Hovhannes Tumanyan
Անդարձ ճամփորդներ
Իմ անցած կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։
Մինն ասում էր. Ես ունեի
Թարմ ու բուրյան ծաղիկներ,
Ու բոլորը մարդկանց տըվի
Գարնան գըրկովն առատաբեր։
Մյուսն ասում էր. Ես ունեի
Շատ ըզգացմունք ու կորով,
Ու ողջ ես էլ նըրանց տըվի
Սիրանըվեր երգերով։
Մինն ասում էր. Ես թողեցի
Ձըմե՛ռ ու սև՛ էն հովտում։
Մյուսն ասում էր. Ես թախծալի
Մի սիրտ բեկված ու տըրտում։
Մինը ասավ. Բայց կըծաղկի
Էն հովիտը նորից նոր։
Մյուսը էստեղ ոչինչ չասավ,
Ու գնում էր գլխակոր...
Էսպես իմ կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։
1896
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
String quartet - Wind
Love. Fairy tale
Play Online