Hrant Matevosyan
Ընդհանուր ակնարկ
Մի Ժամանակ մոռ էին քաղում, տանում Դիլիջան ծախում. քաղելը դժվար է՝ մոռուտից դուրս ես գալիս դեմքդ բանջարով քրքրված, մինչև Դիլիջան երեսուն կիլոմետր է, ոտքով էին դնում, նաև՝ ճանապարհին մի զառիվեր կա՝ երկար ու համարյա ուղղահայաց, բայց տանում էին Դիլիջան ծախում։ Մոռը դառնում էր մատնաքաշ հաց, երկու գրվանքա շաքար և չորս համար կալոշ՝ սարվոր նանի համար, բրեզենտե կոշիկ, գլխարկ և վզկապ։ Մոռը դառնում էր դաշտային աշխատանքների ձախողում, նախագահի՝ կաշվից դուրս գալ, որ կտրվի Դիլիջանի ճամփան, բայց և այնպես նոր զեկուցագիր՝ «այսօր սա, սա, սա... լքել են աշխատանքը, գնացել Դիլիջան մոռ ծախելու. խնդրում ենք միջոցներ ձեռք առնեք նման անբարեխիղճ աշխատողների նկատմամբ»։ Զեկուցագրերի ձևը մնում էր նույնը, փոխվում էին անբարեխիղճ աշխատողները՝ մինչև որ բոլոր տատերն էին ունենում շաքար և կալոշ, բոլոր դպրոցականները՝ բրեզենտից կոշիկ ու բամազիե շապիկ՝ սեպտեմբերի մեկի համար։
Հիմա մոռուտները կան, ճամփան էլ մնում է նույնը, բայց կտրվել է Դիլիջանի ճամփան, հիմա մոռը դառնում է միմիայն մուրաբա՝ սպառնալով լցնել տանը եղած բոլոր ամանները։ Մոռը դառնում է նաև դաշտային աշխատանքների ձախողում, չպետք է դառնա, հասկանում եմ, դրա համար էլ առաջարկում եմ՝ թող հովեկները գան քաղեն, ծախեն գյուղացիներին։ Քիչ չեն վճարի։
Տրեխը դեկորացիա է. «Ես գյուղացի եմ, գյուղացիները տրեխ են հագնում. ես տրեխ եմ հագել»։ Բայց տրեխը հագել են չուխայի հետ և ոչ թե ջոնջոլի, և տրեխ հագնողը դառնում է դեկորատիվ գյուղացի։ Գործնականը սապոգն է, որ քաղաք գնալիս հագնելու համար չէ, դրա համար կա կոշիկը։
Յափնջին դիմացել է. հանձին դրա՝ հովիվները գտած են եղել կռվելու ամենահարմար ձևը ցրտի ու անձրևի դեմ, և ՍՍՀՄ֊ում ինչ֊որ տեղ ժամանակակից վերարկու կարող ֆաբրիկաներից մեկը ստիպված է ունենալ յափնջի արտադրող տեղամաս։
Շվին դիմացել է. ընդունել է Ավետ Գաբրիելյանի մրցահրավերը և հաղթել. իր սարերն են եղել, իր անդորրը, մակաղած ոչխարը՝ հանգիստ մնչալիս, իր լուսինն է եղել, նստած որի գլխին, սարվորը պառկած է եղել, աչքը կպցնելիս, ու հանգիստ սուլել է շվին։ Շվին հաղթել է։ Եթե քիչ են փչում, մի ժամանակ շատ են փչել՝ այդ ուրիշ. մի ժամանակ շվահար Դանելանց Արտեմը ջահել է եղել, հիմա ծերանում է Արտեմ քեռին։
Հարևան Շամուտի կազմած ծրագրով Երևանը համերգ տվեց։ Այդ համերգում չկային «Ինժեներ բալան», «Կոլխոզի չոբանը», «Ռաջի երգը «Թափառաշրջիկ» կինոֆիլմից». Մոցարտի «Ռոնդոն» կար, «Մայր Արաքսը» Շահմուրադյանը երգեց, «Ծիրանի ծառը» նվագեցին, ֆրանսացի մի մտերմիկ ձայն «Մեծ զբոսայգիներ» երգեց և էլի բաներ, որ ամենևին «Ինժեներ բալա» չեն։ Մարդիկ լսել են, ընտրել, ցանկացել նորից լսել։
Շամուտն Ահնիձորն է։ Ուղղակի՝ Շամուտը մի քիչ շուտ է գլխի ընկել, որ կարելի է պատվեր տալ, նորից լսել «Ծիրանի ձառը»...
Վաղը Շոպեն են լսելու. սպասեք աշխատանքը քիչ թեթևանա, հունձը էլի մի մասով ընկնի մեքենայի վրա... Դա հո կլինի դրա վրա ինչ֊որ տեղ հո աշխատում են մարդիկ, որոնք ունեն և լավ սիրտ, և գիտություն։