Hrant Matevosyan
Ստիլիզացիայի մասին
Մոսկովյան շատ հայտնի մի պաշտոնյա կինոյի հարցերով վերջերս եկել էր Երևան։ Օդանավակայանում նա նստեց իրեն հատկացված մեքենա և, հատկապես իրեն դիմավորողների ուղեկցությամբ, մտավ քաղաք։ Մոսկվայում նույնպես նրան՝ առաքյալին, ուղեկցել էին օդանավակայան։ Երևանում նրան հոգատարությամբ ու հատուկ խնամքով բարձրացրին իրեն հատկացված լյուքս-համար առաջնակարգ հյուրանոցում և դրեցին հատկապես իր համար բացված անկողնու մեջ։ Նա խմեց քառասուն տարի հատկապես իր համար պահված կոնյակ, կերավ իշխան ձուկ, որից դեռ մի քանի հատ պահվում էր Սևանա լճում հատկապես այդ պաշտոնյայի համար, նայեց Մասիսին, դիտեց Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները, նորից կերավ ու խմեց, ապա հավաքեց հայ կինոաշխատողներին ասելու համար, թե Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նկարը բանի պետք չէ և թե մի ուրիշ նկարի գյուղացիները հայեր չեն, քանի որ հայկական մյուս նկարներից ինքը գիտի, թե ինչպիսին են հայ գյուղացիները, և այդ նկարի հեղինակները, որոնք կինո էին բերել իրենց հորը, հորեղբորը և իրենք իրենց, չգիտեն, թե ինչպիսին պետք է լինեն հայ գյուղացիները, այդ պատճառով էլ ահա նրանք նկարել են սիցիլիացիների և ոչ թե հայերի։ Ապա այդ պաշտոնյան հմայիչ սիրահարվածությամբ կինոյի հայ աշխատողներին կոչ արեց. «Ընկերներ, մի՞թե մինչև հիմա դուք չեք նկատել Սևանա լճի գեղեցկությունը, ընկերներ, նկարեք մի գեղեցիկ ֆիլմ Սևանա լճի մասին, և ահա ես ձեզ վերնագիր եմ առաջարկում՝ «Սևանի ալիքները»։ Հետո լավ կերած, լավ խմած, լավ քնած այդ պաշտոնյայի կուշտ ու ինքնագոհ մարմինը Մոսկվա ուղարկելու համար շքախումբը տարավ դրեց ոչ թե դագաղի մեջ, ինչպես Լև Տոլստոյի «Խոլստոմեր» վիպակում, այլ ինքնաթիռի հատկապես իրեն հատկացված տեղում։ Նրան բերած ինքնաթիռը անվերադառնալիորեն փչացրեց այսքան ու այսքան թանկ թթվածին, նա ինքն անձամբ փչացրեց պետական ու սեփական այսքան միջոցներ և ընդամենն ասաց, որ պետք է նկարել «Սևանի ալիքները» կինոնկար։ Բայց հո առանց նրա ասելու էլ գիտեին, որ Սևանի ալիքները գնում են ու գալիս և գեղեցկորեն են գնում ու գալիս։
Ես հիմա, ընդամենը մի գրքույկ հրատարակած հեղինակս, հայտնվել եմ այդ պաշտոնյայի վիճակում։ Եթե ես ի վիճակի չեմ խելացի բաներ խոսելու, ապա պետք է փորձեմ լինել գոնե անկեղծ՝ որպեսզի վաղվա օրը չամաչեմ ինքս ինձանից, և պետք է փորձեմ լինել լուրջ, ինչքան որ լուրջ են ժողովրդից վերցված և իմ գործուղմանը հատկացված ռուբլիները։
Ես պետք է խոսեմ ստիլիզացիայի մասին։ Եվ քանի որ ինձ թվում է, թե ստիլիզացիան գրականության ստույգ մահն է, և քանի որ այդպիսի պատասխանատու բան ես չեմ կարող այսպես միանգամից հայտարարել, ես ուզում եմ սկսել մի քիչ հեռվից։
Հովհաննես Թումանյանի վաղ շրջանի գործերի մեջ կա «Սովի ժամանակներից» մի պատմվածք։ Լոռեցի գյուղացին, գրողի ծննդավայրի անունով ասենք՝ դսեղեցին, աշխատում է և տեսնում է միայն իր հողը և ծոծրակով զգում է իր գլխավերևի չոր երկինքը, որ անձրև չի խոստանում։ Նա աղոթում է իր երկնքին և անդավաճան սիրով գուրգուրում է իր հողը։ Բայց շատ վատ մի բան է կատարվում. հողն ու երկինքն են դավաճանում նրան։ Եղածն իրոք շատ վատ է, քանի որ այդ դսեղեցին իր հույսը կապում էր միայն իր քթի տակի հողի հետ։ Իսկ ավելի վատն այն է, որ երաշտը խփել է նաև ձորի մյուս կողմի գյուղերում, որոնց հետ, այո, իրենից թաքուն հույսեր էր կապել դսեղեցին։ Դա դեռ աշխարհի վերջը չէ, քանի որ աշխարհը մեծ է և հասնում է Արագածի տակի Շիրակի դաշտերը, որոնք բերքառատ են, որոնք, դսեղեցու կարծիքով, երբեք ենթակա չեն երաշտի իշխանությանը, քանի որ ենթակա են Արագած բարի լեռան խոնավ հովերին։ Եվ դսեղեցին, ինքն իրենից ամաչելով, ինքն իրենից շատ ամաչելով՝ քանի որ շիրակեցին հո մեղավոր չէ Դսեղի երաշտի համար, ձի է վերցնում և ճանապարհ ընկնում դեպի իր իմացած մեծ աշխարհի ծայրը։ Բայց կատարվում է սարսափելին. կեսճանապարհին նա հանդիպում է Շիրակի երաշտից Դսեղ փախչող սովյալների։ Եվ՝ դսեղեցու և շիրակեցու համար դա անհավատալի է, քանի որ կյանքը հո չի կարող այնքան դաժան լինել, որ նրանց իմացած Շիրակից Դսեղ համայն աշխարհում երաշտ անի։
Պատմվածքը վերջանում է այսպես. մեկը լուր է բերում, թե աշխարհն ավելի մեծ է, քան նրանք են պատկերացնում, և այդ մեծ աշխարհի հեռու քաղաքներից ու գյուղերից հայ սովյալների համար ահա ֆուրգոններով հաց է գալիս։ Նրանք չեն ուզում հավատալ լրաբերին, քանի որ իրենց համար հաց իրենք էին ստեղծելու, իրենք չեն ստեղծել, քանի որ Աստված չի կամեցել, ուրեմն դա իրենց վերջն է։ Եվ որովհետև ուրիշ ելք չունեն, նրանք ստիպված են հավատալու, թե կա հացառատ Ռուսաստան, որտեղի հարուստ հայերը հաց են ուղարկել իրենց համար։
Պատմվածքը գրվել է ութսուն տարի առաջ։ Այս ութսուն տարիների մեջ մի տեղ աշխարհը հայ գյուղացու համար մեծացել, դարձել է երկրագունդ, որի վրա հզոր սովետական պետությունն է և միասնական մեծ հայրենիքի զգացողությունը մեր հիսուն տարիների ամենանկատելի տեղաշարժն է հայ մարդու հոգեբանության մեջ, որն ամեն տեղ հաց է շինում, բացի Շիրակից և Դսեղ գյուղից։ Բանն այն է, որ միասնական մեծ հայրենիքի ապահովիչ զգացողությունը հայտնաբերեց իր նաև շատ վատ մյուս երեսը, որ է անպատասխանատվություն իր սեփական ոտքի տակի հողի համար։ Գյուղացին կորցրեց իր տեղամասի զգացողությունը, խնամքոտ սերը անմիջապես այն հողի նկատմամբ, որի վրա ինքն ապրում է։ Հացն ստեղծվում է մեծ Սովետական Միության մեջ որևէ մի տեղ, և Դսեղի կարկուտը և Շիրակի երաշտը այսօրվա դսեղեցուն և այսօրվա շիրակեցուն չեն վերաբերում, քանի որ կարկուտն ու երաշտը չեն խփում այն արտին, որը որ պետք է լիներ հողի և գյուղացու փոխադարձ սիրո և փոխկապվածության արդյունքը, կարկուտը թափվում է ինչ-որ նույնիսկ թշնամի տարածության վրա, և դրանից այդ գյուղացու աշխատավարձը, որ գտնվում է պետության սեյֆում, չի թրջվում ու չի փչանում, այլ մնում է չոր, իսկ չոր ալյուրը կգա մեր մեծ պետության որևէ մասից։ Բայց մեզ գոնե հայտնի է, որ շատ դեպքերում այդ ալյուրը գալիս է ոչ թե մեր մեծ պետության որևէ մասից, այլ արտասահմանից՝ իր կշռի ոսկու դիմաց։ Ուրեմն՝ բանը միայն դսեղեցուն չի վերաբերում։ Չելյաբինսկի մարզի մի սովխոզի մի տեղամասում, որտեղ աշխատում էր մանկավարժական ինստիտուտի ուսանողների մեր խումբը, մեխանիզատորները նստել էին դուռաչկի խաղալու և չհասցրին նկատել, որ արտը հնձելու ժամանակն է։ Հետո արդեն հնձած և չհավաքված երեք հազար հեկտար ցորենի վրա ձյուն եկավ, և մեխանիզատորները դուռաչկի իրենց խաղը շարունակեցին խաղալ հիմա խղճի ամենայն հանգստությամբ, որովհետև իրենցից անկախ պատճառներով ձյուն էր եկել։
Երբ է սկսվել հողի նկատմամբ այս թշնամանքը։ Առհասարակ կարելի է ասել թշնամանքը աշխատանքի նկատմամբ, բայց որպեսզի շատ չտարածվենք, խոսենք միայն հողի մասին։ Հողի և հողագործի այս գժտությունն սկսվել է ամենայն հավանականությամբ երեսնական թվականներին, բայց շատ ավելի խորացել է հիսունական թվականներին և տագնապալի է դարձել անցած տասնամյակում։ Երկրի քաղաքակրթմամբ՝ հողի հին կախյալ սերը պետք է վերաճեր, որպես սովետական քաղաքակրթության անկապտելի մաս, բնության պաշտամունքի, այնինչ դարձավ նախ հոխորտանք բնության նկատմամբ, ապա կերպափոխվեց ակնհայտ թշնամանքի՝ որպես հետամնաց երկրի բռնի քաղաքակրթեցման պարտադիր հավելուկ։ Դա նաև հետևանք էր գյուղի նկատմամբ մեր անճկուն քաղաքականության։ Այսօրվա Հայաստանը կորցրել է իր հին արոտավայրերի մեկ երրորդը և վարելահողերի մեկ երրորդը այն դեպքում, երբ հիմա գյուղում ունի նույնքան բնակչություն, ինչքան որ ունեցել է մինչև սովետականացումը, գումարած մեխանիզացիա։ Ինչ որ է։ Այսօր մենք կանգնած ենք հողի նկատմամբ գյուղացու թշնամանքի փաստի առջև։
Իսկ եթե թերթելու լինենք սովետահայ գրականության տարեգրությունը, մեր առջև կկանգնի լկտիորեն գեղեցիկ մի սուտ՝ թե հողի հետ գյուղացիությունը բարեկամություն էր անում առանձին-առանձին անհատներով, իսկ հիմա բարեկամություն է անում կոլեկտիվորեն։ Գրականությունը ժողովրդական հույսերի և տագնապների տարեգրությունն է, երեսնական թվականների մեր գրականությունը իսպանական ֆաշիզմի և իսպանական դեմոկրատիայի տագնապներից ու հույսերից ինչ-ինչ բաներ այսօրվա մեր սերնդին հասցնում է, բայց մեզ հասցնո՞ւմ է գոնե մի երկու ակորդ այն տագնապներից, որոնք այսօր ավելի քան լսելի են և որոնց ծնունդը վերաբերում է երեսնական թվականներին։ Եվ մենք ինչպե՞ս կարող ենք հարգել այդ խուլ ու կույր գրականությունը, և վաղվա սերունդն ինչո՞ւ է հարգելու մեր այսօրվա խուլ ու կույր գրականությունը, որը երդվել է ականջների բամբակը չհանել և աչքերը չբացել։
Եթե հեղափոխությունից շատ հեռու կանգնած մի գրողի ստեղծագործության մեջ հեղափոխության առաջնորդը տեսնում էր իր հեղափոխության՝ որ այդ գրողի հեղափոխությունը չէր՝ բոլոր ուժեղ և բոլոր թույլ կողմերը, այդ նշանակում է, որ գրողը կյանքը վերցրել է ամբողջ լայնությամբ և խորության բոլոր ծալքերով, և դա գրականություն ստեղծելու միակ կերպն է, և այդպիսով հեղափոխության առաջնորդի ականջին շշնջացել է նրա հեղափոխության թուլությունների և հաղթանակի ճանապարհների մասին։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։
Կյանքից վտարում ենք բոլոր այն բաղադրամասերը, որոնց ներկայությունը և որոնց վերլուծությունը մեզ կկանգնեցներ շփոթեցնող վիճակի առջև, նկարագրելու համար վերցնում ենք այդպիսով ստերիլիզացված մի կյանք և դարձնում ենք վիպակ ու պատմվածք։ Եվ նյութը մեզ չի դիմադրում, քանի որ նրանից հանված են դիմադրող բոլոր ջլերը, և նյութը մեզ հեշտությամբ է հանձնվում, ինչքան որ կրկեսի կենդանավարժին հեշտությամբ են հանձնվում ամորձատված ձիերը։ Ես չէի ասի, թե մենք հատկապես ոճաբանում ենք, զարդարում ենք, գեղեցկացնում և վաճառքի ձևի ենք բերում մեր գրվածքները, ոչ։ Ստիլիզացիան ի հայտ է գալիս որպես աղքատացված նյութի մշակման ու «հաղթահարման» հատկանիշ։ Ինչո՞ւ, երբ խոսք է բացվում ստիլիզացիայի մասին, մենք առաջին հերթին հիշում ենք պատմական թեմաներով գործերը։ Որովհետև նույնիսկ ամենաուշադիր զննումները պատմական թեմաներով աշխատող հեղինակներին, այնուամենայնիվ, չեն տալիս նյութի լրիվ իմացություն, ինչպես որ ոչ մի անծանոթ երկիր ոչ մի տուրիստի մատչելի չէ մինչև վերջ, և իր կամքից այդպիսով անկախ պատճառներով պատմական նյութի վրա աշխատող հեղինակը վերցնում է դարձյալ աղքատացված կյանք, որը և ստիլիզացվում է ինքն իրեն։ Ինչու անմիջապես ռազմաճակատում գրված պատերազմական նյութերը այդքան ճշմարտացի և այդքան ոչ գեղեցիկ են, իսկ պատերազմից հետո նույն այդ հեղինակների գրվածքները այդպես գեղեցկորեն սուտ են. որովհետև այդ հեղինակները այլևս կորցրել են կենսական այնպիսի մանրամասներ, որոնք հին օրերի հենց էությունն էին։ Ինչո՞ւ հայ գրողը, և բավական շնորհալի գրողը, չի կարողանում գրել իր ժողովրդի մեծագույն ողբերգության՝ եղեռնի մասին, բայց կարողանում է փայլուն մտավարժություն անել Հիրոսիմայի նյութերով, որովհետև հայ ժողովրդի ողբերգությունն իր ողբերգությունն է, և շնորհալի այդ մարդը պարզապես կճապաղվեր ու կոչնչանար իր ողբերգական նյութի վրա՝ չկարողանալով խցկել այդ նյութը ժանրային որևէ ձևի մեջ և ցուցադրելով փիլիսոփայական այսինչ ուղղությունների իր իմացության նազելիությունը։ Ինձ համար դա՝ սեփական ողբերգության վրա այդ ճապաղվելն ու սատկելը, կլիներ հենց այդ նյութի միակ ու ամենաթանկ ձևը, և ընդհակառակը՝ ինձ համար կոպեկի արժեք չունի այդ գրացիան Հիրոսիմայի թեմաներով, քանի որ հայտնի է՝ մայրերն իրենց որդիների վրա հազար անգամ վատ են լաց լինում, քան հարևանի կանայք։ Ստիլիզացիան ինձ համար հարևանի կնոջ ձևավոր լաց է։
Մենք կյանքը պատկերելիս հայտնվում ենք այդ հարևանի կնոջ վիճակում, մեր և մեր վերցրած նյութի միջև խորթություն է մտնում, նյութը չի դառնում մեր որդին, այլ դառնում է հարևանի որդի, քանի որ մենք կյանք չենք վերցնում, այլ խաբում ենք, թե կյանք ենք վերցնում, այլ խաբում ենք, թե ստիլիզացիան կյանքի գեղարվեստական պատմուճանն է այն դեպքում, երբ դա կյանքի գեղարվեստական մշակման հատկանիշը չէ, այլ աղքատացված և այդպիսով դիմադրողականությունից զրկված կյանքի հատկանիշը։
Ժողովուրդը գրողներին կոչում է ապագայի կառուցման իր օգնականներ։ Այսպիսի օգնականներ չեն լինում։ Կյանքի հետ գործ չունենալով հնարավոր չէ կյանքի կառուցման, այն էլ ապագայի, մասնակից, գոնե մասնակից լինել։ Վերջիվերջո այնպես է ստացվում, որ կուսակցության ու ժողովրդի հետ ապագայի կյանք է կառուցում Լև Տոլստոյը, կուսակցությանն օգնում է սպիտակգվարդիական Բունինը, իսկ ոչսպիտակգվարդիական, սովետական քաղաքացի, նույնիսկ կուսակցության անդամ ներկայիս մեր ամենատաղանդավոր գրողը չի օգնում իր կուսակցությանը։ Վերջիվերջո պարզվում է, որ ամերիկացի յուրաքանչյուր կարգին գրողի յուրաքանչյուր կարգին գործ ավելի է մեր ժողովրդի ու մեր կյանքի, ավելի է մեր մասին, քան մեր իսկ գրածները։ Ինձ թվում է մենք կորցնում ենք մեր ընթերցողին, մեր ընթերցողն այլևս մեզնից սպասելիք չունի, ինձ թվում է Աստծո մեզ մեկ անգամ տրված ուժը մեզնից դուրս քաշելու հասարակական հայտ չի ներկայացվում, իսկ դա գրականության մահն է մեզանում։
1965 թ.
«Երկիր նաիրի», 16.06.1995թ.