Hrant Matevosyan
Հողը և գյուղը
Օհանես պապը մի հարյուր տարի առաջ թողնում-փախչում է Հաղպատի հողատեր Զառ-բարաթով-Աբդուլաշվիլուց։ Նրա ետևից գալիս են ուրիշներ՝ փախած սույն կամ ուրիշ իշխանիկից։ Իսկ Լոռին լիքը իշխանիկ էր։ Գալիս մի տեղ տեսնում են՝ մի գետակ թափով կտրում է պղտոր գետը, մյուս ափով ահագին տեղ քշում իր մաքուր ջրերը և նոր խառնվում-գնում։ Բռնում են այդ գետակի հունը և բարձրանում։ Այս, իհարկե, չի նշանակում, թե նրանք Սանասար-Բաղդասար էին և պետք է հիմնեին Սասուն։ Խեղճ մարդիկ էին՝ ունեցածը մի իշի վրա, և հիմնում են ընդամենը Ահնիձոր՝ աշխարհի ծայրին։ Անտառ, մի կտոր երկինք՝ դիմհարված յոթ ծխի, Հաղպատից բերված միակ շան հաչոց՝ անտառում խլանալիս, և արջ, և
Տերիտորիան կազյոննի է, յոթի հատ դեղին ոսկի։
Սա, իհարկե, արջը չի ասում. արջը, նախ, դժվար թե գործածեր տերիտորիա բառը և, հետո, չէր հասկանա կազյոննի բառը, բոլորովին չէր հասկանա։ K3HHbIH... Արջը, շա՜տ, շատ, փնթփնթում է մարդու հարևանությունից և հաշտվում, որովհետև մարդու ձեռքին կացին կար։
«Գյուղ եք, հարկ տվեք», բայց գյուղ չէր: Ճիշտ է, ազդագիր Լալայանցը քարտեզ էր կազմել, քարտեզին Ահնիձորը նշանակել գյուղի պայմանական նշանով, կողքին գրել «Ախնազար», Հովհ. Թումանյանը հոդվածով քննադատել էր Լալայանցին, թե ինչու պարոն ազգագիրը սխալ է գրում հայոց գյուղերի անունները, ինչու, օրինակ, Ահնիձորը՝ Ախնազար, սրանք ճիշտ են, բայց Ահնիձորը գյուղ չէր։
Իսկ հողը նույն կենսագրությունն ունի, ինչ հայոց՝ հազար անգամ մոխրացած, հազար մեկ անգամ կանաչած հողը. այստեղ մարդ ապրել է, այս ձորը եղել է մի բերրի հովիտ, մարդաշատ, ինչպես հայ հողի ուզածդ կտորը։
Նորերի խոփը դեմ էր առնում քարի, հերկվորը հանում էր քարը, և դա քանդակ-խաչ էր լինում։ Ցից էր դնում արտի կողքին, ինչպես դարեր առաջ, և դա, արտի հետ, դառնում էր սրբատեղի։
Ժամի ձորում սալ քարեր կային. հարմար բաներ էին, որ վրաները աղ փռվեր տավարի համար։ Գարնան հեղեղներից մեկը քարի տակից հանեց կմախք՝ բազուկը ոտքիդ հաստության։ Այդ տեղը գերեզմանոց էր եղել, շարունակեց գերեզմանոց լինել նորերի համար։
Հանդում մի տեղ պատերի մեջ կաղնու փտած բուն կա. պատերը տուն են եղել, տան մեջ կյանք։ Մարդկային կյանքը սրբվել է տնից, իսկ քարը քարին մնացել է, և պատերից ներս ծլե՛լ է կաղնին, աճե՛լ է կաղնին, ընկել ու փտե՛լ է կաղնին, որ ապրում է հինգ հարյուր տարի կանգնած, հինգ հարյուր տարի թիկնած՝ բանաստեղծության մեջ, երկու հազար տարի՝ ըստ մասնագիտական գրքերի, իսկ իրականում՝ անհայտ է թե ինչքան, որովհետև կաղնին չի ընկնում ու մեռնում, կաղնին միշտ կայծակնահար է լինում։ Քարը քարին մնացել է մինչև մեր օրերը, մի կաղնու կյա՛նք։
Խոփը դեմ է առնում քարի, և դա քար չի լինում, կարասների շարք է լինում, ամեն մեկը՝ մարդը ձեռքը բարձրացրած՝ այդ հասակի, երկու մարդ հազիվ գրկեն՝ այդպիսի փորով, բերաններին՝ սալ քար, մեջները՝ տակը թանձր նստած սև հեղուկ երևի ձեթ, թե՞ ցորեն՝ փտած-հեղուկացած։ Մի ցորենի կյանք առաջ այստեղ մարդկային կյանք է եղել։
Մի քանի անգամ այս ձորերում առողջ զարկերակով տրոփել է կյանքը. եղել են ցորեն, ձեթ, ձեթի լույսի տակ մատենագիրն ուզեցել է թողնել դարերի համար կյանքի գովքը, բայց մահը անցել է ձորերի վրայով՝ որպես համաճարակ կամ Լանդթեմուր, և մնացել են կյանքի հետքեր՝ խաչ, կարաս, կալատեղեր ու գերեզմանոց։
Մարցեցի Մուխտիլ պապը պատմում է, որ ժողովրդին ջարդել ու տեղահան է արել լազգու Հասա՛նխանը։ Զրույցն է ասում։ Ձորերում ճրագը մի անգամ էլ էր հանգչելու։ Թուրքերն էին հանգցնելու։ Հովհաննես Թումանյանը չթողեց։
Հա՛, ինքը չթողեց, Ուհանես Թումանյանը։ Տեսավ, որ ուզում են էս Ժողովրդի գլուխն ուտեն պրծնեն, նավ նստեց, Բաթումա ծովովովը գնաց թուրքի թագավորի մոտ։ Ասաց. բա անհարմար չե՞ս ղզգում... Չէ, դու ինձ ասա, իսկի ամոթ չե՞ս անում։ Էս խառնակ ժամանակներումը որ էս մի ամբողջ ազդի գլուխը կերար, բա, հետո որ խաղաղությունն ընկավ, ի՞նչ պատասխան պտիս տալ մենձ ազգերին։ Թագավորը մտածեց ու փաշին ետ կանչեց։
... Վերջերս սարերում խամ հողեր վարեցին։ Դեռ չէին գտել, թե ինչ են ցանելու, դեղին ծաղկով ծփաց կտավատը։ Նորերն այդտեղ սերմ չեն գցել։ Այդտեղ սերմ գցել են հազար տարի առաջ։ Մահը տարել է շինականին, և բերքը չի հավաքվել։ Եկող գարնանը հողը չի հերկվել, մոլախոտը սրբել է մարդու հետքը։ Իսկ կտավատը թաք է կացել հողում, սպասել հերկվողին։ Անցել է տասը տարի՝ սպասել է. անցել է հիսուն տարի՝ սպասել է, արտատեղը կորել,հավասարվել է արոտում՝ նա սպասել է, սպասել է հազա՛ր տարի։ Եվ դեղին դաշտը ծփաց վերջերս։
Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք, երի՜ցս չէ, հազա՛ր անգամ փառք։
Յոթ ընտանիք՝ հավասար ունեցվածքով, կյանքի համար պայքարում հավասար, մանր հաղթանակներում ու մանր պարտություններում հավասար։ Ամենքը երկու ձեռքով՝ ափերի մեջ հավասար կոշտուկներ, որոնց վրա նորերն էին քարանալու, և կոշտուկով պետք է ստեղծվեին կով, ոչխար, ձի։ Օհանես պապն ունեցավ յոթ տղա մի աղջիկ, այդքան էլ ունեցավ Քառանց Մելիք պապը, և այլն։ Չկար տեր ու ծառա, պարտապան ու պարտատեր, և այլն։ Մի տեսակ՝ օհանեսամելիքյան կամ մելիքաօհանիսյան սոցիալիզմ։
Հետո, թե ինչ է Մուկուչանց Արշակը պախրայի որս շատ է սիրել քան մաճ բռնելը, նրա տղերքը դարձել են Օհանես պապի տղերանց հոտաղը։ Հետո, թե ինչ է Քառանց տղերքը լավ անասնապահ են եղել, նրանց ոչխարն ու կովը շատացել է և ուրիշ ձեռքի կարիք են զգացել, բերել են Ղազախի թուրերից։ Հետո, թե ինչ է Օհանես պապի Ավետիք որդին բուխարու մոտ նստելը ավելի է սիրել քան ծեգը-ծեգին լծկան հավաքել-լծելը, իսկ Աթո որդին աշխատանք սիրող է եղել և նախանձ, եղբայրներից բաժանվել է ու հարստացել։ Ու ձեռ է առել Ավետիք եղբորը, թե՝ «թաղիր, թաղիր, ոտներդ թաղիր բուխարու միջին, տաքությունը լավ բան է... Այ քու տունը քանդվի ոչ, քու տո՜ւնը...»։
Նոր օրերում Ահնիձորը նոր սոցիալիզմի համար կռվող մարտիկներ տվեց, թեպևտև կռվողներ չտվեց մյուս ծայրի համար։ Պատմում են, որ Թոմայանց Սարգիս քեռին՝ Օհանես պապի թոռը, կոլեկտիվից գոմեշ է գողացել, խրտնեցրել, քարի գլխից գցել է, մորթել ու տարել։ Ուզում ես նրան կռվող հաշվել մյուս ծայրից, բայց, շարունակում են պատմել, մեկ էլ տեսնում ես՝ մարդը հայտնվեց դաշնակցական բանտում։ Ուղղակի՝ գող է եղել, թռցրել է՝ ումից կարողացել է։