: Մի պահ ես քեզ խելացի մարդ համարելով` լուրջ ընդունեցի ու բացվեցի քեզ հետ, իսկ հիմա….
-Վազգե՛ն, քո բոլոր խնդիրներն ու այս շենքը, որի մեջ հայտնվել ես ու չես կարողանում դուրս գալ, դու ինքդ ես ստեղծել: Այնպես որ իզուր ես ինձ վիրավորում: Բանն այն է, որ բոլոր խնդիրները քո մեջ են, իսկ դրսում դու տեսնում ես քո հոգեկան աշխարհի հայելային արտացոլանքը, որի վառ վկայությունն այս շենքն է, որի մեջ հայտնվել ես ու այնտեղից դուրս գալու ելքը չես գտնում: Անգամ, եթե ես այստեղից դուրս գալու ելքը քեզ ցուց տամ, միևնույնն է, շատ շուտով դու նորից նման իրավիճակում կհայտվես ու կրկին մոլագարի նման կսկսես փնտրել ելքը, քանի որ դու ինքդ քեզանից չես կարող փախչել, և քո ներսի վիճակը միշտ պրոեկտվելու է արտաքին աշխարհի վրա:
-Բան չեմ հասկանում, թե ինչ ես խոսում....: Բայց դա մի կողմ դնենք: Ինձ ի՞նչ խորհուրդ կտաս:
-Իսկ ի՞նչ խորհուրդ կուզենայիր, որ քեզ տամ:
-Կուզեի` տաս էնպիսի խորհուրդ, որ կարողանամ ճիշտ ապրել....
-Որպեսզի հայտնվես կյանքի այն իրավիճակներում ու պայմաններում, որտեղ կցանկանայիր հայտնվել, դու պետք է նախ`դադարեցնես նվնվոցդ ու բողոքները կյանքիցդ և, ամենակարևորը, կատարես արժեքների վերարժևորում:
Քանի գնում, Վազգենի դեմքն ավելի զարմացած արտահայտություն էր ստանում:
-Էդ արժեքների վերա չգիտեմ ինչը ո՞նց են անում:
Տղամարդն անվրդով շարունակեց.
-Իրականում, օբյեկտիվ իրականության մեջ հաջողություն և անհաջողություն հասկացություններ չկան: Մեր կյանքում շարունակաբար տեղի ունեցող իրադարձությունները նեյտրալ են: Իսկ թե տվյալ իրադարձությունը հաջողություն էր, թե անհաջողություն, դա բացառապես մեր սուբյեկտիվ գնահատականն է: Ուզում եմ ասել, որ այն դեպքը, իրադարձությունը, որը դու որակում ես անհաջողություն, կարող ես նաև այն համարել հաջողություն: Դրանով իսկ դու արժեքների վերարժևորում կատարած կլինես:
-Էդպես ո՞նց կլինի: Անհաջողությունը ո՞նց կարաս համարես հաջողություն:
-Օրինակ` անհայտ հանգամանքներում քո հայտնվելը այս շենքում դու համարում ես անհաջողություն, քանի որ վախենում ես, որ այստեղից դուրս գալու ելքը երբեք չես գտնի ու կմնաս այստեղ: Բայց դու քո այստեղ հայտնվելը կարող ես նաև հաջողություն համարել:
-Էդ ո՞նց....
-Դրսում կիզիչ արև է, իսկ այս շենքը պաշտպանում է արևի ճառագայթներից, քամուց, իսկ եթե անձրև գա, կպաշտպանի նաև թրջվելուց: Բացի այդ, չես տեսնի այն մարդկանց, ովքեր թունավորում են քո կյանքը, իսկ ամենակարևորն այն է, որ զրուցում ես ինձ հետ ու քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանում: Մի՞ թե այս բոլորը հաջողություն չէ:
Այս մոգական խոսքերից հետո Վազգենի հոգում կարծես ինչ-որ բան շարժվեց: Ասես հոգու կողպված դարպասները ինքնուրույն բացվեցին: Նա իր ներսում տեսավ լույսը.....
-Ա~....., կարծես թե սկսում եմ հասկանալ......
-Վերջում կասեմ հետևյալը: Վազգե՛ն, երջանկությունը մի՛ փնտրիր քեզանից դուրս, այն քո ներսում է, բայց կողպված է: Սպասում է քեզ, որ ուշադրությունդ ուղղես իրեն ու բացես: Նույնիսկ այս շենքում դու կարող ես քեզ երջանիկ զգալ. այստեղ և հիմա....
-Դու էդպես էլ չասեցիր, թե ով ես,- թեթևացած ու երջանիկ ձայնով ասաց Վազգենը:
-Ես վստահ եմ, որ դու ինքդ էլ կարող ես պատասխանել այդ հարցին.....
Այս խոսքերից հետո խորհրդավոր տղամարդն անհետացավ, ասես հօդս ցնդեց:
Գտնվելով երջանկության ու հիացմունքի ալիքի տակ` Վազգենը նստեց պատի տակ` գետնին: Աչքերը փակեց, մի քանի անգամ խորը ներշնչեց ու արտաշնչեց և մոռանալով, որ գտնվում է լաբիրինթոս շենքում, սկսեց երևակայության մեջ պատկերել այն, ինչ կցանկանար, որ իր կյանքում կատարվեր: Նա իրեն սկսեց տեսնել առատության, սիրո, հարգանքի և ներդաշնակ վիճակների մեջ: Դրական էմոցիաների ողջ զինանոցը, որոնք երկար ժամանակ քնած էին, սկսեցին արթնանալ, ու Վազգենը գտնվում էր արդեն իր երազների ֆիլմում:
***
Աչքերը բացեց` դուրս գալով մեդիտացիայից: Աշխարհն այլևս առաջվանը չէր: Այն ասես ներկվել էր վառ ու պայծառ գույներով, և երջանկության անտես ալիքների հոսքերը կարծես շոյում էին նրա դեմքը:
Վազգենը հասկացավ, որ այն էմոցիաները, որոնք նա ապրեց այդ քառասունից հիսուն րոպենների ընթացքում, անգնահատելի էին: Երևի թե նույնիսկ նման երջանկության հուզմունքի ալիքներ չեն կարողանում զգալ անգամ այն մարդիկ, ովքեր շրջապատի կողմից համարվում են հաջողակ, ու կուռք են շատերի համար: Այո՛, նրանք շրջագայում են աշխարհում, ապրում թանկարժեք առանձնատներում, վարում շքեղ ավտոմեքենաներ, բայց միևնույնն է, դրանով իրենց հոգու դատարկությունը չեն կարողանում լցնել:
Վազգենը ուրախ-ուրախ հագնվեց, գնաց զբոսնելու: Գնաց, որ իր երջանկությունը կիսի շրջապատի մարդկանց հետ:
Aram Khachatryan
Gayane - Lullaby