Maro Margaryan

Ծիածանը փեշերին

ԵՐԳԸ

Դաշտով մենակ, դաշտով մերկ,
Հեռուներով անեզերք,
Չնայելով քարերին,
Մացառներին, փշերին,
Վազում է լուռ մի աղջիկ
Ծիածանը փեշերին:

Ու վազում է մի աղջիկ
Շողեր, շողեր շաղ տալով,
Ծիծաղելով ու լալով,
Զարմանալով խնդալով,
Սև հյուսերը արձակած
Հովին տալով ու լույսին,
Մեկ հիացած ժպտալով,
Մեկ մեղմանուշ, մեկ էլ խիստ,
Իսկ հեռվում ծովն է մթնած՝
Կապարի պես ծանրանիստ:

ԱՅԳԱԲԱՑԻ ԼՈՒՅՍԵՐԻՑ

Այգաբացի լույսերից
Մի աղջիկ է գալիս մեզ.
Լույս է թափում ուսերից
Ու վարսերից արևկեզ.
Դեմը ծովն է փրփրած
Շուրջը ավազ է փռած:
Ունկ չդրած խշշացող
Ավազներին ու ջրին,
Շեկ բաշերը արձակած
Քամիներին ու հրին,
Երգում է նա ու վազում,
Սայթաքում է ավազում
Ու քրքջում է անհոգ
Աշխարհի վրա:

ԾՎԵՆՆԵՐԻ ՄԵՋ ՎԱՌՎՌՈՒՆ ՉԹԻ

Որքան խամրում է դեմքը երեկվա,
Որքան գույներին
Մոխիր է ցանվում,
Այնքան թերթերը մանկութ օրերի
Պայծառանում են
Ու ծիածանվում:
Ո՞վ է այն փոքրիկ աղջիկը վտիտ
Ծվենների մեջ
Վառվռուն չթի
Ծիծաղում է խենթ, ծիծաղում է խենթ
Ու կորչում անհետ,
Ու հալչում անհետ
Իրեն լուսեղեն գծերը թողած
Հորիզոնների ամայության մեջ,
Իրիկունների
Ափերին մթին:

Սարի կանաչ լանջով
Փոքրիկ աղջիկ անցավ,
Անմեղությամբ տանջող,
Անհոգ, անվիշտ անցավ:
Քամին շոյեց նրան,
Սիրուն խոսքեր ասաց.
Ասաց՝ հատիկ նռան,
Ասաց` մորի հասած:
Ասաց կանգնիր, աղջիկ,
Ծաղկե զգեստ բերեմ,
Եվ աչքերում քո ջինջ
Սիրո թախիծ սերեմ:
Սարի մարմանդ լանջով
Փոքրիկ աղջիկ անցավ,
Անմեղությամբ տանջող,
Անհոգ, անվիշտ անցավ:

Սևահեր, վտիտ աղջիկ,
Փեշերդ ձեռքդ հավաքած,
Առվի մեջ ճողփում ես, վազում,
Շորերդ ու շունչդ պահած,
Ուլունք ես փնտրում ավազում:
Ջրերը գնում են, գնում
Ու սիրուն մի քար չկա,
Գտնելու ծարավն է մնում,
Էլ ճամփա ու ճար չկա:
Հոգնել ես, գնա քնիր,
Կգտնես գուցե երազում,
Սևահեր, վտիտ աղջիկ,
Ուրիշ էլ հնար չկա:

Վարդագույն աղջիկ,
Վարդագույն ժպիտ,
Վարդագույն երազ.
Արշալույսների
Ցոլանքը վրադ,
Ծաղկաթերթիկի
Լուսեղեն թավիշ,
Սրտիդ մեջ մարող
Մի անուշ կրակ,
Ջերմություն բուրող,
Մեղմություն բարի.
Դեղձենու թերթեր
Գանգուրներիդ մեջ,
Ուռենու շիվեր
Գոտու տեղ կապած
Հայտնվում ես դու
Ժայռերին ահա.
Շուրջդ լույսեր.
Ալիքներ թափած.
Զգույշ ցատկելով
Իջնում ես Նորքից.
Դու նույնն ես հիմա՝
Դու նույնն ես խորքից՝
Քանի պատկերը
Ու երազը կա.
Եվ հոգուց բխած
Աչքերում շաղած
Քանի լույսը կա.
Քանի ապրում ես,
Շնչում ես ու կաս՝
Վարդագույն աղջիկ,
Վարդագույն ժպիտ,
Վարդագույն երազ:

Դեղձենու թափած թերթիկներ էին
Գանգուրներիդ մեջ,
Հոգուդ մեջ բարակ
Շղարշներ էին
Ծիածանաթև երազանքների,
Ու լույսն աչքերիդ՝
Մանրիկ աննկատ աստղերով լեցուն.
Եվ դու համր ու լուռ ապավինեցիր
Սիրո աստծուն:
Խոսքը կոպիտ էր,
Ծիծաղն անպարկեշտ․
Դու լուռ ժպտալով
Ուզեցիր ապրել,
Սրտիդ ծովի մեջ կարոտի հազար
Ծփացող ալիք։

Իսկ հոգսը հիմա
Գորշ ու ծանրաքարշ
Կապարի նման,
Ծածկել է արդեն հոգնած ուսերըդ
Ու պատնեշել է հայացքդ մութով.
Ուր են երազներն
Այնքան գեղեցիկ,
Ուր է առաջին ձյուներից մաքուր
Առաջին սերդ
Եվ կարոտներիդ այնքան բուխ ու տաք
Գույները վառած:
Ու հեռուներից կանչող լուսեղեն
Մշուշներ դառած։

Դեղձենու թափած թերթիկներ էին
Գանգուրներիդ մեջ
Հոգուդ մեջ բարակ շղարշներ էին
Ծիածանաթև երազանքների,
Հիմա ճերմակ է
Ափից մինչև ափ՝
Պաղ անգծագիր ու համատարած։

ՈՐ ԱՆՑ ԿԵՆԱ ԾԻԱԾԱՆՈՎ

Հեյ-հեյ... Ձորի պռունկն ի վեր,
Անձրևածեծ,
Նեղ կածանով
Մի աղջիկ է վազում բոբիկ,
Որ անց կենա
Ծիածանով։
Իր դեմ կապույտ մշուշն անծիր,
Ու լույսերով
Կանչող հեռուն,
Քանի-քանի ծիածաններ՝
Իր հոգու մեջ,
Իր աչքերում:
Բայց անցնում է ծիածանը,
Անցնում է լայն
Հեղեղատով,
Անցնում է նա
Անտառը շեկ,
Անցնում լեռներն իրար հատող,
Բայց վազում է
Աղջիկը դեռ,
Դեռ վազում է խոր հավատով:

Դու լռությունը գերադասեցիր,
Եվ ինչ-որ թերի,
Անըմբռնելի
Խոսքեր ասացիր
Ինքդ քեզ համար...
Իբր թե նրանք չեն վերաբերել
Երբևէ մեկին։
...Ու հեռու-հեռու
Հորիզոնի պարզ լուսածիրի մեջ,
Ուր միանում են
Երկինք ու երկիր,
Քայլում է մենակ
Մտահոգ մի կին:

ՔՈՒՅՐ ԻՄ ԱՆԱՆՈՒՆ

Վերջացող օրվա
Լուսածիրի մեջ
Մի տխրություն է տարածվում կամաց,
Եվ արդեն մարող
Լույսի շաղանքում
Մի խոր, անամոք վիշտ է միգամած,
Ու մի միայնակ
Նստած աղջկա
Դեմք է մտահոգ:
Որ սեր է խորունկ ու վիշտ է համակ.
Եվ նրա տխուր
Պատկերից է լուռ
Կապտավուն մութը տարածվում կամաց
Այս դո՞ւ ես մեր սուրբ
Կարոտների քույր
Այս մանուշակե մշուշը ցանում
Ո՞ր ջուրը թափած սպասումների,
Ո՞ր կորած երգի
Ո՞ր սիրո հանուն
Բոլոր վշտերը, քույր իմ անանուն,
Քո բարի-բարի սրտից են քամած։

Թե հասկանայիր ինչ ես կորցնում,
Ու թե ինչ ես ինձ կորցնել տալիս.
Ինչպես տեսնում ես, քարի պես ամուր,
Բերդի նման փակ կանգնած եմ քո դեմ...
Այդ հոգուս խորքում անծանոթ մի կին
Խոր-խոր դարերի կորուստն է լալիս:

Դու ինքդ էլ չես հասկացել,
Որ կածան ես դեմդ բացել.
Մատներով ես կրակն ափել,
Լույսերով ես կյանքը չափել։
Դու ինքդ էլ չես հասկացել:
Տարվել ես դու մանկան նման,
Ամեն բարի խոսք ու բառով,
Ամեն աստղով հեռվում փայլող,
Ամեն ճերմակ լույս կատարով,
Վազել ես դու, վազել, վազել...
Ցանկացել ես հասնել նրանց.
Ու փռել ես, փռել ճամփիդ
Երազներդ հազարագանձ:
Նստել ես դու հուսահատված,
Մութ անկյունում արցունք թափել
Եվ չգիտես քո արցունքից
Ծիածան է կյանքը կապել:

Ես քեզ ինչո՞վ ամոքեմ,
Իմ գլխահակ երեխա,
Ոչինչ, ոչինչ հասկացող,
Դժվար ու փակ երեխա:
Ինքըդ էլ դեռ չգիտես
Ի՞նչ ես ուզում, որտեղի՞ց,
Այսքան անել, անուղի,
Այսքան շվար ու շեղից:
Ի՞նչ անեմ ես, ի՞նչ անեմ,
Ո՞նց առնեմ քեզ, ո՞ւր տանեմ,
Վերջին վառող ջերմի մեջ
Շաղված ու տաք երեխա:

Եվ ինչով ես
Օգնեմ քեզ,
Անօգնական իմ բարի,
Ազնվածին իմ հիմար,
Անգտնելին որոնող,
Անհնարը հորինող,
Դու, մթնած լույսն իմ հոգու,
Ու նետված խիղճն աշխարհին:

ԴՈՒ ԴԵՌ ՇԱՂՎԱԾ ԵՐԵԽԱ

Մի կես դար էլ շուռ տվիր
Դու դեռ շաղված երեխա.
Շվար, շփոթ ու ցրված,
Բյուրեղ-բյուրեղ փշրված:
Մի օր սիրտդ ալեկոծ,
Խոր ծովի պես լայն ու բաց,
Մի օր մթնած դառն ու գոց,
Մի օր խռով խորն ու փակ,
Ուժերից վեր բեռի տակ
Խորունկ թաղված երեխա:
Ջերմախտ եղավ կյանքդ ողջ,
Վազք անիմաստ, վիշտ ու վեճ,
Ու մոռացած ինքդ քեզ
Գլխի չընկար, թե ինչպես
Կյանքը փոխվել է հունից:
Դե արթնացիր,
Արթնացիր...
Դե արթնացիր խոր քնից,
Երազի ու կյանքի մեջ
Դեռ շաղախված երեխա:
Ախ, հոգնել ես դու անչափ,
Բայց օգնել ես ուզում դեռ,
Ում կարող ես ինչ անել
Քո խճճված ու ցրված
Կածանների մեջ անել:
Ունկ չես դնում սրտերի
Սառույցներին, պաղերին,
Դեռ հավատում ես անթև
Երազներիդ շաղերին:
Անօգնական, անօգուտ,
Մինչև հատակը հոգուդ
Պիղծ անամոթ խաղերից
Խորունկ դաղված երեխա:

Ճամփաս տանում է, տանում է հեռու,
Գնում եմ, գնում ու ետ եմ նայում.
Դաշտեր եմ անցել, արտեր ու առու
Գնում եմ, գնում ու ետ եմ նայում:
Որքան անցել եմ՝ այնքան ծով ու գետ,
Որքա՜ն ավելի կորածներ անհետ...
Հազար կարոտ է կանչում դեպի ետ,
Գնում եմ, գնում ու ետ եմ նայում:
Եվ անհայտ ուղին դեռ այնքան երկար,
Այնքան պտույտներ, այնքան լեռ ու քար,
Որքա՞ն եմ անցել, ե՞րբ եմ սկսել,
Չեմ էլ հավատում, որ դար եմ կիսել,
Չեմ էլ իմանում, թե ուր եմ հասել,
Ինչ եմ մոռացել և ինչ եմ ասել...
Մի տեղ անառիկ լեռներ են համառ,
Մի տեղ կիրճեր են ու կապույտ կամար,
Ինչ-որ լավ բանի հասնելու համար,
Գնում եմ, գնում ու ետ եմ նայում:
Be the first who will comment on this
Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

Life is a game, 2023.
Life is a game, 2023.
Play Online

Support us! Buy our art based products from online shop