Gurgen Mahari

Խոհ

Աշուն է դեղնապայծառ, ոսկեման ու ոսկեքող,
Աշուն է այգիներում, փողոցում եւ իմ սրտում,
Աշունը մի դեղնաթերթ ու տրտում գիրք է թերթում
Աշունը խշխշում է իմ սրտում վառ ու երգող,
Աշո՛ւն իմ դեղնապայծառ, ոսկեման ու ոսկեքող…

Ահա նա թօթափում է բաշերն իր վառ ու ոսկէ,
Տեսնո՞ւմ ես, մեծացել եմ ու հասել են բերքերն իմ,
Ու խորքից է խշխշում ընթացքը իմ երգերի,
Էլ չկայ լաց ու երգում, էլ չկան զեզուն խօսքեր,
Ահա նա թօթափում է բաշերն իր վառ ու ոսկէ…

Ողջո՜յն քեզ, հասած մրգի, հասկերի՜ իմաստութիւն,
Շուտ եկար, շտապ եկար, բայց եկար անվերադարձ,
Յուշ բերիր ու մշուշներ ու արեւ մի ոսկեթաս,
Բերիր բորբ բերքերը քո, վեհութի՛ւն, ու խո՛հ, ու թոյն…
Ողջո՜յն քեզ, հասած մրգի, հասկերի՜ իմաստութիւն…

«Մրգահաս», 1927

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy