Nar-Dos

Նոր հավ

1

Այո՛, օրիորդնե՛ր և պարոննե՛ր, ապահարզանի խնդիրն այսօր մեզանում մի նոր, կենսական խնդիր է ներկայացնում, որ մենք նոր պիտի լուծենք, այնինչ լուսավոր Եվրոպայում դա վաղուց արդեն յուր լուծումն ստացած վերջացած է և նույնիսկ, այո՛, անախրոնիզմ է դարձած։ Եվրոպան, որ ամեն հնության, անշարժության և մոլորության թշնամի է եղել և միևնույն ժամանակ ստեղծող բոլոր վեհ և առաջադեմ գաղափարների, առաջինն էր, որ հասկացավ, թե պետք է, վերջապես, մարդկային կյանքից բառնալ կրոնի բռնության լուծը և դրա ավերակների վրա պարզել խղճի և մտքի ազատության դրոշակը։ Իրավ, օրիորդնե՜ր և պարոններ, սոսկալի է, երբ մտածում ես, թե ի՜նչ զարհուրելի բռնություն է գործ դնում կրոնը մարդու խղճի և մտքի ազատության վրա։ Տխուր մտածմունքներն և դառն իրականությունն ինձ թելադրում են ասելու, որ մենք՝ տասնիններորդ դարու զավակներս, դեռևս շատ հեռու չենք գնացել հին և միջին դարերից, երբ մարդկանց վրա տիրապետող տարրը՝ բառիս բուն նշանակությամբ՝ կրոնն էր կազմում, և ամեն ինչ կրոնի անունով էր։ Մարդկային քաղաքացիական, բարոյական և սոցիալական կյանքի պայմաններն ու երևույթները ենթարկվում էին կրոնական խիստ կոնտրոլի, որն անխուսափելի էր և որից մի մազի չափ շեղվելու համար անգամ մարդիկ իրենց կյանքն էին հատուցանում։ Արդ, ինքներդ խոստովանեցեք, օրիորդնե՜ր և պարոննե՜ր, արդյոք մենք ևս նույն դրության մեջ չե՞նք այժմ, մենք, որ ապրում ենք նոր, լուսավորյալ կոչված դարում. արդյոք մեզանից յուրաքանչյուրն յուր խղճի և մտքի ազատության վրա չի՞ զգում կրոնի բռնության անտանելի լուծը, ինչպես այդ զգում էր հին և միջին դարերում յուրաքանչյուր մարդ... Օրիորդնե՛ր և պարոննե՜ր, բավական է, որքան իբրև կրոնական ազգ ապրեցինք, ապրենք այժմ էլ իբրև քաղաքական ազգ. ամաչենք, վերջապես, լուսավոր Եվրոպայից. մենք ամեն բան ընդունել ենք նրանից, բայց որն ամենակենսականը և ամենաանհրաժեշտն է մեր խղճի և մտքի ազատության համար, դրանից խուսափում ենք, կարծես վախենում ենք դրանից։ Դատապարտելի է միանգամայն այն ազգը, որ դիտմամբ իրեն կրոնի տրամադրության տակ է դնում։ Ո՞ր ազգն է կրոնով առաջացել, որ մենք առաջանանք. ո՜չ մի ազգ։ Կրոնը մարդկանց համար է ստեղծված և ոչ թե մարդիկ կրոնի համար։ Ես վերջացնում եմ իմ խոսքս, օրիորդնե՜ր և պարոննե՜ր, և հարցնում եմ. որ երանելի չի՞ լինի արդյոք այն մարդը մեզանում, որ առաջին անգամ քաջություն կունենա բառնալու կրոնի բռնությունն ամուսնական հարցում, որովհետև, կրկնում եմ, մեր բոլոր կենսական խնդիրների շարքում այսօր ամուսնական խնդիրն է, որ գայթակղության քար է դարձել և որը պահանջում է յուր շուտափույթ լուծումը...

Մասխարյանցը վերջացրեց յուր ոգևորված ճառը։ Փոքրիկ սենյակում հավաքված առաջադեմ գաղափարներով տոգորված, թարմ մտքերի սիրահար օրիորդներն ու պարոնները հիացած ծափահարեցին ճառախոսին, որ կես ժամի չափ շարունակ խոսում էր և խոսում էր ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ ճարտասանությամբ։

Բրա՜վո... կեցցե՜ս... լա՜վ խոսեց, ծափահարության միջից լսվում էին բացականչություններ։

Մասխարյանցն առնվազն էլի մի երկու, երեք րոպե շարունակ գլուխ էր տալիս սրան ու նրան և միանգամայն չէր իմանում, թե ինչպես արտահայտե յուր շնորհակալությունը։

Վերջապես ծափահարություններն ու բացականչությունները դադարեցին, և որովհետև արդեն գիշերվա ժամը տասներկուսն էր, այդ պատճառով ամենքն էլ վեր կացան, սեղմեցին տան տիրոջ ձեռքը, դուրս եկան, հագան իրենց վերարկուները, գլխարկները և քաշվեցին իրենց տները։

2

Մասխարյանցը վերարկուի բոլոր կոճակները գցեց, ձեռնոցները հագավ և շտապ քայլերով հեռացավ։ Ճանապարհին նրա միտքն ամբողջապես զբաղված էր յուր խոսած ճառով, այն ազդեցությամբ, որ գործել էր այդ ճառն ունկնդիրների վրա և հիացման այն ծափահարությամբ ու բացականչություններով, որոնցով վարձատրեցին նրան յուր նոր գաղափարները, վարդապետելու համար։ Նա երջանիկ էր համարում իրեն, որ թեև հասարակության «մասսան», ժողովրդի մեծ «կոնտինգենտն» անտարբեր է յուր քարոզած նոր գաղափարներին, որովհետև տակավին անընդունակ է դրանց հասկանալու, բայց կան արդեն, թեև փոքր թվով, լուսամիտ, դեպի քաղաքակրթությանը ձգտող օրիորդներ և երիտասարդներ թարմ ուժեր, որոնք ի սրտե համակրում, ոգևորվում և հետևում են իրեն։

Նա մտադիր էր յուր՝ բերանացի քարոզած նոր գաղափարները քարոզել և՛ գրավոր կերպով վիպական կամ պուբլիցիստական գրվածքի ձևով, թեև նա համոզված էր, որ «հետադեմների», «խավարամիտների» և «րուտինականների» սագերն իսկույն սոսկալի աղմուկ պիտի բարձրացնեին և ինքն ամեն կողմից զարհուրելի հալածանքի պիտի ենթարկվեր։ Սակայն այդ նրան բոլորովին երկյուղ չէր պատճառում. ընդհակառակն, այն գիտակցությունը, որ նա պիտի «զոհվեր» յուր սրբազան կոչումին, նրան ավելի եռանդ, ավելի ուժ էր ներշնչում յուր ընտրած փշյա ճանապարհովն առաջ ընթանալու, որովհետև պատմությունը նրան շատ օրինակներ էր տալիս, որ բոլոր դարերի և բոլոր ազգերի մեջ առհասարակ նոր մտքի, նոր գաղափարի «ինիցիատորը» միշտ հալածանքի է ենթարկվել, նույնիսկ մահվան. օրինակ՝ Գալիլեյը, Հուսը, Լութերը և այլն, և այլն։

Այլապես անկարելի է. քանի որ հասարակությունը, որի մեջ բնականաբար խոր արմատներ են ունենում հին սովորությունները, մի անգամից անընդունակ է նոր գաղափարները հասկանալու, ըմբռնելու, ուրեմն և դրանց յուրացնելու, ուստի նա միշտ ընդդիմանում և չարաչար պատերազմ է մղում նոր գաղափարների դեմ, որոնք նրա անսովոր աչքերին ու մտքին հրեշավոր, այլանդակ բաներ են թվում։ Մասխարյանցը շատ լավ գիտեր, որ այդ հոգեբանական մի ճշմարտություն էր, որ անթիվ անգամ ապացուցված էր մարդկային առաջադիմության պատմության ամբողջ ընթացքում։

Ուրեմն թող անշարժ, փտած, նեխած հասարակությունն ի՛նչ հալածանքի ուզում է ենթարկե իրեն, թո՛ղ ճշմարտության և լույսի համար նահատակվածների թվում մեկն էլ ինքը լինի, Մասխարյանցն այդ ուրախությամբ կտանե և կտանե այն քաղցր, այն երջանիկ հուսով, որ, վերջապես, կգա ժամանակ, երբ ապագա սերունդը կհասկանա նրան, կդատապարտե յուր նախորդների հրեշավոր արարքն և ինչո՞ւ չէ յուր մինչև այն ժամանակ անխնամ թողած շիրիմի վրա փառքի արձան կկանգնեցնե...

3

Մասխարյանցն այն աստիճան հափշտակված էր այդ մտքերով, որ բոլորովին չիմացավ, թե ինչպես անցավ ճանապարհը և հասավ հյուրանոց, ուր ամեն գիշեր սովորություն ուներ գնալու։ Նա բարձրացավ սանդուղքով, անցավ երկար միջանցքով և բաց անելով սենյակներից մինի դուռը , որը փակ չէր, ներս մտավ։

Սենյակում, սեղանի վրա լամպարը վառ էր։ Մահճակալի վրա շորերը հագին, ձեռքերը գլխի տակ դրած, գանգուր, շեկ մազերով երեսն ի վեր պառկած էր մի գեղեցիկ, նորատի կին։

Նա քնած էր։

Մասխարյանցը դուռը կամաց գոցեց, ոտների մատների վրա զգուշությամբ մոտեցավ նրան և խոնարհվելով համբուրեց նրա շրթունքները։

Կինը հանկարծ արթնացավ և վեր թռավ տեղից։ Մասխարյանցը ծիծաղեց։

Գրի՜շա, կանչեց կինը։

Մա՜շա, կատակով պատասխանեց նրան Մ ասխարյանցը։

Կարծեցի թե ուրիշն է, վախեցա։

Ինչո՞ւ անպատճառ ուրիշն և ոչ ես։

Որովհետև դու այնքան ուշացար, որ կարծեցի, թե այս գիշեր այլևս չես գալ ինձ մոտ։ Սպասելով քունս տարել էր։

Ինչո՞ւ, ուրիշ ժամանակ էլ այսպես ուշ չե՞մ եկել քեզ մոտ։

Եկել ես, բայց... նու, ինձ թվում էր, թե այս գիշեր այլևս չես գալ։ Որտե՞ղ էիր։

Մի տեղ ժողով կար, այնտեղ էի։

Միշտ ժողով և ժողով... շա՜տ թունդ ազգասերն ես։ Գայաստա՜ն, Գայաստա՜ն... հա՞։

Եվ Մաշան մի տեսակ լիրբ, ծաղրական ժպիտով նայեցավ Մասխարյանցին։

Է՛հ, Մաշա, մի՞թե դու էլ ինձ այն հիմարների հետ ես համեմատում, պատասխանեց Մասխարյանցը լուրջ, բայց թեթև հանդիմանությամբ։

Դե՛հ, դե՛հ, ինձանից մի՛ ամաչիր...

Вот еще!, ինչո՞ւ պետք է քեզանից ամաչեմ։

Հա՜, հա՜, հա՜... յուր սուր ձայնով բարձրաձայն ծիծաղեցավ Մաշան և Մասխարյանցի գեղեցիկ գլուխն առնելով յուր երկու ձեռքերի մեջ, մի քանի անգամ սաստիկ ամուր համբուրեց նրան։

Մասխարյանցը, որ արդեն հանել էր ձեռնոցներն ու վերարկուն, նստեց աթոռի վրա։

Դե՛, Մաշա, ի՞նչ ենք անում, ասաց նա, ես սաստիկ քաղցած եմ։

Զանգահարե՞մ։

Զանգահարիր։

Մաշան մի քայլ արեց դեպի զանգակը, բայց հանկարծ կանգ առավ և շուռ եկավ դեպի Մասխարյանցը։

Գրի՛շա, ասաց նա լրջությամբ, ձեռաց ինձ մի տասը ռուբլի փող պետք է տաս։

Ի՞նչ ես անում։

Ձմեռվա նոր ձևի գլխարկ է եկել, պետք է առնեմ, իմ գլխարկից այլևս ոչ ոք չէ ծածկում:

Լավ, կտամ։ Շուտ զանգահարիր, ես դեռ քաղցած եմ։

Մաշան կանգնած տեղը թռավ ուրախությոմտից, վազեց դեպի զանգակը, բայց հանկարծ կանգ առնելով, արագությամբ շուռ եկավ, մի օդային համբույր տվավ Մասխարյանցին և նորից վազեց դեպի զանգակը։ Նա ամուր սեղմեց էլեկտրական զանգակի զսպանակը։

Սպասավորը ներս մտավ։

Ես պատվիրե՞մ, թե՞ դու, դիմեց Մաշան Մասխարյանցին։

Պատվիրիր, ինչ ուզում ես, միայն թե շուտ լինի։

Մաշան սպասավորին մի փառավոր ընթրիք պատվիրեց։

Սպասավորը դուրս գնաց։

Կես ժամից հետո Մասխարյանցն ու Մաշան սեղանի առաջ նստած ընթրում էին: Սեղանի վրա փայլում էր մի շիշ Կախեթու գլուխ գինի և մի շիշ էլ շամպանիա։ Առաջինը Մասխարյանցի համար էր, վերջինը՝ Մաշայի համար։

4

Գիշերվա ժամը երեքն էր, երբ Մասխարյանցը կառք նստած՝ գնաց իրենց տուն։ Կախեթու գլուխ գինին թեև բավական կպել էր նրան, բայց նրա ուշքն ու միտքը կատարելապես գլխին էր։ Անհաստատ քայլերով բարձրանալով երկար պատշգամբը, նա կանգ առավ յուր բռնած բնակարանի սենյակներից մինի դռան առաջ և ամուր բախեց։

Գիշերվա հագուստով ցրտից կուչ եկած նրա կինը՝ Թամարան դուռը բաց արավ։

Մասխարյանցը, առանց նրա դեմքին նայելու անգամ, ներս մտավ։

Կինը նորից փակեց դուռը։

Ինչո՞ւ այսքան ուշացար, Գրիգոր, անհամարձակությամբ հարցրեց նա։

Մասխարյանցը, որ ուզում էր գնալ յուր սենյակը, հանկարծ կանգ առավ և վառվող աչքերով շուռ եկավ գեպի Թամարը։

Քեզ ի՞նչ, գոռաց նա, ես քեզնից հաշիվ պահանջո՞ւմ եմ քո գործերի համար, որ դու ինձանից պահանջում ես... Ես քեզ հազար և հարյուր հազար անգամ ասել եմ, որ մենք միմյանց անհատականության վերաբերությամբ ոչինչ գործ չունենանք... ասե՞լ եմ, թե ոչ... հա՞, ասե՞լ եմ։

Խեղճ կինը՝ թե՛ ցրտից և թե՛ երկյուղից դողդողալով՝ մնացել էր կուչ եկած դռան մոտ։ Նա մինչև անգամ չէր համարձակվում գլուխը բարձրացնել և նայել ամուսնու դեմքին։

Ամուսիններ ենք, պետք է ասես, շարունակեց Մասխարյանցը, ինչ որ քեզ է վերաբերում, ես պետք է գիտենամ, ինչ որ ինձ է վերաբերում, դու պետք է գիտենաս։ Այնպես չէ՞։ Բայց գիտե՞ս այդպես ով է անում. այդպես անում են միայն խարազ Գևոն և փինաչի Մաթոսն իրենց հուռի-մուռիներով, իսկ փոքրիշատե կրթված, ինտելիգենտ մարդու համար այդ վաղուց արդեն անախրոնիզմ է դարձել։ Քաղաքակրթությունն այժմ պահանջում է ամուսինների մեջ կատարյալ ազատություն, մարդը պարտավոր չէ կնոջը հաշիվ տալու իր գործերի համար, կինը՝ մարդուն, եթե այդ չեն ցանկանում։ Լուսավոր Եվրոպայում վաղուց արդեն խորտակված է այն անիծված շղթան, որով մարդ ու կին կապված էին լինում միմյանց հետ իրենց կյանքի ամբողջ ընթացքում, թեկուզ այդ կյանքը թույն լիներ և, ոչ ոք, բացի մահից, իրավունք չուներ այդ շղթան խորտակելու։ Մեզանում դեռևս գոյություն ունի այդ շղթան, այդ զարհուրելի շղթան, մեր տգիտության, մեր խավարամտության, մեր հետադիմության շնորհիվ, և այդ շղթան ո՞վ է կռում, զարհուրելի՜ է. կրո՜նը, եկեղեցին... Բայց ես առաջինը կլինեմ մեզանում, որ կփշրեմ այդ շղթան և ցույց կտամ խավարի մեջ նեխած մեր կրոնականներին, որ կրոնը, եկեղեցին ոչինչ են, որ մարդու, ազատ մարդու համար կա միայն մի ինչ և այդ մի ինչը խղճի և մտքի ազատությունն է...

Նա գնաց յուր սենյակը, բայց նույն րոպեին դարձյալ ներս մտավ։

Վերջին անգամն եմ ասում, գոռաց նա, այսուհետև այլևս չհամարձակվես ինձ մի որևէ հարց առաջարկելու, թե ինչո՞ւ ուշացա, որտե՞ղ էի և այլն։ Այս վերջին տարումս դու իմ հոգին այստեղ հասցրիր (նա ցույց տվավ յուր կոկորդը)։ Բավական է, որքան ես քեզ հետ խարազ գևոյություն ու փինաչի մաթոսություն արեցի. այլևս չեմ կարող... ես չեմ կարող ճնշել իմ մեջ (նա ձայնը ավելի բարձրացրեց) խղճի և մտքի ազատությունը, հասկանո՞ւմ ես, թե ոչ, չե՜մ կարող. այդ մի սոսկալի սրբապղծություն է, որ հակառակ է իմ դատողությանս, իմ գաղափարներիս, իմ հոգուս։

Նա մի քայլ առաջ դրեց դեպի կինը և ձայնը ցածրացնելով, շարունակեց.

Ես այլևս չեմ կարող քեզ հետ կենակցել, հասկանո՞ւմ ես, թե ոչ։ Կենակիցները պետք է միմյանց հասկանան, բայց երբ չեն հասկանում, ինչո՞ւ են միասին ապրում։ Ասա խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է քեզ հետ կերակրի, լվացքի, երեխայի հագուստի և այլ այսպիսի հիմար բաների մասին խոսեմ. քաղաքակիրթ և քաղաքական աշխարհում հազար ու մի խնդիրներ, դեպքեր, մտքեր են հուզում, տնտեսական, քաղաքական և սոցիալական նորանոր հարցեր են արծարծում, իմ ուղեղս էլ պահանջում է դրանց մասնակից լինել, բայց դու կարո՞ղ ես ինձ հետ մտածել, խորհել, լոգիկապես դատել, դու, որ իմ կյանքի ընկերն ես, ինձ հետ միասին ապրում ես... Վերջապես, ի՞նչ ես ուզում ինձանից. ինչո՞ւ չես գնում մի այնպիսի մարդու մոտ, որ քեզ կհասկանար և որին դու կհասկանայիր։ Գնա, ես քեզ ազատություն եմ տալիս, միայն թե ինձ էլ ազատ թող... Ես խո չե՞մ կարող իմ ամբողջ կյանքս թունավորել միայն նրա համար, որ եկեղեցումը քահանային ասել եմ, թե՝ «տեր եմ...»։ Այդպես միայն վերին աստիճանի հիմարները կանեն և նրանք, որոնք չգիտեն, թե ինչ է նշանակում խղճի և մտքի ազատություն, իսկ ես, ներողություն, այդպիսիներիցը չեմ, այո՛, չե՜մ, չե՜մ...

Նա լռեց, գնաց դեպի յուր սենյակը, բայց հանկարծ կանգ առավ և շուռ եկավ։

Վաղն այլևս չտեսնեմ քեզ այստեղ, ասաց նա կտրուկ, խիստ ձայնով։ Գնա՛, ուր ուզում ես, միայն թե՝ ես այլևս չե՛մ կարող քեզ հետ ապրել։ Լսո՞ւմ ես, վա՛ղը։

Կինը ցնցվեց և առաջին անգամ աղերսագին նայեց նրան։

Գրիգո՜ր... շշնջաց նա, և նրա ձայնը դողաց։

Ես այլևս չեմ ճանաչում քեզ. մենք այսուհետև միմյանց համար օտար ենք։

Եվ Մասխարյանցը բռնեց յուր սենյակի դռան փականքից:

Գրիգո՛ր, կրկնեց կինը, ախր ինչո՞ւ...

Ինչո՜ւ, գոռաց Մասխարյանցը։ Որովհետև տգետ ես, ա՛յ ինչու։

Սովորեցրու ինձ, ինչ որ ուզում ես, միայն թե... մի դուրս անիր ինձ...

Սովորեցրո՜ւ... ե՞ս սովորեցնեմ... Ինձ հարկավոր չէ այնպիսի կին, որ նոր պետք է սովորի։

Բաս առաջ չգիտեի՞ր, որ ես տգետ եմ, ինչո՞ւ այն ժամանակ ինձ հետ ամուսնացար։

Կնոջ այդ աստիճան համարձակությունն ավելի բորբոքեց Մասխարյանցին։

Այն ժամանակ ուրիշ ժամանակ էր, հիմա՝ ուրիշ ժամանակ, գոռաց նա։ Այն ժամանակ իմ հայացքներս ամուսնության վերաբերությամբ ուրիշ տեսակ էին, հիմա՝ ուրիշ տեսակ։ Նոր կյանքը միշտ նոր պահանջներ է դնում մարդու վրա, իսկ ես հետադեմներից և անշարժականներից չեմ, որ միշտ հնի զուռնայով պար գամ... Վա՜ղը, վերջին անգամն եմ ասում, վա՜ղը... Կարող ես որդուդ էլ հետդ տանել, եթե ուզում ես։

Գրիգո՛ր, Գրիգո՛ր... աղերսագին կանչեց կինը մի քանի քայլ առաջ գնալով, բայց Մասխարյանցը դուրս գնալով յուր սենյակը, դուռն ամուր շրխկացրեց յուր հետևից։

Թամարն ընկավ դռան մոտ ծնկների վրա, դեմքը ծածկեց ձեռքերով և սաստիկ, զսպած հեկեկանքը խեղդեց նրա կոկորդը։

Փոքրիկ, երեք տարեկան աղջիկը, որ հոր գոռում-գոչյունների վրա արթնացել, նստել էր մահճակալի վրա և, ոչինչ չհասկանալով, լուռ վկա էր սենյակում հոր և մոր միջև պատահած անցքին, այժմ լսելով մոր հեկեկանքը, ինքն էլ սկսեց լաց լինել։

------

Հետևյալ օրը գիշերը երկաթուղու երրորդ կարգի վագոններից մինում նստարանի անկյունում շալի մեջ փաթաթված, կուչ եկած նստած էր Թամարը, իսկ գլուխը նրա ծնկանը դրած, փոքրիկ վերմակի տակ, պառկած քնած էր նրա աղջիկը։ Նրա գլխի վերևը փոքրիկ դարակի վրա ուրիշների ճամպրուկների, կապոցների, արկղիկների հետ սպիտակին էր տալիս և նրա մի ոչ այնքան մեծ կապոցը, որի մեջ էր այն բոլորը, ինչ որ նա տանում էր յուր հետ ամուսնու տնից։

Նա գնում էր Շ... յուր հորանց տուն։

Նրա աչքերը շատ լաց լինելուց կարմրել, ուռել էին, սիրտը լցված էր. ամեն մի րոպե պատրաստ էր հեկեկալու։ Ախր ի՞նչ էր արել ինքը, ի՞նչ... ի՞նչ մեղք էր գործել, որ ամուսինն այդպես խայտառակ կերպով վռնդում էր յուր մոտից... Նա այնքա՜ն սիրում էր Գրիգորին, այնքա՜ն նվիրված էր յուր տուն ու տեղին, ուրեմն ուրիշ էլ ի՞նչ էր ուզում Գրիգորը նրանից...

«Իհարկե, նա սիրում է ուրիշին և ինձ դուրս է անում», մտածում էր Թամարը և որքան նա աշխատում էր ուրիշ կերպ բացատրել յուր ամուսնու վարմունքը, դարձյալ և դարձյալ պատճառն այն էր դուրս գալիս, ինչ որ մի անգամից տպավորվել էր նրա ուղեղում։

1889

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Malishka's grandmothers
Malishka's grandmothers
Play Online