Narek Sargsyan

Փնտրտուքի ճանապարհին

Կար, չկար, մի թագավոր կար, ով ուներ երկու որդի: Նրանցից ավագը հոր պես փառասեր էր, սիրում էր իշխել, պաշտում ոսկին ու հարստությունը:

Ի հեճուկս ավագ եղբոր` կրտսերը համեստ, բարեպաշտ անձնավորություն էր, ով անտարբեր չէր մարդկանց հոգսերին:

Օրերից մի օր թագավորի կրտսեր որդին որոշեց հեռանալ հոր ապարանքից, քանի որ այլևս չէր ցանկանում ապրել այնտեղ` իր հոր և եղբոր հետ, ովքեր փառքից ու ոսկուց կարծես կուրացել էին և անտարբեր էին իրենց դղյակից դուրս ապրող մարդկանց վշտերին ու հոգսերին: Հետո էլ թագավորի կրտսեր որդին ցանկանում էր գտնել իր տեղն այս աշխարհում, բացահայտել իր առաքելությունը, որով նա կծառայեր ժողովրդին:

ԵՎ ահա թագավորի որդին ճանապարհ ընկավ: Մոտակա քաղաքներում և գյուղերում, նրան ճանաչելով, հարգում պատվում էին և ճանապարհում, սակայն երբ նա գնաց հեռավոր երկրներ, այլևս նրան ոչ ոք չէր ճանաչում:

Եղավ շատ տեղերում, զրուցեց շատերի հետ, հանդիպեց և' բարի, և' չար մարդկանց, տեսավ ուրախություն, ցավ, վիշտ տառապանք, շփվեց իմաստուն մարդկանց հետ: Սակայն երկարատև ճամփորդությունը կարծես թե չօգնեց նրան:

Արդեն հիասթափված ու հուսալքված` երբ քայլում էր անհայտություն տանող արահետով, հանդիպեց ալեհեր, երկար մորուքով և վառվռուն աչքերով մի ծերունու: Վերջինս անմիջապես ճանաչեց թագավորի որդուն և հարցրեց.

-Ողջու՜յն զավակս, տեսնում եմ` տխուր ես, կարո՞ղ եմ իմանալ` ինչու:

-Է~,-հառաչեց տղան,- ես իմ երջանկությունը գտնելու համար, ինչպես նաև կյանքիս իմաստն ու առաքելությունը ճանաչելու հույսով թողեցի հորս թագավորական դղյակը ու հեռացա, սակայն երկար ճաապարհ կտրել-անցնելուց հետո ես չստացա ինձ հուզող հարցերի պատասխանները:

Տղայի այս խոսքերից բարի ծերունին մեղմորեն ժպտաց:

-Որդի՛ս,-ասաց նա,- մի' տխրիր: Երջանի՞կ ես ուզում լինել, ուրեմն երջա'նիկ եղիր, առաքելությու՞նդ ես ուզում բացահայտել, զբաղվիր այն գործով, որով օգտակար կլինես մարդկանց և որը քեզ մեծագույն հաճույք կպատճառի, իսկ կյանքի իմաստն էլ ժամանակի ընթացքում ինքնըստինքյան կհասկանաս: Միայն թե երջանկությունդ ու քո կյանքի առաքելությունը մի՛ փնտրիր դրսում, այլ նայիր քո հոգու մեջ, տե'ս այնտեղ ամբարված գանձերը, լույս դարձի'ր ու լուսավորի'ր շուրջդ: ԵՎ ամենակարևորը, դու արդեն ճիշտ ճանապարհի վրա ես. չէ՞ որ արհամարհեցիր հարստությունն ու փառքը և ճանապարհ ընկար`մարդկային հոգևոր արժեքները բացահայտելու ու հասկանալու համար:

Ծերունու խոսքերն ուրախացրին թագավորի որդուն: Նա հասկացավ այդ իմաստուն խոսքերի ողջ իմաստը: Սկսեց մարդկանց օգնել ինչով կարող էր, աշխատում էր միշտ բարի գործեր անել, ներում էր իրեն վատություն անողներին, դժբախտներին հույս ու հավատ ներշնչում, նեցուկ կանգնում, քաղցածներին էլ` կերակրում: Մի խոսքով` բարիք էր արարում, իր շուրջ բոլորը խինդով ու ծիծաղով լցնում:

ԵՎ այդ ժամանակ թագավորի որդին հասկացավ, որ երջանիկ է, քանի որ իր ստեղծած բարու թագավորությունում չկա իշխանություն, փառք և ոսկի, այլ կա սեր, ջերմություն, բարություն և երջանկություն:

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Waiting, 2017
Waiting, 2017
Play Online

Support us! Buy our art based products from online shop