Levon Khechoyan

Աղջիկը, բանաստեղծը

Հորեղբայր Գուրգենիս Աննան այնքան գեղեցիկ էր` թաղի տղաները գիշերուզօր նրանց պատերի տակից չէին հեռանում։ Սպառնում էին իրար։ Արտասահմանյան մեքենաներով էլ ուրիշ պատանիներ, ավելի մեծահասակներ էին գալիս, տան դիմաց փողոցում կանգնած` մնում էին գիշերվա մեջ։

Օվչարկա սեւ շունը այգու երկայնքով գնալ֊գալով, ցանցկեն մետաղե ցանկապատը կրծոտելով` հաչում էր առանց դադարի։

Մի խավար գիշեր հարեւանի Գոշը հեծկլտալով երգեց Աննայենց տան կողմը, հոգեւոր ճեմարանը նոր էր ավարտել, վարդապետի կոչում էին շնորհել։ Մի օր էլ գլուխը դրեց գնացքի ռելսին։ Ամբողջ թաղը վազում էր անտառածածկ բլրի լանջերը։ Շոգեքարշն անցել էր։ Տարածված սեւ ու խոր կարմիր է հողի վրա։ Թփերի տակ, վերամբարձ քամու մեջ, ոտքից թռած կոշիկը նկատվում է անընդհատ, որոշակի։ Մակերեսին տեսանելի են նաեւ շատ ծեր սակավատերեւ թխկիների արմատները, երբեք նորերը չէին կարողանում տնկել, մինչեւ տունկերի ծառ դառնալը, դղրդոցով երթեւեկ գնացքների անընդհատ բլուրը ցնցելուց` հեռացող ավազը մերկացնում էր արմատները, ուտիճները գալիս, կրծում էին դրանք։

Տեսանելի էր նաեւ փլվածքը, բլրի կավահողը լուսարձակ, նրա ֆոնին` սպիտակ խալաթավորների քայլելը․ ավազը ծորում է գնալ֊գալուց։

Շտապ օգնության ճերմակը` բլրին, քաղաքի դիմաց, նրա փայլատակումն է ընդգծված դիտվում։ Շոգը սաստկացավ, դեռ էլի թեք կանգնած է լանջին, կողի դռնից` վերեւից ներքեւ, խորության մեջ կարմիր էր կաթկթում։ Տարածությունը եւ նրա միջով` թարթվող կապույտ լույսերի սուրալը։

Հետո խումբ֊խումբ գալիս էին շտապ օգնության ետեւից, ավազը հոսում է ոտքերի տակից, իջնելիս կարմիրը փոխվեց ճերմակի, նրանց դեմքերը այնպես էին սպիտակել, ինչպես խոտի դեզին իջած ճերմակ ձյունը։

Աննան, որ դարձավ տասնչորս֊տասնհինգ տարեկան, սատանան մտավ մեջը․ թաքուն տղաներին է նայում, երազում ջահելներ է տեսնում, գրկվում, համբուրվում է, գիշերները բազմոցի փոքրիկ բարձիկը ազդրերի արանքը դրած է քնում, սարսափած թռչում, նստում է, մի քանի բաժակ սառը ջուր է խմում, բերանը կրկին չորանում է, քունը կտրվում է աչքից։

Մի գիշեր էլ երազին սատանա է գալիս, փաթաթվում, շոյում, համբուրում է իրեն։ Դիմադրում, աղաղակում է, հետո վեր է թռչում քնից, հեծկլտում, դողում է, էլ չի կարողանում աչք փակել։ Առավոտյան ափը դրած պորտին` ներսում այրվող տեղն է ցույց տալիս մորը, սրթսրթալով լացում է, քանի որ չի կարողանում հասկանալի բացատրել, ափի տակ այրոցք է զգում, թե՞ այրոցքով խտուտ։ Գունատվել, գիշերվա երազը պատմում է ծայրից ծայր։

«Հիսուս Քրիստոս, ես էլ վախեցա, ես էլ վախեցա, եւ ասում է Ելենը, եւ կալիր, խափանիր փորձությունը»։ Սկսում է անհանգստանալ աղջնակի համար։ Գիշերները երիցուկի, մարիամ ածաղկի, քնաբեր խոտերի թուրմեր է խմեցնում, եթե չի օգնում, երկար, միատոն զրուցում է, բաներ է պատմում մինչեւ ուշ գիշեր։ Հոգնեցրած, ուժասպառ` նոր թողնում է անկողին, որ անմիջապես, առանց երազներ տեսնելու քնի։ Խորհուրդ է տալիս` բազմոցի փոքրիկ բարձիկը ազդրերի արանքը չդնի։

Մի օր էլ ամռանը սաստկացող դեղին շոգերի հինգ֊վեցերորդ օրը, անձրեւ գալու ժամանակ, կոշկակարանոց` հորեղբայր Գուրգենիս հաց է տանում։

Կողքով` մայթին զուգահեռ, տաք անձրեւաջրերով բերնեբերան լցված առուն` կարմիր օձի շառաչով, սլացքը ջրերի` պահածոյի, գարեջրի ժնգժնգացող տուփերով, մուգ տիղմով։

Թացի մեջ քաղաքը` շատը, բազմաքանակը, տրամվայի ռելսի կռանված մետաղի ճերմակը եւ կոճափայտերի վրա, բենզատարը` երկար, օրորվող սեւ մեջքով, սյունին` միագլուխ լուսակիրը շողշողում է եռագույն։ Տների հաստ պատերից ներս թափանցած անձրեւով` պաղած օդի թմրաբեր վարակը, քարեցանկապատի վրա հորանջում են կատուները։ Միանգամից ծագած շլացնող արեւի հոսքը, դեռ էլի ամեն տեղ կանգնած ջրափոսերի մեջ մեղուներ են ընկնում։ Ծիածանը, նրա յոթ աստիճանը, առաջ մտքի մեջ, հետո բերանով` ցածրաձայն, միայն այդ անգամ ներսում առաջացող մեղեդին է երգում։ Տղաների մասին մի վայրկյան էլ չի մտածում։

Մեկ էլ հանկարծ սատանան ճանապարհն է կտրում։ Ղժժում է Աննան, հեծկլտում է, ոտքերը առաջ չեն գնում, քիչ է մնում ուշաթափվի։ Մարդիկ են հավաքվում, տարօրինակ հայացքները, նրանցից այն կողմ` միագույն տների զանգվածը, խորհուրդներ են ելնում շրթունքներից, շուրթերը երեսներին անցքեր են լինում, ականջների խշշոցը, անտակ թրջված է, բերանը բաց է, մազ է կախվել աչքին, լացը կտրում է, հավաքվածները գնում են։

Սատանան ասում է․ «Ինչո՞ւ ես մտածում, թե ես սատանա եմ, այդպես չէ, ուզո՞ւմ ես մարդ դառնամ»։ Նա, բանաստեղծի վարսերի նման երկար, արդեն ճերմակող գլխին կարմիր մի գլխարկ է դնում, դառնում է խորագետի աչքերով մարդ, գալիս, կանգնում է նրա առաջ։

Հորեղբայր Գուրգենիս Ելենը նրան սովորեցրել է` երազում, թե արթմնի, պորտի տակ այրոցք, թե այրոցքով խտուտ զգալիս, տղաների մասին մտածելիս, թե սատանային հանդիպելիս Աստծո անունը տա։

Աննան ասում է․ «Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, բա դա ինչ պե՞ս եղավ»։ Տղան հարցնում է․ «Դու կամուսնանա՞ս ինձ հետ»։ Աննան ծարավ է, շունչն է կտրվում, գլուխը կախել, ասում է․ «Հայրիկին, մայրիկին հարցրու»։ «Ինձ համար քո ասած խոսքն է կարեւոր, ոչ թե նրանց պատասխանը»,֊ ասում, աներեւույթ է լինում։

Հեռվում` ջեռուցատան ծխնելույզի սեւ բարձրությունը։

Աննան եկել է, կերակուրը տեղավորում է կոշկակարի սոսընձոտ, մեխոտ սեղանին։ Հորեղբայր Գուրգենս շուտ էր տեսել նրա սփրթնած դալկությունը, հիմա է խոսում` ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այդքան թաց։ Մի քանի անգամ է հարցնում։ Ասում է․ «Ոչինչ, ճանապարհը երկար էր, անընդհատ հուժկու անձրեւազարկ էր, հոգնել եմ»։

Հորեղբայր Գուրգենիս կոստյումն է մեխից իջեցնում, հագել է, ոտքերի շուրջը ջուր է կաթկթում, ապակեպատ կոշկակարանոցի թմրաբեր տաքը, ռադիոյի խոսքը չի ընկալում, հայրն էլ է խոսում, Աննան կերակրում է նրան։ Ասվածները կհասնեն, կամ կլսի, երբ ականջների խշշոցը կամաց֊կամաց թուլանա։

Հացի պայուսակը ձեռքից ձեռք գցելով` վերադառնում է։ Թիթեղագործների կամարե դարպասավոր բակում երեք կին եւ մի տղամարդ կրակին դրված պղնձի շուրջն են կանգնել` թել ներկելու համար։

Սատանան նորից կտրում է ճանապարհը։ Այս անգամ Աննան ոչ աղաղակում, ոչ էլ ուշագնացության է հասնում, միայն սիրտն է խփում, բերանը չոր է։ Ասում է․ «Տեսա՞ր, որ այլեւս չես վախենում ինձանից»։ Ասում, դարձյալ բանաստեղծի վարսերի նման երկար, արդեն ճերմակող գլխին կարմիր մի գլխարկ է դնում եւ մարդ դարձած, փոս ընկած աչքերով, մաշված կոշիկներով քայլում է Աննայի կողքով` ֆշշոցով քաղաքը ողողած դեղին ջրերի միջով։ Ասում է․ «Ես քո խոսքին եմ սպասում, դե, ասա որոշումդ»։ «Չգիտեմ, ասում է Աննան, հայրիկին, մայրիկին հարցրու»։ «Լավ, եթե համաձայն չլինեն, քեզ կփախցնեմ», ասում, հեռանում է սատանան։

Իսկ հակառակ մայթին` թիթեղագործների մեկ ուրիշ բակ․ երեք կին եւ մի տղամարդ դարձյալ կանգնած են կրակին դրված պղնձի շուրջը` թել ներկելու համար։

Բայց Աննան չի տեսնում նրանց․ վազեվազ, ծունկը քերծած գալիս է տուն, ականջնեթաշկինակը թաց է, տան իրերի տեղը չի հիշում, աչքի առաջի բանը որոնում, չի նկատում։ Դալուկ է, պորտի տակ եւ այրվում է, եւ խուտուտով այրոցք է պտտվում, շնչահեղձ տոթ է, սառնարանից թանձրացած, պաղ ջուր է խմում։ Տեսածը, լսածն ու արածն է պատմում մորը, թե կրպակից ձու, վերմիշել, շաքարավազ չի գնել, դրամը տվել է նրան։

Ելենը երեսն է խաչակնքում, ասում է․ «Ես էլ վախեցա, ես էլ վախեցա»։

Խոսում, չի լռում, Աննային, փորձով իմացած, խորհուրդներ է տալիս։ Քիչ ժամանակ անց, երբ ինքն էլ է հանգստանում, մտածում, տալիս֊առնում է, գնա՞, թե՞ չգնա դպրոցի տնօրենի մոտ․ որոշում է գնալ։

Տնօրենը շատ մեծ հարգանք վայելող Սլիկ֊Արամն էր, նույնիսկ մի անգամ բազմանդամ ընտանիքով ոտքի ելած, ունեցվածքը կապկպած, ճանապարհի սնունդը, ջուրը կարմիր «Ջորին» բարձած, երեխաներին ու կնոջն էլ մեջը խցկած` գնացել, համարյա հասել էր դրախտի դռներին։ Իմաստուններ, հեղինակավոր եւ հայտնի մարդիկ հավաքվել, սպիտակ դարպասը տանող ճանապարհն են կտրել, պարիսպների տակ կանգնեցրել, մի կերպ համոզել էին, թե «Սլիկ֊Արամ, դու հո ծուռ չես, դու խելքդ գլխիդ մարդ ես, կարդացավոր ես, գիր ու գրականություն, զորություն գիտես, սեւ, սպիտակն ընթերցող, հնազանդվող ես, մինչեւ մարդ չմեռնի, չթաղվի, չգնա մյուս աշխարհ, ինչպե՞ս կմտնի դրախտ, այդքան մարդ էլ հավաքել, ինչո՞ւ ես եկել»։

Ճերմակ դարպասների առաջ վիճաբանելու այդ դեպքից հետո էր, որ նրան միանգամից հարավային թաղի դպրոցի տնօրենի պաշտոնը տվեցին, իսկ դեպուտատ ինքն իր ուժերով դարձավ։

Հորեղբայր Գուրգենիս Ելենն ասում է․ «Քո գիտելիքներին, կոչումներին մեռնեմ, մեր ընտանիքի հետ այսպիսի դեպքեր են պատահել, եթե մեկը կարողանա մեզ խորհուրդ տալ, փրկել, դա դու ես, որ կաս»։ Պատմում է ամբողջ եղելությունը։ Սլիկ֊Արամը հանգստացնում, հուսադրում է Ելենին։ Խորհուրդ է տալիս այսու հետ աղջնակին լայն շըրջազգեստներ հագցնել։ Ասում է․ «Դպրոցի միջանցքներում ես էլ եմ նկատել` կարերը քանդվում են նրա մարմնի զվարթությունից, ասում է, լավ կլինի` վերեւից էլ օձիք֊մոձիքը փակվի, այնտեղին նայող աչքերը գայթակղվում են երեւացող բացից։ Լավ կլինի, ասում է, գիշերները քնելուց առաջ տրամադրությանը կպչող բան ասեք, մարմնի մեջ ցնծությունը շատ է, ասում է, նրա սավանն էլ կոշտացրեք․ խորհուրդ չեմ տալիս ուշ ժամերի հեռուստահաղորդումները, մանավանդ ֆիլմեր դիտի, ասում է, ոչ մի ընդգծող հագուստ, հատկապես շալվարից մեկընդմիշտ պիտի հրաժարվի, ասում է, այդքան էլ վախենալու բան չկա, իմ խորհուրդները որ կատարեք, սատանան չէ, ճերմակող երկար մազերովը չէ, այլեւս դեւն էլ չի կարող մոտենալ»։

Վերադառնում է։ Կեսօրվա արեւը` հալվող, պսպղուն, ջնարակված մայթերի վրա։

Առանձնանում է Աննայի հետ, երկար խոսում, խորհուրդներ է տալիս, ասում է․ «Ես էլ եմ վախեցել, ես էլ եմ վախեցել»։

Հետո Աննայի շրջազգեստի օձիքը պինդ բուռն է հավաքում, քորոցով կիպ ամրացնում է` շնչահեղձ անելու պես։ Ասում է․ «Հների սովորության համաձայն` ասեղը կկալե֊կկապե փորձությունը»։

Օգուտ չուներ։ Աննան նստի, կանգնի, մտնի, դուրս գա կամ մառան կամ խանութ հացի գնա, կոշկակարանոց կերակուր տանի, հատկապես տաք անձրեւների տակ փողոցով քայլի, հենց այդ պահերին հայտնվում է սատանան, բանաստեղծի վարսերի նման երկար, արդեն ճերմակող գլխին կարմիր մի գլխարկ է դնում եւ նիհար, կաշի ու ոսկոր, մաշված վերնաշապիկով մի տղա դարձած, արեգդեմ քայլում է Աննայի կողքով, ասում է․ «Քորոց չէ, մորդ մանկավարժական մեթոդական գրքերով խորհուրդները չէ, անգամ դրախտի ճերմակ դռներին հասած Սլիկ֊Արամն էլ չի կարող քեզ ինձանից ազատել։ Մենք իրար ենք պատկանում»։

Մի քանի օր էլ անցավ․ մի շոգ գիշեր` լուսադեմին, երբ արդեն լույսի կապույտ լույսը ծառից ծառ լքում էր հողը, բանաստեղծի վարսերի նման երկար, արդեն ճերմակող մազերով տղան տարավ Աննային։ Թաղում միանգամից է ձենձնվում, որ այսինչ աղջիկը այնինչ մարդու հետ է փախել․ գնացել են մայր տաճար, մտել են վարդապետի մոտ, նրանց պսակել, դարձրել է ամուսիններ։

Ճաշի սեղանի շուրջ չէինք խոսում, պաղ լուրը մեզ էլ հասավ։

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Bound in sleep
Bound in sleep
Play Online