Hrant Matevosyan
Սուրեն Աղաբաբյան
Բարթուղ հոր՝ պարկեշտ, աշխատավոր հայ մարդու ցավալի կորուստը պատանի Սուրենին ընտանիքի հոր վիճակ էր պարտադրել, և ընկալելու, հաշվի նստելու, ըմբռնելու ու նպաստելու նրա անսահման կամեցողությունն ու կարողությունը հետո ամրացրել ու հաստատել էին հոր նրա այդ վիճակը։ Տանտիրոջ նման՝ որ իր տան ուրախությանը միայն մի աչքով ու միայն մի ականջով է մասնակից և մյուս աչքն ու մյուս ականջը դրսին՝ մեր հոգսերի ձմռանն են, Աղաբաբյանը երբեք չկարողացավ տրվել անձնական ինքնամոռաց ուրախությունների, երբեք չտրվեց անհույս տխրության, դրա մարդկային իրավունքը նա չուներ, նա ինքը իրենը չէր, իրեն չէր պատկանում։ Նույն տան որդիները կարող են չսիրել միմյանց և կարող են նույնիսկ իրենց հորը չսիրել, հայրն իրեն իրավունք չի տալիս նրանց վերաբերմամբ նույնպիսին լինել, լինելիս էլ՝ մանավանդ ցույց տալ. որդիները չպետք է տեսնեն, որ իրենցից ոմանք հորը սիրելի են, ոմանք՝ քիչ սիրելի։ Մենք նրանից նեղանալ տեսանք, բայց երբեք չարանալ, մենք նրանից կշտամբանք տեսանք, բայց երբեք թշնամանք։ Նրանն էին, նրան էր վիճակված ի մի բերել, հարադրել, հաշտեցնել, մեկ և էական բան դարձնել բոլոր-բոլոր ջանքերը։
Բայց նա բանաստեղծ էր ծնվել, նա նույնպես կուզենար ընդվզել ու ընկրկել, մեղանչել ու ապաշխարել, տան ազատ որդիներից մեկը լինել ու ինքնագլուխ լինել։ Երբեք այդպիսին չեղավ։ Ներքին վիթխարի կարգապահությունը նրա բանաստեղծին միշտ զսպած պահեց և համառորեն կռեց գրականության պատմաբանին - մեզանում անօրինակ պատմաբանին ամենադժվար գրականության, որովհետև ամենադժվարն, այնուամենայնիվ, այսօրվա օրը պատմության մեջ տեսնելու կարողությունն է։ Բայց բանաստեղծի նրա էությունը նրան երբեք չլքեց - մեծ գրականագետին միշտ օգնեց արագ ըմբռնել և արագ արձագանքել, օգնեց ամենանուրբ զգացողությունների պոետական հոգիների հետ զգալ գալիք օրերի շունչը և նրանց հավասար ու ավելի՝ տագնապել, մաքառել, հուսալ։ Ատելությունը երբեք չխավարեց նրա օրերի որևէ օրը. ականջը միշտ արթուն և աչքը միշտ բաց և մեծ սիրտը միշտ բաց՝ նա անընդհատ լսում ու տեսնում էր, անընդհատ նորոգվում, անընդհատ մաքրվում, անընդհատ լցվում ու հորդում։
Իր հոր բացած ու գուրգուրած մաքուր, արևոտ խնձորի այգին դեռ կա, և թերևս այդ մի քանի ծառն են այդ քաղաքը դեռ հին ու սիրուն Ղարաքիլիսա պահում։ Ուզում ենք հավատալ, որ իր գեղեցիկ աչքերը մեր աչքերի միջից երբեմն հուսավառվելով, երբեմն տխրելով, երբեմն էլ իրենց նման լուռ հարցնելով նայելու են մեր հայրենիքի՝ մեր երեխաների ապագային, ուզում ենք հավատալ, որ հիմա հոգնած իր ձեռքերը դեռ ապրողներիս ու դեռ գալիք շատերի ձեռքերի միջից պրկվելու և ետ մղել են զորելու ճնշիչ հուսահատությունը և փարելու են պարզվելու հայ մշակույթի ու ժողովրդի գալիք հեռուները։ Իր մեծ, լիարյուն, լիաբուխ կենդանությամբ նա այդպիսին էր, նա ծնվողների, վերածնվողների, իրենք իրենց հաղթողների, իրենք իրենց գերազանցողների ծանր ճիգերի մեջ էր, նրանց հետ՝ ուրեմն այդպիսին կլինի նաև հետո։