Lazaros Aghayan

Անտառի մանուկը

Անտառի խորքում մի ճոճ կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով.
«Նանա, բալի՛կս, նանա՜,
Մեծատերև թաթաշոր,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնո՛ւկս, նանա՜»…
Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։

2

Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որբ կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜…

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։

3

Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Romance
Aram Khachatryan

Masquerade - Romance

Tree, 1986
Tree, 1986
Play Online