Hrant Matevosyan

Նա կոչված էր մտքեր հեղաբեկելու

Մեր հիանալի յոթնյակի բավական գործուն ներկայությամբ հանդերձ Պարույր Սևակը կոչված և սպասվող մարդ էր. կոչված էր որպես տան պատվախնդիր որդի, որպես ուսուցիչ և ուսուցչապետ նույն այդ յոթնյակի և բազում ու տարաբնույթ այլ յոթնյակների վրա՝ ազատելու իր և նրանց երկրի ժամանակը բանի ու գործի ամլության խարանից:
Ոչ ոք Չարենցից հետո, ուրիշ ոչ մեկը մեր խոսքի մասին չի խոսել այնքան, որքան Սևակը. նշանակում է՝ նա կոչված էր մտքերը հեղաբեկելու և ոտքի էր կոչում խոսքաշխարհի իր գործընկերներին, ապստամբության էր հրահրում բանի ողջ ազատ աշխարհը:
Սևակը կոչված էր և եկավ: Սպասվող մարդ էր՝ ասել է հանրության միտքը նրա կես խոսքից այն լեն ու լիահնչյուն էր լսելու, ինչ ինքը այդ հանրությունն ակնկալում էր: Սպասված մարդ էր՝ ասել է խոսքն ու ազատությունը կորցրած երկիրն ուզում էր իր որդու բերանով գտնել իր խոսքը, և գտավ իր խոսքը կամ լիահավատ կարծեց գտնում է, որովհետև ծարավի էր գտնելու:
Նա հուսախաբ չարեց. մաքուր հովի թարմ շնչով նա մտավ մեր բոլորի տներն ու հրապարակները՝ համայն հայության մակերեսով մեկ և մեծ տիրակալության մակերեսով մեկ թոթափեց մեզ, թոթափումի կոչեց և բացահայտեց մեր զորությունը՝ հպատակության ու մահվան թմբիրը հաղթահարելու, տեր կանգնելու մեր ճակատագրին ու ազատ մարդու մեր կոչումին:
Պարույրն այսօր ընդամենը յոթանասունհինգ էր լինելու և այստեղ էր լինելու: Բայց նրա նման նորոգիչներին, ում ջանքն ու տանջանքը, ում տագնապն ու բողոքը, պատմությունն ու մարգարեությունը հիմարների մեր նավը կործանումի ուղուց շեղելն էր, դատապարտյալ այդ ժամանակից հիմարներիս այդ նավից վտարեցինք: Կործանվեց պռատ, բռնացված, բռնության տակ պարտված խոսքի երկիրը, և այդ երկիրը նրանց երկիրը չէ, Պարույր Սևակը այդ երկրի բնակիչը չէ:

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Portrait of Sos Sargsyan
Portrait of Sos Sargsyan
Play Online