Hovhannes Tumanyan

նամակ Օլգա Մաճկալյանին

Դսեղ―Թիֆլիս

18 9/15 88 ամի, ի Դսեղ

Օլինկա ջան,

Եթե իրավ՝ հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից։ Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն։ Ես համոզված եմ նույնը և քո կողմից, որը և պետք է մխիթարանք ներշնչե ինձ։ Ինչ վնաս հեռավոր տարածությունը, եթե սրտերը մոտ են միմյանց։

Այսքան ժամանակամիջոցում առաջին նամակս եմ ուղղում քեզ և հավատացած եմ, որ նամակիս ուշանալը չպետք է ձգեր քեզ անմիտ կասկածանքների տակ։ Բանսարկուների չարախոսություններին չպետք է տեղի տայիր քո սրտում, եթե իրավ նույն սիրտը արձագանք է տված իմ խոսքերին։ Եթե իբրև բանական ինձ ճանաչել ես քո սեփական խելքով, էլ ինչո՞ւ պետք է հավատաք ուրիշին։

Ես համոզված եմ, որ դուն կասկած չես տանիլ իմ անազնվության վերա. թող ես խաբված լինեմ, բայց ունենամ իմ սեփական և հաստատ հույսս ու համոզմունքս։ Նամակիս ուշանալու պատճառը գաղտնիք չէ հիվանդությունն է, որ դուք ևս գիտեք, փառք աստուծո, և մի քանի հանգամանքներ, որ գալովս կպատմեմ։ Օգոստոսի կեսերում հազիվ ելա անկողնուց։ Գուցե ասեք՝ հիվանդ ժամանակ ևս կարելի էր նամակ գրել, բայց կսխալվեք՝ անկարելին կարելի դարձնելով1։

Ես առողջ եմ և գուցե նամակիս հետ գամ։

Բարևում են հայրս, մայրս և մեր ընտանիքն, պարտավորեցրել են նույնպես բարև հիշելու շատ բարեկամներ։

Քո Հովհաննես Թումանյան

<Հ. Գ.>

Օլինկա ջան,

Հայրիկիդ2 նամակ գրելու ժամանակ անպատճառ ինձնից բարև կգրես։ Կբարևես և տատիդ ու նրա քույրերին և այլոց։

Հովհաննես
Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

March 10 1963 NY
March 10 1963 NY
Play Online