Hrant Matevosyan
Մեր պարտքը գրականությամբ
Վաստակով չհասած՝ տարիքով արդեն հասանք ամանորյա խոհ ունենալու իրավունքի: Տհաճ է: Երանի արդեն հարցաթերթիկը լրացրած ու շարունակելիս լինեի Իվան Իլյիչի «ամենահասարակ ու սովորական և ամենասարսափելի» կյանքի պատմության ընթերցումը, ինչպե՛ս է խփում Տոլստոյը՝ քաղքենուն ու ձրիակերին, ինչպե՛ս է հզոր մատների աքցան առնում՝ ուղիղ բուկը, գրողի ու քաղաքացու ինչ հրճվանքով և ինչ ատելությամբ է խցկում «սև պարկ» Իվան Իլյիչին՝ անձնական անբասիր կյանքի ու թերթիկի տեր պաշտոնյային, որի հայրը «պետերբուրգյան զանազան գերատեսչություններում ու մինիստրություններում ունեցել էր այն առաջխաղացումը, ինչը մարդկանց բերում է մի դրության, ուր թեկուզ բացեիբաց երևում է, որ նրանք որևէ պաշտոն վարելու ընդունակ չեն, այդուհանդերձ վտարելի էլ չեն անցած երկարամյա ծառայությամբ ու աստիճանով և ուրեմն ստանում են հնարած սուտ պաշտոններ ու անսուտ հազարներ՝ վեցից տասը, և դրանով ապրում մինչև խոր ծերություն: Դրանցից էր Իլյա Եֆիմովիչ Գոլովինը՝ գաղտնի խորհրդականը, անպիտան բազում հիմնարկների անպետք անդամը»: Այդպիսին էր Իլյա Գոլովինը, և անշեղորեն դրան էր գնում Իվան Իլյիչը, բարեհոգի լիբերալի դեմքին մի պահ միայն վիրավորված քաղքենու ժանիքը երևացնելով՝ 45-ում ահա ցատկել ու տակն է քաշել մի փափուկ ռոճիկ՝ 5000ռ., արդեն քիչ է մնում հասնի ավելորդ հիմնարկների անտեղի անդամության, բայց այդտեղ ահա Տոլստոյի ծուռ մատները նրա վիզը չանթել և խցկում ու խցկում են խավար ծակը - դե գնա նորի՛ց ծնվիր: Նա բողոքում է, նա անարդար է համարում, նա դիմադրում է, նա մեղադրում է, բայց ամբողջ Ռուսաստանի ու ամբողջ աշխարհի աստվածորեն մտահոգ, աստվածորեն զայրացած, աստվածորեն արդար տերը անզիջում է - համոզում, հաշտեցնում ու խցկում է, և ժպտալո՛վ, ժպտալո՛վ: Եվ չգիտես շատ ավելի ինչն է կանգնած այդ ժպիտի ետևը՝ գրողական հպարտությո՞ւնը «սովորական մահը հասարակ մարդու ներսից» նկարագրելու կարողության համար, թե՞ այն, որը գրողը գտել էր Աստծու աշխարհը ներսից ուտող որդը՝ արտաքուստ փափուկ, բարեհոգի, անատամ, հարմարվող, ներքուստ ջլուտ, գիշատիչ, չար, ժանիքավոր ձրիակերությունը: Եվ զարհուրելիորեն գեղեցիկն այն է, որ քեզ՝ հայ գրող Հր. Մաթևոսյանիդ թվում է, թե գրականության այդ տիտանը քո ձեռքը բռնել ու քո ձեռքով նկարագրում է քեզ: Որ Իվան Իլյիչը դու ես: Որ կյանքիդ կեսում ահա հազիվ տակդ քաշեցիր ապահովության փափուկ բարձը և չես վայելելու, և դա ողբերգություն ու անարդար է: Այդպես է - իսկական գրականությունը միայն իմ մասին է: Եթե իմ մասին չէ՝ ուրեմն ոչ ոքի մասին չէ: Չպետք է հուսալ, թե մարդիկ տարբեր են լինում և անպայման որևէ մեկի մասին կլինի այն գրականությունը, որը իմ մասին չէ: Եվ եթե հանդիպումների ժամանակ, այլև իրենց անկեղծ գրավոր ելույթներում և այն ելույթներում, որ նրանց բերաններով գրական կազմակերպությունների ղեկավարություններն են ունենում, հանքագործները, ուսանողները, միլիցիոներները, ինժեներները, սահմանապահները՝ բոլորը պահանջում են գրել իրենց մասին և մեզ մեղադրում են մեր թեմաների կաշկանդված նեղության մեջ, այդ չի նշանակում, թե մենք նրանց մասին չենք գրել,- ընդհակառակը, գրել ենք ու շատ ենք գրել, և մեր գրվածքները մետրը մետրին կծածկեն հանրապետության 30 հազար քառ/կմ եղած փռվածքը,- այդ նշանակում է մենք գրել ենք նրա՛նց մասին և մեր գրվածքները եղել են ոչ նրա՛նց, ոչ մե՛ր, ոչ էլ այս արևի տակ որևէ մեկի՛ մասին: Դա եղել է անհասցե գրականություն: Այդ գրականությունը ոչ ոք չի ստացել:
Արդ՝ ո՞վ է գրել իմ մասին և ումի՞ց եմ նամակ ստացել:
Հանրապետությունը ևս մի տարի ապրեց խաղաղության մեջ, որպես հավելյալ ու ճիշտն ասած միակ տոն ինձ համար՝ Վիլյամ Սարոյանը եղավ այստեղ, ատոմակայանը մի քիչ էլ կառուցվեց, Սևանի ջրատարը մի քիչ էլ առաջացավ, և թող ամեն ոք իր հեկտարի պատասխանատուն լինի, և՝ ո՞վ է գրել, Լև Տոլստոյից բացի, իմ մասին:
Գուցե՝ շատերը, բայց ինձ հասցեագրվածներից ինձ հասածները հիշեմ, Հակոբ Մնձուրի՝ «Սիլա», Մուշեղ Գալշոյան՝ մնացորդաց դիմանկարներ, դիմանկարների փորձեր (գնահատականը այսպես ավելի ճիշտ կլինի), Վասիլի Շուկշին՝ երկհատոր երկերի պատմըվածքների առաջին հատորը, Անդրեյ Բիտով՝ «Թռչող Մոնախովը», Գրիգոր Տյուտյուննիկ՝ «Երեք ողբ առ Ստեպան», Վահագն Դավթյան՝ բանաստեղծությունների ձեր թերթում տպագրված շարքը, վաթսունական թվականների ջերմ, շքեղ ու թրթռուն Համո Սահյանից՝ ջերմության ու շքեղության ցոլքեր: Ամբողջը:
Սրանք գրականության ամենակեր տերմիտից՝ գրքայնությունից փրկված պատառիկներ են: Մատիտ վերցնելուց առաջ մեր գրականությունը ներսից խժռող այդ թշնամու կերպարը ես տեսնում էի, ես ուզում էի գտնել նրա հայերեն անվանումը, ես ստիպված բառարանի դիմեցի, իսկ բառարանում գրված էր. «տերմիտ անվանումը գալիս է հունարեն տերմես՝ վերջ, վախճան բառից»: Ես այնքան էլ վստահ չեմ՝ մեր գրականության միջուկը խժռող այդ թշնամին գրքայնությո՞ւնն է, թե ուրիշ մի բան, բայց որ տերմիտի պես անխղճորեն խժռում է թե՛ մեր արձակը, որը արտաքուստ կարծես թե բավական լիքն ու վստահ տեսք ունի, բայց մեջը կերված է, թե՛ մանավանդ մեր պոեզիայի երիտասարդական ուժերը,- դա ավելի քան զգալի է:
Խոսքը վատ գրքերից գալու դեմ չէ և լավ գրքերից գալու մասին չէ, լավ գրքերը նույնպես գրքեր են,- խոսքն առհասարակ գրքերից գալու դեմ է: Խոսքն այն մասին է, որ լավ ու վատ գրքերը խցկվում են մեր ու մեր իրականության արանքը, ճշգրիտ՝ մեր և մեր արանքը, նրանք մեզ օտարում են մեզնից, մեր հորը մենք տեսնում ենք ըստ Հովհաննու, ըստ Մարկոսի, Ղուկասի և ըստ Մատթեոսի, այլ ոչ թե ըստ մեզ, հների և ուրիշների նետած լույսի մեջ ու սահմաններում մենք գտնում ենք իրեր ու իրավիճակներ՝ որ իրենք էին գտել, և նրանց լույսի սահմաններից չենք ելնում, այնինչ աշխարհն այնքան մեծ է, որ վստահորեն կարող ես ասել, թե նախորդ ամբողջ մշակույթը լուսավորել է մի բացատի, մի կալի, կրկեսային մի ասպարեզի չափ տեղ միայն:
Հեռուստատեսային հարցազրույցի մեջ Վիլյամ Սարոյանն ասաց. «Հայ մարդն անսպառ է»: Նրան ասացին . «Լինում է, երբ գրողը լավ է սկսում, բայց շուտ է վերջանում, շուտ է սպառվում», և նա ասաց. «Սիրելի Վահագն... հայ մարդն անվերջ է»: Գրականությունը, այո, կյանքն է, ողբերգական ու սիրելի կյանքն է, և ինչպե՞ս կպատահի, որ ապրես ու ասես, թե սպառվել ես: Մի բան, իրոք, ուրեմն, սպառվել է և սպառվել է գրքերից վերցրած լիցքը: Գրքերն ահա այդպես են դավաճանում: Եվ դավաճանում, կեսճանապարհին քեզ մենակ են թողնում բոլոր գրքերը և լավ ու վատ ուղեկիցներ չկան - քո միակ ուղեկիցը դու ես:
Մնձուրին, Շուկշինը, Գալշոյանը իր սասունցիների դիմանկարներով ինձ համար հավիտյան հետաքրքիր հեղինակներ են լինելու, նրանցը մեծ սինթեզի էն արձակը չէ, բայց և սինթեզ չէ ըստ, ասենք, Ջոյսի,- և դրա համար շնորհակալություն իրենց:
Կուզենայի, որ հայ գրողները եկող հունվարից սկսած հայ կյանքից դեպք, դիպված ու իրենք իրենց բերեն հայ գրականություն, և հայ ընթերցողն այդպիսով վերջապես կարդա հայերեն տառերով իր մասին: Կուզենայի, որ նույն այդ Ջոյսը, Ֆոլքները, Սարոյանը, Մարկեսը, Հեմինգուեյը, Ստեյնբեկը, Կորտասարը, Կավաբատան, Շուկշինը, Բիտովը հայերենի ամբողջ զնգուն թրթիռով հայերեն գրքեր դառնային, դրվեին հայ ընթերցողի սեղանին՝ հայ գրողների գրքերի կողքին, վերջնահաշվում՝ դա մեզ համար էլ լավ կլիներ: