Atrpet

Ծպտյալ սուլթանը

Հարյուր ու քանի մը տարի սրանից առաջ, երբ ենիչերիների և կղերի ձեռքով գահ բարձրացավ սապատողն թուրքաց Սելիմ Գ. սուլթանը, նախորդների սովորության համաձայն իր վարժապետ խոջայի հետ ծպտած՝ դուրս եկավ Էսկի-Սարայ պալատից՝ մայրաքաղաքը շրջելու և հասարակության գանգատները կամ գոհունակությունները անձամբ լրտեսելու։ Նա հագել էր Թեքքեի դերվիշի աղքատիկ հագուստ և գլխին ծածկել թաղիքի երկար նարնջագույն գդակ, այնպես որ ոչ ոք չէր կարող երբեք նրան հասարակ դերվիշից զանազանել։ Սուլթանին առաջնորդող Խոջան էլ թեև մոլլայի կապույտ ջուպպե ուներ հագին և սպիտակ ապարոշ գլխին, բայց սա էլ իր տիրոջ՝ սուլթանի, նման շատ համեստ էր հագնված, և երկուսն էլ երկար համրիչները ձեռքներին՝ ծանր քայլերով և մեղմ խոսակցությամբ Դյուլ-Խանեի նավամատույցից նավակ նստան և, ծովի երեսին քիչ պտույտ անելուց հետո, որպես հասարակ քաղաքացիներ, դուրս եկան Պալըգ֊Խանեի նավամատույցը։

Դեռ չէին մոտեցել ծպտյալները նավամատույցին, երբ հեռվից նկատեցին մի գեղեցիկ հագնված երիտասարդ, որ հսկա քայլերով նեղ փողոցից դուրս գալով՝ հասավ նավամատույց և մենակ մի նավակ վարձեց, որ նրան անցկացնե Ոսկեղջյուրի վրայով դիմացը՝ Ղալաթիա։ Այնքան կոկլիկ էր այդ երիտասարդի սև սաթի նման փայլող ջուպպեն, Բուխարայի այնքան նուրբ մորթուց էր կարված ղալփաղը (գդակ), այնպես կուրծք ու մեջքին կիպ փաթաթված էր նրա սև քիշմիրե, էնթարին և սև գոտին, որ ահագին բազմության մեջ նա նկատելի էր ոչ միայն իր մաքուր ու վայելուչ հագուստով, այլ մանավանդ բարձր հասակով, վայելուչ դեմքով, լայն ուսերով ու կրծքով և կտրիճի շարժմունքով: Հազիվ քսանմեկ կամ քսան տարվան լիներ երիտասարդը. կզակի նոսր մազերը հազիվ մեկ-երկու անգամ ածիլած լինեին, իսկ սև ու կարճ բեղերը դեռ մատ բռնելու չափ չէր երկարել։

Երիտասարդը երկար ժամանակ իր վրա հառել տվեց ծպտածների խոժոռ աչքերը, որոնք ուզում էին սլաքի նման թափանցել նրա սիրտը և ծակել, բայց բազմաչարչար հայի զավակը ոչ մի զանցառություն չէր արել, բոլոր հագուստը, կապուստը, կոշիկները, կապերն ու կոճակներն անգամ թուխ, սև գույն էին կրում և հայից անբաժան սուգն արտահայտում։

- Տեսեք, լավ դիտեցեք, մատաղդ լինիմ,- ասաց Խոջան սուլթանին,- տեսեք, թե որքան ընտիր-ընտիր կերպասներ և թանկագին կտորներով է զարդարվել քյաֆիրը (անհավատ)։ Սև են հագնում իբր թե օրինազանցություն չեն անում, բայց այդ քնքուշ գործվածքները մի՞թե վայել է զիմմիին (գույքով, կյանքով պարտական), կարծես պեծեր է թափվում գլխից ու վրայից։

- Ուղիղ է ասածդ,- պատասխանեց սուլթանը,- բայց բան չի կարելի ասել․ ոտից մինչև գլուխ բոլորը սև-սև կտորներով է ծածկված։ Օրինազանց չէ անօրենը։

- Այդ անհավատները կողոպտում են, կեղեքում են ժողովրդին և ահագին գանձեր են դիզում։ Դրանց բոլորովին խնայելու չէ…

- Առանց դրանց էլ մենք բոլորովին կաղքատանանք, կթշվառանանք։ Մեր հասարակական գանձարանը դրանք են լցնողը և ալլահը դրանց մեզ շնորհել է, որ մեր մարմնավոր վայելքների համար աշխատեն։ Թող լցնեն մեր գանձարանը, թող բավարարություն տան իսլամին, ավելացած փշրանքով էլ իրենք ապրեն,– ասաց սուլթանը և դուրս եկավ նավակից։

Նրանք անցկացան նեղ-նեղ փողոցներով և ճանապարհին Լիմոն-Իսկելեի մոտ, մի գինետան առաջից անցկացան։ Ծպտյալները նկատեցին որ ներսը՝ գինետան մեջ, հույները հարբել, երգում էին, նվագում ու պարում․ նրանց բարձրացրած աղմուկն ու ժխորը տարածվել էր մինչև անգամ մոտակա բոլոր փողոցները։ Սուլթանը ուշի֊ուշով լսում էի Խոջայի բոլոր նկատողություննորը, որ երբեք չեր դադարում իր կրոնական պարտականությունները կատարած լինելու համար հայտնել անհավատների բոլոր պակասությունները, ամենախիստ գույներով և ամենակծու ոճերով ու բառերով։ Նրանք անցան Ուզուն Չարշիից, բարձրացան ահագին զառիվերը և մտան Բեզեզթան։

- Ահա իրար ետևից և մեր քաղաքի բոլոր ապականված վայրերը, - հառաչելով ասաց Խոջան և, մի քիչ խորհրդավոր կերպով լռելուց հետո, ավելացրեց․

- Գինետան գարշելի ձայները դեռ չեն հեռանում ականջիս միջից, հարբած հույների պատկերները չեն ջնջվում աչքիս առաջից։

- Գարշելի ու նողկալի տեսարան։ Դրանց առաջն առնելու է, - ասաց սուլթանը մտախոհ՝ քայլերն ուղղելով դեպի Սուլթան-Բայազեթ։

-Այդ անօրեն մուրտառները իրենց գինիով ապականում են բոլոր փողոցները, փչացնում օդն ու ջուրը և իսլամի բարեշնորհ հավատացյալների կյանքը դառնացնում։ Փողոցներում ամեն մի իսլամ անօրեն հարբածներին պատահելիս շունչը առնում է, հագուստը փալասներին դիպչելով՝ պարտավորվում է բաղնիս գնալ մաքրվելու համար, գոնե կրկին անգամ լվացվելու, որ կարողանա մաքուր սրտով, խաղաղ խղճով աղոթել։ Ինչպե՞ս մզկիթներում կամ իրենց խանութներում հանգիստ սրտով աղոթեն հավատացյալները, երբ փողոցներում և գինետներում հարբած անհավատները խոզի սոսկալի աղաղակներ են բարձրացնում։

Իսլամի նախանձախնդիր աշակերտը՝ Խոջան, իր անվերջ չարախոսություններով խլացնում էր իր գահակալ աշակերտին և նրա սիրտը լցնում ատելության սոսկալի թույնով։ Սուլթանը մտածում էր, թե ինչ դիրք բռնե։ Նա գինետները չէր կարող փակել, քանի որ նրանք ահագին էին տալիս իսլամի հասարակական գանձարանին, մանավանդ որ այն ժամանակ քրիստոնյաները առանց այդ հարկը վճարելու էլ կարող էին գաղտնապես իրենց տներում կարևոր գինին և ուրիշ խմիչքները պատրաստել և հարբել: Նրանք լռելյայն անցան Սուլթան-Բայազեթի հրապարակից դեպի Ֆաթիհ-Սուլթան-Մեհմեդ և այնտեղից ուղղակի բռնեցին Էյուբի ճանապարհը: Երկար էին փողոցները և ամայի, հարյուր քայլին մի մարդու, մի խափշիկ աղախնի հազիվ էին պատահում, իսկ Խոջան ճարտարախոս էր։ Նա անդադար, ջրվեժի նման թափում, պատմում էր սուլթանին առօրյա հարցերից, կատարված դեպքերից և անցյալ պատմությունից։

Նրանք մտան մի նեղ փողոց, որտեղ ո՛չ խանութ կար, ո՛չ էլ արհեստանոց, բոլորն էլ մյուսլիմ ժողովրդի բնակարաններն էին՝ աջ թե ձախ։ Հեռվից նկատեցին մի սիմիտ (բուբլիկ) ծախող բոշնակ, որ ծանրաքայլ առաջ էր գնում և խզխզոտ կանչում. սիմի՜տ, սիմի՜տ։

Բոսնիացին առանց կասկած տանելու, որ իր խզխզան ձայնը կարող էր անախորժ հնչել ծպտյալների ականջներին, վաճառքին հաճախորդ գտնելու տենչով, անդադար կրկնում էր. «Սիմի՜տ, սիմի՜տ», որպեսզի տների խորքերում գործի հետ եղող տիկինների ականջներին հասցնի իր խռպոտ ձայնը և անախորժ եղանակը, որ նրանք լսեն, դուրս գան դեպի լուսամուտները՝ սիմիտ գնելու։ Ծպտյալները հեռվից դիտում էին բոշնակի բոլոր շարժումները:

Հանկարծ սիմիտչին կանգնեց, ուսից վար դրեց եռոտանին, գլխից իջեցրեց տեփուրը և դրեց եռոտանու վրա։ Թրքուհին բարձրացրեց լուսամուտի փայտի մատներից հյուսված խիտ վանդակը, կիսով չափ կախվեց լուսամուտից և փղոսկրի նման ողորկ և փայլուն, ձյունի նման սպիտակ և շողշողուն մերկ բազուկը տարածեց, ձգվեց և բոշնակի ձեռքից առավ երկու սիմիտ։ Այս առուտուրը այնպես բորբոքեց մոլլայի նախանձը, այնքան ատելություն աճեց նրա սրտում, որ չկարողացավ կրքերը զսպել ու ասաց կատաղաբար.

Խո տեսա՞ք, աչքով տեսաք, մատաղդ լինիմ, թե ինչպես անհավատը ներքևից դիտում էր ու հրճվում։ Ինչ աղտեղի աչքերով, գարշելի սրտով ձգտում էր այս անհավատը հարաբերության մեջ մտնել իսլամի հարեմի անարատ կնոջ հետ։ Որքան խաղերով ու նազանքով էր տարածում սիմիտը ու տանջում թշվառ կնոջը։

Կասկածը լավ բան չէ, Խոջա, իսլամին չի վայել ենթադրություններով խոսիլ, գուցե և բամբասել մի բոլորովին անմեղ կնոջ։

Ներեցե՛ք, ասաց Խոջան, զգալով իր սխալը, ներեցեք, տեր իմ, որ կրոնական նախանձախնդրությունս ինձ չափազանց կուրացրեց, ես մեղքի տակ ընկա ենթադրական բամբասանքով։ Բայց և այնպես սիրտս ծակվեց, կարծես մի նիզակ մխեցին այնտեղ, երբ նկատեցի, որ աչքի անմերձենալի հարեմի տիկինը լուսամուտից կռացած կես մարմնով, բաց դեմքով, կրծքով ու բազուկներով մերկացավ անօրենի աչքերին։ Սա էլ փոխանակ դեմքը ծռելու, գետին նայելու, զմայլած նրա գեղով, քիչ էր մնում պատից վեր թռչի։

Նրանք առաջանալով մոտեցան բոսնիացուն, որ ստացած փողը քսակը զետեղելուց հետո տեփուրը կրկին գլխին դրեց, եռոտանին ուսերին և, շարունակելով ճանապարհը, կրկնեց նույն խռպոտ ձայնով ու եղանակով. «Սիմի՜տ, սիմի՜տ, սիմի՜տ»։

Սուլթանը կրկին ոտից մինչև գլուխ զննեց բոշնակին, բայց ամեն բան օրինական գտավ, բոլոր շորերը սև, բոլոր հագուստը մթին, թշվառի տանջանքն ու սուգն էին արտահայտում։

Ծպտյալները առաջանալով շարունակեցին իրենց քայլերը դեպի էյուբ և որովհետև սաստիկ հոգնած էին, մտան մի ղայֆեխանա (սրճարան )՝ թե՛ հանգստանալու և թե՛ ժողովրդի կարծիքները լսելու։ Սրճարանատերը այս անծանոթ հաճախորդներին իսկույն աթոռ տվեց, վազեց սառը ջուր բերեց, մոտերը դրեց, որ ծարավները հագեցնեն և ինքը մոտեցավ օջախին՝ սուրճ պատրաստելու։ Սրճատանը մեծ բազմություն կար. մոլլաներ, արհեստավորներ, կալվածատերեր, թաղական պաշտոնյաներ, ենիչերիներ։ Բոլորն էլ անտարբեր զբաղված էին իրենց զբոսանքով, ծխում էին չիբուխ կամ նարգիլե, խմում էին սուրճ կամ օշարակ, խաղում էին նարդի, տամա կամ թուղթ և շատերն էլ ընտանեկան խոսակցությամբ էին զբաղված ու քննադատում էին առօրյա հարցեր։

Ահա երեք օր է, ասաց մի կալվածատեր իրեն լսողներին, մեր սուլթանի գահ բարձրանալը (ալլահը երկարեցնե նրա կյանքը), բայց ոչ մի ձայն չլսվեց, ոչ մի գործ չտեսավ։

Երեկ իրիկուն Թոփ֊Գափու՝ մի սրճարանում նրան տեսնողներ են եղել…

է՜յ, ասաց սրճարանատերը օջախի մոտից, դատարկախոսներ եք, ուրիշ ոչինչ։ Թողեք մի հանգստանա, ծանոթանա գործերի հետ… Երեք օրվա մեջ ի՞նչ կարող էր անել…

Ժրագլուխ և եռանդոտ մարդը հենց առաջին օրից կարող էր իր շնորհքը ցույց տալ, ասաց մի ենիչերի, խաղը ընդմիջելով։ Մի՞թե քիչ գործեր կան մեր քաղաքում։ Ահա քանի ամիս է, որ մեղ ուղտի նման խմոր են ուտացնում փռնչիները. այն էլ ի՜նչ խմոր, գարի թե հաճախ ալլահն խաբար։

Այդ բոլորը կարգի կմտնի, ասաց մի մոլլա, եթե մեր կաշառակեր յուլեմներին (կղեր) ու ղադիներին (կրոնական դատավոր) կարողանան զսպել։

Ի՞նչ անեն յուլեմներն ու ղադիները, երբ ընդհանրապես այնպիսի շռայլություն ու փարթամություն է տիրում մեր ավագանիի ապարանքներում։ Երկիրը կողոպտում են, ժողովուրդը կեղեքում, կաշիներն են պոկում, որբին ու այրուն տանջում, զրկում, որ ինչ է, իրենց հարեմները հարճով, ընդունարանները մանկլավիկներով լցնեն։ Ամեն մի աչքի ընկնող պաշտոնականի տունը եթե օրական հիսուն-ութսուն ոչխար է մտնում, էլ մեզ նման աղքատն ու տնանկը որտեղի՞ց մի կտոր լեշ գտնի, որ մանր ու խոշորին կերակրե։ Ամեն կողմից վարչության դեմ տրտունջներն ու գանգատներն անպակաս էին, այնպես որ մինչև սուրճ խմելն ու հանգստանալը սրճատան հաճախորդները ապրուստի ամեն մի նյութի մասին իրենց նեղ վիճակն արտահայտեցին, նախատելով վաշխառու դատավորներին և անարժան պաշտոնակալներին։ Երբ ծպտյալները պատրաստվում էին հեռանալու, նարդի խաղացողներից մեկը, խաղն ավարտելով, վեր կացավ ու հարցրեց հանդիսականներին․

Նոր բան իմացե՞լ եք։

Ի՞նչ, ասացին ամեն կողմից և հայացքներն ուղղեցին։

Բախալները իրենց դատը տարել են և դարձյալ թթու ծախելու արտոնություն են ձեռք բերել։

Ինչպե՞ս, կրկնեցին նորից հանդիսականները՝ ուշադրությամբ նորությունը լսելով։

Չէ՞ որ Իսթամբուլի ղադին երեք հազար ղուռուշ առնելով թթու ծախողներից, վճիռ էր տվել, որ այլևս բախալները թթու չծախեն։

Այդ հայտնի է, երեք-չորս ամսվա պատմություն է, նորն ասա։ Հետո՞։

Բախալները հավաքվում են և հինգ հազար ղուռուշ գումարելով, դիմում են նույն ղադուն, որ իրենց կրկին թույլ տա թթու ծախելու։ Այդ գումարներով ղադին գրավվում է և բախալների առաջնորդին սովորեցնում, որ գնա մի քանի հղի կանայք ուղարկե իրեն ղադիի մոտ գանգատվելու։ Բախալները հինգ տասը հղի կանանց սորվեցնում են, որ գնան ղադիի մոտ գանգատվեն, թե իրենք պատճառավոր են և հաճախ գիշերվա մեջ սրտերը այլևայլ թթու է ուզում։ Թթուծախ ամեն թաղում չլինելով, եղածներն էլ սաստիկ հեռու լինելով, նըրանք վնասվում են, ուշքներն անցնում է և կարող են ավելի մեծ վտանգի ենթարկվել, եթե ղադին իր ապօրինի կարգադրությունը չվերցնե և թույլտվություն չտա, որ բախալներն էլ թթու ծախեն։ Ղադին այդ գանգատավոր կանանց խնդիրքի համաձայն նորից վճիռ է արձակում, որ բախլներն էլ թթու են ծախելու, քանի որ բնակարաններին մոտ թթու չլինելու պատճառով կարող են վնասվել հղի կանայք ու նրանց մանուկները։

Սուլթանն այդ պատմությունը լսելով՝ զայրացած դուրս եկավ սրճատնից, և Խոջայի հետ ուղղվեցին դեպի պալատ: Դեռ շատ չէին հեռացել էյուբից և նոր էին մտել կենտրոնական քաղաքամասը, որ պատահեցին նույն սիմիտչի բոշնակին, որ առանց մտածելու անգամ, թե իր խռպոտ ձայնը կարող է աշխարհում մի որևէ անհատի զայրացնել, կանչում էր անվերջ՝ սիմի՜տ, սիմի՜տ, սիմի՜տ… Քանի կանչում էր բոշնակը, ամբողջ մարմնով դողում էր սուլթանը և երբ մոտեցան իրար՝ սուլթանն ուշի֊ուշով քննեց դրա հագուստն ու կապուստը և նկատելով սիմիտչիի չստերի վրա մի կտոր դեղնոտ տեղ, ասաց զայրացած.

Անօրեն, մի՞թե քեզ հայտնի չէ, որ զիմմիներդ իրավունք չունիք ուրիշ գույներով զարդարվելու։ Ինչի՞ իսլամիկղերին հատուկ դեղին չստեր ես հագել։

Խնայի՛ր ինձ, մեղավոր եմ, դերվիշ բաբա, ասաց դողդողալով բոշնակը, աղքատությունից ստիպված հին կոշիկներ գնեցի ու անձամբ ներկեցի, սևացրի։ Տեսե՛ք, տեսեք, ասաց բոշնակը կոշիկները հանելով, արդեն բոլորովին սև է, միայն այս մատիս բռնած տեղը բաց է մնացել, չեմ նկատել, չի սևացել…

Ձա՛յնդ, անօրեն, դեռ արդարանա՞լ ես ուզում, ասաց ու ետ նայելով ծպտյալ սուլթանը նշան տվեց հեռվից հետևող ենիչերիներին ու առաջ գնաց Խոջայի հետ։

Ենիչերիները իրենց տիրոջ ակնարկը նկատելուն պես, վրա հասան, բռնեցին սիմիտչիին, ցրվեցին նրա սիմիտները, ոչխարի նման գետին գլորեցին, պառկեցրին թշվառին, գլուխը կտրելով, սիմիտի տեփուրի վրա դրին, ծածկեցին մի փալասով և հետևեցին իրենց տիրոջը։

Ծպտյալները առանց ետ նայելու շարունակեցին իրենց ճանապարհը ոլոր-մոլոր, նեղ ու կեղտոտ փողոցներով, մինչև հասան կրկին Լիմոն-Իսկելեն։ Այդտեղ նույն գինետնից դարձյալ գալիս էին երգի ու նվագարանի խառնաշփոթ ձայները, էլի աղմուկն ու գոռգոռոցը տարածվել էին ամեն կողմ։ Երբ ծպտյալները՝ աչքերը հառած գինետան դռան կողմը, մոտենում էին, մի բարձրահասակ, լիք-լիք հույն, ալբանական ծալովի ֆեսը գլխին՝ դուրս եկավ փողոց և հսկա քայլերով դիմեց ծպտյալների կողմը։ Նեղ մայթից առաջ գալիս հույնին դիմավորեց մի մոլլա, որին հույնը ճանապարհ չտվեց, չիջավ մայթից փողոց։ Անցորդ իսլամ-հոգևորականը, դիպչելով հույնին, կատաղեց և աղտեղի փողոցային հայհոյանքներով հրամայեց ռայային՝ ցած գալ մայթից և իր արբեցողի գարշահոտ շնչառությամբ, գինով ապականված փալասներով չապականել նրա անապական մարմինն ու հագուստը։

Հույնը թեև գինու ազդեցության տակ էր, բայց լինելով Արշիպելագի կղզիներից և ծովի ազատ որդիներից, չզիջեց, չուզեց լսել մոլլային։ Մոլլան չապականվելու համար անճարացած ինքն իջավ մայթից և սկսեց հրապարակապես գոռալ, գրգռել ու բորբոքել իսլամ ամբոխին գանգատվելով, որ անհավատը անարգել էր իր արժանապատվությունը։ Ծպտյալները անցքին ականատես լինելով, սուլթանը կրկին ետ դարձավ և պատշաճավոր նշանը տվեց իրեն հետևող ենիչերիներին, որոնք հույնին բռնեցին և քաշեքաշ հրելով ու ծեծելով՝ տարան Պալըգ-Խանե։ Այդտեղ ծովից դուրս բերված ձկան նման տարածեցին կղզեցուն կոճղի վրա և լայնբերան կացնով մարմնից գլուխն անջատեցին։

Դեռ հույնի գլուխը չէին վերցրել հատակից, դեռ նրա լեզուն բլբլում էր բերանում, և արյունը շատրվանի նման ցայտում էր վզից, երբ ծպտյալները հասան Պալըգ֊Խանեի նավամատույցը և նշան տվին, որ իրենց նավակը մոտենա։ Այդ միջոցին Ղալաթիայից նավակը ետ բերեց այն կոկլիկ և վայելուչ հագնված հայ երիտասարդին, որին պատահել էին առավոտը նույն նավամատույցի վրա։ Դարձյալ նույն կայտառ շարժումները, նույն քայլերը և նույն շռայլ ծախսը․ նա մենակ մի նավակ էր վարձել և ետ էր դառնում։ Կատաղությունից արյունով էին լցվել սուլթանի աչքերը, և նա կիրքը չկարողանալով զսպել, մոտ կանչեց երիտասարդին և զննելով նրա հագուստի երեսն ու աստառը, ներքինն ու արտաքինը, հրամայեց ոտքից սև կոշիկները հանել։ Այդ ժամանակ սովորություն էր Կ. Պոլսում հիմիկվա կրկնակոշիկի փոխարեն սև կոշիկներ հագնել և տուն մտնելիս այդ կոշիկները նախասենյակներում թողնելով, ներքին մաշիկներով ներս մտնել թանկագին կագին գորգերով և մետաքսե թավիշներով փռված, զարդարված սենյակները։

Երիտասարդը այդ հրամանը լսելուն պես՝ գունատվեց, ուշքը կորցրեց, բայց բռնությամբ նրա կոշիկը հանեց մի նավաստի։ Երբ ծպտյալները տեսան կարմիր մաշիկը, սուլթանը զայրալի ասաց.

Անօրե՛ն, քեզ ո՞վ իրավունք տվեց իսլամի բեգերին ու ամիրաներին հատուկ մաշիկներով զարդարվելու,- և ետ դառնալով՝ երրորդ ակնարկն ուղղեց հետևող դահիճներին ու մտավ նավակ, Խոջայի հետ հեռացավ։

Դեռ ծպտյալների նավակը չէր մոտեցել Սարայ֊Բուրնո պալատական նավամատույցին, երբ ենիչերիների դահիճները մտան Գյուլ-Խանեի դռնով պալատի այգին, արքունիքի Բոստանչի-Բաշիի առաջ դնելով բոշնակի տեփուրը, բացին ծածկոցը և երեք անմեղ քրիստոնյաների գլուխը հանձնելով պալատի զորքերի պահապանների առաջնորդին, ստացան իրենց վարձը՝ ինն իսթամբուլ-ոսկի ու հեռացան։

Ճիշտ տասնևութ տարի հետո, 1808 թվականին, երբ վեզիր Մուստաֆա փաշան մի օրվա մեջ պալատի նույն պարտեզում խողխողել տվեց երկու սուլթաններին՝ Սելիմ Գ-ին և Մուստաֆա Դ-ին, թուրք պատմիչը, հիշելով անցյալը՝ ավելացնում է. Ինչպես ինքը, Սելիմ Գ՝-ը, անգութ վարվեց գահակալության օրերում՝ անմեղ երեք քրիստոնյաների արյունը հեղելով, նույնպիսի անողորմ դահիճների ձեռքով թափվեց իր և իր եղբոր որդու արյունը՝ միևնույն պարտեզում…

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online