Levon Khechoyan

Քո դեմքով եւ նմանությամբ ստեղծվածները

Նրանց ականանետները լեռներում մեզ կոտորում էին։ Շտաբից, ռադիոկապով տարաբնույթ եւ հակասական գեներալականկտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք։ Մեր հրամանատարը ռադիոկապի մեջ դարձյալ հայհոյեց նրանց, ասաց․ «Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ եք ասում։ Գլուխն ինչի՞ համար է, մտածեք»։ Քանի որ մութն ընկնում էր, նրանք մեզանից պահանջում էին՝ իջնել լեռներից առավոտյան լրացուցիչ ուժերով կորցրածը գրոհով ետ վերցնել։

Մենք արդեն երկու դիրք տվել էինք։ Մեր հրամանատարն ասաց․ «Պատրաստվեք, վաղը ծանր օր կլինի»։ Մութն իջնելուն պես շատերը հեռացան։ Ով թոքաբորբ ուներ եւ ում ամորձիքն էր ուռած, ցուրտը տարածներին էլ վերցրին ու շատ կարճ ժամանակամիջոցում իջան լեռներից։ Թանձր խավարի մեջ խորասուզված ահռելի մեծության լեռան վրա` մենք մանր֊մանր էինք ու մնացել էինք տասնչորս֊տասնհինգ հոգի։ Շնչելը դժվար էր, բոլորիս առջեւի ատամները նվվում էին, ու մենք գիտեինք, որ գիշերվա հետ սաստկանում է սառնամանիքը։

Ժայռերի ծերպերից երկու նորակոչիկներ հայտնվեցին, նրանք սանմասից ցերեկն էին եկել` վիրավորներին տանելու։ Մեր հրամանատարը նրանց չթողեց գիշերով ետ գնան։ Հարցրեց․ «Զենք գործածել գիտե՞ք»։ Մենք ասացինք․ «Նրանք հավատացյալներ են, նրանք իրենց Աստծուն երդվել են` զենք չվերցնել»։ Հրամանատարն ասաց․ «Գոնե հրազենի ձայն լսե՞լ են, վաղն այնպիսի ձայներ կլսեն, որ լեղաճաք կլինեն, տասնութ֊տասնինը տարեկան տղաներ են, մի երկու անգամ կրակեք, թող հրազենի ձայնին վարժվեն»։

Տղաները հավատացյալներին տարան ժայռերի ետեւն ու գնդացիրով կրակում էին մթան թանձրի մեջ։ Երբ եկան, հրամանատարը նրանց ասաց․ «Զինվորները քանի չեն վիրավորվել, բոլորն էլ հող են պահանջում, հենց վիրավոր վեցին` կյանք են ուզում։ Դուք ի՞նչ եք կարծում, Աստծուն եւ լեռներից ներքեւ բնակվող մարդկանց հասանելի՞ են զինվորի մեջ միաժամանակ ապրող այս երկու ցանկությունները»։

Հավատացյալները մտածում էին, հետո նրանցից մեկը ոգեւորվեց ու ասաց․ «Ինձ զենք տվեք, ես կկրակեմ, բայց մարդուն նշան չեմ բռնի, հենց այնպես, նրանց ուղղությամբ կկրակեմ»։ Երեք հազար մետր բարձրության վրա բոլորիս շրթունքներն էլ ճաքճքել էին ու ոչ կարողանում էինք լացել, ոչ էլ` ծիծաղել։ Ինչքան էլ նրանց հետ խոսում էր, հրամանատարի ձայնը թախծոտ էր ու միայնակ, մենք ճանաչում էինք այդ ելեւէջը՝ ինչպես մեր ներսի ձայնը։

Գիշերն աչալուրջ անցկացրինք։ Քարերի խորքում փշերով, հեռվից չնշմարվող կրակ էինք վառել։ Տղաներից մի երկու հոգի միանգամից տասական ասպիրին խմեցին ու քնեցին ցրտի մեջ, խճաքարերի վրա` սալջարդ անելով կոնքերն ու կողերը։ Հետո Զորոն, թե՞ Մակին, ասաց, որ իր ծննդյան օրն է։ Ուսապարկերից մեկում մի շիշ օղի կար։ Ստարշինան ասաց` իբրեւ թե իրենց գյուղում գազ֊փուշն ուտում են։ Ասացի․ «Ճիշտ է, փոքր ժամանակս իմ պապին էլ եմ տեսել այդ փշից ուտելիս»։

Հետո բոլորն էլ ասացին․ «Դրա մեջ ինչ կա որ», իրենց գյուղերում էլ են ուտում։ Հետո մենք դառնահամ, ստամոքսներս այրող փշի ճյուղեր էինք ծամում ու վրայից ձյուն ուտում եւ զսպում ողնաշարներիս եւ սրունքներիս մեջ շամփրող ցավն ու ոռնացող հոգնությունը։ Մոտակայքում` մթան մեջ, ցրտից քար ճաքեց, հեռվում հազացին։ Մեր քթերը բռնված էին, մենք հոտ չէինք կարող առնել։

Պահակակետում կանգնած մեր երկուսն ասացին․ «Թթվահոտ է գալիս, շնագայլ կլինի»։ Երկու հավատացյալները, մեզ թիկունք արած, քարերի ետեւը աղոթում էին։ Մենք ափներիս մեջ քողարկած` փոխնիփոխ մի ծխախոտ էինք ծխում եւ աշխատում էինք ներքաշած ծուխը երկար պահել թոքերի մեջ ու կանանցից էինք խոսում` անկողնու մեջ թաքնված նրանց ջերմության մասին լսված ու չլսված բաներ պատմում։

Ասող էլ եղավ, թե․ «Կինը քույր է, մայր է, բոզ, նաեւ դիակ»։ Գարուշի կինը չբեր էր, Գարուշն ասաց․ «Տղա եմ ունենալու»։ Մենք բոլորս էլ ուզում էինք, որ Գարուշի կինը տղա ունենա, ինչ պատերազմը սկսվել էր, նա ոչ դեմքն էր շպարում, ոչ էլ շրթներկ էր օգտագործում, մենք բոլորով էլ նկատել էինք դա ու գիտեինք, որ այդքանից հետո ինչպես է լինելու, որ նա տղա չունենա։ Պահակակետից մեր երկուսը գիշերային տեսացույցով չորս դին խուզարկեցին, ասացին․ «Տեսանք` բան ու գործ չունեցող շնագայլ կամ աղվես էր նորվա հազացողը»։

Գիշերն անցավ։ Օրը պայծառ էր։ Խիստ ու ահռելի մեծության լեռան ստվերն անդրադարձով տղաների դեմքերի գույնը դարձրեց իր նման կապույտ։ Շնչելուց մեր առջեւի ատամները սվսվում էին, ու գիտեինք, որ սառնամանիքը դեռ չի թուլանալու։ Լեռան գագաթին սկզբից կետերով, հետո ամբողջ հասակով, նշմարվեցին մահմեդականները, նրանք գալիս էին։ Գոռացի․ «Ստարշինա»։ Ժայռերի արանքի իր դիրքից Անդրեն ասաց․ «Հա»։ Ասացի․ «Ձյուն եմ ուզում»։ Ասաց․ «Բերեմ»։ Նա դուրս պիտի մնար նրանց նշանառուների օպտիկական հսկողությունից, սողեսող պիտի գնար տապարանման սուր խճաքարերի միջով ու ձյուն պիտի բերեր։ Մեր բոլորի ծնկներն ու ափերը կտրտված էին այդ խճաքարերի վրա։ Իմ ձայնը դեռեւս ականջներիս մեջ էր, ես էլ էի լսել իմ ասածը, ես ձյուն էի ուզում։

Օրը պայծառ էր, երկնքի կենտրոնում կիսալուսինն էր կանգնած, եւ ինչ֊որ կապ էր զգացվում դեսուդեն ընկած դիակների, մերկ մարմինների, հողագնդի ու լուսնի միջեւ։ Ստարշինան ձյունը բերել էր, ասացի․ «Հողոտ է, կեղտոտ ձյուն ես բերել»։ Ասաց․ «Գնա՞մ, նորը բերեմ»։ Ասի․ «Չէ, ինձ համար կանխորոշվածն է։ Ինձ հասանելիքն է սա»։

Այնքան հետաքրքիր էր` ինչ ասում էի, ես էլ էի լսում, ձայնս կանգնում էր ականջներիս մեջ, ու իմ ասածը նորից, կրկնված լսում էի եւ ձյուն էի ուտում։ Տղաները բոլոր ժայռերի ու քարերի թիկունքից տեսնում էին ինձ, ու նրանց հայացքները տխուր էին ու խոհուն։ Նրանք գիտեին, որ հենց դա չի կարելի ինձ, մարտից առաջ չի կարելի որեւէ բանի ըղձալի տրվել` լինի կին, հարստություն, զավակ, շաբաթների հյուծող քաղց, թե սրտի մեջ թպրտացող տաք պատկեր։

Ներսի մերկ, անտանելի միայնակ լինելն է ճիշտ, մենք բոլորս էլ դա գիտեինք։ Բայց ես ձյունը ծամում էի ու հանկարծ ձնագնդից այն աղջկա ստինքների բուրմունքն առա, որի հետ գնացել էի ծաղկած հոնի ծառերին նայելու եւ Զվարթնոցի տաճարում արյան ավազանի առաջ, Աստվածների բաց աչքերի դեմ համբուրել էի շրթունքները, եւ երբ տուն էինք վերադառնում, նկատեցի, որ նրա հագած շորերը կարմրածուփ էին` ողջակեզի կամ թագուհու նման։

Եվ հանկարծ բոլորս միասին, միանգամից տեսանք մեր միջով անցնող, նախանցյալ տարի հեռու լեռներում հակառակորդի գնդակից զոհված մեր ջոկատի Մերուժանի ստվերը։

Մեր նշանառուները հրազենների հեռադիտակների մեջ ժայռերի ու ծերպերի արանքներում` որոնում ու չէին կարողանում գտնել նրանց ականանետներին ճիշտ նշանառություն տվող կոորդինատորներին։ Ժայռերի ու խճաքարերի կարծրության վրա պայթող ականները քարե բեկորներ էին շաղ տալիս ու չտեսնված վնասում էին մեզ։ Մենք անընդհատ բարձրանում էինք դեպի վրանը` մեր նախորդ օրը կորցրած դիրքերը։

Հետո մենք տեսանք, թե ինչպես ստարշինան գտնվում էր դեռ չանվանարկված աշխարհում, որտեղ ոչ մի բան դեռ անուն չուներ, նայողներիս համար այդ աշխարհն ինքը պիտի անվանարկեր։ Նա ձեռքը տարավ գլխին, ափի մեջ թափված ուղեղը բերեց առաջ, ձեռքը մաքրեց փորի վրա ու ընկավ։ Մենք բոլորս կռվում ու մեր դիրքերից տեսնում էինք, թե ինչպես հրամանատարը մտել էր նրա ծանրության տակ, ոտքերի տակից խճաքարերը փախչում էին, իսկ նա պահում էր ու չէր թողնում, որ նա տապալվի տապարի նման սուր, կտրող խճաքարերի մեջ։

Ստարշինային բարուրվող մանկան նման պառկեցրեց շինելի վրա, հավատացյալ նորակոչիկներին ասաց․ «Իջեցրեք ներքեւ»։ Նրանք չէին կարողանում տանել, նրանցից մեկը մտել էր քարերի ետեւը, սուր սրտխառնուք ուներ։ Մեր տղաներից մեկը` Սաքոն, իր դիրքերից գոռաց․ «Էհե՜յ, դրան ցելոֆանե տոպրակ տվեք, թող մեջը փսխի»։ Մեր շրթունքները ճաքճքված էին, ոչ կարողանում էինք լացել, ոչ էլ` ծիծաղել։ Հրամանատարը Մխիթար ին կանչեց, ասաց․ «Մի մատ երեխեք են, իջեցրու դրանց հետ»։ Նրա ձայնը թախծոտ էր ու միայնակ, մենք ճանաչում էինք այդ ելեւէջը, ինչպես մեր ներսի ձայնը։

Ռադիոկապով շտաբին էինք հայհոյում` նրանց ականանետները վերացնել չկարողանալու եւ մեզ օգնական ուժեր չուղարկելու, հաց ու փամփուշտ չհասցնելու, մեկ էլ իրենց վառարանով տաքուկ սենյակի համար։ Նրանք էլ այնտեղից փոխադարձ մեզ էին հայհոյում։

Երկու օր ու երկու գիշեր էլի մահմեդականների հետ դեմհանդիման էինք։ Հետո մեր հետախուզած ճանապարհով անցանք նրանց թիկունքը ու հասանք վրանին։ Նրանց` շրջափակման մեջ ընկածներից մեկը քաշել էր նռնակի օղակը, ցանկանում էր ինքն իրեն մեռցնել։ Հեռվից ռուսերեն ու իրենց լեզվով խառը ասացինք․ «Մի անի, կապրես»։ Մենք սպասում էինք, տղաներից մեկն ասաց․ «Հիմա էլ բոզցել, հեքիաթներ եք պատմում, հեքիաթներ մի պատմեք, թող անի»։

Մեր հրամանատարը մերոնց չէ` նրան ասաց․ «Մի հատ փորձիր հիշել ձեր գյուղի բուրմունքը, ջրափոսերը, ամեն մի ջրափոսի մեջ քո պատկերն էր․ ամբողջ օրը վազել ես գառների ետեւից, տուն ես եկել քերծված ծնկներով, միայն ձեր գյուղում այդպես կլոպկտվեին ծնկներդ։ Մի արա, օղը դիր տեղը»։ Ասաց․ «Չէ, ես տեսա ստվերը, ձեր զոհված տղաներից մեկի ստվերն էր… Եկավ, տվեց ու անցավ ձեր միջով, ասաց, թե չէ լուսինը ինչ կապ ունի, օրը ցերեկով ինչի՞ է լուսինը երկնքի կենտրոնում»։

Նա տեսել էր լուսինը եւ օղը տեղը չդրեց։ Մենք մոտեցանք մյուսին, ձեռքերը պարանով կապեցինք, տղաներից մեկը խզակոթով հարվածեց մեջքին` ծոծրակին մոտիկ։ Հետո մենք վերա դառնում էինք տուն, մեզանից առաջ, ոստոստալով, շրջադարձերի ու բլուրների ետեւում երեւալով ու անհայտանալով գնում, ստարշինայի դին էր տանում մեր թափքավոր «Ուազ» մեքենան։

Երբ ահագին ճանապարհ անցած, ամբողջ ջոկատով եկանք, հասանք նրան, տեսանք` շրջվել էր ձորի մեջ։ Դագաղը հեռվում, ձյուների մեջ` աջ կողմում ընկած, իսկ ուղեկցող Մակին ու ձեռքերը կապած մահմեդականը դեմ֊դեմի` ծնկաչոք։ Նրանց ոչինչ չէր պատահել, բայց Մակին լացում էր։ Մեր հրամանատարը հարցրեց, ասաց․ «Այտա, ինչի՞ ես լացում»։

Նա լացը չէր կարողանում զսպել, մենք սպասում էինք, Վաչիկը սապոգը հանեց, մեջը ոտքը հարող մեխ կամ քարի կտոր էր որոնում, մենք սկսեցինք փոխնիփոխ մի ծխախոտ ծխել ու ներքաշած ծուխը երկար պահել թոքերի մեջ։ Հրամանատարը մի անգամ էլ հարցրեց, նա լացելով աղաղակեց․ «Ես այլեւս չեմ կարող»։ Ապտակեց ձեռքերը կապած, իր կողքին ծնկաչոք, սագի նման բարակ, երկար վզով մահմեդականին, ասաց․ «Ես այլեւս չեմ կարող, մի նրա խալը տեսեք, նա հորս շատ է նման»։

Մեր բոլորի շրթունքները ճաքճքված էին, ու մենք ոչ կարողանում էինք ծիծաղել, ոչ էլ լացել։

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Sea of Butterflies
Sea of Butterflies
Play Online