Hrant Matevosyan

Մարո Մարգարյան

Ափսոս Մարոն:
Ափսոս, որ ավագները մեր գլխից պակասում են: Ափսոս շքեղ Համոն, ափսոս սթափ ու քաջ Վահագնը, ափսոս պայծառ հոգու Հրաչը, իշխան Սերոն ափսոս, ափսոս Էմինը, և Մարոն, Մարոն, թխսամայր Մարոն ափսոս՝ որ ձագերիս վրա արծիվ էր կտրում, որ հեքիաթի Մանուշ քույրիկի նման եղբոր որբ ձեռքը բռնած ճամփա էր ընկել այն հի՜ն, հեքիաթային, մեր մայրերի ժամանակներում, և աղջնակի իր քայլը եղբոր քայլից միշտ առաջ էր լինելու հեքիաթային կյանքի այդ ճանապարհին, վտանգի առաջ թևերը փռելու էր եղբոր վրա, որովհետև աղջնակը ինքն էր, որովհետև աղջնակ չէր՝ մայր էր, որովհետև սահմանված է այդպես:
Պոետի ու աղջնակի նրա հոգում հորինվել էր թե ինքն ու իրենք, ինքն ու մենք բոլորս կավից չենք հունցված, այլ երկնքի աստղափոշուց. աստղափոշուց ստեղծված այդ աղջնակն ու պոետը զորում էր ուրանալ կավը իր և մեր մեջ և երկրավորի իր և մեր ճանապարհը երկնավորի էր տեսնում, և քայլը՝ մեզնից միշտ մի քիչ առաջ, քրոջ, աղջնակի, թխսամոր թևերը վտանգի առաջ ու վտանգից էլ առաջ մեր վրա փռած՝ եթե անգամ որբեր ու եղբայրներ չէինք, եթե անգամ իրենից տասնապատիկ զորեղ էինք, եթե ամենևին էլ աստղափոշուց չէինք ստեղծված, այլ հունցված էինք ծանր ու թանձր անթոթափելի կավից:
Ափսոս Մարոն: Հանդուրժման ու սիրո ծարավի հողեղեններիս այսօրվա երթի գլխին հոգնած այդ թևերը չէ՛, որ պիտի գոցվեին, կորովի ու քաջ այդ էությունը չէ՛, որ պիտի մարեր մեր երթի մեջ:
Եվ յուրաքանչյուրիս ու բոլորիս մեջ, քանի դեռ կանք՝ թող ապրի, տագնապի ու հերոսանա հեռու ճանապարհների այն աղջնակը, որ եղբոր ձեռքը բռնած ճանապարհ էր ընկել, որովհետև բոլորս ենք իսկապես եղբայրներ, բոլորս ենք նրա թևերի պաշտպանությունը ուզում:

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

On the Seashore
On the Seashore
Play Online