Hrant Matevosyan

Գրականությունը դավանանք է

– Ինչո՞ւ գրող Հրանտ Մաթևոսյանը դարձավ Գրողների միության նախագահ: Այլևս ասելիք չունե՞ր, թե՞ գրողական իր ընտանիքի լինելիությունն ստիպեց ժամանակավոր ցած դնել գրիչը:
– Ասելիք կար: Ասելիքի համար նույնիսկ մի շատ երկարակյացի կյանքը չէր բավականացնի: Կիսատ բազում գործերս, մեկը մյուսի վրա դարսված, մնացել են գրասեղանիս: Գրողների միության մեծ նշանակությունը կերևա Գրողների միության բացակայությամբ: Գրողների միության գոյությունը մեր ազգային, մշակութա-հասարակական կյանքում մի բան չի, բայց սարսափելի կլինի նրա բացա-կայությունը: Գրողների միության այդ նշանակության գիտակցությունն ինձ բերեց Գրողների միություն: Հույս ունեմ, որ մոտ ապագայում, երբ Միությունը լիաձայն իր կենդանությունը կապահովի հանրապետությունում, ես կկարողանամ քաշվել իմ գրասեղանի ետևը և իմ գործը անել:
– Ձեր օրը Գրողների միությունում: Ամեն առավոտ տհաճությա՞մբ, թե՞ սիրով եք դուրս գալիս տնից:
– Սպանդանոց քշվող անասունի սարսափով: Եվ անեծքով: Մի՞թե ուրիշները պետք է վայելեին Գրողների միության շեն ու լեն օրերը և ինձ այս նեղությունը թողնեին, երբ նորից սկիզբ է դրվում, երբ աղքատ երկիրը խոսքին գին չի տալիս, երբ պետականության բաղադրիչ չես, երբ չարդարացված ուշադրության, չարդարացված թշնամանքի, չարդարացված, չափազանցված բարեկամության պայ-մանները փոխվել են անտեսման և անտարբերության:
– Գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը հա՞շտ է գրող Հրանտ Մաթևոսյանի հետ:
– Հրանտ Մաթևոսյանն իր գրական կյանքի անկապտելի մասն է համարում ոչ միայն իր տողը, այլև Համո Սահյանի և նրանց, ովքեր որ գալիս են ու գալու են: Այն աղջկա, այն տղայի, դպրոցականի, որևէ գյուղացու, որևէ քաղաքաբնակի, ի վերջո՝ ողջ ժողովրդի մի վերին բանի ձգտումն իմ գրական կյանքի մասն եմ համարում: Եվ նրանց ձախողումը համարում եմ իմ ձախողումը: Հայոց լեզվի մեջ սև բիծ է դառնում նրանց ձախողումը, և լույսի շող է դառնում նրանց հաջողությունը: Գրողների միության նախագահի, Գրողների միության ղեկավարության գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն իրենց անձի, այլ նաև ամբողջ հայ գրական կյանքի այն հիանալի համայնապատկերը ստեղծելու, առաջացնելու վրա, որտեղ արժեքավորը զնգում է, ղողանջները լսվում են, ոչինչ չի մո-ռացվում, և նոր եկողներն էլ գալու տեղ ունեն:
– Հայ գրողն ապրում է դժվար օրեր: Մի կողմից՝ հրատարակչական, մյուս կողմից՝ նյութական դժվարություններ: Գրողների միությունը կարողանո՞ւմ է սատար կանգնել Միության անդամներին:
– Ինչ-որ չափով կարողանում է սատար կանգնել և աչքը փակել այն բանի դեմ, որ դա այնուամենայնիվ օգնություն չէ: Պարզապես հնարավորությունները շատ սուղ են, միջոցներ չկան:
– Ո՞վ է այսօրվա լավագույն արձակագիրը, լավագույն բանաստեղծը: Տեսնո՞ւմ եք որևէ մեկին:
– Նախորդ հարցդ լրացնելով՝ ասեմ, որ ուղղակի հեղաբեկումնային շրջան ենք ապրում: Սա դարաշրջանների այնպիսի փոփոխություն է, որ բոլորովին տարբեր կեցվածքով է մտավորականը՝ նկարիչը, երաժիշտը, գրողը, կանգնում հասարակության առջև, իսկապես նոր և անծանոթ կարգավիճակով: Ավարտվում է գաղափարախոսության ժամանակաշրջանը, որ 200-ամյա և նույնիսկ 2000-ամյա մեր ազգային կյանքի շրջանն էր: Նոր շրջան ենք մտնում՝ պրագմատիզմի շրջան, ուր այլևս գլխավոր գործոնը մեծագիր Բանը չէ՝ Ջիվանին, Աբովյանը, Թումանյանը, Չարենցը, Սևակը, Սահյանը, Դավոյանը, Խորենացին, Նարեկացին, արևմտահայերը, բոլոր բոլորս: Այլևս պրագմատների շրջան ենք մտնում, և ծանր կռիվ է սպասվում մեզ նոր դարաշրջանում: Կարողանալո՞ւ ենք Բանը, այսինքն՝ մենք մեզ պարտադրել նոր, անբարյացակամ դարաշրջանին: Այն ժամանակվա համայնապատկերը մեզ համար էր, Պուշկինի, Աբովյանի, Թումանյանի և բազում-բազումների այդ համայնապատկերը միտված էր մեզ առաջացնելու: Հիմա նոր ժամանակներ են, և մենք պիտի կարողանանք այս նոր ժամանակներին մեր ձայնը լսելի դարձնել: Իսկապես, դժվար վիճակի առջև ենք կանգնած, մանավանդ՝ փոքր ազգերի մտավորականությունը, մասնավորապես գեղարվեստի մտավորականությունը:
– Շարունակելով Ձեզ՝ ո՞վ է այսօրվա լավագույն բանաստեղծը, արձակագիրը: Տեսնո՞ւմ եք որևէ մեկին:
– Տեսնում եմ: Խաչիկ Մանուկյանը, Վիոլետ Գրիգորյանը: Իրենց կարողանում են պարտադրել: Եվ իրենց հաջողությունը վաղանցիկ չէ, տևական ու համոզիչ է, մեռած բառեր չունեն, կենդանի իրա-կանությունն է, որ նրանց մեջ վերաճում է կենդանի լեզվի: Մի քիչ շատ կլինի, եթե ասեմ առանձնացող, խոշոր անհատականություններ են, որովհետև այդքան մենակ չեն, բայց այդ դիվական դարպասները, որ կանգնած են բոլորիս առջև, մուտքի այդ ծանր դռները, որ կողպ են բոլորիս առջև և ճանկռտելով, խնդրելով, աղերսելով, հմայելով, մի կերպ բացել ենք տալիս կամ չենք տալիս... Այդ դարպասները առայժմ նրանց առջև են ետ գնում: Այս՝ Վիոլետը և Խաչիկը: Արձակի մեջ պատահական անուն չէ Գուրգեն Խանջյանը: Հրապարակ է բերել նոր, այլ տեսակի ու լավ որակի արձակ, և կայուն ներկայություն է: Մյուսը՝ Լևոն Խեչոյանը: Ասեմ, որ այս չորսի համար էլ տագնապներ ունեմ, բայց Աստված նրանց դեմիրճյանական համառություն տա՝ հարատևորեն ծեծել այդ փակ, այդ հմայված, կողպված դռները: Նրանք են մեր գրականության վաղվա օրը:
– Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:
– Գրականությունն ինձ համար դավանանք է:
– Ձեր սիրելի գրական ստեղծագործությունը, գրական կերպարը:
– Շատ են: Գուցե պատահի նաև, որ մերազնյա չեն, այլ ժողովուրդների, այլ գրականությունների մեջ են՝ ռուսների, ամերիկացիների, անգլոսաքսերի: Սակայն երբեմն հպարտությամբ նկատում եմ, որ ահա իմ ծանր պահերին նաև հայ գրական շարադրանքից են առանձնանում հերոսներ, վիճակներ, և տեսնում եմ, որ իմ երեկվա տղաները՝ երեկ կործանված, երեկ առաջացած իմ տղաները այսօր դատապարտվածների և անանուն մեռածների շարքում չեն, այլ կան՝ Թումանյանը, Չարենցը, Բակունցը, Համո Սահյանը... Իսկ եթե մի գործ էի առանձնացնելու՝ Լև Տոլստոյի «Հաջի Մուրադը»:
– Իսկ գրական կերպա՞րը:
– Եկ ընդհանրացնենք: Իմ սիրած գրական կերպարը հայ գրողների միասնորեն ստեղծած հայ կնոջ կերպարն է՝ Հակոբ Մնձուրու, Ակսել Բակունցի և էլի շատերի: Երբևէ ես մտածում էի այդպիսի մի ժողովածու առաջարկել: Ըստ երևույթին վաղվա օրով մենք հնարավորություն կունենանք մեր հրատարակչությամբ ինքներս կազմելու այդ ժողովածուն՝ «Մեր մայրերը» խորագրով: Այդ ժողովածուն ահա կպատկերի իմ սիրած կերպարը: Մի երկու շտրիխ ես ունեմ, մի երկու տող՝ Մուշեղ Գալշոյանը, Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Տիգրանուհին», Հակոբ Մնձուրու մայրերի շարքը, է՜ն աղջնակները...
– Ինչո՞ւ սկսեցիք գրել:
– Ըստ երևույթին պատճառները նույնն են, նույն դրդիչներն են մեզ գրականություն ուղարկում՝ մեր մարմնավոր և հոգևոր լիցքերը չեն բավարարում կյանքում այլ կերպ կայանալու, քան գրականության մեջ: Սկսեցի գրել, որովհետև ի սկզբանե պոետ էի:
– Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը:
– Այսօր ես իսկապես սեղանի գիրք փնտրում եմ: Կուզենայի, որ հայ ժողովրդի Ավետարանը ունենայի, որ հայ գրողը Խորենացու ժամանակներից սկսած մինչև հիմա կազմած լիներ այդ Ավետա-րանը, և այսօր ես յոլա չգնայի հույների, հրեաների Ավետարանով: (Սեղանիս ա՛յդ գիրքը չունեմ): Հաճախ եմ սրտնեղում, թե ինչու այսօրվա իմ և ամբողջ ազգի ծանր այս ժամանակներում իմ ազգա-յին այդ Ավետարանը իմ սեղանին չէ: Վեհերոտ, պռատ է իսկապես մեր գրականությունը: Վեհերոտ է եղել մեր գրական միտքը և չի ստեղծել հայոց լեզվով իմ սեղանի գիրքը: Այդ մեծ գիրքը, որ ես մտքով եմ կազմում, իմոնցից հազվագյուտ էջեր են մտնում՝ Թումանյանի «Եղջերուն» և այլն:
– Դժվա՞ր է ծնվում Ձեր գրական երկը:
– Շատ դժվար: Ցավալիորեն՝ գրականության խորքերի մասին ինձ կարծես շշնջացել էին ի վերուստ, և ես գիտեմ գրականությունը ինչ է: Երանի եմ տալիս նրանց, ովքեր միամտորեն շարադրում են և կարծում են, որ արդեն գրականություն են արել: Որպես թե լիարժեքորեն կայացած ազգի որդի կամ աշխարհի լիազոր գրողներից մեկը՝ ես մեծ-մեծ բաների եմ ձեռք զարկում և որպես կանոն տապալվում եմ: Բոլոր գործերս ահա այդպես կիսակենդան՝ գրասեղանիս անավարտ են:
– Դուք Թումանյան-Բակունց գրականության հետևորդն եք: Ո՞վ է Ձեր արձակի հետևորդը:
– Չէի ասի, թե հետևորդ եմ, թե աշխարհում որևէ մեկը իմ ուսուցիչն է: Բայց հրաշալի է, երբ իրենց և դարձյալ ուրիշների թերթում եմ և տագնապներ չունեմ, թե հաջորդ էջում ձախողվելու են, թե հիմա կտապալվեն: Չէի ասի, թե հետևորդ եմ: Այդպես կարելի է ասել նաև, թե Չեխովի կամ Տոլստոյի հետևորդն եմ: Կարելի է ասել, թե մորս հետևորդն եմ: Ահա ասացի և հասկացա, որ խոսքս թուլացել է այն ժամանակներից, երբ ականջս սկսել է պարպվել մորս ձայնից, երբ Լոռվա բարբառի ղողանջը իմ մտքից գնացել է, և կարծես թե դա նաև կյանքի հետ վերջին կապերն են: Ահա, այդպես: Հետևորդ չեմ, չեմ սիրում նրանց, ովքեր մի քիչ նմանվում են ինձ (նմանության են խփում): Սիրում եմ նրանց, ովքեր ինձանից տարբեր են և որպես այդպիսին՝ որպես ուսուցիչներ են իմ առջև կանգնում և ոչ թե աշակերտներ: Կարծում եմ, գրողը պետք է միշտ հակված լինի աշակերտության: Եթե դու աշակերտ չես իրականության և գրականության առջև՝ այդ վայրկյանից որպես գրող դու չկաս: Ես սիրում եմ նրանց, ովքեր ինձ մի բան սովորեցնում են: Ցավալիորեն շատ ավելի ռուս գրականությունն է ինձ սովորեցնում, արտասահմանի գրականությունն է ինձ բան տալիս:
– 70–90-ական թվականների և մեր ապագա սերունդները դաստիարակվել և դաստիարակվելու են Ձեր ստեղծագործություններով: Իսկական ընթերցողի համար Ձեր գրքերը սեղանի գիրք են լինելու: Երբևէ ունեցե՞լ եք չարենցյան տագնապը:
«Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը»:
– Սա հարց է, որին չեմ կարող լիարժեք պատասխան տալ: Ինձ տված քո գնահատականների հետ ես այնքան էլ համաձայն չեմ: Եթե ես ահա իմ սեղանի Ավետարանը կազմում եմ Չարենցի «Խմբապետ Շավարշ»-ից, «Դեպի լյառն Մասիս»-ից, որից տողեր դու հիշատակեցիր, հազվագյուտ էջերից Համո Սահյանի, Ռազմիկ Դավոյանի, ես չեմ կարող ինձ այսօրվա և վաղվա սերնդի սեղանի գիրք համարել: Գալով տագնապներին՝ իմ տագնապները միշտ են եղել և են: Իմ լավագույնը ես հետաձգում էի վաղվա օրվան, երբ որպես թե ավելի խելացի էի լինելու: Ցավալիորեն հենց այդ պահին էի ամենա-խելացին, երբ գալիս էին այդ գաղափարները: Տոլստոյն ասում է՝ «Միտքը պետք է որսալ իր զենիթում»: Զենիթից հետո սկսվում է անկումը, պահը ձեռքից բաց թողեցիր՝ շարադրանքի մեռյալության սպառնալիքն է կախվելու: Եվ երբեք չես կարողանալու արթնացնել քո այն զգացումներն ու թրթիռները, որ քեզ մղել են այդ գաղափարին: Ես դանդաղկոտ լոռեցի եմ եղել, լավագույններս թողել եմ վաղվան, իսկ վաղը արդեն մտքերի գերեզմանոցն է:
– Բակունցի «Կյորեսը», Չարենցի «Երկիր Նաիրին», իսկ ո՞րն է մաթևոսյանական հայրենիքը, Ծմակո՞ւտն է:
– Մենք մի քիչ հեշտ ենք տրվել այդ հասկացությանը՝ «գրողի աշխարհը»: Դա նույնացվել է ուղղակի իրենց ծննդավայրերի հետ, Ղարսը՝ որպես Չարենցի, Կյորեսը՝ որպես Բակունցի հայրենիքի: Այդ շատ ավելի պետք է հարաբերել գրողի աշխարհայացքի հետ: Գրողը պետք է Աստծո պես մի բան լինի, որ աշխարհ է բացում՝ «Ի սկզբանե էր Բանը», գրողը պետք է բան ասի և նրա խոսքի հետ աշխարհ բացվի: Աշխարհաստեղծ գրողները եզակի են աշխարհում՝ մի Վիլյամ Սարոյան, մի Թումանյան, մի Չարենց...
– Կան հայոց լեզվի տերյանական, չարենցյան, բակունցյան, սևակյան բնորոշումները: Ո՞րն է մաթևոսյանականը:
– Տերյանական, բակունցյան, չարենցյան և սևակյան բնորոշումներին հավելիր նաև պուշկինյան փառահեղ բանաձևումը՝ «Չի կարող պատահել, որ այն ազատը՝ որ մեր ռուսերենն է, չծնի իր Միրաբոն»: Միրաբոն ֆրանսիական հեղափոխության գայլերից էր, իսկ պուշկինյան կանխատեսումը արվում էր ռուսական մեծ հեղափոխությունից հարյուր տարի առաջ. ահա, լեզվին ունկնդիր լինել՝ և չմարգարեանալն արդեն անհնար կլինի: «Ի սկզբանե էր Բանը»: Մաթևոսյանակա՞նը: Մաթևոսյանականը այդ բացարձակ ճշմարտությունը գիտակցելն է: Բախտավոր են նրանք, ովքեր լեզվի թելադրանքին ունկնդիր են, այլ ոչ թե բռնանում են լեզվի վրա: Աստծո խոսքն այդպես են ընկալել բոլոր նրանք, ովքեր իսկապես մեծեր են.
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
Աստվածային տեքստը, երկնքից հուշված տեքստը լեզվի միջոցով այդպես են ընկալել Պուշկինը, Թումանյանը, շատ անգամներ՝ Բակունցը: Մեծ ողբերգություն էր, որ այդ մեծ օժտվածության տղան՝ Բակունցը, իր պատանության՝ գրականության մեջ պատանության տարիքում ոչնչացվեց:
– Ձեր արձակը շատ բանաստեղծական է: Հետաքրքիր է՝ փորձ արե՞լ եք գրելու բանաստեղծություն:
– Ոչ: Ջանացել եմ շատ ավելի հակաբանաստեղծական լինել: Դրանք բացարձակապես տարբեր աշխարհներ են, ապրում են տարբեր օրենքներով: Անհրաժեշտ է արձակի օրենքին ենթարկվել: Իսկ եթե իմ գործերի մեջ դու այդպիսի հատվածներ ես նկատել, դրանք երևի թե կոչվել են գործի որևէ արատը սքողելու, թաքցնելու: Թաքցրել են, և ահա քեզ դուր են գալիս: Վատ չի, քեզ վատ չեմ խաբել:
– Որպես ընթերցող և որպես գրող՝ Ձեր ո՞ր ստեղծագործությունը կառանձնացնեիք:
– Իմ սիրելի գործը դեռ պիտի գրվի, իհարկե: Արածներիս մեջ «Սկիզբը» պատմվածքն է:
– Հաճա՞խ եք ընթերցում Ձեր գործերը:
– Երբեք:
– Կարոտո՞ւմ եք Ձեր հերոսներին:
– Մեկին կարոտում եմ, որովհետև անավարտ է, ես պետք է նրա դիմանկարն ավարտեմ: «Տախը» վեպի մեջ Շուշանն է: Այդ գործն ինձ համար կա հենց նրանով, որ ինքն այնտեղ է և ինձ կանչում է:
– Մինասի «Իմ ծնողները», «Ջաջուռ», «Հաց թխող կանայք», «Շեմին» կտավները և Ձեր «Իմ վազքը», «Ծառեր» ժողովածուները: Արտաքուստ երևացող խեղճության ետևում թաքնված հայկական ոգի՞ն է այդ ստեղծագործությունների ուժը:
– Այդ գործերը ունեն ջերմ երկրպագուներ և իրենց վրայով, իրենց կողքով անտարբեր անցնողներ: Երկրպագուները նրանք են, ովքեր կարողանում են յուրովի համահեղինակ դառնալով՝ վեր հանել այն, ինչը հեղինակը թողել է հենց նրանց կամքին ու կարողությանը, և անտարբերները նրանք են, որ համահեղինակության այդ զորությունը չունեն: Նրանց համար ստեղծվում է այլ տիպի արվեստ՝ ուղիղ խոսքի, բաց արտահայտության արվեստը: Մինասը, թերևս նաև Հրանտ Մաթևոսյանը, գեղարվեստի այդ սկզբունքին էին դավանում՝ անշարժության արագությունը, պոտենցիալի կինետիկը, սևի կարմիրը, տգեղի գեղեցիկը... և այլն, և ընթերցողը, եթե փոքր-ինչ պոետ մարդ էր, պետք է այդ սևը կարմրացներ, այդ խեղճությունը ոգեղենացներ: Ահա:
– Պատանի Արմիկ Մնացականյան («Պատիժը», «Իմ գայլը»), երիտասարդ Արմեն Մնացականյան («Խումհար»): Կհանդիպի՞ ընթերցողը 60-ամյա Արմեն Մնացականյանին: Եթե այո՝ ինչպիսի՞ն է նա:
– Չեմ կարող ասել, որովհետև իմ գործերն այնքան էլ իմ մասին չեն: Միշտ ջանացել եմ մարմնավորել ուրիշի միջոցով: Ինձանից որոշ բաներ, իհարկե, կան, բայց երբեք բնորդն ու նկարը իրար չեն կրկնել: Այդպես էլ՝ իմ ծրագրերի մեջ ես չկամ, իմ ինքնանկարը չկա, չի կարող լինել:
– Ձեր կյանքի դժվար պահերին հայ ո՞ր բանաստեղծն է Ձեր ընկերակիցը:
– Թումանյանը, Չարենցը:
– Դուք երջանի՞կ մարդ եք:
– Երջանիկ եմ այնքանով, ինչքանով որ մի երկու անգամ գրականության աստծու երեսը տեսել եմ:
– Ովքե՞ր են Ձեր ծնողները:
– Իմ աստվածներն են: Հիմա արդեն ուշացած: Իմ ծնողները հողի, գյուղի իրականության մարդիկ էին: Փառք Աստծո, որ իմ համբավը և իմ քաղաքաբնակությունը, իրենց հետ իմ հարաբերությունները նրանց այնքան էլ չխաթարեց: Այնքան էլ չհավատացին իմ այս կյանքին, այս իրականությանը և չտրվեցին ինձ, մնացին իրենց գործին:
– Ձեր անձնական կյանքի ամենաերջանիկ պահը:
– Երբ ծնվեց տղաս:
– Ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքը:
– Երեխաներիս սիրում եմ, աղջկաս մանավանդ, ամուսնացել, տնից գնացել է: Գիտեմ, որ լավ մարդիկ են իմ երեխաները, և հարազատության պատճառով չէ, որ կարողանում եմ ուրանալ նրանց բացերը, և հակառակը՝ չեմ կարողանում հարազատության պատճառով նրանց լուսապսակել: Լավ մարդիկ են և ինձ սիրելի՝ որպես նաև առհասարակ բոլոր լավերը:
– Ընտանիքը, երկիրը, հայրենիքը կանգուն է պահում կինը (Աղունը՝ «Աշնան արևում», «Ծառերում»): Իսկ Ձեր անձնական կյանքո՞ւմ:
– Երբեմն սարսափում եմ, երբ ինձ առանց իմ կնոջ եմ տեսնում, դա աշխարհի վերջը կլիներ: Բայց... պետք է այնպես անենք, որ «Շրջապատ» ամսագիրը՝ իմ այս խոստովանությունը, իր ձեռքը չընկնի: Թող երես չառնի ու կարծի, թե ես չկայի, և ինքը ահա ինձ ստեղծեց:
– Ձեր դուստրը զբաղվում է թարգմանությամբ: Որպես թարգմանիչ կայացե՞լ է: Դուք հավանո՞ւմ եք իր թարգմանությունները:
– Գեղեցիկ, պատանի, կենդանի, թրթռուն ռիթմ ուներ, որպես երիտասարդ Սարոյանը: Լքեց, չսիրեց թարգմանչի գործը, թողեց առհասարակ, ինչպես ուրիշ շատ շնորհալի գրականության մարդիկ, գրականության գործը: Ժամանակի արատն է: Չեմ կարծում, թե այլևս չի վերադառնա գրականություն, թերևս 15–20 տարի հետո...
– Քանի՞ թոռնիկ ունեք: Սիրում եք ավելի՞, քան Ձեր երեխաներին:
– Երկու թոռ ունեմ, շատ եմ սիրում, շատ-շատ եմ սիրում, բայց նրանք իմ երեխաները չեն: Իմ երեխաներն իմն էին: Նրանց շատ եմ սիրում, նրանք փոքր են, փոքրերին շատ եմ սիրում, երեխաներ սիրում եմ առհասարակ, իմոնց մի քիչ ավելի, որովհետև իմ օրվա մի մասն են, իմ կյանքն են, բայց կեղծիք կլիներ, եթե ասեի, թե նրանք ինձ այն են տալիս, ինչ տալիս էին իմ երեխաները, երբ ես և մայրը նրանց լողացնում էինք, երբ ես՝ տղամարդս, նրանց խանձարուրում էի, կարողանում էի խանձարուրել: Այդ ահա անփոխարինելի զգացում է:
– Ունենո՞ւմ եք ազատ ժամանակ: Եթե՝ այո, ապա ինչո՞վ եք զբաղվում:
– Ցավալիորեն պայմաններ չունեմ, որպեսզի օրս իսկապես կարգին ժամանակով լցնեմ: Մեր հայ կյանքը, մեր երևանյան կյանքը ազատ ժամանակը լրացնելու այդ հնարավորությունը չի տալիս:
– Ընթերցողը սպասում է Մաթևոսյան գրողի վերադարձին: Ե՞րբ այն կկայանա:
– Շուտով, շատ շուտով:
– Արդեն 10-րդ ամիսն է, ինչ Դուք Գրողների միությունում եք: Այս ընթացքում աշխատե՞լ եք գրական երկի վրա:
– Գրողների միություն գալով՝ աշխատանքս ընդհատվել է: Չեմ ասի, թե հեշտ էի գրում: Իսկապես, բախտավորություն է լիարժեք մի ուրիշ՝ ոչ գրական կյանքի մեջ նետվել և օրը լցնել խելագա-րությամբ, եռանդով, թեկուզև հիմար գործերով, զբաղված լինել և այլևս չդառնալ այն տաժանակրությանը, որ է աշխատանքը գրասեղանի ետևը: Ընդհատվել է ահա այդ տաժանակրությունը, և ցավալիորեն շուտով, շատ շուտով կվերադառնամ այդ տառապանքին:
– Ձեր բոլոր ստեղծագործություններում երեխաներն առանձնահատուկ տեղ ունեն: «Մեծամոր»-ում անթաքույց հպարտություն և հավատ կա նրանց նկատմամբ: Ինչո՞ւ եք հաճախ դիմում երեխա-ների «օգնությանը»:
– Եվ նորից՝ այո: Լինելիք գործերում՝ նույնպես երեխաները, երեխաները, դարձյալ երեխաները: Հասակավորների երեխա հասակը, հետո առօրյա մեր բախումների մեջ, երբ այլևս անհնար է տանել կնոջդ, աղջկադ, բարեկամիդ, թշնամուդ այսօրվա վարքը, նրան սիրում և ներում ես՝ նրա մանկությունը, նրա ներսի երեխային տեսնելով: Թույնի այն կաթիլը, որ վաղվա օրով նրա մեջ պետք է մարդուն սպանի, այսօր՝ նրա երեխայության մեջ է կաթեցվում՝ անարդարությամբ, անազատությամբ, բռնությամբ... և լույսի շողը նույնպես՝ որ վաղվա օրով մեզ է դառնալու նրանից, այսօր նրա մանկության մեջ է ջերմում ու կուտակվում:

Հարցազրույցը՝ Կարինե ՄԵՍՐՈՊՅԱՆԻ
«Շրջապատ» (ԱՄՆ), N 19, 1997 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Mountain vineyards
Mountain vineyards
Play Online