Lazaros Aghayan

Ասլան-Բալա

1

Եղել է, չի եղել՝ մի թագավոր։ Մեկ օր այս թագավորի որսորդներից մեկը գալիս է նրա մոտ և ասում.

Թագավորն ապրած կենա, ես էսօր մի զարմանալի բան տեսա մեր որսորդության անտառում։ Մի էգ ասլան տեսա և նրա հետ մի մանուկ՝ յոթը կամ ութ տարեկանի չափ։ Մանուկն ու ասլանը խաղում էին իրար հետ, ինչպես մայր ու որդի։ Մեկ՝ ուզեցի նետ ձգել, ասլանին սպանել, բայց մեկ էլ՝ վախեցի, ասացի՝ վա՛յ թե մանուկին դիպչի, կամ ասլանը վիրավորվի ու հարձակվի վրաս. սրա համար սուսուփուս ետ փախա։

Այս որ լսեց թագավորը՝ շատ զարմացավ և հրամայեց, որ մի քանի հազար մարդով գնան շրջապատեն անտառը, ասլանին սպանեն կամ փախցնեն, իսկ երեխային ողջ-ողջ բռնեն, բերեն։

Թագավորի հրամանը կատարվեց։ Երեխային բռնեցին և բերին։ Մի կայտառ և սիրուն տղա էր. աչքերը խոշոր, ճակատը լայն, գանգուր մազերը առյուծի ճանկերով սանրված ու փռված ուսերի վրա, մեջքը բարակ, կուրծքն ու թիկունքը լայն։

Տասը հոգով հազիվ էին կարողացել բռնել և կապոտել, բայց շատերին ճանկռտել էր սուր-սուր եղունգներով։ Խեղճը մերկ էր և համր, խոսել չգիտեր, այլ՝ մռնչում էր առյուծի պես. չգիտեր, որ ինքը մարդ է և ո՛չ առյուծ։

Տեսան, որ արձակ պահելու հնար չկա, նրան կապեցին երկաթե շղթայով և սկսեցին քիչ-քիչ ձեռնասովոր անել և ընտելացնել։ Նրան անվանում էին Ասլան-Բալա, այսինքն՝ առյուծի ձագ, բայց թագավորի որդին՝ Վուրգը, որ շատ սիրեց նրան հենց առաջին օրից, նրա անունը դրավ Արսեն։ Վուրգն էր պահում Արսենին, նրան հաց ու ջուր տալիս և ամեն տեսակ համադամ կերակուրներ, որ նա ուտում էր յոթը մարդու չափ։ Վուրգը հայելու մեջ Արսենին ցույց տվավ նրա պատկերը, որ նա տեսնե, թե ինքը մարդ է և ո՛չ առյուծ։ Եվ ճշմարիտ, որ նա առյուծի ծնունդ չէր, այլ՝ մարդու։ Ձագը կորցրած մի առյուծ պատահմամբ գտնում է մորը կորցրած մի ծծկեր երեխայի և տանում է ծիծ տալիս, պահում։

Արսենը մի քանի օրվա մեջ շատ մեղմացավ և այնքան սիրեց Վուրգին, որ բոլորովին անձնատուր եղավ նրան։ Վուրգն էլ արձակեց նրան կապանքներից, լողացրեց, գլուխը սանրեց, երկար ու սուր-սուր եղունգները կտրատեց, իր հագուստի նման հագուստ հագցրեց և սովորեցրեց նրան խոսել, երգել, խաղալ և բոլոր այն բաները, ինչ որ ինքը գիտեր։ Երեք ամիս չանցած՝ Արսենի վրա ոչ մի վայրենության նշան չմնաց, այլև երևաց, որ նա շատ շնորհալի է և իմաստուն։ Նրա լսողությունը, տեսողությունը, հոտառությունը տասնապատիկ, քսանապատիկ ավելի էին զարգացած, քան թե սովորական մանուկներինը։ Նրա լեզուն այնքան ճարտար չէր, ինչքան սիրտը, որ լուռ ու մունջ հայտնում էր նրան, թե ի՛նչն է լավ և ի՛նչը վատ, ի՛նչն է չար և ի՛նչն է բարի։ Սրտի իմացությունը, այն, որ ասում են. «Սիրտս ասում է, սիրտս չի տալիս, սիրտս իմացավ, սիրտս քաշեց», ահա այս սրտի իմացությունը, որ ուսումնական մարդիկն անվանում են բնազդ (բնազդումն-բնազդեցություն), Արսենի մեջ չափից դուրս զարգացած էր, և նա շատ բան իմանում էր, առանց նրա փորձն առնելու։

Ինչքան որ Վուրգը Արսենին կրթեց, բան սովորեցրեց, մի այնքան էլ ինքը նրանից սովորեց։ Վուրգը կրթեց Արսենի լեզուն, միտքը, Արսենն էլ կրթեց Վուրգի մարմինն ու սիրտը։ Արսենը սիրում էր խաղալ, վազել, սիրում էր սար, ձոր, անտառ. տունը նրա համար մի տեսակ բանտ էր թվում, նա իր հետ քաշում, տանում էր և Վուրգին և զանազան մարզություններով կազդուրում էր նրա քնքուշ կազմվածքը։ Այսպիսով, ինչքան որ Արսենը փոխվեցավ՝ վայրենությունից քաղաքավարի մարդ դառնալով, մի այնքան էլ Վուրգը փոխվեցավ՝ ընկնելով բնության ծոցը․ նա ուժեղացավ, ճարպիկացավ, առաջվան վախկոտությունը մոռացավ, անվեհեր սիրտ ստացավ և քաջություն։ Այսպես Վուրգն ու Արսենը միմյանց կրթելով եղան ինչպես մի հոգի և մի մարմին, մինչև դառան տասնյոթ-տասնութ տարեկան։

2

Մեկ անգամ զբոսնելու էին դուրս եկել գետափը։ Աղջկերքը կժերով ջուր էին տանում գետիցը։ Նրանց մեջ կար և մի պառավ՝ նիհար ու կնճռոտ դեմքով։ Վուրգի մոտով անցնելիս պառավը խեթ աչքով նայեց Վուրգի վրա։ Վուրգին դուր չեկավ պառավի այս խոժոռ հայացքը։

Այս պառավի կուժը պիտի կոտրեմ, ասաց Վուրգն Արսենին և, դեռ ընկերոջ պատասխանը չառած՝ մի քար նետեց պառավի հետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց։ Ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին։

Թրջված պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թագավորի որդին էր այդ չարությունը անողը, ասաց.

Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ… Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։

3

Պառավի անեծքը սիրո հրեշտակի նետի պես ցցվեց Վուրգի սրտումը։ Վուրգն սկսեց տխրել, նիհարել։ Նա, որ Արսենից ջոկվելու սովորություն չուներ, միայնակ էր ընկնում սար ու ձոր և առանձնության մեջ ողբում, լաց լինում, Անտես-Աննմանի անունը տալիս, դեպի նրան թռչում հոգով ու սրտով, նրան գովում երգերով, նրան կանչում օգնության։ Անտես-Աննմանը պատկերանում էր նրա երևակայության մեջ իր աննման գեղեցկությամբը։ Նա աչքերը խփում էր այդ ժամանակ, ծունկ չոքում, փառաբանում, զմայլում այն աստիճան, որ ուշքը գնում էր գլխից, նվաղում, վայր ընկնում։

Այս այն սերը չէ, որ մեր ժամանակ մեր աշխարհումը կա։ Սա սեր էլ չէ իսկապես, այլ՝ մի զորեղ փափագ, մի ուժգին իղձ, մի սաստիկ ցանկություն, մի մուրազ և ուրիշ այնպիսի զգացում, որ մարդ ունենում է իր սրտի ուզած երջանկությունը ձեռք բերելու համար։ Այսպիսի իղձ մարդը կարող է ունենալ և ուսում, գիտություն ձեռք բերելու համար, իր հղացած նշանավոր միտքը իրագործելու համար և ուրիշ շատ բաների։

Հին ժամանակները քաջ երիտասարդները իրանց հերոսությունը նրանով էին ցույց տալիս, որ սար ու ձոր էին ընկնում և իրանց ուզած լավ բանը ձեռք բերում կամ մտքումը դրած քաջությունը կատարում։ Իհարկե, այդ բաների ձեռք բերելը պետք է շատ դժվար լիներ և ո՛չ խաղ ու պար, պետք է ամեն մարդու գործ չլիներ, եթե ոչ՝ էլ ի՞նչ քաջություն, էլ ի՞նչ հերոսություն կարող էր համարվել։

4

Արսենից չէր կարող ծածուկ մնալ Վուրգի սրտմաշությունը։ Նա հեռվից հսկում էր և տեսնում էր ամեն բան։ Նա այս բանը լավ առիթ էր համարում թե՛ իր քաջությունը փորձի ենթարկելու և թե՛ ցույց տալու իր անհուն սերը, որ ուներ դեպի Վուրգը։ Եվ ահա մեկ օր գտնում է նրան անտառումը և ասում.

Եղբա՛յր, ես տեսնում եմ, որ դու հալումաշ ես լինում, ինձանից ինչո՞ւ ես թաքցնում քո վիշտը։ Էլ ես ո՞ր օրվա համար եմ, որ քեզ քո մուրազին չհասցնեմ։ Երթա՛նք, երթա՛նք, լավ է հուսով մեռնել գործի մեջ, քան թե անհույս սատկել անգործության մեջ։ Պառավի անեծքը իսկապես անեծք չէ, այլ՝ մի շատ գեղեցիկ օրհնություն։ Եթե նա անիծած չլիներ, դու և՛ այդ օրը չէիր ընկնիլ, և՛ ոչ էլ, ուրեմն, կաշխատեիր ձեռք բերել աշխարհիս ամենից գեղեցիկը։

Արսենի այս խոսքերից սաստիկ հուզվեց Վուրգը, գրկեց նրան և արտասուքն աչքերին համբուրեց նրան՝ սիրահար պատանու ջերմ համբույրով։

Արսե՛ն ջան, Արսե՛ն, բացականչեց նա, որքա՜ն մեծահոգի ես դու։ Ես չէի ուզում իմ վշտին և կրելիք նեղություններիս մասնակից անել քեզ։ Դու ինչո՞վ ես մեղավոր. կուժը ե՛ս կոտրեցի, տանջվողն էլ ե՛ս պետք է լինիմ։ Բայց ի՞նչ կարող եմ անել ես առանց քեզ։ Այսուհետև իմ մուրազը քո ձեռին է, իմ կյանքը քո բռնումն է. իմ գլխումս է՛լ խելք չի մնացել, դու պետք է ինձ առաջնորդես, դու պետք է ինձ կա՛մ կյանք տաս և կա՛մ մահ։

Ոչ թե մահ, այլ՝ կյանք միայն, ասաց Արսենը։ Զորացի՛ր և մի՛ վհատվիր. մենք շուտով ճանապարհ կընկնենք։ Եվ ժամանակ է արդեն, որ մենք մեր ուժն ու շնորհքը ցույց տանք, էլ ուրիշ ի՞նչ բանի ենք պետք. գութան չենք վարում, տավար չենք պահում, պատերազմ էլ չկա, որ կռիվ գնանք, ինչո՞ւ համար ենք ապրում աշխարհիս երեսին, ինքս էլ չգիտեմ։ Ձրի ապրելն ի՞նչ կվայելե տղամարդին։

Բայց հայրս թույլ կտա՞ արդյոք, կամ ինչպե՞ս հայտնենք նրան։

Իմաց կտանք մի կերպ։ Գիտեմ, որ թույլ չի տալ, բայց մեզ կբացատրե մեր ձեռնարկության դժվարությունը, մեր նպատակին հասնելու անկարելիությունը և, առանց մեր հարցնելու՝ ի՛նքը կհայտնե տեղն ու ճանապարհը, որ մենք չգիտենք։

5

Թագավորը բացի Վուրգից ուներ և մի աղջիկ, գեղեցկությամբ ոչ պակաս, քան Անտես-Աննմանը։ Աստղիկ էր անունը։ Սա նույնքան սիրում էր Արսենին, ինչքան և Վուրգը։ Իմանալով եղբոր միտքը՝ հորը հորդորում էր, որ թույլ չտա նրանց այդպիսի մի վտանգավոր ճանապարհորդություն անելու։

Ո՞վ է ետ եկել այնտեղից, որ դրանք ետ գան, ասում էր Աստղիկը։ Կանչի՛ր, խրատի՛ր դրանց, որ այդպես բան չանեն։ Ո՞վ է լսած, որ չտեսած աղջկա վրա սիրահարվին. այդ մի խենթություն է, ուրիշ ոչինչ։

Թագավորը կանչեց երկուսին էլ և ասաց.

Ամեն բան հայտնի է ինձ։ Շատ ցավում եմ, որ այդպիսի մի ցնորական վիշտ է ընկել որդուս սիրտը, բայց չեմ կարող թույլ տալ ձեզ։ Այդ չտեսնված աղջկան համար շատ թագավորների որդիք են կոտորվել, շատ զորք է փչացել, ես ինքս մասնակցել եմ այդ կռիվներին, օգնության եմ գնացել ուրիշներին։ Նա կենում է Յոթը-Լեռան քամակին, Սև Բերդումը։ Քառասուն եղբայր ունի՝ մեկը մյուսից աժդահա։ Քառասուն գունդ զորք էլ որ լինի՝ նրանց ոչինչ չեն կարող անել։ Ամեն մեկը մի ահագին կաղնի ծառ պոկած՝ զորքերին այնպես են սրբում պատերազմի դաշտումը, ինչպես մենք սրբում ենք մեր կալերը ցախավելով։ Ի՞նչ խելք կլինի, ուրեմն, ձեր կողմից՝ գնալ և այդ դևերի ճանկն ընկնիլ։

Ների՛ր ինձ, հա՛յր թագավոր, որ համարձակվեմ քեզ հետ վիճել, ասաց Արսենը։ Ոչ մի ուժ աշխարհիս երեսին չի կարող Աստուծո կամքին հավասարվիլ։ Ուժն Աստծու ձեռին է. երբ ուզենա՝ կզորացնե, երբ չէ՝ կթուլացնե և զորեղ դևին մի երեխա կշինե։ Դու ասում ես, որ շատերն են կռվել և հաջողություն չեն ունեցել, բայց արդյոք այդ շատերի մեջ եղե՞լ է մի մարդ, որ իր սնունդն առյուծից լինի առած։ Ո՞վ տվավ առյուծին այդ գութը, որ ինձ պահե, պահպանե, եթե ո՛չ Աստված։ Արդյոք այդ կռվողների մեջ եղե՞լ է մեկը, որ Վուրգի նման սիրահարված լիներ, և կամ մի որևէ պառավ իր անեծքով կամ օրհնությունով նրա մեջ ձգած լիներ Աննմանի սերը։ Ինչո՞ւ չկարծել, որ այս հիշած բոլոր դեպքերի մեջ մի աներևույթ կապ կա, և դրանք նրա համար են այսպես միացել, որ ձեռք բերեն այն, ինչ որ ուրիշները չեն կարողացել։

Շատ խելոք ես խոսում, Արսե՛ն, ասաց թագավորը, դու լավ պատգամախոս կլինիս, և ամեն հրաշագործություն կհաջողի քեզ, քանի որ քո մանկությունն ի՛նքը մի հրաշք է։ Բայց պետք է գիտենաս, որ քուրմ է եղել թե հրաշագործ՝ թագավորի հրամանովն են անում, ինչ որ անում են, իսկ թագավորը նրանց գործի է դնում իր օգտին, առանց նրանց ինքն անձամբ հավատալու։ Դու կարող ես, այո՛, քրմապետ լինել, բայց ո՛չ ինձ հավատի բերելու համար։ Իմ ասածը ասած է։

Հա՛յր, խոսեց Վուրգը, միևնույն է, եթե չգնամ էլ, այս ցավով պիտի մեռնիմ ես։ Ես արդեն մեռած կլինեի, եթե Արսենի հուսատու հորդորները չլինեին։ Եթե թույլ չտաս մեզ գնալ, իմ հուսահատվիլս ու մեռնիլս միասին կլինի։ Գթա՛ ինձ, օրհնի՛ր մեզ և ճամփա դիր։

Մի՛ հավատար, հա՛յր, մեջ ընկավ Աստղիկը։ Ո՞վ է մեռել սիրուց, որ եղբայրս մեռնի։ Պարապությունից խենթություն է եկել վրան։ Պատերազմ հայտնիր Անդաս թագավորի դեմ, թող երթա՝ այնտեղ ցրվե իր ցնորքները…

Քո՜ւյր իմ, սիրելի՜ քույր… բացականչեց Վուրգը՝ աղաչողական հայացք ձգելով Աստղիկի վրա։

Եղբա՜յր իմ, սիրելի՜ եղբայր, պատասխանեց Աստղիկը՝ այնպիսի մի հայացք ձգելով Արսենի վրա, որի մեջ ամփոփված էր մի ամբողջ վեպ։

Վուրգն իմացավ, որ քույրը նույնպես սիրահարված է, և եթե իր սերը պահանջում էր հեռանալ, քրոջ սերը, ընդհակառակն, պահանջում էր չհեռանալ։

Գնանք, գնանք, ասաց Արսենը։ Մենք մեզ կհանձնենք Աստուծո կամքին, ինչպես նա կտնօրինե, մենք էլ այնպես կվարվենք։

6

Վճռվա՛ծ է, բացականչեց Արսենը Վուրգի ներկայությանը, իբր ինքն իրան խոսելով․ պետք է գնանք, պետք է գնալ անպատճառ… Ես Աստղիկի սիրույն ինձ արժանի չեմ համարիլ, մինչև նրա եղբորը չհասցնեմ իր մուրազին։ Ո՞վ եմ ես, ո՞վ է իմ հայրը, մայրը… Ասլան-Բալա… դատարկ հնչյուն, որ ոչ մի եղանակ չունի։ Ի՞նչ եմ արել, ինչո՞վ եմ բարձրացրել այդ անունը, ինչո՞վ եմ պատվել իմ առյուծ դայակիս կաթի արժեքը… Ո՛չ, ես առյուծի կաթ չեմ ծծել, ուրեմն… Գնանք, գնանք, Վո՛ւրգ… Դեռ հայտնի չէ, թե՝ մեր երկուսից ո՞րն է ավելի սիրահարված, և որի՞ առջև կան ավելի խոշոր բարոյական խոչընդոտներ։ Գնանք, հոգի՛ս, գնանք փետրավորվենք սիրո թևերով և սլանանք դեպի վեր և վեր… Ա՛հ, ի՞նչ օր կլինի, երբ մենք արդեն Սև Բերդումը կլինենք…

Մեր քաջերը, այսպես ոգևորված, գնացին թանգարանը, ընտրեցին իրանց ուզած զենք ու զրահը, վերցրին մեկ-մեկ հատ հին պապական աղոթած թրեր, որոնցով քար ու երկաթ կարելի էր կտրել, թամքեցին թռչկան ձիաները և, «որսի ենք գնում» ասելով, ձիանը հեծնելն ու անհետանալը մեկ արին։ Օրեր անցան, մեր տղերքը չերևացին։ Նոր գլխի ընկան, թե՝ ո՜ւր կլինին գնացած…

7

Յոթը-Լեռան քամակին, Սև Բերդումը Անտես-Աննմանի հսկա եղբայրները մեծ տոն էին կատարում իրանց արած հաղթությունների համար։ Յոթը դևի գլուխ էին կտրել և յոթն աղջիկ ազատել գերությունից։ Իրանք էլ յոթը եղբայր էին ընդամենը, թեև նրանց համբավը քառասունի էր հասել, յոթն էլ պսակվել էին գերությունից ազատված յոթն աղջկերանց վրա։ Ամենքն էլ ուրախ ու զվարթ էին, տխուր էր միայն Անտես-Աննմանը։

- Ինչո՞ւ այդչափ տխուր ես, քո՛ւյր իմ,– ասաց մեծ եղբայրը։– Յոթը եղբայր ունիս, յոթն էլ քեզ համար գլուխը ետ դրած, հիմա էլ՝ յոթը հարս ունիս, ամենքն էլ քո աղախինդ լինելու պատրաստ, թեև բոլորն էլ մեծ իշխանների և թագավորների աղջկերք են։ Եթե մեկ հոգս ունիս, ասա՛ մեզ, մենք պատրաստ ենք կատարելու քո ամեն մի չնչին քմույշ անգամ։

- Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչի՛ եմ տխուր,– ասաց Աննմանը.– այս գիշեր մի երազ տեսա, երևի նրանից է…

- Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես տեսել, ասա՛ մեզ,– կրկնեցին բոլոր եղբայրները։

- Երազումս տեսնում էի երկնքից իջած երկու հրեշտակ, մինը քան զմյուսը գեղեցիկ։ Մեկը թուր ուներ ձեռին, իսկ մյուսը՝ մի փունջ ծաղիկ։ Թրավորը թուրը շողշողացնում էր ձեր գլխներին, իսկ փնջավորը դեմ էր անում ինձ իր հոտավետ փունջը։ Այս երազիս մեջ էի, մեկ էլ պատուհանիս առջև մի թռչնիկի ձայն լսեցի, որ երգում էր. «Վո՛ւրգ-Վո՛ւրգ-Վո՛ւրգ»։ Այս անվան վրա ես զարթնեցի և մի կերպ եղա, քիչ մնաց սիրտս գնում էր։ Կարծես թռչնիկը այն հրեշտակի անունը տվավ, որ ինձ մի փունջ ընծայեց, և ինչքա՛ն գեղեցիկ էր նա, ինչքա՜ն, ինչքա՜ն…

Ասաց քույրը և արտասուքն աչքերին հեռացավ եղբայրներից, որ իր ներքին հուզմունքն ու շփոթությունը ծածկե նրանցից։

- Մեր քույրն իր բութան ստացել է,– ասաց մեծ եղբայրը,– եթե այդ բութա տվողը գա՝ մենք պիտի հաղթվենք։ Սրի շողշողալը մեր հաղթվելն է նշանակում։

- Եվ կարծեմ ժամանակն էլ է, որ մեր քույրն իր մուրազին հասնի,– ասաց փոքր եղբայրը,- բավական է, որքան որ արյուն թափեցինք դրա համար։ Այսուհետև ով որ գա՝ իմ գլխի վրա տեղ ունի։

- Այդ շա՛տ լավ ես ասում,– ասաց մի ուրիշը,– բայց կարելի է թե՝ եկողը նրա Վուրգը չէ, այլ՝ մի ուրիշը, մի՞թե մենք պետք է ամեն եկողի տանք մեր քույրը։

- Ո՛չ, ո՛չ,- ձայն տվին ամեն կողմից,- թող մեր գլխին թուր շողշողա, և մեր քույրը իր ուզածին գնա։

Այսպես խոսեցին եղբայրները, բայց ամենի սիրտն էլ այնպիսի մի ահ ընկավ, որ մինչև այդ օրը նրանցից ոչ մեկն զգացած չէր։

8

Մեր տղերքը ուղիղ յոթն օր ճանապարհ գնացին, ճամփին շատ չար ու բարի տեսան, շատ տեղ հայտնեցին իրանց ճամփորդության նպատակը, շատերից սարսափելի վտանգներ լսեցին, բայց իրանք աներկյուղ շարունակեցին իրանց ճամփան, մինչև հասան Սև Բերդի սահմանը։

Մի անտառապատ և բարձր լեռան վրա էր Սև Բերդը։ Երբ մոտեցան բերդին, իջան մի գեղեցիկ ծաղկավետ հովտի մեջ մի աղբյուրի վրա։

- Դու փայտ հավաքիր և կրակ վառիր,– ասաց Արսենը,– իսկ ես մեկ կբարձրանամ դեպի այս ձորի խորքը, կարելի է՝ մեկ որս ճանկեմ։ Հետքեր շատ կան, այստեղ լավ որսի տեղ է։

Արսենը գնաց, իսկ Վուրգը, փոխանակ փայտ հավաքելու, սկսեց ծաղիկ քաղել և շատ ճաշակով մի գեղեցիկ փունջ կապեց։ Մինչև Վուրգն իր փունջը կկապեր, Արսենը եկավ՝ մի ահագին վարազ շալակած։

- Ո՞ւր է կրակը,- հարցրեց Արսենը։

- Կրակը սրտո՛ւմս է,- պատասխանեց Վուրգը։– Ես Անտեսիս համար տես ի՜նչ գեղեցիկ փունջ եմ կապել։

- Ուրեմն, դու դեռ ջուրը չտեսած՝ ոտներդ հանել ես արդեն։ Լա՛վ, անց կենանք, ուրեմն, այդ ջրովը, մոտենանք բերդին և այնտեղ վառենք կրակը, որ շուտ նկատեն մեզ և գան. տեսնենք՝ ի՞նչ են ասում։

- Ես էլ եմ կարծում, որ այդպես լավ կլինի։ Ինչ լինելու է, թող շո՛ւտ լինի։

Բարձրացան մինչև բերդի պարսպի տակը, որտեղ կրակ վառեցին և ամբողջ վարազը, փորը միայն դատարկած, քաշեցին մի հաստ ձողի վրա և սկսեցին խորովել։ Այսպես գիտությամբ արավ Արսենը, որ տեսնողը իրանց հասարակ մարդիկ չհամարե, այլ՝ հսկաներ։

Հենց որ բարձրացավ կրակի ծուխն ու բոցը և հասավ մինչև ամպերը՝ հսկաները վեր նայելով նկատեցին այդ և իրանցից մեկին ուղարկեցին, որ տեսնե՝ ի՞նչ բան է, ովքե՞ր են եկողները, և շուտով լուր բերե։

- Ահա՛ գալիս է մեկը,– ասաց Արսենը,– դու վեհանձն եղիր, տեղիցդ չշարժվես, այլ միայն՝ դեպքին հարմար հրաման տուր ինձ, որ նրանք նկատեն, որ դու իմ պարոնն ես, ես՝ քո ծառան։

Մի աժդահա մարդ էր եկողը։ Թեև պակաս հսկաներ չէին և Արսենն ու Վուրգը, բայց նրա համեմատությամբ փոքր էին։

- Ի՞նչ մարդիկ եք,– կանչեց հսկան հեռվից…

Արսենը ձեռքով արավ, թե՝ մո՛տ եկ, տեսնենք ի՛նչ ես ասում։

Հսկան մոտեցավ, և երբ տեսավ ամբողջ վարազը խորովելիս՝ ահ ընկավ սիրտը, բայց իր երկյուղը ցույց չտալով սկսեց բարկանալ, թե՝ ինչպե՜ս են համարձակվել իրանց որսերին դիպչել։ Կռացավ, որ շամփուրը վեր առնե, շպրտե, Արսենը բռնեց նրա օձիքից և այնպես հեռու մղեց, որ հսկան կոճղի պես գլորվեց։ Սաստիկ զայրացած վեր կացավ տեղիցը և կպավ Արսենին։ Արսենը, որ արդեն փորձել էր հսկայի ուժը, բռնեց նրա ականջներից և այնպես քաշեց, որ գլուխը խփեց գետնին և ծունր դնել տվավ իր առաջին։ Այդ ժամանակ Վուրգն այլևս չուզեց պարապ մնալ, արձակեց հսկայի կաշվի պինդ գոտին և նրանով կապոտեց նրա կռները։ Կաշկանդված հսկային հետո կապեցին մի հաստ ծառից, և իրանք սկսեցին իրանց նախաճաշիկը։

- Սկիզբը լավ է,– ասաց Արսենը,֊ տեսնենք վերջը ի՞նչ կլինի։– Հետո, դառնալով հսկային, ասաց.

- Մենք եկել ենք ձեզ մոտ հյուր, և դուք այդպե՞ս եք ընդունում ձեր հյուրերին։ Կուզե՞ս մի կտոր միս տամ, կեր։– Այս ասելով՝ մի մեծ կտոր մոտեցրեց հսկայի բերանին։

Իսկ դուք այդպե՞ս եք հյուրասիրում ձեզ մոտ եկողին, ասաց հսկան։ Արձակեցե՛ք և այնպե՛ս հրավիրեցեք ինձ ճաշի։

Բայց հետո՞, խոսք տալի՞ս ես, ասաց, որ չես փախչիլ և քո եղբայրներին իմաց տալ։ Կամ, եթե խոսք էլ տաս՝ ո՞վ կհավատա քո խոսքին։ Բայց որ հավատաս, թե մենք վատ մարդիկ չենք, տե՛ս այս թուրը. մի հարվածով կարող էի այս րոպեիս թռցնել գլուխդ, բայց կյանքդ քեզ եմ բաշխում, որովհետև իմ պարոնն այսպես է կամենում, արյուն թափելու հրաման չի տալիս։

Այս խոսակցության ժամանակ, մեկ էլ տեսան, որ մի ուրիշ հսկա էլ է գալիս։ Նա որ տեսավ իր եղբորը ծառից կապած՝ ջանը դող ընկավ, բայց է՛լ ավելի բարկացավ, քան առաջինը և, առանց հարցուփորձի, ուղղակի հարձակվեց մեր տղայոց վրա։ Արսենն առաջ անցավ և նրա ականջներն էլ գցեց ճանկը և չոքացրեց առջևը՝ ասելով.

Նախ երկրպագությո՛ւն տուր մեզ. մենք հասարակ հողեղեն չենք, այլ՝ ձեր հոգիառ հրեշտակներն ենք։

Այս խոսքի վրա ահագին հսկան այնպես դողդողաց, ինչպես մի նապաստակ՝ որսկան շան ճանկերում։ Սրան ավելի հեշտությամբ կապռտեցին եղբոր կողքին։

Հետո եկան երրորդը, չորրորդը՝ մինչև յոթներորդը։

Ո՞ւր են ձեր մյուս եղբայրները, գոռաց Արսենը, թող գան ձեզ օգնեն։

Էլ ուրիշ եղբայր չունինք, ասաց ամենից մեծը, այս ենք, որ կանք։

Շա՛տ լավ, ասաց, հիմա ի՞նչ փրկանք կտաք մեզ, որ ձեզ ազատենք։ Տեսնո՞ւմ եք ահա, որ ձեր կյանքը մեր ձեռին է, մի-մի հարվածով կարելի է թռցնել ձեր բոլորիդ գլխները։

Եվ Արսենն սկսեց թուրը շողշողացնել նրանց գլխներին… Այս միջոցին մի ձայն հասավ Արսենի ականջին.

Ո՛հ, խնայեցե՜ք, խնայեցե՜ք իմ եղբայրներին. այդ դո՛ւք չէիք, որ հաղթեցիք դրանց, այլ՝ ճակատագիրը։

Արսենը ետ մտիկ տվավ և տեսավ, որ մի աղջիկ է գալիս՝ սպիտակ քողն երեսին։

Ես գործ չունիմ նրա հետ, ասաց Արսենը Վուրգին, նա քո՛ բաժինն է. ինչ կուզես՝ արա։

Ո՜հ, երկի՛նք, օգնի՛ր ինձ, բացականչեց Վուրգը և փունջը ձեռին մոտեցավ աղջկանը և ծնկաչոք թավազա արավ՝ ասելով.

Ո՛վ իմ Անտես-Աննման, ա՛ռ այս փունջն ինձանից, սրա հետ քեզ եմ նվիրում ես նաև իմ սիրտն ու հոգին։

Կընդունեմ այդ ընծան, որովհետև տվողը Վուրգն է։

Որտեղի՞ց գիտես դու իմ անունը, ո՜վ իմ նազելի։

Երկնքի թռչուններն ասացին ինձ,– պատասխանեց աղջիկը և, քողն երեսից ետ քաշելով, ասաց.

Ահա՛ ես էլ քեզ նվեր։

Վուրգը, տեսնելով Աննմանի գեղեցկությունը, սիրտն սկսեց թրթռալ, հազիվ կարողացավ գրկել նրան և համբուրել, բայց աղջիկը նույնպես նվաղեց, և երկուսն էլ ուշաթափվեցին։

Եղբայրս վայելեց մարդկային կյանքի միակ երջանիկ րոպեի քաղցրությունը. այսուհետև թեկուզ մեզ կոտորեն, էլ հոգ չունիմ,- ասաց Արսենը և ուրախության արտասուքն աչքերին մոտեցավ հսկաներին և ամենքի էլ կապանքներն արձակեց։

Հսկաները նույնպես հուզվեցան սրտի խորքից, մանավանդ՝ որ նախապատրաստված էին արդեն իրանց քրոջ երազից։ Մի քանիսը վազեցին տուն, որ պատրաստություն տեսնեն հյուրերի համար, մի քանիսն էլ, Արսենին իրանց մեջն առած՝ ճամփա ընկան դեպի տուն, գովելով նրա տղամարդությունը։ Իսկ Վուրգն ու Աննմանը ամենից հետո էին գնում և շուտ-շուտ կանգ առնում, իրար երեսին մտիկ տալիս, մեկ մեկով հիանում, զմայլում և միմյանց պատմում իրանց տեսած երազները։

Մեր քաջերին երեք օր պահեցին հսկաները և ամեն օր մի նոր ուրախության հանդես սարքեցին։ Երեք օրից հետո ճամփա դրին մեծ բահր ու բաժինքով։

Երբ տուն հասան, մի նոր կերուխում սարքեց թագավորը և երկու պսակ միասին կատարեց՝ Վուրգին Անտես-Աննմանի հետ, իսկ Արսենին՝ Աստղիկի։ Այս հարսանիքումը, ինչպես ամեն հեքիաթի հարսանիքում, նույնպես երեք խնձոր վայր ընկան ուղղակի երկնքից, միայն այս անգամ խնձորները ասողի և լսողի համար չէին, այլ՝ մեկը հավատի և քաջության համար, երկրորդը՝ հուսո և առաքինության, և երրորդը՝ սիրո և ուժի համար։

Be the first who will comment on this
Yatuk Music
Kars
Tigran Hamasyan

Kars

Dark green painting
Dark green painting
Play Online