Avetik Isahakyan

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Waterfall
Waterfall
Play Online