Lazaros Aghayan

Կախարդական պատկեր

Արվեստով վիպասան մի երիտասարդ խոր քնի մեջ ընկղմած երազումը մի նոր վեպ էր գրում, իսկ նրա մոտ Ուրիելն ու Հերմեսը նստած վիճում էին իրար հետ։ Երիտասարդը երազում լսում էր նրանց վիճաբանությունը և գրիչը վայր դրած՝ ականջ էր դնում։

Այս խեղճին դու ես այսչափ հիմարացրել, որ երազումն էլ վեպ է գրում, հանդիմանում էր Հերմեսը Ուրիելին։

Հիմարացնելը քո արվեստն է, պատասխանեց Ուրիելը, ես միայն խելոքացնել կարող եմ։ Ասա խնդրեմ, մի՞թե հիմարություն է վեպ գրելը։

Մի՞թե պատասխանի կարոտ է ասածդ, չա՛ր։ Մեկ մարդ մինչև հիմար չլինի, ինչպե՞ս կարող է տակից գլխից դուրս տալ, հազար տեսակ չեղած բաներ հնարել, անհամ, անալի սուտեր կարկատել, որպեսզի կարողանա մի ավելի խոշոր սուտ ճշմարտի տեղ անցկացնել։

Զարմանալի արարած ես դու, Հերմես, քո ստեղծողն էլ պիտի կարծե, թե բանի նման է շինել քեզ։ Մի արարած, որ ի բնե միամիտ լինի ստեղծված, ի՞նչ գաղափար կարող է ունենալ իմաստության մասին, և իզուր չէր ասում Ապոլոնը, թե աշխարհի մարդիկ ավելի են իմաստուն, քան թե Օլիմպի բնակիչները։

Դու անհաղթելի ես և չար, երբ քեզ հետ խոսենք մարդկային լեզվով և մարդկային հասկացողությամբ, որովհետև դու ծռել ես մարդկային գաղափարը չարի ու բարու մասին, և եթե նրանց դատաստանին դիմենք, ամենքն էլ կասեն, թե Ուրիելն է ուղիղ ասում։ Բայց եթե դու մի կտոր խղճմտանք ունենայիր, կխոստովանեիր, որ ոտքից մինչև գլուխ խարդախություն ես և խաբեբայություն։

Լսիր, հոգիս, դու շատ միամիտ ես։ Եթե կա մի բան, որ մարդիկ ծուռ են հասկանում, այդ այն է, որ քեզ բարի են համարում, իսկ ինձ՝ չար, մինչդեռ քեզ պետք է հիմար անվանեին, իսկ ինձ՝ իմաստուն, քեզ պետք է համարեին տգիտության պաշտպան, իսկ ինձ՝ գիտության և իմաստության, քեզ պետք է համարեին հոգեառ և հոգեհան, իսկ ինձ՝ կենսատու, քեզ՝ ամլություն, իսկ ինձ՝ աճելություն։ Ո՞վ է տվել մարդկանց գիտություն բարվո, ո՞վ է տվել նրանց գիր ու գրականություն, շոգենավ ու շոգեկառք, հեռագիր ու հեռաձայն և հազար ու մեկ տեսակ մեքենաներ։ Մարդիկ և վայելում են եմ տված բարիքը, և ասում. դրանք բոլորն էլ չարի հնարածն են։

Եվ շատ ուղիղ են ասում։ Ի՞նչ երջանկություն ես տվել դու մարդկությանը քո հնարած բոլոր արվեստներովդ ու մեքենաներովդ. դու միայն սատանայացրել ես մարդկային ցեղը, իրար մսի արել, բանավոր մարդկանցից շինել ես այնպիսի հրեշներ, որոնք այլևս ոչ մի բանի նման չեն, զրկել ես արքայությունից և դժոխքի բաժին շինել։

Գիտես ի՞նչ կա, Հերմես. եկ դու քո արքայությունից ձեռք քաշիր, իսկ ես իմ դժոխքից, թեև իսկապես արքայությունն իմն է, իսկ դժոխքը՝ քոնը, ըստ որում մեկ մարդ մինչև հիմար չլինի, դժոխք չի գնալ, իսկ ես թշնամի եմ հիմարության, եկ հաշտվենք միմյանց հետ և մարդուն այսպես բաժանենք, մարմինն ինձ, իսկ հոգին քեզ, այս կյանքն ինձ, իսկ այն կյանքը՝ քեզ, ծնածն ինձ, մեռածը՝ քեզ։ Մեռածին ուր ուզում ես տար, կուզես արքայություն, կուզես դժոխք, մեռածներին կառավարելը հեշտ է, իսկ սաղերին կառավարելը քո խելքի բանը չէ, այդ իմ գործն է։

Ես համաձայն չեմ։

Ինչո՞ւ, հոգիս, քո նպատակն այն չէ՞, որ մարդիկ դժոխքի բաժին չդառնան, այլ արքայության, ես քեզ եմ տալիս երկուսն էլ, ուր ուզում ես՝ այնտեղ տար։

Ես համաձայն չեմ, որովհետև ո՞վ իմանա քո միտքն ի՞նչ է։ Դու ուզում ես աշխարհս քո իշխանության տակը դնել, բոլորին ապականել, իսկ ես ապականված հոգուն չեմ կարող մոտենալ և հակառակ չեմ, որ այդպիսին դժոխքումը տանջվի։ Ուրեմն դու ուզում ես վարպետությունով դժոխքիդ հաճախորդների թիվը շատացնել։

Եթե այդպես ես կարծում, ուրեմն շարունակենք մեր դարավոր թշնամությունը միմյանց դեմ, դու աշխատիր մարդկանց հիմարացնել, իսկ ես կաշխատեմ իմաստնացնել, դու աշխատիր ինձ սատանայացնել, իսկ ես կաշխատեմ քեզ գիշացնել, և հույս ունիմ, որ վերջ ի վերջո հաղթությունն իմս կլինի, որովհետև դու ինքդ էլ ես տեսնում, որ մարդիկ օրեցօր հառաջ են գնում, օրեցօր լուսավորվում և իմ դեմ լարած ձեր բոլոր մեքենայությունները մի օր կփշրվին իսպառ և ես կիշխեմ ամենքի վրա, իբրև զուտ հանճար և կլինեմ միահեծան տեր։

Եվ այնուհետև չես ճանաչիլ քո ստեղծողին, քո տիրոջը, չես հպատակիլ նրա կամքին։

Նա քեզ պես հիմար չէ, մեծ է նրա տիեզերքը, լայն է նրա սիրտը, նա թույլ կտա, որ ես իշխեմ նրա անհուն աշխարհների մի չնչին հյուլեի վրա և կառավարեմ իր տիեզերական օրենքի համեմատ։

Օ՜, սատանա, սատանա, որքան խորամանկություն կա քո մեջ։ Քո բոլոր ասածներդ այս մարդը լսում է երազումը և Ադամի պես խաբվում. քո բոլոր ասածներդ սա ընդունում է իբրև զուտ ճշմարտություն։

Եթե կարող ես հերքել, հերքիր ասածներս, թող չմոլորվի այս մարդը, իսկ ես սրա ականջին այս կասեմ, որ եթե ուզում է շնորհալի գրող դառնալ, թող իմացած լինի, որ սատանա ասվածը գրողների փիրն է, առանց սատանայի օգնության շնորհքով բան գրել կարելի չէ, աշխարհիս բոլոր հանճարները իմ ամենասիրելի բարեկամներն են եղել, միայն նրանք են հասկացել, թե որպիսի բնավորություն ունիմ ես, ինչքան ինքնուրույն, ինչքան անկախ, ինչքան ազատ։ Գյոթեն ինձ դիմեց իր Ֆաուստը գրելու համար, Բայրոնը՝ իր Մանֆրեդը, Շեքսպիրն՝ իր Մակբեթն ու Համլետը և նույնիսկ բոլոր մյուս գրվածները. Շեքսպիրի գլխում իմ ոգին էր խաղում շարունակ, նա մի դև էր մարդկային մարմնով, Լերմոնտովն ինձանով միայն կարողացավ ինձ գրել...

Բայց մեկը կար, որին չկարողացար մոտենալ, չա՛ր, և որ քեզ բացեիբաց մերժեց և հալածեց։

Այո՛, բայց նրա ջգրու ես մոտեցա Մահմեդին և նրա համար մի զորեղ հակառակորդ ստեղծեցի, մոտեցա Լութերին և պապի իշխանությունը կործանեցի, մոտեցա Կոլումբին և նրան Ամերիկա հասցրի, մոտեցա Ֆրանկլինին և նրան մի նոր Պրոմեթևս շինեցի, հափշտակել տվի երկնքի շանթը և մարդկության ձեռքին գործիք շինել տվի... Օ՜, անթիվ են իմ տված բարիքներս, բայց էլի ինձ չար են ասում հիմարները։

Եվ հիրավի, շա՜տ չար ես։

Իսկ դու, խոստովանում եմ, շատ բարի ես, դու, որ կաս, քո տիրոջ ջրկիրն ես, մի ողորմելի արարած, որպիսին դու ես մեկ էլ որ կաս։

Այս միջոցին քնած վիպասանը զարթնեց։ Նա երազումը սրանց խոսակցությունը բառացի չէր լսում, այլ ամեն մի բառը լսելիս՝ մի նոր փոփոխություն էր նշմարում երազումը և այնքան արագ էր կատարվում այդ փոփոխությունը, որ նա մի հարյուրերորդական մանրերկրոդի մեջ մի ամբողջ աշխարհք էր պտպտում, այնքան արագ, որ մի բառից հետո մինչև մյուս բառն ասելը նա անցնում էր այդ անհուն տարածությունը։ Օրինակ՝ Շեքսպիրի անունը լսելիս, նա գլխե ի գլուխ անցնում էր նրա բոլոր գրվածներով և իսկույն լսում մյուս բառը։ Նա տեսնում էր ասված մտքերի ընդարձակ պատկերները և այդ պատկերները արագ֊արագ իրար էին հաջորդում, ինչ արագությամբ որ բառերն էին հաջորդում իրար։ Չքնած ժամանակն էլ նրա միտքն այդ պատկերացումներն ուներ, միայն երազում նա տեսնում էր, ինչպես աչքով։ Ուրիելի խոսակցությունը մարդկային ձայնով չէր կատարվում, այլ մի անբացատրելի օդային շարժումով, որ մի չլսված մուզիկայի ձայնի էր նման։ Այդ ձայնը քնածի ականջով նրա ուղեղին հասնելով, այնտեղից անդրադառնում էր մարդկային բառերով։

Զարթեցավ մեր վիպասանը և տեղումը նստած՝ երկու ձեռքի մեջն առավ գլուխը և սկսեց միտը բերել, թե որպիսի երազի մեջ էր ընկղմված։ Երազը միտը բերելով՝ նա սկսեց մտմտալ.

Հրեշտակ, սատանա, բարի և չար ոգիներ։ Մարդ ի՞նչպես իմանա, թե երկուսից որն է իսկապես չար և որը՝ բարի։ Մարդն այնպիսի ստորոգելիք է տվել թե՛ մեկին և թե՛ մյուսին, որ երբ սկսում ես քննադատել, ամեն ինչ խճճվում է։ Լավ կլիներ, իհարկե, որ չեղած բաներին ոչ մի ստորոգելիք չտային, բայց երբ մի բան են ստեղծում և նրան չար կամ բարի ասում, գոնե պետք էր նախ լավ իմանային, թե ինչն է իսկապես չար և ինչը՝ բարի։ Մարդիկ այդ ստորոգելիքը տվել են այն ժամանակ, երբ բարու և չարի մասին ուղիղ գաղափար չեն ունեցել։ Իսկ մեր ժամանակ Ուրիելն իրավունք ունի ասելու, թե իմ արածս բարություն է և ոչ չարություն։ Ուղիղն ասած, ես ավելի Ուրիելին եմ համակրում, որ իր համար անկախ է և անընկճելի, քան թե Հերմեսին, որ մի կույր գործիք է Զևսի և նրա կնոջ ձեռքին։

Լսեցի՞ր, Հերմես, ասաց Ուրիելը, դե հիմա երթաս բարով, գնա քո Հերայի մոտ և նրան պատմիր Զևսի արարքները, իսկ ես կմնամ սրա մոտ, որ թելադրեմ ավելի առողջ մտքեր։

Հերմեսը մռմռալով հեռացավ, վիպասանից խռոված, իսկ Ուրիելը մի պատկերի կերպարանք առավ և կախվեց վիպասանի ննջարանում։ Վիպասանը չլսեց սրանց վերջին խոսակցությունը և նորից քնեց ավելի քաղցր քնով։ Առավոտյան, երբ զարթեց և տեսավ պատկերը, սկսեց ապուշ֊ապուշ նայել նրա վրա և զարմանալ, թե ո՞վ է բերել արդյոք այս պատկերը և ի՞նչ է ներկայացնում սա իսկապես։ Առաջին հայացքից ոչինչ չնշմարեց, բայց հետզհետե ինչեր ասես, որ չտեսավ։ Նրա մեջ պարունակված էր ամբողջ տիեզերքը բոլոր մանրամասնությամբ։ Նա ոչ տպված էր և ոչ նկարած վրձինով, այլ ինքնուրույն մի բան էր, նրա մեջ ամեն ինչ շարժուն էր և կենդանի, և մեր վիպասանը ինչ որ ցանկանում էր, նրա մեջ տեսնում էր իր ուզածի կենդանի պատկերը ամենայն մանրամասնությամբ։ Եվ այնուհետև նա սկսեց վեպ վեպի հետևից լույս հանել մինը քան զմյուսն ավելի հետաքրքրական։ Ամենքն էլ զարմացել էին նրա բեղմնավոր գրչի և հանճարի վրա, բայց ոչ ոք չգիտեր, որ նա այդ բոլորը հանում էր կախարդական պատկերից։

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Sunflowers, 1957
Sunflowers, 1957
Play Online