Levon Khechoyan

Շաբաթ, կիրակի

Հարութը գիտեր` այլմոլորակայինը ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնային։

Հարութը ցանկանում էր, որեւէ պատրվակ բռնելով, տղաներին, բուժքրոջը կարճ ժամանակով սենյակից ինչ֊որ տեղ ուղարկել։

Այլմոլորակայինն էլ, կարծես, դիտավորյալ էր այդ պահն ընտրել, որ նրանք էլ ներկա գտնվեին։

Տղաները նրա հետ զրուցում էին` թշշացող հանքային սառը ջուր խմելով։ Հարութը նկատեց` վեց֊յոթ հոգու ադամա խնձորները քրտնած բկների միջով միանգամից բարձրացան֊իջան։

Այլմոլորակայինը դատարկած բաժակը շրջեց պլաստիկ շշի վրա։ Հայտնեց, որ երկնքից` հեռավոր մոլորակից է եկել, որտեղ Հարութին շատ լավ են վերաբերվում։ Ասաց, որ ժամանել է միայն մի հարց ճշտելու` Հարութը ցանկանու՞մ է արդյոք հետագայում դարձյալ ապրել երկրագնդի վրա։

Հարութը տղաների, բուժքրոջ ներկայությամբ հենց այդ հարցին էր ամաչում պատասխան տալ, որովհետեւ նրանց առաջնորդելիս շատ անգամ էր հաստատուն ասել, որ չպետք է երերուն լինել` մոլորակը, հողը, երկիրը, որտեղ ապրում են, շատ փխրուն են, որ իրենք նրա առաջադիմությունը, կեցությունն են ապահովում։

Հարութը, այլմոլորակայինի հետ միայնակ մնալու համար, կողմնակի բաներից խոսելով` ժամանակ էր ձգում, գուցե հոգնած տղաները թարմանալու կամ որեւէ ուրիշ պատճառով սենյակից դուրս գային։

Ասաց, որ ամեն մի դարաշրջան արատավոր է եղել` հիվանդագին մտածողության դրսեւորումներով ամայացրել, ժողովրդաթափ է արել հողագունդը, դրանից է բխում անցած ժամանակների կործանարար ազդեցությունը հետագա կյանքերի վրա։ Ողջ աշխարհը խորքում` հորինվածքի մեջ, չարություն, անկում է։

«Ինչ արած»,- ասաց այլմոլորակայինը։ Ասաց, որ այդպիսին է այն վայրը, որտեղ ապրում են մարդիկ`ժողովուրդը ժողովրդին ոչնչացնելու բնազդով։

Սակայն, նա դեռ վաղուց գիտեր, որ այլմոլորակայինը հենց այդ հարցը տալու ժամանակ է ժամանել։

Երբ Հարութին մոմլաթե անջրանցիկ թիկնոցի մեջ դրած` (բժիշկն էլ հետները) չորս կողմից բռնել, արծաթափայլ լճի ափով էին վազեցնում, որ հասցնեին սանիտարական ուղղաթիռին, Հարութը հանկարծ գլաքարերի վրայով վազող տղաների հաստ ներբանների համաչափ դոփյունը առնելու հետ միաժամանակ, վախեցած գորտի, թե սպիտակ սագի ջրերը ճողփացնելը լսելու հետ միաժամանակ, տիեզերածավալ երկնքի` կապույտ֊ճերմակ ամպերով, ջրերի վրա արտացոլվելը նկատելու հետ միաժամանակ, պոմպակայանի ամբողջ ցանկապատի անվերջանալի երկայնքով ծաղկած դդումի դեղին ծաղիկներով խիտ ծածկված լինելը տեսնելու հետ միաժամանակ` առաջին անգամ այլմոլորակայինին տեսավ․ փոխնի փոխ, վազքից ուժասպառ տղաներին էր օգնում։ Կողմնորոշող, ճիշտ խորհուրդներ էր տալիս` բացված անցքից անդադար դատարկվող լյարդի գործունեությունը պահպանելու եւ կարճ նոպաներից զարկվող Հարութին ուշաթափությունից ետ բերելու համար։

Ուղղաթիռում էլ Հարութի կողքին էր, սենյակում էլ ասաց, որ վախենալ պետք չէ, նրա հետ ոչինչ էլ չի պատահի, մինչեւ ծերություն կապրի։

Բայց միաժամանակ ցանկանում էր, որ Հարութը նաեւ տրված հարցին կոնկրետ պատասխաներ, որովհետեւ ինքը դրա համար էր ժամանել։

Ոչ թղթախաղի սեղանի շուրջ գիշեր կարճող տղաներն էին քնում, ոչ էլ բուժքույրն էր որեւէ պակաս բանի պատճառով սենյակից բացակայում, կարծես, դիտավորյալ բոլորն էլ ականջներն իրենց կողմն էին պահել, սպասում էին` Հարութի հրաժարվելուն։

Հարութն ստիպված էր նրանց ներկայությամբ այլմոլորակայինին ասել, որ ոչ` չէր ցանկանա մյուս անգամ երկրա գնդի բնակիչ լինել։ Սկզբից մի, հետո մյուս աչքից արցունք գլորվեց։ Այլմոլորակայինը մատների տաք թմբիկներով մաքրեց նրա թաց այտը։

Մինչ այդ, անընդհատ մի հոգի էր, բայց գնալու պահին կարծես նրա միջից մեկն ընկավ, դարձան երկուսը։ Ասաց, որ օգնականն է, որպեսզի գիշերը անցանկալի միջադեպեր չպատահեն, ապահովության համար կմնա Հարութի հետ։ Օգնականը ծնկին դրած թղթապանակի թերթերին գրառումներ էր կատարում։ Միաժամանակ շատ էին խոսում։ Հարութը չէր խաղաղվում։ Գիշերն անքնությունից չտանջվելու համար` օգնականը թուղթ, գրիչ տվեց, որ ում ցանկանա` նամակ գրի։ Ասաց, որ դրանից հանկարծ չվախենա, շատերին է թուղթ֊գրիչը հոռետեսության հասցնում, սակայն Հարութի հետ ոչինչ էլ չի պատահի, համարյա մինչեւ միջին տարիքը կապրի։

Հարութը զարմացավ` ինչու՞ «միջին տարիքը», էն էլ համարյայով, այդ ի՞նչ տարիք է որ։ Ավագ այլմոլորակայինը մինչեւ խոր ծերություն է խոստացել։ Ասաց, որ թյուրիմացություն է, այստեղ սխալմունք կա, գուցե խոսակցություններ են եղել, որին օգնականը չի մասնակցել, այդ պատճառով էլ շփոթի մեջ է ընկած, լավ չգիտի ճշմարտությունը։ Ինքը հենց հիմա կամենում է այլմոլորակայինի հետ հանդիպել։

Օգնականը բացատրեց, որ նա արդեն ճանապարհին է, այնքան էլ ճիշտ չէ` տագնապի մեջ գցել, տեղ չհասած ետ կանչել։ Հազար ու մի բան կարող է մտքով անցնել, սպասել է պետք` առավոտյան գա, Հարութն ինչքան ուզում է հարցեր կտա, կխոսի նրա հետ, կշտկեն տհաճություն պատճառող խնդիրները։

Հարութը գիտեր` միեւնույն է, գիշերը կողքից կողք տրորվելով է անցկացնելու, միայն բացվող օրվա լույսին վստահելով կարող է քնել։ Օգնականի` նամակ գրելով գիշեր կարճելու առաջարկությունը վատ միտք չէր։

Անկյունի սեղանին թղթախաղով զբաղված տղաներն ընդհատեցին պրեֆերանսը, ետ ընկան աթոռներին, ծագած վեճը լրիվ ուրիշ բանի պատճառով էր, սկզբում սպիտակ խալաթի խորը կտրվածքից նշմարվող կանգուն ստինքներով բուժքրոջ, հետո էլ ահազանգով տագնապած սենյակ հասած բժշկի հետ էին Հարութի պատճառով անընդհատ անհասկա նալի լեզվով շատ բարձրաձայն վիճում։

Հարութին խանգարում էին, որ կենտրոնանա նամակի վրա։ Ցանկանում էր անվանական նկատողություն անել, զարմանալի բան էր, կորցրեց որեւէ մեկի դեմքը պատկերացնելու կամ բառերով արտահայտվելու ունակությունը։ Նրանց հիշելու համար ինչքան էլ դեմքերն օժտում էր իրեն հայտնի` արեւահար, քամուց դաբաղված` սեւ նշաններով` ձգտելով այդպիսի հատկանիշներով տեղը բերել տղաներին, միեւնույն է, ոչ մեկին չպատկերացրեց։ Մտքում չէր կարողանում ճանաչել անգամ, ամենավերջում տեսած դեմքը, նույնիսկ` բժշկին, որ հենց նոր սենյակ էր մտել, դաստակը բռնել` անհանգստացած զար կերակն էր որոնում։

Ոչ մեկի վրա դեմք չկար։

Օգնականը միջամտեց, ասաց, որ Հարութը իզուր ժամանակ եւ ջանքեր է վատնում` շուրջը եղածներին հիշելու կամ նրանց խոսակցությունը հասկանալ փորձելու համար, ավելի խելամիտ կլիներ` քանի լույսը չի բացվել, ավարտեր նամակը։

Հարութն առաջին տողը կարդաց, հասկացավ, որ կնոջը չէ` վարորդի աղջկան` իրենից տարիքով փոքր Նորային է գրում…

Այստեղ համատարած ձյուն է։ Մեր շրջանակաձեւ ակոսով օղակած դիրքերից եւ խորը ձյան միջից հղի կնոջ մերկ փորի նման դուրս է ցցվել վերցվաց քաղաքը։

Այստեղ հարցերը, պատասխանները նույնն են, անգամ` դեմքերը, թռչունների չուն, բնության բոլոր անցքերով անցնող օդի հոսելը, փողոցներով քշվող ցելոֆանե սեւ տոպրակները, թափառող սեւազգեստ որբեւայրի կանայք, ամեն բան, մեկը մյուսի կրկնակն է, ողջ գրաված քաղաքը արձագանքի նման կրկնվում է ինքն իր պատկերով եւս մի քանի անգամ…

Հետո շատ խորը ձյուն եկավ, անշշուկ լռություն է ամենուր… Օգնիր ինձ, ասա` ի՞նչ է մեր սերը․ ես գիտեմ` ասես դեռ կանաչ այն ցորենի դաշտը լինի, որտեղ մի անգամ մեջքիդ տակ տափակեցրած հասկի ցողունների վրա մերկ կանգնած, խոշորացած աչքերդ լիալուսնին հառած, իմ հաջորդ տիրելուն սպասելով` շնչասպառ էիր լինում, ասես` երկնքում թռչող գորգի վրա լինեիր։

Մենք պետք է խոսենք, որովհետեւ երբեմն այս գավառական քաղաքի երեք֊չորս բարձրահարկերն էլ…

Հարութը հանկարծ դռան սաստկացող թակոց լսեց։ Անտանելի աղմուկի պատճառով դադարեցրեց գրելը։ Ուզում էր հասկանալ` այդ ինչ բան էր` ո՛չ ժամանակ առ ժամանակ քաղաքի տակ արթնացող երկրաշարժը, ո՛չ էլ անձրեւաջրերի հետ խոնավ լեռներից պարբերաբար գլորվող քարերն էին ունակ այդ ուժով երերացնել իր մահճակալը, կարծես` դաշտային խորդուբորդ ճանապարհով մեքենան հատակը քարերին քսելով գնար։

Աստիճանաբար գլխի ընկավ, որ ոտքի եղունգների տակից մինչեւ մազերի ծայրը, ամեն մի բջջի մեջ սիրտն է այդպես կանգնում, հետո նորից մեկեն սկսում շրմփալով դմփդմփալ…

Սակայն օգնականը, որ այդ ամբողջ ժամանակ կողքին էր նստած, Հարութին ասաց, որ նա միայնակ չէ, հուսադրեց` չվախենալ, շարունակել նամակը, նրան վերապահված է երիտասարդությունը, ոչինչ էլ չի պատահի։

Հարութը բնական պահանջը թեթեւացնելու համար միզեց բուժքրոջ վերմակի տակ մտցրած տափակ գիշերանոթի մեջ։

Զարմացավ («Հիմա էլ` միայն երիտասարդությունը»)։ Ինչպե՞ս թե` երիտասարդությունը, անընդհատ կարճացնում է։ Էլ չլռեց, խոսում էր բուժքույրը օգնականի թիկունքից Հարութին սաստելու համար մատը շուրթերին դրեց, որ զայրույթով չխոսի։

Հարութը ոչ մի բան չէր նկատում։ Լռեց միայն, երբ սառնարանն աշխատեցնելու համար ռելեն շրխկաց։ Սակայն քիչ անց, նույն տոնով, օգնականից պահանջեց, որ անմիջապես այլմոլորակայինին կանչի։

Օգնականը բացատրեց, որ արդեն ուշ է, այդ ժամին այլմոլորակայինը չի աշխատում, այնքան էլ ճիշտ չի լինի` ժամանակից դուրս նրան անհանգստացնելը։ Ցավոք, վաղն էլ կիրակի է, պարզ չէ` այցելություններ կկատարի՞, թե կգերադասի հանգստանալ։ Եթե վերադառնա, թող Հարութը հանգամանորեն խոսի իրեն հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ, ինքը չի կարծում, թե ուշ կլինի։

Հարութը հունից ավելի ելավ, երբ «հանգստանալ» արտահայտությունը լսեց, ուրեմն նա դեռ կիրակնօրյա հանգիստն էլ պիտի վայելի, երբ իր նկատմամբ ճակատագրական անարդարություն է կատարվում եւ երբ որ այնտեղ` հեռավոր մոլորակի վրա էլ իր հանդեպ այդքան գութ ունեին, գնահատում եւ ուշադիր էին։

Օգնականն ասաց, որ ինքը հավատում է` Հարութը բոլոր անորոշությունները վաղը կպարզի նրա հետ, խորհուրդ տվեց` նամակը շարունակել, որովհետեւ ուր որ է լուսանալու է, պետք չէ ասելիքը կիսատ թողնել, գրելով էլ կխաղաղեցնի զայրույթը։

Օգնականը ոչ մեկին չխնդրեց, գնաց֊եկավ, սառնարանից ջուր բերեց։ Մի ձեռքով, ծորացող կաթիլները վրան բերնեբերան լցված, թաց շիշը բռնած, մյուս ձեռքով` Հարութի ծոծրակի տակից գլուխը բարձրացրած, բուժքրոջ հետ խոսելով` խմեցնում էր։ Հարութը, սառցի բյուրեղները մեջը, հինգ֊վեց լիտրանոց քրտնաթոր պլաստիկ շշից հո չէր խմում, հո չէր խմում, խմում֊խմում էր, ջուրը չէր վերջանում։

«Վաղը կգա», մտքում ասածը ուղեղի մեջ լսեց Հարութը։

Մինչեւ նորից գրելուն անցնելը` երեքով շատ էին խոսում։ Հետո շարունակեց նամակը։

…Արծաթ գիշեր… քարայծեր` ետառաջ գնալ֊գալով, նրանց հարվածները… վերցված քաղաքը` ջրծաղիկի նման նրա վրա բացված բոլոր անցքերը, ձյունախառն փոթորիկը անցնում է նրանց միջով… Ձորերը` հոսող կապտավուն մշուշը, նրա մեջ դժվար է նշմարվում որեւէ բան…։

Ընդհատեց գրելը` կարեւոր մի շունչ խուլ հեռվում էր։ Ինչքան երկար էր նրա մասին Նորային գրում, այնքան ավելի անբնական էր թվում նկարագրածը…

Հարութը չկարողացավ շարունակել` առաստաղից կախված մերկ լամպի կարմրավուն լույսը ճերմակ փայլատակումներով ծածկվեց, դիմացի պատին դդումի անհամար, պայծառ դեղին ծաղիկներ տեսավ։

«Արեւի շողերն են, մտածեց, լավ օր սկսվեց»։

Սակայն մի քանի ակնթարթ չէր անցել` դարձյալ մթնեց։

Հարութին թվաց, որ եղանակին հետեւելու համար, հավանաբար, բուժքույրը, թե տղաներից որեւէ մեկը շերտավարագույրն է բացել֊փակել։ Եթե լուսացած չլիներ, օգնականը իրենից չէր վերցնի նամակը եւ հայելու դիմաց հագուստը կոկելով` չէր պատրաստվի գնալուն։

Հարութը գիտեր, որ արդեն լուսացել է, սկսեց այլմո լորակայինին սպասել` թեկուզ կիրակի է, սակայն վստահ է` ուր որ է կգա, հանգստյան օր չի վերցնի, անհնար է, որ լքի, որովհետեւ հեռավոր խոշոր մոլորակի վրա հատուկ նշանա կություն էին տալիս իր անձին եւ առանձնակի վերաբերմունք, խիղճ ունեին իր կյանքի նկատմամբ։

Որովհետեւ տիեզերքի մեջ` երկինք֊գետնի արանքում, նկատել էին Հարութին ընկած` ինչպես ավազահատիկի չափ փոքրիկ մի կետի, առանց օգնության չէին թողել։

Սակայն Հարութին զարմացնում էր`սենյակի դարձյալ սաստիկ մութ լինելը, միաժամանակ, դիմացի պատի դդումի բազում թանձր դեղին ծաղիկներով ծածկված տեսնելը։

Պահանջեց, որ բացեն պատուհանի շերտավարագույրը։ Դարձյալ հրե գունդը ներս ընկավ, դեղձանիկագույն անհամար լուսեղեն պղպջակներ լողացին աչք ծակող կայծկլտոցով։

Հարութը փայլատակող ճենապակե սպիտակ լույսի մեջ այլմոլորակայինին նկատեց․ մահճակալին` ոտքերի տակ էր նստած, նա մատը տարավ շուրթերին, հասկացրեց, որ խոսել պետք չէ։

Հարութը , միաժամանակ, զգում էր, որ նաեւ մութ է, որովհետեւ դեմքին ոտք ու թեւերով մի բան դիպավ, մտածեց,որ կարող էր միայն թանձր խավարի միջով թռչող խոշոր` արագիլի չափ, գիշերաթիթեռի հպում լիներ։

Շրջվեց դեպի պատը։ Լռություն իջավ։

Արդեն տասնհինգ րոպե էր` Հարութը լքված, կողքի վրա դարձած, ընկած էր խոշոր լեռան տակ, ոչ ոք չկար․ տասնհինգ րոպեում մարմինը ցամաքել, մինչեւ վերջին կաթիլն արտահոսել էր, չորս կողմը լճակ էր գոյացել։

Ամենուր լռություն էր իջել` թե լեռան ստորոտին, թե գագաթին, թե նրանից էլ վեր․ նույն լռությունն էր։

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Vicinity of the Village
Vicinity of the Village
Play Online