Avetik Isahakyan

Արջն ու օձը

Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ:
-Մեկըս քնի,
Մեկըս հսկե,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք:
Այսպես ասին, եր երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տըվեցին
Օձը՝ արջին, արջը՝ օձին:
Անցավ այս կերպ մի ժամանակ:
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան-ելան ու քուն մտան
Կարգով, հերթով:
Սակայն օձի սողքը բեկբեկ
Դուր չէր գալիս արջին երբեք:
Օրվա մեկը արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը` ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի:
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում:
Ես ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դըրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սարող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
-Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Mountain vineyards
Mountain vineyards
Play Online