Hrant Matevosyan

Ամենայն շնչավորի հանգրվանը

Մենք հավիտենական հավատաքննության մեջ ենք. հավատաքննության մեջ ենք՝ երբ կալանված ենք, և հավատաքննության մեջ ենք մեր ազատ ճախրի պահին. մեր հավատը քննվում է՝ երբ մենք հայ կամ քուրդ, կուսակցական կամ աղանդավոր, քրիստոնյա կամ մուսուլման ենք. մեր մահից հետո մեր գործն է հավիտենական քննության տակ։ Մեր հավատաքննիչը Շեքսպիրն է կամ Թումանյանը, և մենք էլ իրենց հավատաքննիչն ենք. դաժանորեն մերժում կամ ներողամտորեն մոռացության ենք տալիս, երբեք չենք ներում, երբեք «հանգամանքները հաշվի չենք առնում»։ Այդպես է, որովհետև այդ կալանավորը, այդ սիբիրականը, հետեղեռնյան Թուրքիայի այդ հայ աստնվորը, ֆաշիստական բանակի զգեստով կամ իսլամի կանոնով կաշկանդյալ գաղափարի այդ մարտիկը պարոնտիրոջ քաղաքացիական իրավունքով մեզանից՝ իր հոտից ու համայնքից պատնեշված այդ իշխանը ի սկզբանե պարտավորվել է մեր մասին այն ասել, ինչ մենք գիտենք, բայց չենք կարողանում ասել, որովհետև լավ չգիտենք։ Պարտավորվել է լեզուների, կրոնների, ժամանակների ու երկրների վրայով ճանաչել ինձ, քան ես ինքս։ Ես ինձ այնքան եմ ճանաչում, որ իմ մասին նրա խոսքը կարող եմ հաստատել, բայց այնքան չեմ ճանաչում, որ խոսքը իմ մասին ինքս ասեմ։ Իմ ճակատագրի նրա այդ ընթերցումը արարչագործությանն առնչվող խնդիր է կամ հենց արարչագործություն է, և ձախողման պատիժը նույնպես աստվածայնորեն անողոք է - ձախողվածը չկա, չի եղել, հետքն էլ չկա, հողի ու հանքի լուռ մշակներից մի բան այնուամենայնիվ մնում է, նրանից՝ ոչ։ Ասված է.
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր,
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր։
Մեծագիր Դուն՝ Աստված, այստեղ իհարկե լեզուների ու ժողովուրդների լուռ կյանքն է, «անխոս երգի ընթերցումը»՝ ժողովրդի բերանից ժողովրդի խոսքը խլելը, և բանաստեղծներն ահա Աստծու գրքից էջեր են փրցնում կամ, որ նույնն է, ժողովրդի բերանից աշխարհի մեծ գրքի համար խոսք են փրցնում։ Բախտավորները նրանք են, ում միանգամից ու հեշտ է տրվում Աստծու այդ տեքստը, բախտավորներ են ինքը՝ Թումանյանը, Շեքսպիրը, Պուշկինը... ողբալիները շատերն ու գրեթե բոլորս ենք, բայց ամենաողբերգականը նրանց կյանքն է, ովքեր ժողովուրդների ճակատներից,- պարտավոր են, ստիպված են, չեն կարող, ի զորու չեն հակառակն անել,- բռնապետների գիրը որպես Աստծու գիր են վերծանում, բռնապետների խոսքը որպես Աստծու խոսք են ընկալում։ Ցավալիորեն՝ ժողովուրդն ու իր լեզուն նույնպես անեղծանելի չեն, ցավալիորեն՝ բռնակալների կամքը երկնքից երկիր ամբողջ միջոցը հագեցնում է իրենով, մտնում է ամեն տուն ու տոհմ, քաշվում է ամեն երազ ու հոգի, ողջ իրականությունը փոխարինում է իրենով՝ և կեղծիք են դառնում և՛ ժողովուրդն ու իր գործը, և՛ ճակատագիրն ու խոսքը։ Դարձյալ ասված է. բռնությունը անարգանդ ճիվաղ է, իրենից հետո բռնությունը գրականություն չի թողնում։
Մեր նախնու գործի պարտադիր քննությունը, որ մեզ առասպելական Քամի ոչ բարվոք վիճակ է հատկացնում, հարցնել է տալիս. ուրեմն ի՞նչ, մարդակերության ժամանակը իրենից հետո իսկապե՞ս միայն սև անապատ է թողել, բռնության այդ ժամանակը իմ նախնու կամավո՞ր ջանքով է հյուսվել, թե՞ նրա գործը այդ ժամանակի վրա գերու ներդրում է միայն, իր ժամանակը նա ճեղքում ու ելնո՞ւմ է, խոսո՞ւմ է ինձ հետ, ճանաչո՞ւմ է ինձ, ես իրեն ճանաչո՞ւմ եմ, հետնորդիս միայն կարեկից խղճահարությո՞ւնն է շարժում, թե՞ նաև հիացումը, որովհետև կապանքների մեջ անգամ նույն մեծ ազատն է, նույն անընկճելին, պոետը՝ այլ պայմաններում։
Բռնությունը մեզանում որևէ մեկի քմայքն ու կամայականությունը չէր. բռնությունը գիտեր ինչ է ճնշում և ինչ է արձակում, ինչ է ջարդում և ինչ է շինում, ինչ է վերացնում և ինչ է հաստատում. բռնությունը գործողության կոչված աշխարհայացք էր։ Շինելիքը եթե անստույգ էր, որովհետև բացահայտվելու էր ընթացքում, ապա ստույգ էր ջարդելիքը, ճնշելիքը, վերացնելիքը։ Բռնությունը նաև պատմական ծանրակշիռ փորձ ուներ՝ հայոց եղեռնը, որ լինելու հայոց հնարավորությունը ժխտել և թուրքի լինելության կարելությունը հաստատել էր։ Այդ ջարդվածի և ջարդվելիքի, ճնշվածի և ճնշվելիքի տառապանքն անհնար էր ուրանալ, բայց կարելի էր ամոքվել, կարելի էր արծվորեն երկինքներին տրվել և գալիք երազների երկնքում ամոքել իրեն։
Բայց բռնությունը, այս ամենով հանդերձ, ինչպես իշխողներն են արտահայտվում, պոետներին մի փոքրիկ ծառայություն էր մատուցում. անվրեպ, բազեի հայացքով ճիշտ այն էր նշում, ինչ ինքը պիտի ծվատեր և պոետը պիտի պաշտպաներ։ Բռնատիրության ու բռնապետների բացակայությամբ պոետները թերևս այդքան անվրեպ չլինեին պաշտպանյալներ փնտրելիս, իրենց թևերը թերևս այդքան տարածուն չփռեին բոլոր կյանքերի վրա, իրենց կռվի մեջ թերևս այդքան համառ չլինեին և թերևս նույնիսկ իրենք դառնային այս մեղավոր երկրի վրա Աստծու կարգադրիչներ ու մարգարեի իրենց զառանցանքը նյութականացնողներ։ Բռնությունը այս փոքրիկ ծառայությունը ևս, այո, ունեցավ. հեղափոխիչ մեր հավակնություններից մեզ թոթափեց, ի մի բերեց այդ հավակնությունները, յուրացրեց, ահռելի չափեր առավ, որից հիմա պետք էր միայն զարհուրանքով ետ քաշվել, որպես թե մեր գլխին մեր սեփական զառանցանքը չի ծանրացած։
Համո Սահյանի վերաբերմամբ գոնե՝ ամբողջատիրության մեր ժամանակը այդ նշանակությունն առավ։
Հավակնեց մեր փլատակների վրա իր տաճարը կանգնեցնել - բանաստեղծն այնինչ պատնեշեց հորենական խեղճ տունը։
Բռնությունը իր կուռքերին բրոնզե հավերժական արձաններ կանգնեցրեց - իր տոհմական տիրույթներում բանաստեղծը հսկողության կարգեց մի նահապետի ու մշակի՝ հողոտ, մղեղոտ մի պապի։
Նա տնից, ընտանիքից ու երկրից դուրս կոչեց բոլորին, ունեզրկեց, դիմազրկեց բոլորին ու յուրաքանչյուրին, միակամ-միաբան զանգված շաղախեց բազմադեմ-բազմաձայն միլիոններից և լայն ու բաց պողոտաներով երկրպագության արձակեց իր տաճարներում - բանաստեղծն այնինչ մի խեղճ կածան ցույց տվեց, որ հանում էր լուռ քրտինքի ու ար֊դար հացի մի քարոտ-քարքարոտ աշխարհ, որտեղ, ճիշտ է, հացի ու մարմնավոր սիրո լիություն չէր, բայց և հանուն հացի չէին երկրպագում օտար կուռքերի առջև. դա հպարտ, սակավապետ, լուռ մարդկանց աշխարհն էր. այդտեղ մարդացած մարդ էին անգամ կենդանիները, անգամ բզեզները, մեծագլուխ մրջյունները, ծաղիկն ու թուփը, դժվար մի գերությունից գլուխը մազապուրծ ազատած հովիկը, մարող բույրը, շրշյունը, սարսուռը... մարդ էին, որովհետև հակադիր աշխարհում մարդն իսկ մարդ չէր՝ ինչ-որ վերին շինության հումք էր։
Զուսպ ձևերից, մարմրուն գույներից ու բույրերից, լուռ հառաչներից, լուռ ուրախություններից, խոնարհ ջանքից ու տանջանքից բանաստեղծը սահմանեց իր աշխարհը և սահմանին խփեց իր գերբը՝ հասկով բոլորված եզ։ Այդ աշխարհը նման չէ թարմ գույների, զրնգուն ձայների, հստակ հայացքների մանուկ Հայաստանին, ինչպիսին Սարյանի կամ, ասենք, Չարենցի երկիրն էր։ Սահյանի խոսքուզրույցն իր ժամանակի հետ ոչ զուգերգ, ոչ էլ բանակռիվ դարձավ, ինչպես Սևակինը, բանակռիվ, որ մեկին դահիճ էր կնքելու և մյուսին զոհ։ Սահյանի վարքը շատ ավելի ինքնարտաքսումն էր հրապարակից, աքսոր։ Այդպես էր պատերազմի տարիներին, այդպես էր հետո, այդպես է հիմա։ Պատերազմն արդեն մոռացվել է, իսկ բանաստեղծությունները, որոնք պիտի որ, պարտավոր էին, տեղեկատվություն լինեին «դեպքի վայրից» ու չէին - կան, տրոփում են։
Երևի թե լինի այն բանի առակը, թե եղբայրները, երբ տանն այլևս (հրապարակում, շուկայում, տաճարում) ավեր ու շփոթ էր, հիշեցին, որ իրենք արտաքսված, հեռացած, աղանդավոր եղբայր ունեն, ասացին. «Մենք գուցե այնքան էլ զրկված չենք, հը՞, գնանք մեր եղբորը գտնենք, տեսնենք մեր ձմեռվա համար ինչ է ժողովել այսքան տարիների մեջ»։
Մեր եղբայրը այն է դրել հոգևոր հացի մեր սեղանին, որ կորստի ու կողոպուտի ժամանակներից հետո մեզ զուրկերի ետին շարքերը չի նետում և իրեն հանում է աշխարհի ու մերազնյա ընտրյալների դասը, ովքեր Աստծու համատարած գրքից ամբողջ էջեր են ընթերցում։

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

Sipan Mountain from Ktuts Island
Sipan Mountain from Ktuts Island
Play Online