Avetik Isahakyan
Սերոբի հիշատակին
Ոսկե գագաթը բանձրիկ Նեմրութա
Վա՛ռ-վա՛ռ կըշողա մեջ Վանա ծովուն.
Ազիզ անունդ, քաջ Սերոբ-փաշա,
Ալմաստով փելուն մեջ մեր սրտերուն.
Թո՛ղ արարքներուդ արժանի գովքն էլ`
Խղճուկ գուսանիս անզարդ երգերում
Ջինջ աղբյուրի պես գլա, գլգլա…
Նեմրութա սարը հազար ակն ունի`
Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթա.
Մենակ սերոբի աղբյուրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մեջ կերթա-
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարավ ժողովրդի սրտի մեջ կերթա…
Նեմրութա սարը քառսուն ժեռ ունի,
Քառսունի գլխուն մարմար քարափ կա. –
Էն քարփի վրա արծիվն է նստեր –
Ժեռերի արքան իր գահի վրա,
Ու կտուցի մեջ մի սիրտ է բռներ,
Եվ զիլ կը կանչե, չորս դին ձեն կուտա
Սարերի արքան ամպերի վրա…
- ‹‹Է˜յ, ականջ արե՛ք, հովե˜ր ու հավքե˜ր,
Կտրիճ Սերոբի սիրտն է կըտցիս մեջ, -
Սիրտը, որ ձեզնեն բանձրանց կթռներ:
Է˜յ, ականջ արե՛ք, սարե՛ր ու ձորե՛ր,
Սերոբ-փաշայի սիրտն է կըտցիս մեջ, -
Սիրտը, որ ձեզնեն մեծ էր ու խորն էր:
Սերոբ-Աղբյուրը ազատ նեմրութից
Աղբյուրի նման վազեց լեռն ի վայր
Ու հեղեղ դառավ, ահ ու մահ սփռեց,
Զարկեց ու ջարդեց հայու դուշմանին`
Քուրդին ու թուրքին հարո՛ւր ու հազա՛ր:
Ա˜խ, քուրդն ու թուրքը վախկոտ են, նամարդ,
Սիրտ չունին կայնել ճակատ առ ճակատ.
Փաշա, փատիշահ աղվես են, նամարդ,
Սիրտ չունին կռվել ճակատ առ ճակատ:
Յոթ տարի բոլոր ետևեդ ընկան,
Շվաքդ տեսան, յոթը ծակ մտան.
Վերջն հազար դավով, հազար խաղերով
Ընկար, քա˜ջ Սերոբ… Ու երբ դուն ընկար,
Ես եկա, հասա, սիրտդ հանեցի,
Որ գեշ դուշմանին փայ-բաժին չըլնի:
Իգիթ սիրտը քաջ սերոբի
Արևի պես
Նեմրութ սարում` լո՛ւյս կուտա,
Ու քարերում, սև հողերում
Թեկուզ թաղեմ` չի մարի, -
Սուրբ վաթանի, ազգի սիրուն
Չուր հավիտյան չի մարի:
Կտրիճ սիրտը քաջ Սերոբի
Արևի պես
Նեմրութ սարում բո՛ց կուտա.
Սարի սառույց, ձյուների մեջ
Թեկուզ թաղեմ` չի սառի,
Ժողովրդի ազատ օրվա,
Պատվի սիրուն` չի սառի,
Չուր հավիտյան չի սառի››…
Նեմրութա սարը հազար ակն ունի,
Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթա.
Խեղճ ժողովրդի սրտի մեջ կերթա,
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարավ վաթանի սրտի մեջ կերթա…
1899