Hrant Matevosyan

Հակոբ Մնձուրու աշխարհը

Աղջնակ-տղեկ երկու երեխա դուրսը արևի մեջ մածուն էին ուտում, մազերը հինայի գույն այս տարվա մի հորթ կանաչ արտերում մեկիկ-մեկիկ պոկում էր հասկերի գլխիկները, հանդապահը բլրի գլխից կանչում էր՝ որուո՜ւնն է հորթը, որ թող տվեր են, հորթը արտը կուտե,- և մազերը հինայի գույն այս տարվա հորթը թեկուզ շատ լավ գիտեր, որ հանդապահն իր մասին էր կանչում, բայց իրեն անհասկացող էր ձևացնում...
Խոզաններով, արտերով, բարդուտներով, բլուրներով, ճամփաներով գյուղից գյուղ ու հանդից հանդ էր վազում Հուսիկը՝ մեռնող մորաքրոջ համար տերտեր գտնելու...
Ավանակի հետ զրուցելով, ավանակին խելք սովորեցնելով, ավանակի վրա բարկանալով, ավանակին հուսադրելով՝ հեռու կաղնուտներից փայտ բերելու էր գնում Շիրինը, կածանը դժվար էր, բայց կաղնուտում կանգնած էր Սուրբ Գևորգ հնամյա վանքը, և որովհետև կածանը շատ էր դժվար, կարելի էր անտեսել, որ Սուրբ Գևորգ հնամյա վանքը կաթոլիկական վանք էր...
Ցորնիկին Գրիգորը, Ցորնիկի մահից վեց ամիս ետքը, ճամփա է ընկել կնիկ ճարելու։ Ակնա գյուղերից՝ երեք օրվա ճանապարհի հեռուներից, քանի որ մոտիկ գյուղերում նրան ո՛վ աղջիկ կտար, ոչ ոք էլ աղջիկ չէր տա...
Տեմիրճենց մեծ պապը իրենց կարմիր եզան վրա երազ էր տեսել, եզն իբր գիրացել, գեղեցկացել, անճանաչելի էր դարձել, ուրեմն՝ եզանը մի վատ բան էր պատահել, և Տեմիրճենց մեծ պապի Հակոբ վարժապետ թոռը Կապույտլույս սարն անցել, Մնձուր ծովագույն լեռներում փնտրում էր իրենց Փոքր Արմտան գյուղի եզների նախիրը, նախրի մեջ իրենց կարմիր եզը, որի վրա վատ երազ էր տեսել Տեմիրճենց մեծ պապը։ Քսանյոթ տարեկան Հակոբ վարժապետը Մնձուր ծովագույն լեռներում ձայն էր տալիս սարից սար՝ էդ որտեղի նախիրն էէէ՜, էդ ում նախիրն էէէ՜, ուուում նախիրն էէէէ՜, և նրան սարից սար պատասխանում էին՝ Փոքր Արմտանինը երեք օր առաջ Եփրատի կողմերը գնաաա՜ց, Փոքր Արմտան գյուղի եզների նախիրը երեք օր առաջ Եփրատի կողմերը գնաաա՜ց,- և հայրենի բնաշխարհը դանդաղ ներծծվում էր քսանյոթամյա Հակոբ վարժապետի էություն՝ ինչպես մանրահատիկ անձրևն է անկորուստ ներծծվում սևահողի մեջ, և Տեմիրճյան Հակոբ վարժապետը ուզում էր լինել իր աշխարհի գրողը, նկարագրողը, քարտեզագրողը, Հակոբ վարժապետն իրեն թաքուն անվանում էր Հակոբ Մնձուրի գրող։
Կարմիր եզը փոխվել էր կորչելու չափ, գեղեցկացել էր հրճվանքի չափ, դարձել էր Մնձուր ծովագույն լեռների ամենագեղեցիկ արարածը, իսկ Հակոբ վարժապետի նշագեղձերը բորբոքվեցին, նա շարունակեց ճանապարհը դեպի Պոլիս՝ բուժվելու։ Այդ հազար ինն հարյուր տասնչորս թվականի ամռան վերջին ամիսն էր, աշնան հերկերից մի քիչ առաջ։ Ձմեռը փակեց վերադարձի կածանները, իսկ հազար ինն հարյուր տասնհինգ թվականի ամռանը աշխարհում ոչ Արմտան կար, ոչ Տեմիրճենց մեծ գերդաստան, ոչ երեխաների բազմություն՝ որ սպասելիս լիներ վարժապետի վերադարձին, ոչ էլ Հակոբ վարժապետի մունջ կինը չորս զավակներով։ Չկար ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Աշխարհի պատմության մեջ այդպիսի բան չի պատահել ոչ մի ժողովրդի հետ, աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել։ Զոհրապը, Վարուժանը, Սիամանթոն, Զարդարյանը, բոլոր գրողներն սպանվել էին մինչև մեծ եղեռնը...
Հակոբ Մնձուրին այդ հրեշավոր ամռանը նստել էր, հնարավոր է, Կապույտլույս սարին, նայում էր գյուղաշխարհին ու չէր հասկանում, ոչինչ չէր հասկանում. արտերը կային, այգիները կային, տները կային, գյուղամիջյան ճանապարհը կար, բայց ճանապարհով, բարդուտներով, ցելերով չէր վազում Հուսիկը՝ մեռնող մորաքրոջ համար քահանա գտնելու, ավանակի հետ զրուցելով փայտի չէր գնում Շիրինը։ Դանդաղ կանաչում էր փայտի տանող արահետը։
Ուղուծուծով քրիստոնյա Հակոբ Մնձուրին կանաչ արտերի դեմ չկարողացավ հայհոյել։ Աղաղակե՞լ - աշխարհն զբաղված էր իր գորերով։ Խելագարվե՛լ - ինչպես խելագարվեց Կոմիտասը... Աստված պահպանեց Հակոբ Մնձուրուն, որպեսզի մեռածների հիշատակները ապաստարան ունենան նրա մեջ։ Մի քիչ էլ, մի քիչ էլ, և լավաշը փռված է կավե կտուրին, աշնան արևի մեջ չորանում է՝ որ դարսվի, ագռավը կանգնել է բարդուն և չտեսնել է տալիս լավաշը, իսկ շունն իրեն հսկիչ է կարգել լավաշի մոտ և իր հերթին չտեսնել է ձևացնում ագռավին, հինայի գույն մազերով այս տարվա հորթը կանաչ արտերում մեկիկ-մեկիկ ընտրելով, ասես հանդապահին համբերությունից հատկապես հանելու համար, փռցնում է հասկերի գլխիկները։ - Մուտք, Ցորնիկին Գրիգորը ճանապարհ է ընկել Ակնա գյուղերից քսանհինգեն վեր երեսունհինգեն վար մի հարմար կնիկ ճարելու, իսկ տանը մի կշտանալու հաց չունի,- Ցորնիկին Գրիգորը, այգիների ցանկապատերը որմելու է գնացել Գաբո պապի Պյոսը, այգիներում գիշերելու համար հետը վերմակ է տարել, վերմակը կորցրել է, պատի գործը կիսատ է թողել և հիմա աղջամուղջի մեջ՝ տասնհինգ տարեկան տղայի հայր՝ մոլորված նստել է, Գաբոյից վախենում է վերադառնալ տուն։ - Հայրը, իր կնոջը, երկար ձմեռից հետո, դժվար ու անմարդ, իբր չոր ճամփով գնալ է համոզում Մկրտչենց Վահանը։ - Գնա բանըդ, ես ալ կըսեմ ինչ կըսե, ինչու Գարնան ճամփով երթանք կըսե... հոնկե որ երթանք, չպիտի՞ տեսնեն, չպիտի՞ հասկընան, ամենուն բերանը պիտի չիյնա՞նք... Ինչ անխելք եմ որ կայներ քեզ մտիկ կընեմ։ - Գարնան ճամփով,- Ուրիշ ոչինչ։ Այսպես՝ երկու հարյուրի չափ պատմվածք։ Երկու հարյուր պատմվածք, որոնցից գրեթե ոչ մեկում ոչինչ չի արված նախնական նյութը պատմվածքացնելու համար, որի պատճառով էլ հեշտությամբ մոռացվում են յուրաքանչյուր և բոլոր պատմությունների անձնանունները և, կարելի է ասել, բուն պատմությունները նույնպես, բայց պատմությունների միջավայր-մթնոլորտը ներծծվում է քեզ և, որպես հարավային երկրի արևայրուք, քեզ հետ ապրում է, քո մեջ ապրում է երկար, շատ երկար, գուցե հավիտյան։ Մնձուրու նկարագրած երկիրը պարզապես անմոռանալի է։ Եվ զարմանալին այն է, որ Մնձուրին չունի զուտ երկրի՝ կաղնուտի, բարդուտի, առվի, արտի, արահետի, լեռան, եզան, հերկի, շոգի, ծղրիդի երգի նկարագրության մի պարբերություն, մի նախադասություն, մի ակնարկ իսկ, այդ ամենը հառնում է ոչ թե նույնիսկ գործողությունների արանքից, այլ գործողությունների բուն միջուկից, դա գործողությունների հատկանիշն է, այդ երկիրը ոչնչով չես զատի այդ մարդկանց խոսքի ու շարժման շեշտից, բարի ալարկոտությունից, հիմար շտապողականությունից... (« - Հիսուն արտ ունեմ»։ - Միայն Արմտանում է հնարավոր ունենալ հիսուն արտ - լեռներում ուր հնարավոր է եղել հերկել՝ հերկվել է և ստացվել է «հիսուն արտ ունեմ», որ ի վերջո նշանակում է սարոտ ու քարքարոտ երկրի նկարագրություն)։
Իր խոսքով՝ «ողբերգություն, դրամա չըկա գրածներուս մեջ», թե այդ օրն ուր են գնացել և ինչ են արել՝ Մնձուրին նկարագրել է այդ։ Մնձուրին «բարեբախտություն» ուներ պատմվածքները տպագրելուց հետո չհանդիպելու վրդովված նախատիպերին, նրանց բոլորին սրբել-տարել էր 1915 թվականի, ասենք, ջրհեղեղը, Մնձուրին կարող էր «ողբերգություն, դրամա» դնել իր պատմվածքների մեջ, բայց նա այդ չի արել. չի արել, իմ կարծիքով, նյութի նկատմամբ խոր հարգանքի պատճառով կամ շնորհիվ։ Նա լավ գիտե իր երկիրը, նրա մարդկանց, նա ինքը նրանցից մեկն է, գյուղացու նրա խիղճը նրան թույլ չի տալիս չափազանցնել համագյուղացիների նկարագիրները, նուրբ գեղագետի նրա խիղճը նրան արգելում է պայթուցիկ ողբերգություն դնել այնտեղ, ուր այդ ողբերգությունը, որպես օտար մարմին, չէր հանդուրժվի։
Նկարել բնության պես, ծավալել բնության պես, մեռցնել բնության պես, բեղմնավորել բնության պես - ինչպես բեղմնավորվում է հասկը, պայթում ծաղիկը, ցամաքում առուն, մեռնում սերմը, հավաքվում մեղրը։ Դրամա, ողբերգություն՝ ներքին փլուզումներ իհարկե կան Մնձուրու բոլոր պատմվածքներում, ինչպես որ դրանք անպայման կան կյանքում, բայց այդ զարմանալի արձակագիրը դեն է նետել, մերժել է դրամա-ողբերգության դասական և դասականացող գրականական ծիրանին՝ մեզ խաբելով, թե ինքն ահա գրականությունն իջեցնում է գետնամած ռեալիզմի, կյանքի անկողմնակալ նկարագրականության։ Նա ցանկանում է տալ իր աշխարհի ճշմարիտ պատկերը, իսկ «դրամայի» գրականական ծիրանին դրան միայն և միայն կխանգարեր, ինչպես կխանգարեր «դեղնագորշ, գորշ-դեղին» բառը Տրապիզոնից Արմտան թութուն վաճառելու եկած հույն առևտրականի մորուքի գույնը ճշտորեն պատկերելուն. դեղինը, գորշը, դեղնագորշը նկարիչների բառեր են, իսկ այս աշխարհը Արմտան աշխարհն է և միայն Արմտանն է, նկարիչների դեղնագորշ բառն այստեղ ամենևին գործ չունի, ինչպես գործ չէր ունենա ռուսական աղյուսը հայկական որձաքարե պատի մեջ. «Մազերնին, մորուքնին, բեղերնին իրար խառնված էին։ Մեր թութե պեքմեզը՝ ուրուպը ինչ գույն ունի, նույն գույնովն էին անոնց մազերը, մորուքը»։
Հակոբ Մնձուրին ութսունհինգ տարեկան է։ Նրա գրականությունը հիմա խմորումն չէ, ընթացք չէ, ավարտուն փաստ է։ Իր ութսունամյակը նա բոլորեց Պոլսի հայկական եկեղեցու մեջ մոմ վաճառելով։ Նա իր հեքիաթները, ժամանակագրությունները, դաշտանկարները, գետանկարները, պատմվածքները, շատ հաճախ պարզապես փայլուն պատմվածքները գրել է հացթուխի, բեռնակրի, փոխադրանավից քարածուխ թափողի աշխատանքների արանքներում։ Նա մեզ ոչնչով պարտական չէ։ Մենք նրան տալիք ենք, ամենաքիչը, նրա բոլոր գործերի հոնորարները։ Հիմա, երբ իր տաղանդն ու կյանքն անցրել է գրեթե միայն արմտանցիների մասին պատմելով, նրան թվում է, թե գրականության համար բան չի արել, թե գրականությունը չի հարգի միայն իր հայրենակիցների մասին պատմելու իր թուլությունը, և ութսունհինգամյա ծերունին տեսաբանում է. «Գրականություն բերած եմ 1890-1914 թվականներու ժամանակահատվածի գյուղը. ուրիշներն ալ այդ ըրած էին, բայց դա քիչ էր»։ Սա փխրուն տեսություն է, սրան կարելի է առարկել այսպես. անցյալը թող անցյալում մնա։ Եվ ծերունազարդ գրողի մկանուտ՝ գրականությունը տեսական ինչ-ինչ ապացուցումների և տեսությամբ արդարացվելու կարիքը բնավ չի զգում։ Այդ գրականությունը կա, և թող տեսություններն իրենք հարմարվեն այդ գրականությանը։
Նրա գրականությունը մեր հայացքները ետ է շրջում դեպի այն օրերը, երբ կինը, արտը, աղը, ջուրը պաշտամունք էին։ Հակոբ Մնձուրու ստեղծագործությունը բովանդակում է կնոջ, աղի, արտի, առվի և այդպիսով, որպես հավելում հայ ընթերցողներիս համար, մեր կորած հին երկրի պաշտամունք։ Ինքնաթիռը այսօրվա մարդու համար դարձել է կենցաղ, ինքնաթիռից նետված հայացքը՝ երկիրը տեսնելու մի ձև։ Մնձուրին ինքնաթիռավոր չէ, ձիավոր էլ չէ. մանրատոտիկ առաջանալով՝ նա իր Արմտանի արահետների հետ կեռվում է, ձորերի հետ իջնում է, դարավանդների հետ սանդուղքվում, բլուրների հետ բարձրանում, ջրող առվի պես, որ գնում է խարխափելով ու ընկրկելով. այդպես՝ թիզ առ թիզ, բույր առ բույր, շշուկ առ շշուկ ներծծվում է քեզ մեր հին բարի երկիրը, որին եթե չսիրենք, որը եթե՝ հայացքներս դեպի քաղաք թե տիեզերք՝ արհամարհենք՝ կարող ենք կորցնել վերջնականապես։ Հակոբ Մնձուրին ստիպում է սիրել։ Մի մեծ բնապաշտություն, որ ժամանակի հետ ավելի կխորանա ու իրական ծանրակշիռ արժեք կտա գրողի դաշտանկարներին։
Խոսքս ուզում եմ վերջացնել մեջբերումով մի հոդվածից, որ ամերիկյան հիանալի նկարիչ Էնդրյու Ուայեթի մասին է և տպագրվել է «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի 1970 թվականի վերջին համարում։ «Երկնաքեր տների, անկանգ սլացքի ճանապարհների, կատարյալ մեքենաների և բարձր արագությունների Ամերիկան,- ասում է հոդվածագիրը Ուայեթի մասին, որ իրեն, մեր Մնձուրու նման, համարում է «հայրենի եզերքի գեղանկարիչը»,- ահա այդ Ամերիկան ավելի ու ավելի է խեղճացնում մյուս՝ փոքր ֆերմաների Ամերիկային, խժռելով նրա անտառների ու դաշտերի մաքրությունը, անվերադառնալիորեն այլանդակելով նրա պատկերը։ Եվ ինչքան վճռականորեն է գրոհում քաղաքակրթության այդ աշխարհը, Ուայեթի համար նույնքան մեծ արժեք ու կշիռ են ստանում անցյալի չաղարտված պատառիկները»։
Կարիք չկա ապացուցելու, թե երկրագունդը, որի վրա ապրում ենք բոլորս, մեկ և նույնն է, և Էնդրյու Ուայեթի մասին ասվածը տառացիորեն վերաբերում է հայ տաղանդավոր արձակագիրներից մեկին՝ Հակոբ Մնձուրուն։

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Flowers of the East
Flowers of the East
Play Online