Hrant Matevosyan

Պարույրը

Պարույրի նախնիներից թերևս միայն Թումանյանը և Չարենցն են գրականության վրա այդքան պարտավորություն առել. ինչ պետք է լինի խոսքը և ինչ չպետք է լինի։ Եվ նրանց ուղերձը, հորդորը, կոչը, կիրքը այդ ամենի մեջ, հաճախ և գրեթե կայուն չարությունը այսօր ավելի քան հասկանալի է, պարտյալի պատմության որդիներ, իրենց ու իրենց ցեղի անցյալում պարտությունը մշտակա ներկայություն, ժամանակի հեռանկարները ուրիշ, գրեթե բոլոր ցեղերի ու ազգերի առջև բաց, իրենց ցեղի թիկունքում բաց միայն անցյալի ժանտախտավոր սև ամայությունը - նրանք միտում էին մարդու, հայ մարդու միավորը հայոց լեզվով լիցքավորել ընթացքի ու հեռանկարի վստահությամբ. նրանք Հայոց Բանի կոչումը իրավամբ դրա մեջ էին տեսնում, և այլ կարծիքը նրանց համար աղանդավորություն էր, արատ, տկարամտություն։
Լեզվի, պատմության, գործի բոլոր գործիչները կոչված էին լինելու առաջացնել և ապագա ուղարկել շիտակ, անվեհեր, երկհազարամյա իր քայլերից ոչ մի քայլը չուրացող, գալիքի հորիզոնները զորեղների հետ որպես հավասարը հավասարի հետ բաժանող մարդուն, հայ մարդուն։
Եվ նրանք, և Պարույրը նրանցից հետո և մեզնից առաջ, իրենց առաքելության մեջ հաջողեցին. մեր մարդը գալիք օրերի առջև կանգնած է լիովին այլ կեցվածքով, քան կանգնելու էր նրանց բացակայությամբ, մեր ցեղը երկնեց լիովին այլ որդիներ, քան երկնելու էր նրանց բացակայությամբ։
Պարույրը փոթորկի, սամումի նման անցավ իր տասնամյա ժամանակը՝ հասցնելով մտնել ամեն կամ գրեթե ամեն տուն ու հոգի, վանելով թմբիրը մեր տներից ու հոգիներից և արթնացնելով մեզ բոլորիս գալիք արհավիրքից առաջ։
Պարույր-մարդու, Պարույր-բանաստեղծի, Պարույր-հրապարակագրի-բանասերի-պատմաբանի ներկայությունը իր սերնդի բախտավորությունն ու անհանգստությունն էր՝ միատեղված. նրա ներկայությամբ՝ գիտնականներն ու գիտությունը, գործիչն ու պետականությունը, բանաստեղծությունն ու բանը զորեցին ի ցույց հանել լիովին այլ եռանդ, ջանք ու նվիրումն, քան բացահայտելու էին, Աստված մի արասցե, պտուտահողմի իր սրընթաց վերելքի բացակայությամբ։

Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

The disaster of war
The disaster of war
Play Online