Husik Ara
Դու ես հրաշքը
Իմ հրաշքը դու ես,
որ հայտնաբերել եմ երկրի վրա.
և աշխարհը ափիս մեջ
շրջում եմ Տիեզերական ոգու նման:
Գաղտնիքների գիրքն եմ կարդում հիմա,
որ վաղնջական ու կորած էր.
մարդիկ լսել էին այդ մասին,
բայց երբեք չէին տեսել,
թե ինչպես է բառը առնում թևեր
ու ճախրում է հմայումով քո հայացքի:
Քո մեկ հպումը մարգարե է ինձ դարձրել,
պայծառատես եմ ու գուշակ կես նայվածքիդ շնորհիվ
և քայլում եմ մարդկանց մեջ` ինչպես Փրկիչն էր:
Համրին եմ խոսեցնում,
կույրին ստիպում եմ տեսնել
և հարություն եմ տալիս մեռյալներին անգամ:
Ես կարող եմ հասկանալ թռչունների լեզուն,
գազանների հետ զրուցել
և լսել լռությունը ձկների.
մինչև իսկ Էվրիդիկեին ետ բերել անդինից,
որ չհաջողվեց Օրփեոսին:
Քո հրաշքը նախաստեղծ ու սկիզբ է դարձնում
կյանքի կորցրած իմաստները.
տիեզերքում ամեն բան իր տեղում է
ու ճիշտ է նորից,
և գեղեցկությունն է շենշում իր առաջին հմայքով,
որովհետև ժամանակը ուրիշ չափման մեջ է հիմա
և այդ չափը դու ես:
Քո մարմինը լույս է հորդում,
բուրում է հաց
և հոսում է ջուր.
ես հավատո՛ւմ եմ, կրկնվել է դրախտը երկրի վրա:
Թող չասեն,
թե էլի մեկը այդպես սիրել է ինչ-որ մեկին.
երանի ե՛ս լինեի,
և այդ մեկը
քո տեսքն ունենար ու իմ անունը կանչեր: