Hovhannes Tumanyan

Աղջկա սիրտը

(Արևելյան ավանդություն)


Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում։
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվանի։

Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
Կա թե չըկա,

Նա է, որ նա...

ՉԷ՛, որ չէ՛, կանչեց ծընողը փարթամ,
Իմ աղջիկն, ասավ, սև հողին կըտամ
Ու մերկ աղքատին աղջիկ չեմ տալ ես։
Ասավ ու կանգնեց էն լեռ քարի պես։

Բայց սիրո համար քար ու սար չըկան.
Սիրում էր գըժված տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
Կա թե չըկա,

Նա է, որ նա...

Սաստիկ բարկացավ հարուստն անկոտրում,
Փակեց աղջըկան մեծ աշտարակում
Իր սիրած տըղից ու կյանքից հեռու.
Թող էսպես, ասավ, մոռնան իրարու։

Բայց սիրո համար փակ ու բանտ չըկան.
Սիրում էր անվերջ տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
Կա թե չըկա,

Նա է, որ նա...

Տեսավ իր ձեռքին ոչ մի ճար չըկար,
Համառ հարուստը հերսից խելագար,
Իրեն աննըման զավակը միջին,
Կըրակի մատնեց աշտարակն էն հին։

Բայց սերը որտեղ հըրդեհ է ձըգել,
Ի՞նչ անի էնտեղ հըրդեհը մեկ էլ։
Ու թեժ բոցերի սաստկության միջում
Աղջիկն՝ էրվելով ճըչում էր, կանչում.
Կա թե չըկա,

Նա է, որ նա...

Ու էրվեց հիմքից աշտարակն ահեղ,
Էրվեց նըրա հետ էն սիրունն անմեղ.
Հող-մոխիր դարձավ։ Իր սիրտը մենակ
Չէրվեց հըրաշքով ու սառ մոխրի տակ

Մընաց կենդանի... էն մոխրի վըրեն
Արտասուք թափեց սիրահար տըղեն
Ու կորա՜վ, գնաց, հեռո՜ւ, շատ հեռու,
Իր օրը լալու, նըրան փընտրելու,
Մենա՜կ, օտա՜ր,

Անմըխիթար...
Ո՜վ քընքուշ գաղտնիք, ո՜վ սիրուն հըրաշք.
Էրված աղջըկա սիրտը մոխրի տակ,
Իրեն մոխրի տակ կենդանի էր դեռ
Ոչ ոք չըգիտեր, ոչ ոք չըգիտեր...

Ժամանակ անցավ էս տըխուր դեպքից,
Արցունքով թըրջված էն մոխրի տակից,
Էն միշտ կենդանի սրրտից թըրթըռուն
Բուսավ խաշխաշի ծաղիկը սիրուն,
Կարմի՜ր, թեթև՜,

Բայց... սիրտը սև...

Սըգավոր տըղան հուսահատ, թըշվառ
Շըրջում էր մոլոր աշխարհից աշխար,
Չէր գըտնում սակայն կյանքում էլ նըրան,
Ամեն տեղ վիշտն էր սիրածի մահվան,

Որ հար, թե՛ զարթուն, թե՛ քընի միջում.
Տանջում էր նըրան, անդադար տանջում։
Բայց սիրո համար վերջ ու մահ չըկան,
Տըղի հառաչքը հասավ աղջըկան
Անմահ կյանքում

Էն աշխարհքում։

Հասավ, ու շարժված, կարոտ, կարեկից,
Թըռավ աղջիկը անմեռ աշխարհքից,
Սիրով ու բույրով, թարմ, անուշահոտ,
Երազով եկավ սիրած տըղի մոտ։

Լըսիր, իմ սըգվոր, լսի՛ր ինձ, ասավ.
Իմ մոխրի տակից մի ծաղիկ բուսավ,
Ու էն ծաղկի մեջ իմ սիրտն է, որ կա,
Կարոտ, խենթ սիրտը ջահել աղջըկա
Լիքը սիրով,

Երազներով...

Ուժ ունի իր մեջ նա կախարդական
Ու քաղցր արբեցում էնքա՜ն ու էնքա՜ն...
Քամիր ու խըմիր ուժը էն ծաղկի,
Նա քեզ կըփըրկի, նա քեզ կըփըրկի...

Մոռացնել կըտա իմ հուր սերն ու ինձ,
Հեռու կըտանի էդ կոպիտ կյանքից,
Ու կապրես անվիշտ և զըվարթ հոգով,
Կըխնդաս ընդմիշտ անթառամ կյանքով
Ազատ հեռվում,

Երազներում...

Ո՜վ սիրուն հըրաշք, ո՜վ քնքուշ գաղտնիք.
Տըղան էն օրից դարձավ երջանիկ։
Հարբած նվիրական էն ծաղկի ուժով,
Միշտ նոր կարոտով ու նոր աշխուժով,

Իրեն երբեմնի վիշտը մոռացած,
Էս կոշտ ու կոպիտ կյանքից հեռացած,
Ապրում էր ուրախ, ճոխ վայելքներով.
Լե՜ն ու լի սըրտով, անկաշկանդ սիրով
Ազատ հեռվո՜ւմ

Երազներում...

1913
Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Sleep Angel
Sleep Angel
Play Online