Atrpet

Թուլումբաջիներ

Պոլսի ազգաբնակությունը գործելու մի ասպարեզ ուներ, որտեղ մարդիկ բոլորովին հավասարվում էին, որտեղ ամեն մի անհատ միևնույն իրավունքներն էր վայելում, որտեղ իրար չէին հարցնում, թե ինչ ծագումի էին պատկանում: Մշակ, արհեստավոր, վաճառական, վարժապետ, գրագետ, զինվորական, կալվածատեր, գրագիր, կրոնական, ամենքն առաանց խտրության հավաքվում էին և միասին գործի կպչում: Այդտեղ անխտիր, բոլորը հավասար ձայնով ընտրում էին իրենց առաջնորդ կամ ուրիշ գործավարներ, այդտեղ արժանավորությունը ոչ թե փողի ու գիտության, այլ ֆիզիկական ուժի, խելքի ու ժրագլխության մեջ էր կայանում։ Այդ ասպարեզը թուլումբաջիությունն էր (հրշեջներ)։

Թուլումբաջիությունից խույս էին տալիս վախկոտները, թուլասիրտները և անզգաները, որոնք, հայտնի բան է, քաղաքի ազգաբնակության մեծագույն տոկոսն էին կազմում և որոնցից խորշում էին, ինչպես սոֆի յուլեմները (խստակրոն կղերը)՝ խոզի մսից։

Թուլասիրտ քաղաքացիների թուլումբաջիներից խորշելու պատճառն այն էր, որ առաջինները իրենց աներկյուղ ընթացքով միշտ սարսափի ու սրտադողի մեջ էին թողել վերջիններին։ Թուլումբաջիներն ինչպես աներկյուղ կրակն ու բոցն արհամարհելով՝ մտնում էին ծխալի տներ՝ երեխաներին, չափահասներին ու պառավներին դուրս բերելու, կրակից ազատելու թանկագին կահ-կարասիքը, անխնա քանդում էին հարևան տները՝ հրդեհի առաջն առնելու համար, ջրհանները շալակած կռվում էին ահեղաշունչ բոցերի հեղեղի հետ, այնպես էլ անվախ միշտ հարձակվում էին էֆենդիների, դատավորների, աղաների, ամիրաների վրա, հայհոյելով, նախատելով, ծաղրելով, պակասություններն երեսներովն էին տալիս և սպառնալիքներով ստիպում իրենց հրամանները կատարելու և հրատարակելու։

Աղաներից հալածվածը միշտ դիմում էր մի հայտնի թուլումբաջու, պարզում էր նեղությունը։ Թուլումբաջին, գործին ծանոթանալուց հետո, մի օր փողոցի մի անկյունում բռնում էր աղային և ստիպում բավարարություն տալ նեղվածին։ Ամիրան, մահվան երկյուղից անրճկած, կատարում էր թուլումբաջու հրամանը, մտքի մեջ հազար ու մի հայհոյանք թափելով թուլումբաջու գլխին։

Մի անգամ մի կաշառակեր դատավոր խոսք էր տվել մի վաշխառուի յուր վճիռքով խլել մի թշվառ պարտիզպանի պարտիզակը, որով կերակրում էր ինը հոգուց բաղկացած ընտանիքը։ Պարտիզպանը հուսահատ ընկնում է մի ծանոթ թուլումբաջիի ոտքերը և վշտաբեկ սրտով նկարագրում իրեն սպառնացող սոսկալի վիճակը։ Թուլումբաջին հետևում է դատավորին և կեսգիշերին կտրում նրա ճանապարհը։ Դատավորը, հոգեառի ջլուտ, հաստապինդ բազուկների համն առած, կրկին անգամ նրան չպատահելու համար, դեռ մի գումար էլ վճռում է վաշխառուից առնել հօգուտ պարտիզպանի։ Ամիրայի մեկը, որ յուր բազմաթիվ ծառաների և ստրուկների վրա վստահացած՝ արհամարհում է թուլումբաջիին, սպառնում է դեռ նրան դատաստանի կանչել։ Թուլումբաջին առանց այլևայլի տալիս է կրակը՝ այրում է ամիրայի պալատը, և օգնության հասած թուլումբաջիների խումբը ավելի հանդիսատեսի դեր է կատարում, ավարի է տալիս ամիրայի կայքը, քան թե օգնության հասնում։ Այս պատճառները ամենաբռնավորներին անգամ ստիպել էին խոնարհվելու թուլումբաջիության զորության առաջ։

Կ. Պոլսում վաղ ժամանակներից մինչև վերջերս կային միայն թաղական և ընկերական՝ ենիչերությունից մնացած՝ թուլումբաջիների խմբեր. քաղաքական կամ պետական խումբ սովորաբար չի պահվել։ Կ.Պոլսում պատահած զարհուրելի հրդեհների մասին տեղեկություն ունեցողը կհասկանա, որ առանց այդպիսի թաղական թուլումբաջիների խմբերի որքան դժվար կլիներ Կ.Պոլսի նման մի մեծ քաղաքում աղետների ժամանակ ազգաբնակության օգնություն հասցնելը: Նամանավանդ հին ժամանակները, երբ կատաղած ենիչերիները իրենց առաջնորդներից վրեժ լուծելու, կամքերը առաջ տանելու ուրիշ միջոց չէին գտնում, կրակի, հրդեհի օգնությանն էին դիմում։ Առաջ ենիչերիներ էլ եղել են այդ խմբերում, որով թուլումբաջիության անունը պոլսեցիներին է՛լ ավելի սոսկումի, սարսափի և սրտադողի մեջ է թողել։

Բայց և այնպես ժողովրդի հալածված մասը՝ արհեստավոր և օրական աշխատանքով հազիվ ապրողները, փողոցներում տեփուրը գլխին ձուկ, կանաչի, միրգ, թոք, ոտ ու գլուխ ծախողները միշտ հարգել են թուլումբաջուն, անընդհատ աշխատել են նրան օգնել, միշտ ձգտել են ժրաջանությունով մտնել այդ խմբերի մեջ, որն իրենց անվերջ պաշտպան է կանգնել ամեն տեսակ աղետների ժամանակ։

Այս իսկ պատճառով ենիչերական կոտորածից հետո էլ մնացել էր և մինչև վերջերս էլ կար թաղական թուլումբաշիությունը, և բուրժուազիան արհամարհանքով օրականով ապրողներին բոլորին տալիս է «թուլումբաջի» տիտղոսը, որը կրողներն իրենց մեծ պատիվ են համարում։

Ահա այսպիսի երկու հայկական թուլումբաջիական խումբ կային 1882 թվականներին Իսկյուտարի Սելամսըզ և Ենիմեհլե թաղերում, որոնք շնորհիվ իրենց առաջնորդների՝ Կաղ–Մքոյի և Կարճ–Նազարի ժրաջանության, իրենց հարևան թուրք, հույն և հրեա թուլումբաջի խմբերի նախանձն էին բորբոքում ։

Կաղ-Մքոն, որ սովորական մահկանացուներից չէր, Փարիզ, Լոնդոն և Ամերիկա տեսել, գլխում կուտակել էր գիտության մեծ պաշար և ս. Խաչ եկեղեցու թաղական ուսումնարանում տեսուչ էլ էր, Սելամսըզի թուլումբաջիների օջախի աոաջնորդության արժանացել էր յուր մի քանի տարվա ընթացքում կատարած անթիվ զոհողություններով։ Նա յուր կաղ ոտքով շատ անգամ ուսը տվել էր ջրհանի տակ և յուր երեք վիթխարի ընկերների հետ ժամերով վազել մինչև աղետների տեղերը։ Նա հաճախ կրակի բոցերի մեջ խանձել էր մազերն ու մորուքը, ծխի մեջ կուրացնելով աչքերը և շնչասպառ խեղդվելով դուրս էր բերել հրդեհված տան խորքերից երեխաներով օրոցքներ, վերմակներով փաթաթված հիվանդներ, թանկագին նկարներ, գրքեր և անփոխարինելի նյութեր։ Հրդեհների ընթացքում նրա կարգադրություններն այնքան օգուտ էին բերել ազգաբնակությանը, որ սրանց համարումը Կաղ-Մքոյի մասին օրեցօր մեծացել էր, և երիտասարդությունը, նամանավանդ արհեստավոր և չքավոր դասակարգը, նրան համարյա թե պաշտում էր։

Կաղ-Մքոն ավելի խոնարհեցնում էր թե՛ հարուստներին, թե՛ ծառայողներին և թե՛ ընկերակիցներին յուր չափազանց անշահասիրությունով և մանավանդ արդար վճիռներով։ Թուլումբաջիները հարուստ կալվածատերերից երբեմն-երբեմն ստանում էին նվերներ, և աղետից ազատվող մեծատունները խոշոր գումարներով վարձատրում էին նրանց։ Կաղ-Մքոն ոչ միայն մաս չէր առնում այդպիսի եկամուտներից, այլև կարիք չունեցողներին էլ, յուր օրինակով, ստիպում էր հրաժարվել և գումարները հավասարապես կամ արժանավորապես բաժանում էր կարոտյալների մեջ, այնպես, որ բոլոր ընկերները համոզմունքով գոհ էին մնում նրա կարգադրությունից:

Կաղ-Մքոյի ժրաջանությունով շատ մեծացավ Սելամսըզի թուլումբաջիների խումբը, և նախկին մի մաշված, անպետք ջրհանի փոխարեն չորս նոր լավ ջրհաններ ձեռք բերին՝ հրդեհի վերաբերյալ բոլոր պարագաներով։ Դեռ այդ բավական չէր, Կաղ-Մքոն ասում էր, որ աշխատինք մի հարմարավոր տեղ գտնենք թաղի կենտրոնում հրշեջ գործիքների համար։ Նա մտածում էր այդ տան կողքին մի աշտարակ էլ շինել, որտեղից փոխընդփոխ հսկել և փոխանակ մունետիկի ձայնին սպասելու, իսկույն այդտեղից նշան տալ թուլումբաջիներին հրդեհվածներին օգնության հասնելու։

Կարճ-Նազարը, որ նույնպես Կաղ–Մքոյի նման անձնվեր էր գործին, կառավարում էր Ենիմեհլեի թուլումբաջիների խումբը։ Նա ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ և «Տիեզերք» ամսաթերթի խմբագիրն էր։ Կարճ - Նաղարը հարուստ մարդու որդի լինելով և յուր ծնողներից բավական հայտնի կալվածներ ժառանգելով, ոչ միայն հանգիստ կարող էր ապրել, այլև մի ուրիշ պարապմունքով նա կարող էր դեռ մի քանի անգամ էլ բազմապատկել կարճ ժամանակամիջոցում յուր կապիտալը, բայց նա ոչ միայն հայ խմբագրի տաժանելի պաշտոնն էր ստանձնել և յուր եկամուտներով գիտնական թերթը տպում ու ցրում էր ժողովրդի մեջ ուսումը, գիտությունը, առաջադիմությունը տարածելու նպատակով, այլև յուր եկամուտներից մի մասն էլ հանում էր թշվառ ընկերակիցներին, Եվրոպայում ուսանողներին։

Կարճ- Նաղարն էլ անձամբ կռվում էր աղետների ժամանակ կրակի, ծխի, ջրի և ջրհանի հետ, ետ չէր մնում բեռնակրից, ձկնորսից, կոշկակարից և դարբնից, այնպես որ նրա արարքները Կաղ-Մքոյից ավելի նախանձելի էին հենց նրա համար, որ Կաղ֊Մքոն, որպես նախկին Մշի դաշտի որդի, մանկությունից սովորած էր չարքաշության, իսկ Կարճ֊Նաղարը փափուկ կյանքից իջել, մտել էր թուլումբաջիների շրջանը։ Երբ Կարճ-Նաղարը ջրհանի խողովակը և մուշտակը ձեռքին բարձրանում էր հրդեհված տան կտուրը և հսկայի նման կանգնելով ահեղաշունչ բոցերի մեջ՝ կռվում ու խրախույս էր կարդում ընկերներին, տեսնողը չէր կարող երևակայել, որ այդ հերոսը դայակների գրկերով՝ սայլակներով ու կառքերով էր մեծացել և փափկությունների մեջ զարգացել մանուկ օրերում։

Ժողովուրդը սիրում էր երկու խմբապետներին էլ. հրդեհից նեղվածները, թշվառները, օգնության կարոտները պաշտում էին երկու խմբի բոլոր թուլումբաջիներին։ Վախկոտները, հարուստները գլխները թեքում էին երկուսին էլ առաջ, երկուսին էլ օգնում էին և երկուսին էլ մտքում հայհոյում, որ իրենց քսակներից ակամա գումարներ էին դուրս քաշում և սրանցից որի մոտ որ լինեին, նրան մյուսից նախապատվություն էին տալիս։ Երկու խմբերն էլ իրար հարգում, իրար օգնության հասնում էին, բայց իրար նույնպես նախանձում էլ էին։ Նախանձը բարի էր, և նրանք իրար հակառակ մեծացնում էին իրենց խմբերը, ուժեղացնում էին իրենց ջրհանները և հրշեջ գործիքները օրեցօր կատարելագործված տեսակներով փոփոխում, լրացնում և աշխատում էին ավելի կազմ ու պատրաստ լինելու՝ աղետի ժամանակ թշվառներին օգնության հասնելու դիտումով։

Կարճ֊Նազարի անունն ավելի հռչակվեց յուր նորակազմ խմբով և Եվրոպայից նոր բերել տված ջրհաններով ու գործիքներով՝ այդ օրերը Արշակյան գիշերօթիկ ուսումնարանում պատահած հրդեհի դեմ կատարած հարձակումով։ Այդտեղ, զարհուրելի բոցերի մեջ, այնպիսի քաջասրտությամբ շարժական սանդուխներից բարձրանում էր Կարճ-Նազարը և լուսամուտներից ներս մտնելով երեխաներին գրկում իջեցնում էր փողոց, որ սքանչացնում էր հազարավոր հանդիսականներին և արտասուքները սրբում, սրտերը խաղաղեցնում թշվառ ծնողների ու հարազատների։ Այդ գիշեր նրա խումբը այրվելուց ազատել էր յոթանասունուհինգ աշակերտի։ Այդ գիշեր նրա հսկայական շարժումները այնպես էին դրոշմվել ներկա եղողների սրտումն ու մտքումը, որ հավիտյան ջնջվելու չէր այդ հիշատակը նրանց հիշողություններից։ Այս հրդեհից հետո բավական նսեմացավ Կաղ֊Մքոյի աստղը։

Բայց և այնպես, Կաղ֊Մքոյի քունը կտրվում էր, երբ Կարճ֊Նազարը իրենից վաղ էր հասնում մի հրդեհված տան օգնության։ Կարճ-Նազարը նույնպես հանգստությունը կորցնում էր, երբ իրեն պատմում էին Կաղ֊Մքոյի մի նոր քաջագործությունը հրդեհի ընթացքում։ Բացի այս, Սելամսըզ թագը կպած էր Ենիմեհլեին, այնպես որ Կարճ-Նազարը և Կաղ–Մքոն Ենիմեհլեից անդամներ ունեին, և որովհետև թուլումբաջիների գործունեությունը սահմանափակված չէր միայն իրենց թաղերով, այլ ազատ, ով կարողանում էր առաջին անգամ մտնում էր հրդեհված փողոցը և գործի ձեռնամուխ լինում, մյուսն էլ հասնում էր օգնության, այդ պատճառով, անդադար մեկը մյուսից առաջնությունը խլելով, կատաղեցնում էին խմբապետներին։ Այս բարի նախանձը օրեցօր սաստկանում էր և ատելության փոխվում։Սկզբում երկուսն էյ սառնարյուն էին քննում գործը, որովհետև երկուսի նպատակն էլ միևնույնն էր, այսինքն՝ իրենց թաղեցիներին և հարևան բնակիչներին օգնության հասնել հրդեհների ժամանակ, ձգտում էին մի կերպ միանալ։ Այդ բանը պահանջում էին թուլումբաջիները և նույնիսկ թաղեցիները, բայց հենց այդ միության ձգտումն էլ ավելի հեռացնում էր նրանց, որովհետև հասարակական գործը այդտեղ զոհվում էր անձնականին։ Խմբապետներըերկուսն էլ ցանկանում էին իրենց առաջնությունը պահպանել և այնքան մեծ էր նրանց եսը, որ նրանցից ոչ մեկը չէր կարողանում զիջանել։

Կաղ-Մքոն միշտ կրկնում էր յուր շրջանի թուլումբաջիներին․

Եղբա՛յր, այնքա՜ն տարվա աշխատանքներս տանենք ծո՞վը թափենք։ Այդ փափկասուն աղայական զավակը թուլումբաջիություն պիտի անի, մենք էլ պիտի տեսնե՞նք։ Թո՛ղ երթա իր «Տիեզերքը» խմբագրե և ոտանավորներ գրե․ ի՞նչ գործ ունի կոշտ ու կոպիտ թուլումբաջիների հետ։ Նա դեռ երեխա է, նրա ընկերները խակ մարդիկ են, նա իսկական հրդեհ դեռ չէ տեսել, թեթև կրակների մեջ մտնում է, գիտե, թե մեծ բան է անում։ Ես համոզված եմ, որ մի օր, մի մեծ կրակի ժամանակ, իրեն անխելք ընթացքով, խումբը կրակի մեջ պիտի թողնե, գուցե ինքն էլ մեջը մնա։ Ես՝ տասը տարվա մեջ պատրաստած թուլումբաջիս, չեմ կարող այդպիսի տղայական բնավորություն ունեցող մարդու հավատալ։ Մեկ դուրս բեր, մեկ հաշվե տեսնենք ի՞նչ մարդիկ ունի, կամ թե քանի՞ իսկական մարդ ունի։ Հայրական կարողությունը ուտել, Եվրոպայում ուսում ստանալ և կալվածների եկամուտերով մարդիկ պահելը պապս էլ կարող է անել, թո՛ղ, թող ժողովրդականություն գտնե և ժողովրդի օգնությամբ ձեռք բերե իրեն կարևոր գործիքները, այն ժամանակ ես կխոնարհվեմ նրա առաջ, ես էլ նրան կհնազանդիմ։

Մենք աղաների հետ գործ չունինք, ստրկանալ չգիտենք, գոռում էին Կաղ Մքոյի խմբի գլխավոր անդամները․ մենք ազատ-անկախ գործել ենք տարիներով և կգործենք ամենահետին մշակի, ձկնորսի ու կոշկակարի հետ իսկական թուլումբաջիները մերկ սրունքով, բոբիկ ման եկողներն են։

Մեզ հետ է, պատասխանում Էր Կաղ-Մքոն լուրջ նայվածքով, Թաղի բժիշկը՝ ամենքին հայտնի պր-ն Մսրլյանը, մեզ հետ է թաղական խորհուրդը, որը միշտ բացել է ս. Խաչ եկեղեցու ջրամբարները մեր խմբի առաջ, հրդեհների ժամանակ, մեզ հետ են երկու թաղի էլ ամենախոհուն, ամենահարուստ կալվածատերերը, որոնց հարգանքը միշտ վայելել ենք։ Վերջապես, մեզ հետ են ամբոխը, արհեստավորները։ Եթե այսպիսի ուժեր ունինք, մենք միշտ անկախ կարող ենք գործել և կարիք չունինք Ենիմեհլեցոց միությանը։ Թող Կարճ-Նազարը մի քիչ թռչկոտի այս ու այն կողմը, մինչև որ մի քիչ թեթևանա քսակը, վերջը դարձյալ մերն է, մենք ենք հաղթանակելու, քանի որ ժողովուրդը մեր թուլումբաջիներին ավելի է սիրում։

Բայց և այնպես Կաղ-Մքոն էլ, ընկերներն էլ տեսնում էին, որ օրեցօր ավելի ու ավելի ընդարձակվում և ավելի կատարելագործված ջրհաններով պատրաստվում էր հրդեհների դեմ Կարճ֊Նազարի խումբը, որի անդամների թվի մեջ մտնում էին ավելի ուժեղ, ավելի վիթխարի մարդիկ։ Դեռ այս բավական չէր, Կարճ-Նազարը միացել էր Վանքի-Բաղի հույն, Գուզղունճուգի հրեա, Իջադիեի հայ, Բաղլար-Բաշիի առնավուտ թուլումբաջիների հետ, որոնք բոլորը մի առանձին հարգանքով էին վերաբերվում Կարճ-Նազարի հետ և հրդեհների ժամանակ ոչ միայն իսկությամբ օգնության էին հասնում իրար, այլև հպատակվում էին Կարճ-Նազարի կարգադրություններին։ Այդ բոլորն էլ կատաղեցնում էր Կաղ-Մքոյին, նամանավանդ, որ յուր խմբից էլ մի քանի մարդիկ՝ իրեն հետ կռվելով՝ արդեն թողել անցել էին Կարճ-Նազարի խումբը։

Այս միջոցներին Կ. Պոլիս էին գաղթել Մշի դաշտից երեսուն ընտանիք, որոնց աննկարագրելի թշվառ վիճակից խղճահարված՝ պատրիարքարանը կարգադրել էր, որ Ջանիկ ամիրայի շինել տված նախկին ճեմարանում, որը գտնվում էր ս․ Կարապեա եկեղեցու մոտ, տեղավորել այդ թշվառներին, մինչև մի գումար հավաքելով դրանց կրկին հայրենիք վերադարձնելը։ Այս ճեմարանը, որ մի տասնյակ տարի է գոյություն չէր ունեցել և քառասունական թվականներից փակված էր, դարձել էր մի տեսակ ազգային հիվանդանոց կամ իսկ և իսկ մի տեսակ գերեզմանոց։ Այդ ահագին եռահարկ շինությունից միայն չորս-հինգ սենյակ հատկացրած էր թաղի վարժարանի համար, մնացյալ մեծ մասը միշտ դատարկ էր միայն աղետներից հետո երբեմն–երբեմն այդտեղ ժողովուրդը միառժամանակ պատսպարվում էր։ Այնքան կարկատանի կարոտ էր, որ չէր կարելի այդտեղ երկար բնակվել։ Մի քանի սենյակներում մշտապես ապրում էին ամենաթշվառ ընտանիքներ, մեկ֊երկու սենյակ վերին հարկում թաղական խորհուրդը պատրաստել էր փիլիսոփա պ-րն Միսաքյանի համար, որը, ժլատ սեղանավորի նման, յուր անբաժան ահագին օտարլեզվյան գրադարանից ոչ ինքն էր օգտվում և ոչ էլ ուրիշներին թողնում օգտվելու։ Մյուս սենյակներում էլ զառամյալ անտեր մուրացիկները ժողովրդի ողորմությանը կամ մահվան հրեշտակին էին սպասում։

Մշեցիք այդ շինության մեջ զետեղվելուց հետո՝ տղամարդիկ բազար էին գնում մշակությունով, համալությունով օրական մեկ քանի սև փող ձեռք բերելու և կանայք էլ այս ու այն տան մեջ ծառայություններ կատարելով ուտելիքներ ճարելու։

Կարճ-Նազարը, որ միանգամայն ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ էր, ինքն թշվառ գաղթականներին անձամբ զետեղեց ճեմարանի սենյակներում և որովհետև առաջին օրերի համար ուտելու ոչինչ չունեին, իր գրպանից վճարելով, գնեց կենսական պիտույքները։ Նույն գիշերը, յուր մոտ հրավիրելով իր և իր հարևան թուլումբաջիների խմբերի առաջնորդներին, նշանավորներին, խնդրեց, որ իրեն աջակցեն մի քիչ փող հավաքելով, այդ մերկ ու առանց անկողնի մնացած թշվառների վիճակը բարվոքել։ Թեև Կաղ-Մքոն էլ հրավիրված էր, բայց նա մերժեց այդ հրավերը և ինքն անձամբ իր թուլումբաջիներին հրավիրեց խորհրդի, միևնույն ճեմարանում ապաստանած տառապյալներին օգնելու համար։ Այնպես որ երկու խումբն էլ միասին սկսեցին օգնության հասնել թշվառներին։

Կարճ-Նազարը, երբ հետևյալ օրն արհեստավորներ բերած՝ կարկատել էր տալիս շինության ծակը-ծուկը, լուսամուտների փեղկերն ապակի գցելու համար և տանիքի կղմինդրը, ո՛ր չկաթե, շվարած մնաց, որ կողմը դառնում էր նորոգության կարոտ էր գտնում և երբ քննությունը վերջացրեց, ասաց իր մտքումը՝ թե ամեն կողմ փտած, խարխլած է, այնքան ծախս կգնա նորոգելու համար, որ այդ գումարով ավելի հեշտ կլինի հիմքից քանդել և նորից շինել այս ճեմարանը։

Կաղ-Մքոն նույն գիշերը, գաղթականներին հագուստ ու ճերմակեղեն բաժանելիս, որոնք հավաքել էր այդ օրը թաղեցիներից, ասաց ընկերներին.

Ահա մի «Նոր Հայաստան», կայտառ երեխաներ, վիթխարի և հաստաբազուկ տղամարդիկ, գեղեցիկ աչքերով, կարմիր այտերով կանայք ու պառավներ, աղքատություն, մերկություն ամեն կողմ, հուսահատություն բոլորի աչքերի մեջ և սրտի խորքերում։ Բայց և այնպես այս ջլուտ սրունքները, այս լայն կուրծքերը, այս հաստ ոսկորները, այս պինդ ուսերը մեզ՝ թուլումբաջիներիս համար շատ նախանձելի են, ես սրանք կքաշեմ դեպի մեր ջրհանները։ Հարկավոր է սրանց մարդ շինել, աներկյուղ թուլումբաջիներ, որ համարձակ մտնեն հրդեհի բոցերի մեջ։

Դու մի՛ վախենալ, էֆենդի, համալն ու մշակը բանից չեն փախչիլ, համա դու մեզ բան տուր, ասաց մի երիտասարդ, որ, ինչպես երևում էր, եղել էր մեծ քաղաքներում և կռնակը սովորել էր ծանր հակեր կրելու։

Կարծրամարմին մշեցիներից մի մասը մտավ Կաղ-Մքոյի խումբը, մյուսը՝ Կարճ-Նազարի։ Որովհետև այդ հայրենիքից հալածվածները երկու խմբից էլ անվերջ բարիքներ էին վայելել, այդ պատճառով դեպի երկուսն էլ տածում էին անկեղծ հարգանք։ Կաղ-Մքոյի նախագուշակությունը արդարացրին ավերակ ճեմարանի թշվառ բնակիչները, և մերկասրունք իսկյուտարցի թուլումբաջիները սկսեցին հարգել իրենց վախկոտ կոտ ու անսիրտ համարած ընկերակիցներին: Մշեցի գաղթականների հրդեհների ժամանակ տարած հաղթանակներից սքանչացած` Կաղ-Մքոն ու Կարճ-Նազարը սկսեցին իրար ձեռքից խլել նորավարժ թուլումբաջիներին: Արդեն հարևան բոլոր թուլումբաջիների խմբերը, թեև նախանձելով, բայց անկեղծ խոստովանվում էին գաղթական թուլումբաջիների մեծ հաջողակտնությունները և այդ բոլորը վերագրում էին Կարճ-Նազարի ժրաջան աշխատասիրության: Կաղ-Մքոն ավելի ու ավելի կատաղում էր այդ բանը լսելով, այնպես որ նա էլ չկարողացավ զայրույթը զսպել: Մեկ անգամ նա ս. Խաչ եկեղեցու բակում, ասաց մի պառավ կնոջ, որ Սելամսըզի թուլումբաջիներն էլ չեն օգնի նրանց, էլ հագնելիք ու վառելիք չեն տալ, քանի որ նրանց որդիքը, իրենց խումբը թողնելով, անցել են Կարճ-Նազարի թուլումբաջիների շրջանը մտել:

Այս բանի վրա կատաղեց պառավը և ասաց.

Որ էդպես է, դուք մեզի ոչ թե մեր խեղճության ու աղքատության համար է, որ օգնում եք, հապա մեր ուսերի համար։ Լավ, մենք էլ չենք ուզեր ձեր օգնությունը։ Սրանից հետո մենք էլ ձեր դուռը չենք գալ ողորմության, մեր դարդը կլանք, մեր ձեռքը կերկարենք Կարճ-Նազարի թուլումբաջիների: Նրանք դեռ մարդու չեն հարցրել, թե յուր որդին ո՞ր թուլումբաջիների շարքն է:

Պառավն իր համառությունով կարողացավ դրացիներից շատերին էլ քաշել Կարճ-Նազարի կողմը: Կաղ-Մքոյի թուլումբաջիների խումբը հետզհետե թուլացավ, երբ մշեցիների մեծ մասը հեռացան։: Ընկերներից մի քանիսը թեև չէին կարողանում համարձակ Կաղ-Մքոյի երեսին տալ իր բռնակալությունը, բայց կողմնակի կերպով հասկացնում էին։ Հրդեհների օգնության շատերը չէին գնում, շատերը ուշանում էին, շատերն էլ նրա անտեղի նկատողություններից վրդովված՝ թողնում փախչում էին: Ավելի խորշում էին նրանից, որ հրդեհների ժամանակ իր կատարած սխալները չէր հանձն առնում և հանցանքը ուրիշների վրա էր բարդում:

Այդ միջոցին երեք-չորս ամսով հիվանդացավ Կաղ-Մքոն և չկարողանալով դիմադրել ընկերներին, Սելամսըզի թուլուժբաջիների խմբապետության պաշտոնը հանձներ Լալ-Մարգարին, յուր ամենահպատակ ընկերոջը։ Խմբապետից դժգոհ թուլումբաջիները կարծեցին, որ այժմ հնարավոր կլիներ հաշտվել Կարճ֊Նազարի հետ, բայց Լալ-Մարգարը առանց Կաղ-Մքոյի խորհրդի քայլ անգամ չէր առնում, այնպես որ անկողնից հրամաններ էր արձակում հիվանդ էքս-խմբապետը՝ հրդեհների ժամանակ աղետների առաջն առնելու համար։ Այնպես որ այդ ժամանակները միայն անունով, չորս ջրհանով ու գործիքներով գոյությունը պահպանում էր Սելամսըզի խումբը, անդամներից ո՛րը մտել էր մոտակա ուրիշ խմբեր, ո՛րը ետ էր քաշվել, ո՛րն էլ սպասում էր, որ իրենց անփոխարինելի առաջնորդը առողջանա, որպեսզի կրկին ձեռք զարկեն գործին։

Այնինչ Կարճ-Նազարը տիրապետում էր թաղերին, գնդակի նման հասնում էր ամեն կողմ, առանց դժվարությունների հանգցնում էր հրդեհված տներր, օգնում էր թշվառներին ե դեպի իրեն գրավում ժողովրդի սիրտը։ «Տիեզերք»-ում, ուրիշ լրագիրներում ամեն մարդ կարդում էր նրա և նրա թուլումբաջիների քաջասրտության և արիաջանության նկարագրությունր։ Ամեն մարդ ակամա խոնարհվում էր նրա հաստատակամության առաջ, և ամենքը հիանում էին նրա արիաջանությամբ։ Կ․ Պոլսի ամեն շրջանում, ամեն թուլումբաջիների օջախում նսեմացավ Կաղ-Մքոյի անունը, որը մի ժամանակ ամեն տեղ խոսակցության հերոս էր հանդիսացել և համարյա թե սկսեցին նրա գոյությունն անգամ մոռանալ։

Մի օր Կաղ-Մքոն, դեռ նոր կազդուրված, լրագիրներում կարդաց հետևյալ լուրը. «Ինչպես լսում ենք, «Տիեզերք» լրագրի մեծանուն խմբագիրը, որի հերոսական արարքների մանրակրկիտ պատմությունը հանրածանոթ է Կ. Պոլսի բոլոր ընթերցող դասին, վերջերս մեկ նոր հասարակական ձեռնարկությամբ անմահացրել է իր անունն անօրինակելի անշահասիրությամբ։ Պարոնը Բաղլար-Բաշի ունեցած մեծ այգին և մեջը գտնված երկհարկանի ահագին տունը նվիրել է հօգուտ որբանոցի, որը բացել է աղետներից վնասված անտեր այրիների և որբերի համար»։

- Կովե՛ր, ոչխարնե՛ր, նա այդ անելով, ցանկանում է կուռք դառնալ ու ձեզնից պաշտվել,- ասաց կատաղած Կաղ-Մքոն-, և դուք հափշտակված դեռ խնկարկում եք այդ խորամանկ դերասանը։ Այն հարստությունը, որ հայրը ձեր կռնակներով էր վաստակել, այսօր որդին հոր դիզածից չնչին մի մաս բերաններդ թապլելով, շլացնում է ձեզ և ձգտում թիկունքներիդ, վզերիդ վրա բարձրանալ։

Այդ միջոցին ցրվիչը դուռը բացեց և մի համար «Արևելքս» տալով՝ արագ-արագ մյուս լրագիրների անունները արտասանեց.

- Լրագիր այսօրվա - «Հայրենիք», «Մասիս», «Մանգումե», «Թերջիմանի-էֆքյար», «Մեճմուա», «Փունջ», «Արևելյան մամուլ», «Լա թուրքի», «Սթամբուլ», «Ֆար դը Բոսֆոր», «Վաքըթ», «Հագիգաթ»…

- Պետք չէ, Պողոս աղբար, պետք չէ։

- Թուլումբաջիների համար հետաքրքիր լուր կա «Ֆար դը Բոսֆորի» մեջ։

- Ուղի՞ղ, տեսնենք։ Ցրվիչը տվեց ու հեռացավ։ Կաղ-Մքոն սկսեց աչքից անցկացնել «Արևելք»–ը։ Հանկարծ առավ և մռնչելով հետևյալ տողերը կարդաց. «Ամսիս 29-ին Գատը-գյուղի հույն և հայ թուլումբաջիների իրենց Իսկյուտարի արհեստակիցների պատվին տված ճաշկերույթին «Տիեզերք» լրագրի մեծհարգո խմբագիրը ձայն խնդրելով մի ճառ խոսեց, որը ժամից ավելի տևեց։ Ճառախոսն իրեն նյութ ընտրած էր՝ մի կապով միացնել Կ. Պոլսի բոլոր թուլումբաջիների խմբերը, որպեսզի հարկին՝ մեծամեծ աղետների ժամանակ, կարողանան զորեղ ուժով դիմադրել։ Մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունվեց ճառը և միաձայն վճռեցին. Հաջորդ ամսի մեկին հավաքվել դարձյալ Գատը-գյուղ ծրագիր կազմելու նպատակով»։

- Դարձյալ մի նոր խա՛ղ, դարձյալ աչքակապություն։ Օ՜հ, օ՜հ, օ՜հ, կաշառակուլ խմբագիրներ, կույր առաջնորդներ, փառաբանեցե՛ք, հռչակեցե՛ք, կուրացրե՛ք ամբոխը, ասաց մռնչելով Կաղ֊Մքոն, նստեց ու բացեց «Ֆար դը Բոսֆոր»֊ը։ Աչքը այս ու այն կողմ թարթելուց հետո միևնույն լուրը կարդաց, ավելի ընդարձակ։ Քիչ հետո գրիչը վեր առավ և մի հրավիրագիր գրեց ժողովի համար, որի տակը մի տասն անուն նշանակելուց հետո սկսեց մտածել։ Նա տատանվում էր և չէր իմանում էլ ո՛ւմ կանչել։ Գրիչը դնում էր թղթի վրա և վերցնում։ Վերջապես նա մի վաթսուն, յոթանասուն անուն գրեց և վարժատան ծաոային տալով պատվիրեց, որ մինչև իրիկուն ամենքին տանի, ստորագրել տա, կամ հայտնե, որպեսզի անպատճառ գիշերը ժողովի գան։

Իրիկվան ժամը ութին ամենից առաջ ժողով եկավ Լալ-Մարգարը։ Կաղ֊Մքոն սպասում էր անհամբեր, ականջ էր դնում, բայց ո՛չ եկող կար, ո՛չ էլ դուռը բախող։ Վերջապես ժամը իննի մոտերը եկան Մարտիրոսն ու Մանուկը։

Կաղ֊ Մքոն կատաղել էր, չէր իմանում ինչ խոսքերով հայհոյի դա֊ վաճան ընկերներին։ Եկավ ծառան էլ, տվեց հրավիրագիրը Կաղ֊Մքոյին, որը մի քանի ածականներով ճամփեց նրան ու ներս մտնելով՝ սկսեց աչքի անցկացնել հրավիրվածների ա֊ նունների դիմաց գրվածները. «չեմ կարող գալ», «տանը հիվանդ ունիմ», «ինձ մի սպասեք», «ես հուսահատված եմ ձեր բռնակալությունից», «լսեցի», «ուրիշ տեղ խոսք եմ տված վաղօրոք» և այլն, և այլն… Կաղ֊Մքոն կատաղությունից փետում էր գլխի մազերը և կրծում պեխերի ծայրը։

Կարծում եմ ժամանակն է, արդեն ժամը տասնի մոտ է,– ասաց Լալ֊Մարդարը, կարող ենք ժողովը բաց անել։ Չորս հոգով ի՜նչ ժողով եք բաց անելու, ասաց Մանուկը, հետաձգենք երեք օր և աշխատենք, որ անդամներից գոնե մի քսան֊երեսուն հոգի գան։ ինչի՞ է նման չորս հոգով ժողովը, լսողները ի՜նչ կասեն, այնպես գործ բռնենք, որ նշանակություն ունենա և չասեն՝ ինչ որ մտածել են այն Էլ վճռել են։ Ո՛չ, Մանո՛ւկ, ո՛չ, չարժե այդ մարդիկը ժողովի հրավիրել: Ավելի լավ է մեն-մենակ մնալ, քիչ ուժով գործել, քան թե այնպիսի մարդկանցով շրջապատվել, որոնք, արտաքին փայլից շլանալով, պատրաստ են դավաճանելու։

Ես համոզված եմ, որ մեր ժողովը թեև քչվոր, բայց օրինավոր է, քանի որ մենք մեր թաղեցիների, մեր դրացիների բարիքը մտածելու համար ենք հավաքված և աղետների առաջը առնելն է մեր նպատակը։ Կույր է ամբոխը, կույր են մեր թուլումբաջի ընկերները, որոնք թողնում են իրենց թաղի թուլումբաջիների դրոշակը և անցնում ուրիշների կողմը։ Բայց մենք էլ չենք կարող կուրանալ և թողնել այս սուրբ գործը։ Իմ հիվանդության ժամանակ թուլացել էր մեր գործը, այժմ ես առողջ եմ, կկպչեմ գործին, հույս ունիմ, որ շուտով մենք դարձյալ կզորեղանանք և անպատճառ կհաղթանակենք։ Ժամը արդեն տասն էլ անցավ, ավելորդ խոսակցությունը թողնենք, անցնենք գործին։

Պարոննե՛ր,- ասաց Լալ-Մարգալը՝ լուրջ կերպարանք տալով իր դեմքին, մեր խմբապետն արդեն կազդուրվել է, ևս խնդրում եմ, որ ինձ ժամանակավորապես հանձնված պաշտոնը ետ առնելով, դարձնեք նրան։ Ես պատրաստ եմ միշտ…

Խնդրում եմ, խնդրեմ, պ. Մարգար, այդ հարցն առաջ բերելու ժամանակ չէ, մի՞թե այդ բանը կարևորագույնն է մեր այս գիշերվա գործի համար։ Դու կամ ես, մի՞թե միևնույնը չէ, մեզ համար գործն է կարևոր և ոչ թե գործող անունները։ Այդ հարցը դնելն ես ավելորդ եմ համարում բացակա ընկերների իրավունքները չբռնաբարելու համար։ Գուցե մեզնից մի ուրիշ արժանավորը կգտնեն։

Բայց ձեր անունը, ձեր անունը նորից ուժ կտա խմբին, - ասաց Լալ-Մարգարը, իսկ Կաղ-Մքոն դարձյալ խոսքը կտրեց.

Անուններին նշանակություն մի տաք, պարոննե՛ր, ես գործի մեջն եմ, այդ արդեն բավական է, խմբապե՞տ, թե ջրկիր, այդ միևնույնն Է։

Առայժմ մնա այդ ընտրությունը,- ասաց Մանուկը և հարցը վերջացրեց։ − Չգիտեմ ինչպես բացատրել ընկերների վարմունքը մեր սրտակիցներն անգամ փայլում են այսօր իրենց բացակայությամբ։ Նշանակում է մենք ընկերներ չենք ունեցել, այլ բախտախնդիրներ, որոնք միայն անձնական փայլի կամ շահի համար են մեզ շրջապատած եղել։ Այս բանը թեև հուսահատական է երևում ձեզ, բայց ինձ համար մի ուրախալի երևույթ է. ես արդեն շատ վաղ հասա այն եզրակացության, որ ամենախիստ ընտրություն պետք է անել ընկերների մեջ. թող փոքր լինենք թվով, բայց մեծ՝ սրտով ու հոգվով։ Մեզ ընկեր և համախոհ կարծածները՝ շլացած Կարճ-Նազարի էֆեկտներից, թուլացան, հեռացան և այսօր նրա հետ Ժողովված են Գատը-գյուղում, հույների, հրեաների, ալբանացիների, նույնիսկ թուրքերի հետ և ծափահարում են նրան։ Գործի պաշտողներ չէին նրանք, կուռք պաշտելով էլ թող մեռնին: Ահա թե ո՜ւր են, ահա թե ինչի՜ մեր ժողովն այսքան սահմանափակ է։

− Յանղո՜ւն վար, յանղո՜ւն վար (հրդեհ կա),− սկսեցին պոռալ փողոցում։

− Մարտիրոս, իջի՛ր, իմացի՛ր որտեղ է,− ասաց Կաղ Մքոն։

Փողոցներում գոռում էր մունետիկը և անցնում։

− Ճեմարանում կրակ է ընկել և սոսկալի կերպով տարածվել,− ասաց հևալով Մարգարը, սանդուխներից բարձրանալով։

− Գնանք, գնանք,− ասաց Մանուկը։

− Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք վազում,− ասաց զայրալի Կաղ Մքոն։

− Երթանք մի քանի մարդ կանչենք ու թուլումբաներ առնենք, հասնինք։

− Լավ է, տեղդ ծանր կեցիր, հիմի Կարճ-Նազարի տղերք ամեն կողմից թափված կլինին։ Նրանք մշեցիների, ձկնորսների հետ իրենց թաղի մեջ չեն թողնիլ, որ դուք երեք հոգով քաջագործություն անեք։ Ձեր օգնության կարոտ չեն։

− Բայց և այնպես…

− Մարգար ախպար, թե՛զ երթանք, դուռը բաց, թուլումբաները բաները տուր, մեր տղերքը, մեր ճվերը, մեր մանր ու խոշորը վառվեցան:

− Տղա՛ Գալո, այդ որտե՞ղ է ձեր ռեիս (խմբապետ)՝ Կոլոտ−Նազարը, ո՞ւր են ձեր թուլումբաջիները,− ասաց Կաղ–Մքոն։

− Վալլահ, վարժապետ, չեմ գիտեր։ Այդ խոսքերի վախտը չէ, երթանք, թուլումբաները տվեք, տղերքը ժամի բակում ձեզ սպասում են։ Թե՛զ, թե՛զ։ Նազար էֆենդին, ասում են, Ղադիքյո է գնացել, ուռմըների հետ խորհրդի. բալնիքներն էլ նրա ընկերների ձեռին են։ Արեք երթանք, ճամփեն կխոսինք։ Թե՛զ արեք, շտապեցե՛ք, կոտորվեցի՜նք, կրակը տունն առեր, ու բոցավառվում է ողջ ճեմարանը։

− Ահա, տեսա՞ք ձեր ռեիս, մեզ թողիք, գնացիք, հիմի էլ մեր ումուդին մնացիք։ Մենք մարդ չունինք, ի՞նչ անենք, ինչպե՞ս անենք։

− Վարժապետ, թե՛զ արեք, մեր քյուլֆաթը հիմա խորովավ, մեր մարդիկը հազիր են, նրանք կանեն, ինչ որ պետք է։ Հազար հեղ ասի,− Նազա՚ր էֆենդի, Մքո վարժապետ, այդ թուլումբաներից մեկն այնտեղ թողե՛ք, ամմա ո՞վ է լսողը։ Ղոջա ճեմարան է, ինչ խանի-խարաբա է, հազար ծակ ունի, մեկ քյունջը չէի՞ք կարող տեղավորել։ Նա գնացել է Ենիմեհլեի էն ձայրը, սա Սելամսըղի մեջ, հիմա նեղ փողոցներից մենք ինչպե՞ս անցկացնենք թուլումբաները ու հասնենք մեր քյուլֆաթն ազատենք։ Ամմա, մեզ մարդու տեղ դնող չկա, մեր ուսերն են պետք, ոչ թե մենք…

− Ետև էլ կասեն Կոլոտ-Նազարի մարդիկը հանգցրին կրակը,− ասաց Կաղ-Մքոն։

− Աստծու սիրուն, վարժապետ, ես կպոռամ, որ Կաղ-Մքոյի թուլումբաներով, Կաղ−Մքոն մարեց կրակը։ Երթանք, երթանք։

Սկսեցին բոլորը միասին վազել։ Բայց մինչև դռների փականքները բաց անելը, մինչև գործիքների տալը, մինչև հորերից ջուր քաշելը ճեմարանի կրակը սաստկացավ և էլ հանգցնելու հնար չեղավ։

Հին շինություն, ներքին հարկի աղյուսի պատից մինչև կտուրի կղմինդրը շինված էր մարխոտ չամ փայտից, որը չորացել էր և այրվում էր վառոդի նման։ Մինչև ս․ Խաչ եկեղեցու բակի թուլումբաները փոխադրեցին ճեմարանի բակը, մինչև Գատը-գյուղից իմացան ու օգնության հասան Կարճ-Նազարի մարդիկը, շինությունը մոխիր դարձավ, և միջի բնակիչների մեծ մասը խանձվեցան այդ մոխրի կույտի տակ։

1892 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

Ani: Women leaving the church, 1905
Ani: Women leaving the church, 1905
Play Online