Daniel Varoujan

Գարնան անձրև

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
Անձրևը չէ՛ ասիկա:
Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Լուսացընցուղ կտեղա:

Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
Տեղատարափ կթափին,
Եվ կլվան իրենց լույսին մեջ փաղփուն
Անդաստաններն ու այգին:

Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
Եվ կտեղա ադամանդ.
Կը լուսանան կույր աղբերակներն ու կ'երգեն
Իրենց ծընունդն արգավանդ:

Անհունն ի վար կհեղեղվին շառաչուկ
Մեծ կաթիլներ շափյուղա,
Լի արևով, ցընծությունով, կապույտով,
Ծիծաղներով սատափյա:

Մարգերը թաց կ'արտաշընչեն զովություն…
Կը լըվացվին գառնուկներ…
Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,
Կը լեցնե գյուղն ու եթեր:

Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
Իմ ցորյաններս համեցող
Նոր ուժերով հորդահոսա՜ն կըձյուղին
Կայլակներու մեջ ի լող:

Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,
– Ըստ իմ գյուղիս հեքիաթին –
Կծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
Եզնորդ մը` նման լուսինին:

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Sunflower
Sunflower
Play Online

Support us! Buy our art based products from online shop