Hrant Matevosyan

Նրանք՝ մեր մոր կանչի վրա զարթնածները

Թուրքի վեզիրները եվրոպացի բանաստեղծների զառանցանքն էին համարում արիստոտելյան Հունաստանի արթնացման հույսը։ Դա ծանր գրազ էր, ձեռք էին մեկնել մի կողմից ընդվզուն, ստրկությունը չհանդուրժող, իրենց կարճ ճանապարհի վերջը փնտրող բանաստեղծները և մյուս կողմից տիրակալների մարդասպան տրամաբանությունը՝ այդ հունաստանները, քաղաք-պետությունները, մանր իշխանությունները հարության համար չեն ոչնչացել, մեռել են ի բարօրություն միասնական աշխարհի խաղաղության և միահեծան տիրակալության անկապտելի բաղադրիչն են մեկընդմիշտ։ Բայց Հունաստանն արթնացավ ու կանգնեց։ Բուլղարները թուրքի իրենց մորթին թոթափեցին ու որպես սլավ կանգնեցին։ Սերբերն արթնացան։ Ռումինները կանգնեցին։ Հայաստանը շարժվեց։
Մի ոմն մոնղոլ հիմա զրկվածի խոր թախիծով է նայում չինգիզխանյան իր անցյալի անպարագիծ հեռուներին՝ որ գնացել ու գնացել ու գնացել են և հիմա չկան։ Մի որևէ ռուս հիմա կորստի ցավով է նայում հստակ այն ժամանակներին, երբ Անդրկովկասը դեռ արտերկիր էր և ազատ կազակները կարող էին վաճառաշահ Շամախն այնտեղ ավիրել ու իրենց Թերեք դառնալ արևելյան շատ վարտիքներ հագած։ Ամերիկացի որևէ մեկը հիմա թերևս պատկերներ է հիշում այն ժամանակներից, երբ իր երկրի տափաստաններն արձակ էին, երամակները վայրենանում էին ազատությունից և այսքան ցեղերն ու ժողովուրդները դեռ չէին գտել Ամերիկան։
Իսկ ինձ համար իմ չինգիզխանյան անդորր հեռուները, իմ ռայխը, իմ պետրոսմեծյան նվաճումները, իմ նապոլեոնյան թատրոնը, իմ ազատ հյուսիսի պատերազմը ստրկատեր հարավի դեմ՝ մի հարյուրամյակից այն կողմ չի անցնում, որովհետև ուրիշ ոչ մի դարում մենք այնքան շատ ու բարձր մարդիկ չենք ունեցել, մեր ոչ մի ժամանակը այդքան խտորեն բնակեցված չի եղել իմ հպարտ ցեղի վեհանձն որդիներով։
Վանից Կարին ու Պոլիս ու Դսեղ ու Մադրաս ու Թիֆլիս ու Ագուլիս ու Պետերբուրգ ու Շուշի ու Էջմիածին՝ հինգհարյուրամյա գիշերից հետո, որպես գիշերվա մեջ շաղված բանակի զինվորներ, միմյանց կանչում ու գտնում էին միմյանց. -Խաչատո՜ւր; -Միքայե՜լ; -Հովհաննե՜ս; -Վարդապե՜տ; -Մկրտի՜չ; -Սիմո՜ն; -Ռոստո՜մ; -Անդրանի՜կ; -Փարամա՜զ; -Մուրա՜դ; -Համազա՜սպ; -Հակո՜բ։
Հին, հոգնած այս հողը մի համակ Բյուրակն էր կտրել, բոլոր լանջերն արձագանքում էին, բոլոր ձորերից ու ձորակներից, բոլոր ակունքներից ու անտառներից, բոլոր հյուղերից ու ապարանքներից, վանքերից ու ժայռափորերից նորոգ կենդանություն էր խփում, բոլոր մայրերը տղա էին ծնում, բոլոր տղաներն ըմբոստ էին։
Ցեղը կար, ցեղը վկայում էր իր անմահությունը ցեղերի մեջ։
Խասունի քրդերը քրդավարի ասել էին. «Մենք բուն Մամգուն ենք, ու էս երկրի տերը։ Թուրքի սուլթանը մեր հավատն ուզեց կամ մեր զենքը, մենք մեր հավատը տվինք, զենքը պահեցինք»։
Իմ Մամիկոնյանները, իմ Բագրատունիները, իմ Արծրունիները մտել էին քրդի քոլոզի տակ, գյուղացու չուխա, տերտերի փարաջա, հացթուխ էին, քարտաշ, առևտրական, հյուսնություն էին անում, թրքերեն, քրդերեն ու երբեմն էլ հայերեն հայրեններ էին կանչում, օտար արքունիքներում փաշայություն էին անում, և միայն արծվենի կռինչը մատնեց, որ իրենք՝ իրենք են։
Եղեռնի, «Ժողովուրդների անհամաձայնության» պատճառների մեջ թշնամին նրանց մեղքն է նշում, որպես թե նրանք եթե չլինեին՝ Անատոլուն հիմա ծփում էր համերաշխ ժողովուրդների ծափուծիծաղի տակ։ Թշնամին թշնամի է հենց նրանով, որ ճիշտ այն է մատնանշում, ինչը եթե չլիներ՝ մենք չէինք լինի առհասարակ։ Թշնամին նշում է անդրանիկյաններին ու Անդրանիկին՝ ուրեմն հենց իրենք ու ինքն են մեր էությունը։
Նրանց մասին գրավոր կտակում էին միմյանց թուրք կառավարիչները, որոնց համար իրենք մշտակա իշխողներն էին և իմ իշխանները՝ իրենց հավիտենական գյադաները. «Մեր քրիստոնյա ժողովուրդները շուտ շտկվեցին մեր այն շարժումից, որ իրենց ենթակայի վիճակ էր պարտադրում, և պատրաստ երևացին իրենց նախկին ուսուցիչների տեղը կանգնելու։ Մասնավորապես հայերի վարմունքը տիրակալական բնույթ առավ, սակայն ճիշտ պիտի լիներ, եթե նրանց եռանդը մենք չափավորեինք»։
Ասելով թե զուր ջանքեր եղան մեր եռանդը չափավորելու իրենց փորձերը, ուղղեմ կտակարանին. տիրակալական բնույթ մեր վարքը չառա՛վ - է՛ր, միշտ է՛ր և է՛։
Եվ մի խոշոր վկայություն ունեմ. նպատակները իրենց աստված են կարգում իրենց ոչ ծռերին։
Մեզ համար ի՜նչ լավ եղավ՝ որ իրենք եղան, ինչ ամոթ էր լինելու՝ եթե իրենք չլինեին - իմ այդ հյուսն, թամբ կարկատող, զենք նորոգող, տրեխավոր ազնվականները։ «Նրանք թշնամուն թույլ չեն տա Լամանշն անցնել», անգլիական զինվորական արիստոկրատիայի մասին է ասվել։ Իմոնք ծովերի խորխորատներ չունեին, թշնամու ոտքը և մեր հողը պղծեց, և շիրիմներն ավիրեց, բայց իմ ազնվականները իրենցով թշնամու քամահրանքից մեզ հեռու պահեցին այնքան, ինչքան թերևս անգլիական նեղուցի լայնքն է։ Ատելությունից՝ ոչ, մեզ ատելուց, սև ու սևակնող ատելությունից՝ ոչ։ Նշանակում է մի մենամարտում, ուր զուտ մենք ու թշնամին ենք եղել, անասունի աստիճանի են իջեցրել թշնամուն, և միակ վկան՝ մենք՝ հիմա պիտի ոչնչացվի, և թշնամին մինչև հիմա և մինչև վաղը սևանում է ատելությունից։
Ծանր է այդ հայացքի տակ ապրելը, բայց անտանելիորեն անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ-գալը, մենք շփոթված դեսուդեն էինք ընկնելու և չէինք հեռանալու քամահրանքից, որովհետև դա նաև մեր քամահրանքն էր լինելու առ մեզ՝ առանց վկաների մենամարտում ստորացածներիս։
Իմ ազնվականները իրենց ու մեր ճակատից սրբեցին կարմիր ամոթանքը. թշնամական քամահրանքի բեռը նետեցին իրենց ու մեր հոգուց, և մեր ընթացքն այսօր թեթև է, մեր ճակատն այսօր պարզ է։

«Գրական թերթ», 02.03.1990թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

It's spring
It's spring
Play Online