Maro Margaryan

Օջախի առաջ

(Իմ մեծ մայրիկի սուրբ հիշատակին)

Ասես ծնկաչոք դեռ փչում է նա,
Որ կայծը կպչի ու կրակ դառնա,
Որ կրակ դառնա,
Ու ծուխ բարձրանա,
Որ խաղաղ ծխա
Ծուխն իր օջախի։

Որ լուսաբացին
Բաց լինի դուռը,
Ու երբ ներս մտնի
Աստծո հյուրը,
Անպակաս լինի
Մի թաս ապուրը,
Մի պեծ կրակը,
Մի բուռ տաք ջուրը:

Մենակ թե ծխի՜
Ծուխը օջախի,
Մենակ թե աստված
Բաց պահի դուռը:

...Կյանքը ինչպե՜ս է ճեպընթաց հոսել,
Ես ուր եմ եղել և ուր եմ հասել,
Իր կյանքի ծեգին մարդ ի՞նչ իմանա,
Որտեղից եկավ, ուր պիտի գնա:

Իմ կյանքի ծեգին՝ իմ առավոտի, Իմ խոհերի մեջ իմ լույս կարոտի, Միշտ ինքնամոռաց, անխոնջ, անխնա Ասես ծնկաչոք դեռ փչում է նա:

Դեռ չեմ պոկել մի ցողուն, դեռ չեմ խփել մի քարի.
Կյանքի մթին ճամփեքին սրտիս ճրագը վառած,
Տեսքով սառն ու անտարբեր, բայց անձնուրաց ու բարի
Ես կարոտն եմ աշխարհի կնոջ տեսք առած:

Աշխարհի չար դավերին ես անմասն ու անհաղորդ
Ամենաջինջ աստղերին հայացքս հառած,
Կարոտ սրտից ելած վեր ես մաղթանք եմ ու աղոթք,
Ես թախիծն եմ աշխարհի կնոջ տեսք առած:

Դուք ծիծաղեք սրտաբաց և ինձ միք դավի, Թող վայելքի ամեն դուռ բացվի ձեր առաջ, Բայց հիշեք ինձ, երբ անհոգ ձեր սիրտը ցավի՝ Ես սփոփանքն եմ բարի կնոջ տեսք առած:

Այն իմ վիշտն է, այն իմ վիշտն է, որ սառած
Մղկտում է ցուրտ ափերից առվակի.
Այն իմ վիշտն է՝ սև թռչունի տեսք առած,
Լուռ ծվարել ցանկապատին մեր բակի:

Այն իմ վիշտն է ծիծեռնակի թևերով
Փնտրում իրեն ավեր բունը վաղեմի
Այն իմ վիշտն է՝ մանկությունն իմ սևերով
Շրջում է լուռ իմ տատոնց տան թաղերին:

Այն իմ վիշտն է, իմ կարոտն է կաթկթում
Ծեր ճյուղերից մեր հինավուրց ուռենու,
Այն իմ վիշտն է միշտ մենավոր, մշտարթուն
Շառաչելով հողմերի հետ հեռանում:

Այն իմ վիշտն է, այն իմ վիշտն է, որ սառած Մղկտում է ցուրտ ափերից առվակի. Այն իմ վիշտն է` սև թռչունի տեսք առած, Լուռ ծվարել ցանկապատին մեր բակի:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Շրջանակից դուրս ընկած
Սրբանկարի նման,
Շեղ կախվել ես հուշերիս
Մերկ ու փոշոտ պատերից...
Ո՞ւր մնացիր մանկություն
Եվ ուր ես հիմա,
Ո՞ւր որոնեմ քեզ արդյոք,
Ինչպես գտնեմ քեզ նորից:

Տարիների մշուշից
Նայում է ինձ տխրամած
Որբ ու վտիտ մի աղջիկ
Ու հեռանում է կամաց.
Կարոտ մոր մի գգվանքի,
Մի լավ խոսքի ջերմ ու տաք...
Ո՞ւր մնացիր, իմ անգին,
Ո՞ր թփի, ո՞ր քարի տակ:

Եկեղեցու զանգերի Ղողանջների հետ կորած Մանկություն իմ սրտաբեկ Մշուշներում մոլորած:

Գրպանները, գրպանները մեծ նանի,
Խոր-խոր պահած սև ծալվեծալ փեշերում,
Նման էին մի-մի մթին մառանի,
Որ մնացին մեր ոսկեզօծ հուշերում:

Գիտեինք, որ մեզ համար են լեփ-լեցուն
Ծանր ու խոշոր գրպանները մեծ նանի,
Երբ աղոթի նա իր բարի աստծուն,
Միրգն ամենքիս հերթով պիտի բաժանի։

Նանն անաչառ դատավորն էր մեր բարի,
Նա մեզ համար թել էր հյուսում ու մանում,
Նա մեզ համար բախտ էր գցում ու գարի
Եվ տոներին եկեղեցի էր տանում:

Բայց երբ տեսանք նրան զուգած դագաղում,
Մենք՝ հավաքված թոռնիկներով մի քանի,
Լուռ քար կտրած չէինք խոսում ու խաղում,
Դիտում էինք սև զարդերը մեծ նանի:

Եվ երբ հերթով այսպես մեկ-մեկ գնացին Միրգ բաժանող ավագները մեր տանից, Իմ հուշերում ամենից վառ մնացին Գրպանները, գրպանները մեծ նանի:

ԱՐՏԵՐԻ ՃԱՄՓԻՆ

Հիշում եմ, ինչպես վաղ լուսաբացին,
Դեռ մութ, տակավին անգամ գիշերով,
Փշուր աղ ցանած մի կտոր հացի,
Ծածկում էիր ինձ քո սև փեշերով:

Եվ դրկիցների հայացքից թաքուն
Գնում էինք արտ, հասկեր հավաքում:
Ու բեկվում էր լուռ օտարի հողում
Սևերով պատած մարմինը քո ծեր,
Ինչպես արմատից կտրված ցողուն,
Որ կյանքը մի կերպ քաշքշում է դեռ:

Հոսում էր տապը դաշտերի միջով,
Նզովք էր թափում արևը վերից,
Ես, փեշիդ փարած սարսափի ճիչով,
Թաքնվում էի չար մողեսներից:

Եվ հեքիաթներիդ ծով հմայքի տակ Ինձ կյանք էր թվում երազանքը փուչ, Ու թվում էր, թե կգտնեմ շուտով Գոհարներով լի մի ոսկե կճուճ:

ԻՄ ՀՈՐԵՂԲԱՅՐԸ

Կարկատած գդակն աչքերին քաշած,
Քանդվող բլուզը ուսերին մաշած,
Ու քամին ծեփած, քրտինքը խաշած
Եվ թիակները նկարած մեջքին
Արևով դաժան.
Եղանից անթեք, բահից անբաժան,
Իմ հորեղբայրը:

Որ կրապատված մատներով անխոնջ
Կես դարից ավել այգի է տնկում
Ու հողը խնկում,
Քարը հող անում և հողը՝ ալյուր,
Այրված հողաբույր
Իմ հորեղբայրը:

Միշտ հողի վրա, միշտ հողին հակված,
Ինչ-որ փնտրում է, ինչ-որ որոնում,
Ինքն իր մեջ լցված,
Ինքն իր մեջ փակված,
Երկփեղկված արդեն ու երկուտակված
Իմ հորեղբայրը։

Ես, եղբորորդիդ և քո զավակը,
Որ անթիվ շքեղ ճառեր եմ ասում.
Երգեր եմ գրում և սիրախոսում,
Եվ քո կարծիքով մեծ մարդ եմ դառել,
Քո դժվար, դժվար, քո կյանքի համար
Ես ինչ եմ արել:

Մենք շաղակրատներ՝ խոսքի փրփրած, Չգիտեմ թե ում հույսներս դրած Դու կյանքը պահող Քո երկուտակված պինդ մեջքի վրա, Իմ սրտի մորմոք, Իմ հոգու կրակ Իմ հորեղբայրս:

Կալ էր կալսում մինչև լույս
Հորեղբայրս ճրագով
Ու տաքացնում էր իրեն
Լուսնի տված կրակով:

Կյանքի օրենքն էր նրա՝
Երբ էլ ամբարը բացում,
Գտնում էր նա ետ դրած
Մի քանի բուռ սերմացու:

Ասում էին իր մասին՝
Բարեկեցիկ, ապահով,
Կյանքի դաժան կռվի մեջ
Միշտ բարեբախտ ու շահող:

Իսկ նա արդեն կռացած, Պտտվում էր ճրագով Ու տաքացնում էր իրեն Լուսնի տված կրակով։

ԱՐՏԸ ԳՆՈՒՄ ԷՐ ՀՈՐԱՆՑ

Արտը գնում էր հորանց,
Շրջում էին հասկերը,
Քամին տանում էր նրանց
Արևահամ խոսքերը։

Ես էլ, ես էլ գնացի,
Ոչ իհարկե հորանց տուն.
Գնացի ու մնացի
Անափ կարոտն իմ սրտում:

Ու էլ ոչ մի չար աղետ,
Ու էլ ոչ մի խնդություն
Չտարավ ինձ դեպի ետ,
Չդարձրեց հորանց տուն:

Հաճախ սիրտս մխալով, Հիշում էի ես նրանց, Հիշում էի, թե ինչպես Արտը գնում էր հորանց:

ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՏԵՐՄՈՒՀԻ

Իմ մանկության մտերմուհի,
Սիրուն Մարգարիտ,
Հիշում եմ ձեր տան դիմացի
Կանաչ թթենին.

Թթենու տակ ձեր հինավուրց՝
Սեղանը քարի,
Սեղանի մոտ՝ գունակորուս
Նստարանը հին:

Որքան ենք մենք լուսնի լույսով
Տերյան կարդացել
Մեր սիրտն առել իր վիշտը ծով
Ու լռիկ լացել:

Որքան ենք մենք ծաղիկներով
Մեր բախտը բացել,
Որքան ենք մենք շուրջը ձեր տան
Թարթիչներ թաղել,
Որ քույր լինենք՝ անդավաճան,
Իրարու պահենք:

Որ ծիծաղող ծաղկունք հագած՝
Վազվզենք սարում.
Չար տղերքի կատակներից
Փրկենք իրարու.

Որ պարտեզով փեշով բերած
Միրգը բաժանենք,
Ու ծանրացող բեռն իմ ուսի
Միասին տանենք:

Որպես գունեղ մի ժապավեն
Կինոնկարի՝
Իմ հուշերի շարքն անմոռաց
Բացում եմ ահա:

Դու էլ նայիր ու հիշիր մեզ, Սիրուն Մարգարիտ, Մեր մանկության սիրակարոտ Երդումը պահած:

Մանկությունը մեր մնաց
կալերի թաղին,
Դեզերի տակ ճչալով
պահմտուկի խաղալիս,
Երբ իրարու հոգնաբեկ
կանչում էինք մենք...
Կամ սուլեցին ջրի տակ
բադերը դեղին,
Որոնց անվերջ սիրելով,
տանջում էինք մենք:

Մանկությունը մեր մնաց
Ցանկապատի տակ,
Ուր ես ու դու ցեխածեփ
տուն էինք շինում,
Կամ կլանեց ահագին
դարբասները փակ,
Մեր սիրելի, մրգաշատ
մառանը գինու:

Կանգնած Նորքի կատարին տեսնում եմ նորից, Մանկությունն իմ պապի հետ ցորեն է ցանում, Կամ հերարձակ խնդալով թռչում է ձորից, Կամ կանգնել է մեր այգու կանաչ կածանում:

ՀՈՒՇԵՐ

Նստած եմ մենակ
խաղաղ հարկիս տակ.
Հարազատներիս եմ լուռ հիշում.
Կրակի վրա թեյամանը տաք
Ինչ-որ մտերիմ երգ է խշշում։

Եվ հիշեցնում է խուլ խրճիթը մեր՝
Գյուղի հեռավոր մի ծայրամասում,
Նստած է նանը ճախարակի տակ,
Արտասվում է լուռ ու երգ է ասում:

Մերթ նստում է նա՝ ասեղը ձեռքին,
Ծակում է մատներն ու աճապարում,
Քանդելով հորս շապիկը վերջին,
Եղբորս համար բլուզ է կարում:

Մերթ ծունկի եկած օջախի առաջ՝
Սևերով պատած կորչում է ծխում՝
Բորբոքում է լուռ կրակը վառած,
Եղբորս համար բլիթ է թխում:

Դե, ես աղջիկ եմ,
Նա է կարևոր՝
յոլա կգնամ.
տան միակ սյունը,
Մեծ նանի ավագ
տղայի տղան,
Մեծ նանի ավագ
ուրախությունը:

Խեղճ ավագ տղա՝ կորած պարտքերում,
Խեղճ իմ նան՝ վերջին արցունքը քամած,
Վշտանում եմ ես, այրվում եմ հիմա,
Որ ապրուստն այսքան հեշտ է ինձ համար:

Որ ապրում եմ ես արձակ պալատում,
Գալիքի բոլոր բարձունքներն իմ դեմ,
Որ այդ ամենը պատրաստել եք դուք,
Եվ դուք այդ մասին ոչինչ չգիտեք:

Նստած եմ մենակ խաղաղ հարկիս տակ. Հարազատներիս եմ լուռ հիշում. Կրակի վրա թեյամանը տաք Ինչ-որ մտերիմ երգ է խշշում։

ՊԱՏԿԵՐ

Ճերմակ ուլը
Սև քարափին
Մղկտում է ու մայում,
Նանը հոգնած,
Ձեռքն աչքերին,
Հեռու ճամփին է նայում:

Որդին կորցրած Գևո բիձեն
Բահը ուսին գնաց դաշտ.
Ապրում է նա
Մեն ու մենակ
Վիշտ ախպոր հետ
Համր ու հաշտ։

Ով իմանա, աստված մի օր
Դուռը անխոս կբանա,
Որդին կգա ջահել նորից
Ինչպես գնաց կռվի դաշտ:

Նունեն թասով ջուր է տալիս
Ինչ որ ճամփորդ մի ապու,
Որ նստել է ճամփի քարին՝
Տրեխի թելն է կապում:

Պստիկ Ափոն
Մեծ հարսի հետ
Առվի բերանն է կապում,
Թութը թափվում է ջրի մեջ,
Թութը քամին է թափում:

Ու տանում է, ջուրը տանում,
Գլոր-գլոր ալիքներով,
Հեռուներին անանուն:
Ինչ իմանաս,
Մեծ աշխարհից
Թե ով ինչ է սպասում:

Լողանում էր արեգակը
Ամբարի մոտ մեծ թասում:
Կատուն պոչով
Խփեց թասին,
Ջուրը ծփաց ու շարժվեց,
Ու թասի մեջ հազար ցոլքով
Արեգակը փշրվեց։

Ու խորասույզ,
Բոլորն անխոս
Մայրամուտին են նայում,
Ճերմակ ուլը
Սև քարափին մղկտում է
Ու մայում:

Բարակ-բարակ ու թափանցիկ Մութը նստում է բակում, Ու սև շորով Նանն է նորից, Խառնակ բակը հավաքում:

1
(Եղբորս՝ Բ. Մ.)

Ես չպահեցի ինձ քրոջ նման,
Եվ մայրիկի դեր չկատարեցի.
Ու որբացար դու եռակի անգամ,
Քո մեծ հասակում:

Օտարությունը ներխուժեց քո տուն,
Եվ բևեռային սառնություն փչեց
Մեր տաք արևոտ հայրական բակում՝
Մեր հին պատմության նոր ավերակում.
Եվ անուղղելի չարություն դարձավ
Անմիտ ու անդեմ քո բարությունը:

Երբ չլսեցիր ձայնը քո արյան՝
Թեկուզ չզգալով, չհասկանալով,
Երբ դավեցիր դու հայրենի տունը:

Իսկ ես իզուր եմ նախատում հիմա, Ես, որ ոչ մի տեղ ելք չճարեցի, Հանգչող ճրագդ ես չվառեցի. Ես չպահեցի ինձ քրոջ նման Ու մայրիկի դեր չկատարեցի:

2

Նորից վառվելով
Հիշում եմ ես քեզ,
Նստած ենք մենակ՝
Իմ վիշտն է ու ես:

Ու միտք եմ անում,
Առնում եմ տալիս,
Նորից մեր տխուր
Ճանապարհներին,
Ու մեր տնավեր
Հարցին եմ գալիս
Ու միտք եմ անում,
Առնում եմ տալիս՝
Գուցե հողն արդար
Սուրբ է իսկապես,
Իմաստուն ուշիմ,
Մեզնից ավելի,
Եվ հեռանալը
Նրա օրենքից,
Փորձանք է անդարձ,
Անկում ցավալի
Ու դառն ու դաժան
Վիշտ է առավել,
Կսկիծ ավելի,
Որ ամեն ինչ մենք
Զգում ենք միայն,
Ճիշտ այն ժամանակ,
Երբ էլ մի կաթիլ
Չկա ժամանակ։

Նստած ենք մենակ, Առնում ենք, տալիս, Նորից մեր անդարձ Ճանապարհներին Ու մեր տնավեր Հարցին եմ գալիս Նորից վառվելով Հիշում եմ ես քեզ Նստած ենք մենակ՝ Իմ վիշտն է ու ես:

Լաց է լինում դուդուկն անվերջ
Լաց է լինում ռադիոփողից
Եվ հիշեցնում օրեր, որ ես
Կյանքի մյուս ափին թողի:

Ծուխ է տալիս հոգուս խորքում,
Մխում է մի հանգած հրդեհ,
Մանկությունն է իմ փշրված
Մղկտալով կանգնում իմ դեմ:

Եվ ձայների ծվեններից
Պատկերներ են ելնում այրող,
Մթագնելով, փոթորկում ինձ,
Խառնում իրար երկինք ու հող։

Նայում եմ ես իմ աղջկա
Տեսքին խաղաղ ու անտարբեր,
Դեմքին ոչ մի հուզում չկա,
Միտքը հեռու, հայացքը վեր:

Նայում եմ ես, զգում եմ, որ Ոչի՜նչ, ոչինչ չի հասկացել: Իմ և նրա մանկության մեջ Ասես հինգ դար է անցկացել:

ԲՆԱՆԿԱՐ

ճերմակ ծերունու նիրհով իմաստուն
Հոգնած աշխարհը ննջում է խաղաղ,
Չկա անհանգիստ խինդ ու աղաղակ,
Քնած է կյանքը անհունի սրտում,
Ճերմակ ծերունու նիրհով իմաստուն:

Սպիտակել են վարսերն անտառի,
Սիրահար սյուքը սարսափից փախավ,
Ճնճղուկն է միայն թևերը կախած
Ամոքում սիրտը ալեհեր ծառի,
Սպիտակել են վարսերն անտառի:

Արփին մշուշը ճեղքում է կամաց,
Արթնանում է խուլ բնության որդին,
Այն իմ գյուղն է ծեր՝ սիրտը միգամած,
Ներս հրավիրում մրսող ճամփորդին,
Արփին մշուշը ճեղքում է կամաց:

Ասես ես քնկոտ մանուկ եմ նորից, Հրաշքներն են դեռ հոգուս հետ խաղում, Երբ ծվեն-ծվեն մառախուղներից Արթնացող գյուղն է խաղաղ ծիծաղում, Ասես ես քնկոտ մանուկ եմ նորից:

Ճեղքել է քողը պաղ մառախուղի
Թրի մի շեղբիկ՝ մի թեք ճառագայթ.
Բացվել է փեշը հայրենի գյուղի՝
Մեր խոտի դեզն ու կալատեղն է այդ:

Հիմա գարուն է, գարուն է նորել,
Անձրևը ուժն իր տվել է հողին
Ճայթում են հիմա հատիկ ու ցորեն,
Կանաչով պատում անցորդի ուղին:

Իսկ ես որտե՞ղ եմ, ես ո՞ւր եմ կորել, Որտե՞ղ է որդիդ, գյուղ իմ սիրասուն, Երբ ուրիշները ցանում են ցորեն, Ես միայն սիրո խոսքեր եմ ասում:

Մեր կեռասենին, տե՛ս, քանի անգամ
Հասել ու շիկնել է առանց ինձ,
Ու մեր խաղողի ոստը ոսկեծամ
Թմբերին թիկնել է առանց ինձ:

Իսկ հարևաններն իմ՝ պարզ ու բարի, Որ պարծենում են իմ փուչ անունով, Քանի դժվարին զրկանք են տարել, Տարել ու տքնել են առանց ինձ:

Լինեիր դու պարզ գեղջուկ մի բարի՝
Հողդ վարեիր, արտդ ցանեիր,
Գոհացած արդար բերքով աշխարհի,
Լեռ քարի տակից հացդ հանեիր:

Ուրախությունով մերկ ու պարզունակ Անցորդի առջև դուռդ բանայիր, Ու չըքամեիր էլ հոգիդ մենակ, Ինքդ քեզանով չխենթանայիր:

Երբ հոգիս փարած ջինջ աստղաշարին
Խոհերի առատ անձրև է տեղում,
Սիրտս թեքում է թաթը նժարի
Դեպի մայր հողի արգանդը բեղուն:

Ուր մեր լայնալանջ նախնիք անվանի
Ոսկե փոշու մեջ նիրհում են խաղաղ,
Ուր ծնողներիս թարմ գերեզմանի
Ծաղիկներն են դեռ արցունքաշաղախ:

Ինչպե՜ս հանդուրժեմ ես նենգ ոսոխին, Պիղծ, արնաթաթախ քայլերը նրա, Իմ սուրբ, անարատ հայրենի հողին, Իմ խաղաղ հանգչող մոր սրտի վրա:

Չես սիրում դու խստալեզու ձյուն ու ձմեռ,
Բայց փչում է սառնակոհակ ձմռան քամին,
Չես սիրում դու ճիչ աղաղակ, արյուն-ավեր,
Բայց խուժում է անարգ ոսոխն ու թշնամին:

Ելի՛ր, սիրտ իմ, երգիր շքեղ գարուն ու վարդ,
Մինչև նորից գարուն բացվի լուսահորդուն,
Ելի՛ր, սիրտ իմ, երջանկություն երգիր զվարթ,
Մինչև նորից խնդություն գա հայրենի տուն:

Հետո միայն տխրիր մենակ ու մտածիր,
Թե որքան շատ վիշտ ու չարիք կա աշխարհում.
Հետո միայն կորուստներդ լռիկ լացիր,
Երբ ամեն ոք սիրաշաղախ երգի գարուն:
Be the first who will comment on this
Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Father's house, 2024
Father's house, 2024
Play Online

Support us! Buy our art based products from online shop