Komitas

Մարգարիտ Բաբայանին 1909, Ս. Էջմիածին

Որքա՛ն ուրախացայ նամակիդ: Յիրավի վաղուց բան չեմ գրել քեզ եւ ոչ բարեկամներիս, որոնք թէեւ հեռու բայց շատ մօտ են ինձ.- ոչ խելք են թողել, ոչ միտք, անհանգիստ բան եմ եղել. հոգիս բերանս է հասել. երեւակայիր, որ շրջապատուած եմ թանձր մառախուղով, ուզում եմ լոյս, պայծառ լոյս տեսնել, հեռանալ վեր, շատ վեր, այրող արեւի հետ ապրել, բայց ճանապարհն չեմ գտնում, անիրաւ օդի մէջ խեղդամահ եմ լինում. մարդ չը կայ, որին բանաս սիրտըդ, մարդ չը կայ, որից մի բան լսես, նստում եմ առաւօտից մինչեւ իրիկուն բուբույին պէս իմ սեղանի առաջ, գրում ու գրում… Գալիս է հանգստի րոպէ, մարդ ես որոնում, որ գրածդ երգես, նուագես եւ կարծիք լսես,- չես գտնում: Դուրս եմ գալիս եւ վագրի պէս այս ու այն կողմն եմ շուռ գալիս մեն մենակ իմ պարտիզում եւ տանիքի վերայ:
Ես զարմանում եմ, թէ ինչո՞ւ մինչեւ այժմ դեռ չեմ խելագարուել այս մթնոլորտի խարդախ վայրերում: Մէկ ուզում եմ թռչեմ, հեռու միայնակ, մէկ էլ ուզում եմ փակուեմ մենակ ու ճգնեմ, բայց ի՜նչ եմ անում, որ չեմ ճգնում… այո, բայց ո՛չ այսպիսի, այլ իմ մուսայիս հետն եմ ուզում միայնակ ապրել, որ սիրտըս չը պղտորուի, միտքըս չը խարդախուի, հոգիս չի խռովի եւ խիղճըս չը մեռնի… Բայց եւ այնպէս չեմ յուսահատուել. աշխատում եմ, շատ բան եմ գրել, շատ բան եմ արել, քեզ էլ չեմ մոռացել եւ քո բաժինն էլ եմ պատրաստել, որ եւ ստացիր այս գրիս հետ միասին, իբր նմոյշ շատից: Շուշիկի շորորը եւ միւս սիրած կտորները վերջացրել եմ արդէն, բայց ժամանակ չեմ գտնում արտագրելու, ձեռքս շատ հետաքրքրական գործեր ունեմ, որ չեմ ուզում ձգել:

Կոմիտաս Վարդապետ

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby