Lil Arami

Թուքը

Ընդունարանի պատուհանից երևում են երեկվա ձիերը։ Պոչ են ցույց տալիս լեռնային քամուն, թարթում աչքերին թառած ճանճերին ու խոտ ուտում։ Ձիապանը տեղի հյուրանոցի աշխատողներից ու այցելուներից մաշկի գույնով է տարբերվում։ Հետն էլ մի տեսակ ձիացել-կոփվել է։ Մեզ հատկացնում են համեստ հանդերձով մի սենյակ ու մի մեծ պատուհան դեպի դուրս նայող։ Ասում են՝ հանգստանալու համար էդքանն էլ հերիք է։

Ընդունարանի պատուհանից դուրս, պատուհանը կեղտոտ է։ Ճանճերը ծռտել են վրան։ Ձիերը, որ երևում են այստեղից, թվում է՝ թափահարող պոչերով պատուհանն են մաքրում, որովհետև նրանք պատուհանի մեջ են, պատուհանի վրա ու ցուցադրվում են միայն այս կեղտոտ պատուհանով։ Նայում եմ էլի դուրս։ Ներսում ծխել չի կարելի։ Նայում եմ դուրս, որովհետև ոտքիս տակ քոր է գալիս ու շեղվել է պետք։

Իջնում ենք հաց ուտելու։ Այս օրերին սուրճը գերազանցում ենք, աշխատողները գիտեն Դանիելի անունը ու ինձ էլ հետը բարևում են։

Դանիելին լինքով ուղարկել եմ Մաթևոսյանի «Կայարան»-ը, բայց նա ինձնից շուտ գտել է ու կողքիս նստած կարդում է արդեն։ Չեմ կարողանում բանասեր դարձած լինելս մի տեղ ցույց տալ։ Ամենաշատը տալիս եմ հեղինակի անունն ու վերջ։ Ինձ հերթ չի տալիս։ Ասում է՝ հա՜, գիտե՜մ ու շարունակում է կարդալով սնվել։

Կողքի սեղանը պայթում է ուտելիքի առատությունից։ Երկու հաստափոր են նստած ու մի Փորիկ։ Ընդամենը։ Այսինքն վեց հոգի՝ երեք մարմին, երեք ստամոքս։ Փորիկի ծնունդն է։ Սեղանը շոյում է Փորիկի քիմքը։ Սեղանն ուրիշ անելիք չունի։ Սեղանը քառակուսի է ու տեղավորում է մարմիններ։ Նյութ։ Մարմիններ։ Հաստափոր ու լայնաբերան։ Անիմաստ երկարող լեզուներ։ Լեզուներին պատկանող թուք, որ հեշորեն տրվում է իրեն մոտեցող ամեն առարկայի, պառկում սննդի փափուկներին, զոհվում պատառաքաղների սուր ու ճանկռող ատամներին։ Թուքը կորցրել է ինքնատիրապետումը։ Թուքը պատմում է Փորիկի մասին։ Թուքն իրեն ստերիլ ապրանքի տեղ է դրել ու իր մեջից հորինել, թե իր ներկայությունն ամեն ինչի վրա պարտադիր է։ Իրենց սեղանին։ Մեր սեղանին։ Իրենց սեղանին՝ քյաբաբ, խորոված։ Մերին՝ երկու համակարգիչ Մաթևոսյանի դեմքով։ Փորիկի թուքը շարունակում է նախապես ամրագրել ուտելիքը՝ նշան բռնելով վրան։ Մենք չենք զզվում։ Ուտելիքն է զզվում Փորիկից։ Բերանը զոռով է մտնում։ Քրդերին գերի ընկած աղջկա հուսահատությամբ։ Սեղանի հացը թքոտ է։ Փորիկը հասցրել է կրակել վրան։ Հացը վիրավոր է, վիրավորված։ Հացին փորձում եմ բացատրել, որ դպրոցում իմ օրագիրն էլ թքոտ էր. աշխարհագրության ուսուցչուհու ձեռքերում հայտնվելիս։ Նա քիչ խոսում էր լանդշաֆտների մասին, շատ՝ թքում օրագրիս երեսին։ Հացը չի սփոփվում։ Ասում է՝ Փորիկի թուքը չափից շատ է։ Ասում է ինձ միշտ գլխից վեր են պահել։ Իսկ հիմա ես Փորիկի տակ եմ։ Փորիկի թքի։ Զզվելի է։ Հացին ասում եմ՝ մեր բակի ասֆալտն ավելի թքոտ էր. շենգավիթցի Մոխրոտի կռիվ անելու ժամերին։ Հացը մի քիչ փափկում է։ Բայց ո՛չ իմ ասածից։ Փորիկի թքից։

Դանիելն ավարտում է ընթերցանությունը, համակարգիչները փակում ենք, սուրճ խմում ու պատրաստվում գնալ ձի քշելու։ Կողքի սեղանին է մոտենում մի կին։ Գրկին պամպերսով մի տռուզ երեխա։ Նստում է Փորիկի կողքին ու ասում՝ շնորհավոր, սե՛ր իմ։ Մտածում եմ՝ Դանիելին սիրելս ուրիշ բառով արտահայտել։

Վեր ենք կենում տեղներիցս։ Ձիապանը խանձող արևի տակ մեզ է սպասում։ Համալսարանից զանգում է տիկին Գոհարը։ Ասում է՝ ամսվա վերջ մոտենամ դեկանատ։ Ձիապանը համարյա խաշվում է։ Հետներս թարսված է խոսում երկար սնվելու պատճառով։ Հեծնում ենք ձիերն ու նետվում դաշտերը։ Իմի անունը Շանել է, Դանիելինը՝ Չեչեն։ Մայրս Չեչնիայում մեծացած լինելու համար ստացել էր Չեչեն մականունը։ Դանիելը մեկ-մեկ բարկանում է Չեչենի վրա։ Վատ եմ զգում ու մի քիչ էլ ծիծաղս գալիս է։ Դաշտերը սանրվում են ձիերի ոտքերով։ Քամին սողում է խոտերի արանքով ու չի հասցնում հետևներիցս։

Երկինքը կլպվում է արևից ու քիչ-քիչ սևանում։ Ձիերին թողնում ենք ախոռում ու վերադառնում սենյակ։ Մի քիչ խմում ենք, պարում, սեղանին սիրում իրար ու հոգնած նետվում անկողին։ Երազ եմ տեսնում։ Տիկին Գոհարը պամպերս է հագել ու մտել մեր լվացարանի մեջ։ Ափսեներն է լվանում ու թքում գետնին։ Շենգավիթցի Մոխրոտը մեր պատուհանի տակ կռիվ է անում Փորիկի հետ, իսկ մի քիչ հեռու՝ ախոռի մոտ, ձիապանը հաց է շպրտում ձիերի առաջ։ Դուռը ծեծում են։ Բացում եմ՝ Մաթևոսյանն է։ Աչքերիս չեմ հավատում։ Տխուր նայում է դեմքիս ու մի քայլ առաջանում։ Նայում է ինձ, հետո՝ Դանիելին, ինձ, հետո՝ Դանիելին։ Բարևում է տիկին Գոհարին ու մոտենում պատուհանին։ Մի քիչ մնում է կանգնած։ Դեմքին գույն չկա։ Շրջվում է ու լուռ հետ գնում։ Բացում է դուռը, գլուխը թեքում իմ ուղղությամբ ու ասում․

-Թու՜․․․

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

Generations, 2023
Generations, 2023
Play Online