Daniel Varoujan

Ականջներուն

Մարգարտածո՛ց ականջներ, գանգուրներուն տակ սիրուն,
Ամենանուրբ մասն եք դուք իմ նըրբագեղ մարմինին.
Լոկ դո՛ւք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն
Իր ըսքողած հոգիին:

Թիթեռնիկի՞ կը նմանիք, թե՞ ծովամույն խեփորի`
Որ խըմած է բուստին լույսն և նըվագներն անդունդին.
Ա՛յնքան փոքրիկ եք` որ տղեկ մ'իր ափին մեջ աղածրի
Պիտ' ամփոփե ձեզ դյուրին:

Ո՛վ բավիղներ նըրբակերտ, ո՛վ ոլորտներ վարդագույն`
Որոնց մեջեն, չեչքարե մը վար թորող ջուրին նման,
Բոլոր ձայներն աշխարհի կ'հասնին մինչև իր հոգվույն
Եվ խորհուրդնե՛ր կը դառնան:

Ուշիմորեն կ'ամփոփեք ձեր ձագարին մեջ բյուրեղ
Անծանոթ խոսքը բոլոր դաշնակավոր իրերուն,
Հեռավոր երգն աստղերուն, որ անհունին մեջ լուսեղ
Կը ծովանա՜ փոփողուն:

Եվ ձեր քունքին առընթեր բռնեմ ճըրագս ադամանդ
Աղավնյակի մը կարմիր սըրտին նըման բաբախուն,
Թափանցկությամբ մը վճիտ կը բըռընկի ձեր թաղանդ
Կակաչի պես հըմայուն:

Սըրտիս վըրա՛, ականջնե՛ր, խոնարհեցեք սըրտիս վրա՛.
Դեռ չերգըված կույս երգեր հոն կը բզզան անհամբեր`
Ինչպես քընքույշ և խըլրտուն բըժոժներուն մեջ ոսկյա
Լուսակարոտ թիթեռներ:

Եվ թողեք, գո՛ղտր ականջներ, ձեզ համբուրեմ զգայնոտ,
Տամուկ լեզվովըս հըպիմ խորշերը ձեր սատափյա,
Որ ան սարսռա անպատում հեշտանքներով ջըղայնոտ`
Քընարիս պես դյուրազգա:

Թո՛ւյլ տվեք ձեզ ողբերգեմ` Գեղեցկության դաշույնին
Բյուր հարվածներն հոգվույս մեջ, և զույգ մ'արցունք աչքերես
Տըրտմորեն վար կախեմ ձեր բըլթակներեն փափկագին`
Իբրև օղեր` ընծա ձեզ:

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Sea view
Sea view
Play Online