Daniel Varoujan
Միջօրե
Այս այն ժամն է` երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ`
Արևուն տակ կը հևա:
Կը նընջե մեն մի մըշակ:
Քարայրին մեջ հեռակա
Հեծեծագին կը մեռնի զով Զեփյուռը ամրափակ:
Միջոցին սիրտն` հըրեղեն ցանցի մը մեջ սեղմված`
Կը բաբախե հազի՜վ հազ:
Լըռության մեջ շողարծարծ
Ի՜նչ հըծծյուններ, ի՜նչ երազ.
Եվ ի՜նչ բույրեր առտըվան եղեգներուն կըտըրված:
Կը քընանան անտառներ թուխ կողերուն վրա սարին`
Արծաթահյուս քողի տակ
Կապույտին մեջ, առանձին,
Կ'երթա ամպ մը կաթնորակ
Փափուկ բուրդեն ծըվեններ թողլով ժայռի կատարին:
Կ'ընդունի հողն իր սըրտին մեջ` իր սըրտեն ճեղքելով`
Լույսին նիզակն արյունոտ:
Աղբյուր մը հոն, ծառին քով,
Կը հեծեծե նըվաղկոտ`
Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով:
Գոմեշներ` լուծը լըքած` ճահիճին մեջ կը պառկին
Իրենց բերնեն հոսելով
Թելերն արծաթ շողիքին:
Սայլերն, անդին, դեզին քով,
Հըսկա ցռուկներ ցըցած` դատարկությա՛ն կը նային:
Այս այն ժամն է, ո՜վ հոգիս, որ ճըպուռին պես մինակ`
Կատարներուն վրա մընաս.
Անդորրին մեջ անապակ
Դուն քու երգով արբենաս`
Ինչպես արևն իր լույսով, իր լույսին հետ մի՜ն-մինակ: