Levon Shant
Ուրվականներ
Ունիմ նկարչի տետրակ մը սիրուն,
որ ժամանակի ձեռքեն խլելով
տարեր պահեր եմ աչքերե հեռուն
խորքը հուշերուս, խորշ մը ապահով:
Առաջին էջը իրարու փարած
Թերատ գծերու ցանց մըն է նրբին,
որոնք հոն մրոտ խառնուրդեն հանկարծ
այն չար աղջկան դենքը կը ծնին:
Ուրիշ կուսական դեմքեր շարունակ
կը գտնեմ այնտեղ հայացքիս գերի,
միայն բոլորն ալ անորոշ, խառնակ,
անփույթ վրձինի մարզանք են թերի:
Անդին երազուն եւ ընկեր դեմքեր
կը ժպտին ինծի անուշ կարոտով.
իրենց նայվածքի թարմ մութերն ի վեր
բոցեր կը ժայթքեն. ե 'ւ կյանք, ե' ւ կորով:
Բանաստեղծական ֆանթազիներ ալ
պատկերներուս մեջ կան գծված հստակ.
Ոգեւորություն, Սեր ու Իտեալ,
եւ Գիտությունը `կին դիմակի տակ:
Ու խենթ իղձերու, սպասման, հուզման
եւ աշխատանքի, անհաս տենչանքի
հոն խառնափնթոր մարմնացումներ կան,
գծած ու ավրած, գծած կրկնակի:
Այո ', նկարչի տետրակ մը սիրուն,
որ մոռացության ճանկեն խլելով
իբրեւ նվեր մը գալիք օրերուն
պահեր եմ մտքիս մեկ խորշն ապահով: