Ler Kamsar
Նամակ Հակոբ Պարոնյանին
Երկինքեն Պարոնյանը նամակ մըն է ուղղեր ինձի, որը սակայն 18 տարվա գիր է։ Ինչպես կերևի յոթներորդ երկինքեն եկած նամակները վարի վեց երկինքներու մեջ խստիվ քննության կառնվին։ Իրավ է 18 տարի առաջ երկինքին ու երկրին միջև ուղիղ գծով հարաբերություն չկար. այդ գիծը բացվեցավ Սուեզի ջրանցքին բացվելեն քիչ առաջ խումբ մը հոգևորական-կապիտալիստներու ձեռամբ։ Հիմա կարելի է արդեն նամակ ստանալ ուղիղ գծով։ Նամակը Վերին Երուսաղեմեն ձգվելով` կիյնա Վարի Երուսաղեմ` իրենց տերերուն։
Պարոնյանին նամակ թեև հին, բայց անանկ նյութի մը մասին է գրված, որը միշտ նոր է հայ ազգին համար ու բնավ չի հիննար. այդ պատճառով բարձր կարդամ, դուք ալ լսեցեք։
Մեծապատիվ պարոն անունս ազգանունս
Կենդանի բարեկամս.
Հայտնի է, կարծեմ ձեզ, որ ես տարիներ առաջ մեռա... անոթի. սակայն ինձմե հետո մեռնողներուն պատմելուն նայելով, ես բոլորովին զուր տեղն եմ մեռեր և մահս եղեր է ազգին ցանկության հակառակ բան մը։
Կպատմեն, օրինակ, որպես թե Ազգը սկսեր է կշտամբել ինքզինքը շատ ծանր խոսքերով, որ ինձի օգնության չէ փութացեր ու թողեր, որ մեռնիմ անոթի։ Եղեր են բուռն հարձակումներ ինձի պաշտոնե զրկողներուն դեմ և դագաղիս վրա թովիչ խոսքեր մըն են ըսեր որպես թե ես հանճար մըն եմ, եղեր է լաց ու ավաղանք։ Չեմ գիտեր... եկողները անանկ կպատմեն, որ եթե ես չմեռնեի ու շաբաթ մըն ալ դիմանայի, Ազգը որոշել էր արդեն և օգնության պիտի փութար ինձի։ Ասիկա այն ցավալի հանգամանքը կցուցադրե, որ ես գուր տեղ, թյուրիմացությամբ եմ մեռեր, զոհ անհամբերությանս։ Ու դարձյալ նույն պատմողներուն նայելով՝ եթե շաբաթ մըն ալ տոկայի, օ՜, անկե ետքը Ազգը ամեն կողմե այնքան ուտելիք թափեր, որու սպառման համար պետք պիտի ըլլար գեթ 200 տարի ապրիլ։
Ուրեմն եթե ես երկու օր մըն ալ զսպեի ինձի, առտուներ հացի հետ պանիր ալ պիտի ուտեի ու ճաշին լուբիա։ Ի՜նչ երջանկություն։ Չգիտեմ, գուցե երևակայությունս քիչ մը սանձարձակ է, սակայն եթե նույնիսկ ատոր կեսը ենթադրենք, դարձյալ ահագին բան է։ Ափսոսանքս ու զղջումս մանավանդ անոր համար կայրե ինձի, որ ախր ես շաբաթվա մը հաց ունեի, ու չկերա անոր համար, որ ընտանիքս ինձմե ետք քանի մը օր ալ ավելի ապրի։ Եթե գիտնայի, որ Ազգը այդքան սրտացավ է հանդեպ ինձ և պատրաստ է... մեռնելես ետքը օգնության փութալ ինձի, իհարկե կուտեի։ Բայց զարմանալի բան. ինչպե՞ս Ազգը դեպի ինձ ունեցած այդ բուռն սերը կրցած էր թաքցնել անտարբերության քողով, ինչպե՞ս իր շարժումները չէին դավաճաներ իրեն, չնայած որ ես միշտ կխուզարկեի անոր սրտին ծալքերը, թե արդյոք իմ մասին որևէ համակրանք չունի՞ թաքցուցած։ Կկրկնեմ, որո՞ւ միտքեն կանցներ, որ այդքան անտարբեր երևացող Ազգը, այսքան սիրեր է ինձի... Իսկ ես իմ դառնության րոպեներուն անիծեր եմ ան, Ա՛զգ իմ, ներողություն, հազար ներողություն, սիրելիդ իմ, ներե՛ ինձի իմ այն մեկ քանի դառն խոսքերուն, որ ըրի քեզի, ներե՛...
Ինչևէ, մենք զիրար չհասկցանք, բայց սխալն անուղղելի չէ. թողունք զգացմունքի խոսքերն ու անցնինք սույն նամակ գրելուս պատճառին։
Հիմա, ես, տեսնելով որ սխալմամբ եմ մեռեր, կուզեմ վերադառանալ երկիր ու նորեն ապրիլ։ Միայն թե այս բանի համար հարկավոր է գործը որոշ հաստատության տակ դնել։ Այս առթիվ ձեզմե խոնարհաբար կխնդրեմ նամակս ստանալուդ պես, անգամ մը գնա Ազգին մոտ և հարցուր. ըսե Հակոբ Պարոնյանը կըսե` եթե նորեն երկիր գամ, պիտի սիրե՞ս ինձի. ըսե, շուտափույթ պատասխանի կսպասե։ Եթե ըսավ «այո», ան ատեն խնդրեմ վազեվազ մեռիր ու ինձի լուր մը բեր։ Անհամբեր կսպասեմ։
Մնամ` քո Հակոբ Պարոնյան։
Հ.Գ. Նամակս արդեն վերջացուցեր էի, երբ քանի մը ննջեցյալներ, որոնց դագաղին վրա նույնպես աղու խոսքեր մըն են եղած, իմանալով, որ երկիր նամակ կգրեմ, խնդրեցին իրենց մասին ալ հարցնել Ազգին, բայց դուն գործիդ նայե, եթե ամեն գովված մեռել ուզենա վերապրիլ, ո՞ւր կհասնի. անոնք դագաղին վրա ըսված քաղցր խոսքերուն կնային, մինչդեռ եթե այդպես ըլլա, երկնքի բնակիչները բոլորն ալ պիտի իջնեն կյանք. վասնզի, ան ո՞ր մեռելն է, որուն դագաղին վրա գնահատական խոսքեր չի եղեր...
Իմ կողմանե.- Ես եթե մեռնելու ըլլամ, շատ-շատ երկու ամիսեն հազիվ վասնզի հուլիս և օգոստոս ամիսներու նպաստը ստացված է։ Անանկ որ, անկե առաջ լուր տալ անկարող եմ ինձմե անկախ սույն պատճառով։ Իսկ գալով նամակին պատասխանին, իմ կարծիքով սա բանին մեջ մեղավորը ինքը` Պարոնյանն է։ Անիկա ինքնագլուխ մեռնելեն առաջ պարտավոր էր բաց նամակ մը ուղղել Ազգին թե` Ա՛զգ, ահավասիկ ես անոթի եմ ու կմեռնիմ. կամք կուտա՞ք այս բանին, թե ոչ։ Բնական է, Ազգ մը չի կրնար մարգարե ըլլալ իր մեկ գործչին կարոտ վիճակը հասկնալու համար. հեռու չերթանք. դեռ անցյալներ Բաքուեն Ռ. Հովհանջանյանը տիար Ավետիս Ահարոնյանին օգնության ճիչը բարձրացուց «Արևին» մեջ. բայց տեսա՞ք ինտոր վերջինս ձեռքը անոր բերնին դրավ, որ չպոռա, առարկելով, որ իրեն չի վայելեր կուշտ ըլլալ, երբ Ազգը անոթի է։ Այս տեսնելով, իհարկե, այսուհետև Ազգն ալ պիտի քաշվի օգնության ձեռք երկարել իր մեկ կարևոր անդամին՝ մերժումեն վախնալով։
Մինչ մեր մեջ սովորություն մը դարձեր է ցավալի կերպով, որ կարևոր ազգային մը մեռնելուն պես իսկույն Ազգին օձիքը կճանկենք, թե ինչո՞ւ թողիր, որ մեռաներ, օգնեիր թող, սանկ-նանկ...
Մինչև այսօր գեթ ես տեսած չեմ, որ գործիչ մը Ազգեն հաց ուզած ըլլա, ան քար տա, կամ ձուկ ուզած ըլլա, ան օձ տա. ինչ-որ ճշմարիտն է ան ըսենք։
Եթե երկինք հանդիպեցա, այսպես ալ կըսեմ Պարոնյանին։
Դուք ի՞նչ կարծիքի եք... այսպես ալ ըսեմ, չ՞է։
1917թ.