Hrant Matevosyan

Բոլորի առաջ, բաց մաքուր սիրտ

Համո Սահյանը պոեզիայի էության կոչման մասին մի հիանալի բանաստեղծություն ունի.
Եվ քո աչքերը հարցնում են դարձյալ,
Թե ո՞վ եմ և ի՞նչ,
Եվ իմ ճանապարհն ինձ ուր է տանում...
Հասկանալի է, որ սա բացատրություն է բոլորիս ու նաև ինքն իր առջև, բայց բանաստեղծությունն ահա, չգիտեմ պատահականորեն թե նրա իսկապես հարցական աչքերին ի պատասխան, ձոնված է Սուրեն Աղաբաբյանին։ Կարծում եմ՝ արդարացի ձոն է. մեր բոլորից ոչ ոք այնպես չի կրում մեր բոլորիս ու յուրաքանչյուրիս, առհասարակ հայ գրականության ու մշակույթի ներկայի ու ճակատագրի հոգսը, ինչպես Սուրեն Աղաբաբյանը, մեզանից ոչ մեկի աչքերում այնպես չի մթնում ու փայլում մյուսիս ձախողումն ու հաջողումը, ինչպես Աղաբաբյանի աչքերում։ Եվ դա, կարծում եմ՝ ոչ թե պարտականության բերումով, այլ որ բանաստեղծ էություն է,- բանաստեղծ, ստեղծագործ, երկնող,- իր դեպքում պարտականությունն ու կոչումը իրար գտել են։ Աստված ինքը և ինքը Աղաբաբյանն էլ չէին ասի, լավ թե վատ, բայց կարող էր նաև բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր լինել. ահա թե որտեղից է բխում նրա ներսից զրույցը բանաստեղծության, դրամատուրգիայի, արձակի մասին, ահա թե ինչու են հազվադեպ նրա հարձակումները բանաստեղծության, դրամատուրգիայի ու արձակի ձախողումների վրա և ինչու է հաճախակի, գրեթե անընդհատ կշտամբանքը քննադատությանը, սեր ու կշտամբանք, որ առաջին դեպքում մայրական երանգի ինչ-որ ներողամտության, երկրորդում հայրական խստակեցության ու ինքնախարազանումի են հասնում։ Դա... վատ չէ, նույնիսկ լավ է, կամ ոչ լավ է ու ոչ էլ վատ, դա մեզ ուղղակի հնարավորություն է տալիս ասելու, թե ինքն Աղաբաբյանը այնտեղ է, իր սիրտը՝ այստեղ (ընդգծելը, ինչպես նաև «մոտավոր» բառերը չակերտավորելը իր ոճից են գալիս,- Հր. Մ.), կարող ենք, այնուամենայնիվ, ասել, թե այդ չափազանց սիրո և չափազանց խստության համադրումից, որ ինքը Սուրեն Աղաբաբյանն է, արտածվում է մի ճշմարտություն, որ այս միամիտ ու խորամիտ, բարդ ու հասարակ, հարափոխ ու անփոփոխ, միշտ հին ու նոր եզերքների միջև տարուբերվող, հայացքով հետ և ընթացքով առաջ սլացող կյանքի գեղարվեստական յուրացման խնդրի առջև քննադատ-գրականագետը և գրողը հավասարապես դեմառդեմ և հավասար պատասխանատվությամբ են կանգնած և առավել՝ քննադատ-գրականագետը մի քայլ առաջ, քանի որ գրականագիտություն-քննադատությունը վերջին հաշվով կանոնավորված, իմա՝ կյանքի դեմ զինված գիտություն է և կյանքը նրա առաջ պիտի որ դարաններ չունենար, գրականությունը, այնուամենայնիվ, գիտություն չէ և միշտ ենթակա է որոգայթների։
Քաղաքացիական խիզախությամբ օժտված՝ ինքը Աղաբաբյանը կյանքի և գրականության միջև այդ դիրքերում է ջանում, բորբոքվում, հաճախ բռնկվում է և՛ ուրիշներին ու բոլորիս նույնպես օժտելու իր հանդգնությամբ, որի ակունքը խոր գիտակցումն է ժողովրդի լինելության մեջ ազգային մշակույթի և աշխարհի առջև ազգի պատմական առաքելության։
Իր ծննդյան քառասնամյակը, հիսունամյակը և ահա վաթսունամյակը նույնպես Աղաբաբյանը դիմավորեց քննադատության տարափի տակ։ Հիսունամյակի «կրակոցների» օրերին մոռացության տրվեց այն հանգամանքը, որ քառասնամյակի «մեղադրականին» մի ամբողջ տասնամյակ «մեղայական» էր հաջորդել և վաթսունամյակի «դատապարտմանը» մոռացվեց նրա ճշմարտացիության և մեր «մեղանչման» նախորդ տասնամյակը, մենք ամեն անգամ մոռանում ենք, որ նա մեզանից պարզապես հեռուն է տեսնում, որ մեկը կարող է բոլորից հեռուն տեսնել։
Գրականությունը, ինչպես և կյանքը, նրան անակնկալների չի բերում, նրա իմացությունների ծավալը թույլ չի տալիս անակնկալի գալ, կարելի է ասել՝ ամեն ինչ գիտի և նույնիսկ նախապես գիտի։ Աչքն ու զգացողությունը սրել է այն աստիճան, որ հաճախ «քթով» է կարդում, հաճախ չի կարդում՝ բայց գիտի ինչն ինչոց է, հաճախ գիտի ընթացքն ինչպես է շարունակվելու և աչքը պահում է բազում բավիղներից ճիշտ այն մեկի վրա, որտեղից հայտնվելու է անհայտ ուղիներով ճամփորդության մեկնած գրողը և հաճախ էլ, շատ հաճախ, «Մայր Հայաստանի» նշանավոր կեցվածքով նստում է «ի մեջ ավէրակաց». այդ նշանակում է, որ նախորդներից նկատված այսինչ երևույթը արժանի էր խորացվելու, որպեսզի ազգային գրականության մենաշնորհ ու դիմորոշ գիծ դառնար, բայց հետնորդներս ի զորու չենք եղել, երևույթն այդպիսով իր լիարժեք դրսևորումը չի ունեցել և վրիպանքի տպավորություն է անում։ Իր այս բազում շնորհները, ի վերջո, մի խոշոր շնորհ են՝ այսօրվա մեջ պատմականն ու պատմությունը տեսնելու եզակի կարողություն։ Դա քո՛ հայոց լեզվի, մարդկանց քո ցեղի, քո տոհմի, անձամբ քո «դժար վարժությամբ» ձեռք բերված ջինջ պարզատեսությունն է։
Գործուն մասնակիցն է եղել սովետահայ ամբողջ գրականության, անուն առ անուն բոլոր գրողների ծնունդին ու վերածնունդին, գնահատմանն ու վերագնահատմանը, շատերին ուղեկցել է ակունքից մինչև խաղաղ հանգրվան, մի խոսքով՝ գլխավոր ստեղծիչներից մեկն է եթե ոչ բուն գրականության, ապա՝ բարեբեր այն միջավայրի, ուր այսօր «կայանում է» մեր գրականությունը։
Հազար ու ավելի ¥եթե կարող է, ճիշտ քանակը թող ինքը հիշի¤ մենագրություն ու հոդված է ստորագրել, ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ անունն այդուհանդերձ հեղինակներից փնտրվող, ցանկալի անուն է, այդ գլխակորույս քանակի մեջ խոսքն այսինքն չի արժեզրկվել, գրաքննադատությունն ուրեմն նրա համար կեցվածք չէ, այլ տարերք՝ ի՛ր տարերքը. ի՞նչ կարծիք է ունենալու Աղաբաբյանը, ի՞նչ է ասելու և մանավանդ չի՞ լռելու, իսկ նա լռել գիտի, և գրողներիս համար ամենավիրավորականը նրա լռությունն է։
Չգիտեմ ասեմ, թե չասեմ, ծանր հիվանդ պառկած էր, ծխել, խոսել, շարժվել, հուզվել չէր կարելի, և ահա բժիշկներն ասացին, որ լսել նույնպես չի կարելի։ Այդ նույն օրերին էր, որ մեր ամբողջ մամուլը նրա ստորագրությամբ հոդված հոդվածի հետևից էր տպագրում, և այն տպավորությունն էր, թե հիվանդանոցային հիվանդը մենք ենք, իսկ ինքը խմբագրությունների վրա հոդվածներ է ցրում։ Հանրապետական մարզադաշտի շնչառության ելևէջը չէր կարելի լսել, և բժիշկները ծանր թմբիրի երկժամյա վարագույր իջեցրին նրա և մարզադաշտի միջև։ Ինքը հետո ասաց, որ չթմրած գիտակցության խորքերում լսել է մարզադաշտի բոլոր շառաչներն ու բոլոր լռությունները։ Գրականագիտական ուսումնասիրություն կլինի թե բանաստեղծությունների շարք, արձակի հաջողված էջեր կլինեն թե պատմագրության նվաճում կամ նահանջ, մեկիս ընտանեկան անախորժությունը կլինի թե հանրապետության հաջողությունը, այսինչ մարզում՝ բոլորիս ու յուրաքանչյուրիս հաջողությունն ու ձախողումը, նա այնքան է իրենը համարում, սրտին այնպես մոտ է ընդունում, որ ամեն անգամ վարագուրային մեկուսացումը պարտադիր է թվում։ Գրականությունը միշտ և ամեն անգամ սկիզբ, փորձ ու հանդգնություն է, և Աղաբաբյանի ներկայությամբ, որ համազոր է հովանավորության, կարելի է հանդուգն լինել։

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

Homeless - Komitas
Homeless - Komitas
Play Online