Hrant Matevosyan

Եզակի կառույց

Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու: Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել - իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում:
Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում և ըստ այդմ ծերունիների և ասպարեզից հեռացածների արատները նրան սպասում էին տասնամյակների հեռվում կամ գուցե ամենևին էլ չէին սպասում, որովհետև եզակի ձուլվածք էր:
Ի դեմս Կարեն Դեմիրճյանի՝ մեր բոլորիս համար և եթե կուզեք ողջ աշխարհի համար գտնված էր մեզ շատ անհրաժեշտ ամենաօպտիմալ այն տարբերակը, որ այսօրվա մեջ իր այլընտրանքը մեզանում չունի, որ բացառիկ նվեր էր այսօրվա մեր շաղված-շփոթված երթին, և միայն թշնամու աչքը կնկատեր՝ որ հարկ է այդ անհատին վերացնել՝ երթը դարձյալ խուճապի, շփոթի, անվստահության ու տագնապների ալեկոծումին հանձնելով:
Նրա սոսկական ներկայությամբ իսկ՝ մենք մեզ հավաքում էինք, մենք վերագտնում էինք մեզ - մեզ՝ երեկվա մեծ ու բարի հայրենիքի որդիներիս՝ լայնախոհ, անվեհեր, պարկեշտ, գորովով ու միամիտ սիրով առլեցուն աշխարհի, միմյանց ու ինքներս մեր հանդեպ: Այսօր այսքան ծանր հորիզոնները ետ էին քաշվում մեր քայլի առջև և ժամանակն ու աշխարհը լայն էին - որովհետև ի սկզբանե էր մարդը, իսկ Կարեն Դեմիրճյանի ներկայությունը մեզ գտնել էր տալիս մեր այդ բարձր ու շիտակ մարդուն:

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Self Portrait
Self Portrait
Play Online