Hrant Matevosyan

Հետնորդը և նախորդը

Ահագնանալով և արագանալով մեզ վրա է գլորվում հոգսերի արդեն դարավերջյան գունդը. Վահագն Դավթյանի բանաստեղծությունն այնինչ հեռավոր քսանական թախծոտ-ուրախ թվականներից ոգեշունչ մի ղողանջ է պարունակում։
Դավթյանը իր հայրենիքի որդին և նրա գրական մեծերի ժառանգորդն է - կեցության նոր՝ «անկշռելիության» ոլորտներում չաղավաղվելու, իր դեմքն ու կշիռը պահպանելու հայրենիքի ճիգը և Դավթյանի միջով է անցնում, այդ ճիգից և Դավթյանի բանաստեղծությունն է դառնում ջլուտ։
Ասված է. «Մենք բոլորս երկիր կոչված այս փոքր նավի նավորդներն ենք, և նավից դուրս տիեզերական ամայությունը ոչինչն է, մենք պարտավոր ենք երկյուղած սիրով գուրգուրել երկիրը»։
Բանաստեղծությունը պարտավոր է, ահա, նույնպիսի երկյուղած սիրով գուրգուրել իր հայրենիքն ու հայրենիքի լեզուն, քանի որ դա առաջին հերթին իր՝ պոեզիայի լինել-չլինելու խնդիրն է, քանի որ տիեզերական ամայությանը համազոր մի անապատ էլ բանաստեղծության համար լեզու-հայրենիքներից դուրս է, և էսպերանտոն բանաստեղծություն չի ծնելու։
Դավթյանը իր վերածնված հայրենիքի և հայրենիքի վերածնման երգիչն է։ Մեծ հայրենիքի մեջ իր Փոքր հայրենիքի, հենց՝ Փոքր հայրենիքի, քանի որ փոքրը սիրելուց երկյուղելով մեծի սիրով ապրելու կոչը բանաստեղծական մեծ կարճաթևություն է միայն, եթե ոչ մեծ անպատասխանատվություն, եթե ոչ անարմատ թափառաշրջիկություն։ Դավթյանի հայրենիքը, այո, Հայաստանն է, սերը՝ նրա սերը, զինանոցը հայրենի մշակույթը, ինչի իմացության մեջ մեզանում եզակիները կհամեմատվեն նրա հետ։ Դավթյանը, ո՛չ, չփոխեց մեր բանաստեղծության ո՛չ բովանդակությունը, ո՛չ էլ ձևերի թարմացման տվայտանքներ ունեցավ, չհրապուրվեց աշխարհի նորագույն մեծերի խայծերից և չհայտնվեց այդպիսով այդ առաջամարտիկների գումակում՝ ավանգարդի արյերգարդում կամ, այլ խոսքով, չդարձավ նրանց հոգևոր պրովինցիայի բնակիչը, գերադասեց հայ, ինքը և գավառցի մնալ՝ վստահորեն համոզված, որ պոեզիայի պես մի հին տնայնագործություն երբեք չի արդյունաբերականացվելու, որ գրականությունը գավառների և մայրաքաղաքների է բաժանվում մերձգրական անտեղյակ չտեսների գլուխներում միայն, որ գրականությունը բազմամայրաքաղաք է, կամ փոփոխվող մայրաքաղաքների աշխարհ է, որ այդ աշխարհի կենտրոնը իմ գավառն է, և այդ գավառում՝ իմ անկրկնելի Եսը։
Դավթյանի բանաստեղծությունը ելնում է իր անձնական և իր հայրենիքի կենսագրությունից։
Նրա բանաստեղծությունը կերպար ունի... որևէ հայ նկարչի խնդրեինք մի նկարով պատկերել Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Վարուժանի, Մեծարենցի բանաստեղծությունները, և նա կնկարեր նաև Դավթյանի բանաստեղծությունը... այդ բանաստեղծությունը կերպար ունի, և այդ կերպարը լուսաթաթավ, անքեն մաքուր կապույտն է։ Ոչ, դա կույր արդարության ակնախոռոչներին նայելուց խուսափել չէ։ Կյանքը նրա համար, առավել ևս հայրենիքավոր կյանքը, հայորդու նրա համար, կյանքն ահա հանկարծահաս գյուտ է - ահա թե որն է լույսի հորդաբուխ ակունքը, ահա թե ինչու է լույսի անընդհատ թրթիռը նրա բանաստեղծության վրա։ Չէ՞ որ հնարավոր ամեն ինչ արված էր, որպեսզի չլինեին ոչ նա ինքը, ոչ նրա հայրենիքը, ոչ էլ լույս ցողվեր նրա հաջողակ ոտանավորներին ու պոեմներին։
Ծնվել է Եփրատի Արաբկիրում։ Տղա ու ճիշտ այն հաշվով է ծնվել, որ 1941-ին զինակոչային տարիքի զինվորական ծառայության լինի ու գնա փրթվելու։ Թուրքի խոսքը այդ հասակի վրա է դառնորեն հիանում. «Ի՜նչ մեռնելու հասակ է...»։
Նոր Արաբկիրի քարուկավին ջուր էին տալիս Հրազդանից, ջուրը կիրճից հանում էին տակառներով։ Հետո, երբ ես նոր Արաբկիրը տեսա, մի շոգ այգի էր։
Պատանության կանաչ մարգում
Խենթ նժույգներ էին վարգում,
Բաշերը՝ ծուփ կրակ,
Վարգում էին, թռչում էին.
Ասես հրե թռչուն էին,
Թռչում էին նրանք...
41-ի աշնանը Մոնղոլիայի անապատներից, ապրանքատարներով, իհարկե, զորամասը նետվեց Բելառուսի ճահիճները։ Դա կոչվում է առաջին հարվածի տակ ընկնել։ Տղաների այդ սերնդից ողջ մնացին եզակիները, կարելի է ասել՝ մի քանի հոգի։ Նահանջի ճանապարհին գետում խեղդվելիս կառչել է մի արկղ... կարագի։ Կարագի, այո։ Կերել է, սաղավարտով մեկ հետը վերցրել։ 1960-ին, քսան տարի հետո, երբ մենք ծանոթացանք, կարագից դեռ զզվում էր։ Սակայն սարսափելին այդ չէ, ոչ էլ բզկտված, հողուցեխի հետ խառնված զինվորը՝ օդում, ոչ էլ պանական վախի մեջ՝ անասունի պես բառաչելով փախչող զինվորի պատկերը։ Կառաշարին ամայի տափաստանում հինգրոպեանոց կանգառ են տվել - զորամասը, բոլորը միասին պիտի ազատվի իր բնական պետքերից։ Նման պատկեր ես տեսել եմ, դա նողկալի էր։ Իսկ նա հայ քրիստոնյայի զավակ է, հեռանում է, դարձյալ հեռանում է։ Եվ ահա կառաշարը շարժվել է, և նա, վտիտ այդ պատանին, որ դպրոցի ու ընկերուհիների մասին ոտանավորներ է գրել, վազում է գնացքի հետևից, վազում է և չգիտի կհասնի, թե չի հասնի։
Ինչպես շան քոթոթը սառը ջրից, մարդ հիշողությունների այդ սառցածակից ուզում է դուրս լողալ, դուրս նետվել առավել ևս՝ որ փրկարար ափին հիանալի տղաներ են խմբված՝ Հակոբ, Սուրեն, Պարույր, Հրանտ... ովքեր շուտով դառնալու էին Հակոբ Սալախյան, Սուրեն Աղաբաբյան, Պարույր Սևակ, Հրանտ Թամրազյան, Սիբիրից գունագեղ Մահարին էր գալու, Բաքվից՝ Համո Սահյանը։
Մենք վաղ ճաշակեցինք թե՛ փորձություն, թե՛ մահ,
Կյանքը մեզ չտրվեց ձրի՝ որպես նվեր,
Եվ դրանից է, որ ողջ աշխարհում չկա
Առավել թանկը, քան երջանկությունը մեր։
Դեռ պատերազմից առաջ տպագրվել էր խմբագրություն ուղարկված նրա առաջին ոտանավորը և տպագրվել էր առանց որևէ փոփոխության. ոտանավորը այսպես ասած շտկում չէր հայցել։ Ասում է. «Ուղղել էին միայն անուն-ազգանունս, ես արաբկիրցիների արտաբերությամբ Վահակ Դավիթյան էի ստորագրել, իրենք շտկել էին Վահագն Դավթյան»։ Դա օտար ձեռքի թերևս միակ միջամտությունն է նրա գործին։ Եվ յուրաքանչյուր իսկական բանաստեղծի համար մեծ փորձությունն այստեղ է պահված։ Կարծես ամեն ինչ բարեհաջող է, դու գրում ես՝ նրանք տպում են, գրում ես՝ դարձյալ տպում են, հետո ինքդ ես խմբագրապետ լինում և դու գրում՝ դու էլ տպում ես քո ոչ այնքան լավ, ոչ այնքան վատ բանաստեղծությունները, որոնց առջև ընթերցողը չի կարող պատճառաբանել իր դժգոհությունը, ոչ էլ չպատճառաբանված սիրով իր սիրտը առնել այդ բանաստեղծությունները։ Որոշիչ այդ պահին ահա ներքին քոր է հարկավոր՝ ներքին քոր, խանդ, քո անելիքի առջև քո արածի չնչինության գիտակցում, պոեզիայի հնարավոր դրսևորման, տիեզերական մեծության դեմ դրսևորվել հասցրածի աննշանության գիտակցում, խոր ըմբռնում այն բանի, որ հայրենիքների ձեռքին մշակույթներն այսօր զենք են, մշակույթներն այսօր կռվում են։ Դավթյանն ունեցավ այդ խանդը։ «Գինու երգը» ժողովածուն նրա բանաստեղծության հավասար, առողջ, համաչափ կարդիոգրամի մեջ, որ գրական քննադատներին դժգոհելու առիթ չէր տալիս, բեկում արձանագրեց. էպիքական «Թոնդրակեցիները», որը գրական հասարակայնությունը լավ է ընդունել, նա հիմնովին վերամշակեց, ապա հաջորդեցին «Ծուխ ծխանի» և «Անկեզ մորենի» գրքերը, ապա «Տաղարան» շարքը. «Ռեքվիեմը», ապա...
Սրբազան այդ անհանգստությունը, գրական գործի այդ պատվախնդրությունը Դավթյանին չլքեց ու չի լքում նաև այս մեր շփոթված ժամանակներում, երբ գրական գործի բուն էությունն է թվում ազգային կյանքից օտարելի անհարկի շքեղություն։
1977թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Family-Generations
Family-Generations
Play Online